Աստիճաններով 2-րդ հարկ՝ «Արև» ֆիլմ-ստուդիա. շագանակագույն կաշեպատ դուռը բացվում է, ներսում՝ մոնտաժի սեղանի առջև,  նստած է կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը։  Համակարգչի էկրանին սև-սպիտակ ֆիլմի կադրեր են։  Հրանտ Վարդանյանը մոնտաժում է  Արտավազդ Փելեշյանի  մասին  վավերագրական նոր ֆիլմը։  30 րոպեից ավելին  գրեթե պատրաստ է. բայց էլի են նկարահանումներ արվելու։  Ֆիլմի տևողությունը գրեթե մեկ ժամ է լինելու։ Սեպտեմբերն է. այն դեռ նկարահանվում-մոնտաժվում է։  Ֆիլմը հոկտեմբերին էկրան կբարձրանա։

-Պրն. Վարդանյան, գաղտնիք չէ, որ շատերն են փորձել Արտավազդ Փելեշյանի մասին ֆիլմ  նկարել, բայց նա եզակի ռեժիսորների է թույլ տվել դա անել, այն էլ՝ յուրաքանչյուր կադր ու խոսք ֆիլմում ներառվել է իր  գիտությամբ ու համաձայնությամբ։ Ձեր դեպքում Վարպետն ինչպե՞ս արձագանքեց։

2 տարի առաջ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու առաջարկով վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի հետ համատեղ սկսեցի ֆիլմի նկարահանումները։  Փաստորեն, սա «Հայկ» կինոստուդիայի և «Արև» ֆիլմ-ստուդիայի համատեղ նախագիծն է։ Վարպետի արձագանքը դրական է եղել, երբ իմացել է, որ իր մասին ֆիլմը ես եմ նկարելու։  Վարպետը սկզբում տեսել էր իմ «Սպիտակ գառան երազը», հետո՝ «Լույսի ձայներ»  ֆիլմերը և շատ  էր հավանել։  Դրանից հետո սկսվեց մեր մտերմությունը։ Թող մեծամիտ չհնչի. մենք լավ բարեկամներ ու ընկերներ ենք։  2 տարի ես նրա կողքին եմ ու հպարտ եմ դրա համար։ Այդ մտերմությունն օգնեց, որ մենք մեկս մյուսիս  ճանաչենք, ու ես ֆիլմում ներկայացնեմ իմ ճանաչած Արտավազդ Փելեշյանին։

-Հայտնի է նաև, որ Արտավազդ Փելեշյանը չի սիրում մեդիա-դաշտում երևալ, հարցազրույց չի տալիս։ Բայց ենթադրում եմ, որ  Ձեր ֆիլմում  նրա  կենդանի խոսքի կարիքը եղել է. ինչպե՞ս եք լուծել այդ խնդիրը։

-Ես էլ գիտեի, որ նա հարցազրույց չի տալիս և այս  ֆիլմի համար էլ չի տա։ Դրա համար էլ որոշեցի Արտավազդ Փելեշյանի  միջազգային վարպետության դաս կազմակերպել։ Ըստ իմ պատկերացրածի՝  նա կխոսեր  կինոյից, ես էլ կինոգիտնականի, կինոտեսաբանի նրա խոսքը կօգտագործեի  ֆիլմում։  Նախատեսել էի, որ  վարպետության դասը կլինի  օն-լայն,  կմասնակցեն  տարածաշրջանի երկրները։ Արդեն  մտադիր էի նախապատրաստական, տեխնիկական  աշխատանքները  ձեռնարկել,  երբ անցյալ տարվա աշնանն իմացա, որ Փելեշյանը Լիսաբոնում վարպետության դաս անցկացնելու հրավեր է ստացել։ Ու մտածեցի, որ դա ավելի լավ տարբերակ է.  Վարպետի և վարպետության դասի մասնակիցների միջև կենդանի շփում կլինի, ես էլ  կնկարեմ։ Թեև անկախ ամեն ինչից՝  չէր խանգարի, որ օն-լայն տարբերակով էլ նա միջազգային վարպետության դաս անց կացներ. հետաքրքիր կլիներ, համենայն դեպս։ Վստահ եմ, որ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից ու այլ երկրներից բավականաչափ թվով մասնակիցեր կլինեն։

-Որտե՞ղ եք նկարահանումներ արել,  Վարպետին ինչպե՞ս եք նկարել։

-Արև» ֆիլմ-ստուդիան նկարահանումներն սկսել է  2018 թվականի՝ Վարպետի 80- ամյակին նվիրված հոբելյանակական երեկոյից։  Այդ օրը սկսել ենք ու արդեն 2 տարի շարունակում ենք նկարել,իհարկե՝ ընդմիջումներով։ Նկարահանումներն անընդհատ չեն եղել. և՛ սպասումի, և՛ իրավիճակին ճիշտ արձագանքելու համար դադարների  ժամանակներ են եղել։ Բարեբախտաբար, հաջողվեց  նաև Լիսաբոն մեկնել, որտեղ Արտավազդ Փելեշյանը վարպետության դաս անցկացրեց։ Մենք նկարահանել ենք նրա ու դահլիճի կենդանի շփումը, Վարպետի խոսքը, կինոյի մասին տեսական ու գործնական դիտարկումները։ Լիսաբոնում վարպետության դասին զուգահեռ  ցուցադրվեց նաև նրա ֆիլմը։ Նկարահանել ենք նաև այդ պատկերները։ Նաև Փարիզում ենք  4 օր անցկացրել։ Եղել ենք  Լյումիեր եղբայրների տանը, որի պատին համաշխարհային կինոարվեստում  հիմնարար   ավանդ ունեցող  կինոգործիչների անուններն են գրված։ Լյումիերների տունը միայն թանգարան չէ, այն կինոյի կենտրոն է, որտեղ փառատոն է անցկացվում, ֆիլմեր են ցուցադրվում. իմ կարծիքով այն կինոյի Մեքքան է։ Ի դեպ, Արտավազդ Փելեշյանը Լյումիերների մասին էլ իրեն հատուկ՝ կես կատակ-կես լուրջ  դիտարկում ունի։ «Կինոն հրեշ է,- ասում  է Փելեշյանը,-այնպիսի մի  հրեշ, որ Լյումիեր եղբայրները կինոյի գյուտն անելուց հետո այլևս կինո չնկարեցին»։

-Արտավազդ Փելեշյանը  տեսե՞լ է ֆիլմը, թեկուզ ոչ ավարտուն վիճակում  կամ գոնե որոշ կադրեր։  Հետաքրքրվե՞լ է՝ ինչ մոտեցմամբ ու տեսնակյունից եք անդրադարձել իր կերպարին  ու ֆիլմին առհասարակ։

– Ոչ, Փելեշյանն  արված աշխատանքը չի տեսել։  Մի անգամ հարցրի. «Վարպետ, կուզե՞ք, մինչև էկրան բարձրանալը, ֆիլմը տեսնեք»։ Պատասխանեց՝ դու գիտես։ Ես էլ ասացի. «Դե որ ասում եք՝ դու գիտես, ուրեմն  ցույց չեմ տա»։ Ոչ մի կադր նա չի տեսել։ Ես Վարպետի  հետ ընկերության մեջ ազնիվ եմ։  Նա գիտի դրա մասին, երևի դրա համար էլ, նորից եմ ասում՝ թող ինքնագովեստ չլինի, վստահում է։ Ինձ համար ամենակարևոր հանդիսատեսը հենց ինքը՝ Փելեշյանն է, նրա՛ կարծիքն է ինձ ամենաշատը հետաքրքրում։ Շատերը կգան ֆիլմը նայելու՝ հետաքրքրությունից դրդված կամ այլ պատճառներով, իսկ ես ամենաշատը կսպասեմ Վարպետի կարծիքին։ Բայց,  ընդհանուր առմամաբ, այս ֆիլմը կարևորվելու է  հատկապես այն երիտասարդների համար, որոնք պատրաստվում են կինոյում առաջին քայլերն անել, առաջին խոսքն ասել։  Ինչո՞ւ. որովհետև այս ֆիլմում Արտավազդ Փելեշյանը կինոարվեստի, կինոմտածողության մասին է խոսում, իր կինոտեսությունը մեկնաբանում։ Նա ֆիլմում խոսում էմիայն ու միայն կինոյի մասին. դա ինքնին վավերագրություն է, փաստ և դաս՝ երիտասարդների համար։ Նրանք կլսեն Փելեշյանին,  էկրանին կտեսնեն դասական կինոյի, գեղարվեստական վավերագրության հսկային ու  շատ բան կսովորեն, կընկալեն։

Այս ֆիլմը ոչ Փելեշյանի համար է, ոչ էլ իմ։ Փելեշյանը սրա կարիքը չունի։  Այս ֆիլմը սերունդների, երիտասարդների համար է։

Հրանտ Վարդանյանը գաղտնիքներ թողեց, որ ամբողջական տեսքով ու մատուցմամբ կտեսնենք հոկտեմբերին՝ ֆիլմի պրեմիերային։ Ընդհանրապես, նրա կարծիքով, յուրաքանչյուր ֆիլմ հեղինակի՝ ռեժիսորի երազի էկրանավորումն է։

Ափսոս, որ մենք այդպես էլ չտեսանք Արտավազդ Փելեշյանի «Հոմոսափիենս» երազը։

Վարպետի մասին ֆիլմն էլ նրա  երազն է։ Այդ երազով արդեն երկու տարի ապրում է գիշեր, թե ցերեկ, քնած, թե արթուն։  Ի դեպ, նա պատմեց, որ երազում տեսնում է, թե իբր հրաշալի, ֆանտաստիկ  կինոնյութ ունի նկարած. արթնանում է, երազի ազդեցության տակ, ոգևորված նստում համակարգչի առաջ ու այդ ժամանակ հասկանում, որ երանելի երազ էր։

Իսկ իրականում այն, ինչ նկարահանել են ինքը, (ֆիլմում  կան հատվածներ, որ նկարել է Հրանտ Վարդանյանը)  օպերատորներ Վահագն Տեր-Հակոբյանն ու Արեգ Հակոբյանը, անկեղծ է, անմիջական,  Վարպետի նկատմամբ  պատկառանքի մեծ զգացումով։  Օպերատորի և ռեժիորի բացակա ներկայությունը ֆիլմում անմիջապես է զգացվում։ Զգացվում է, որ ռեժիսորն ամեն կադրի մեջ ցանկացել է ամփոփել իր սերն ու նվիրումն Արտավազդ Փելեշյանի անձի, գնահատանքն ու արժևորումը նրա կինոարվեստի նկատմամբ։ Պատկերները զուսպ են ու խոսուն՝ առանց պաթոսի, ավելորդությունների, պարզ, մարդկային։  Արտավազդ Փելեշյանն՝ առօրյա շփումների ժամանակ, օդանավակայանում, բեմում, կինոյի մասին խոսելիս։

Կինոյի բոլոր ժամանակների  հանճարին Հրանտ Վարդանյանը ներկայացրել է պարզ մատուցմամբ՝ այդպիսով  ավելի ընդգծելով Վարպետի մեծությունն ու կշիռը։ Բոլոր կադրերում  չէ, որ Արտավազդ Փելեշյանը կա, բայց նա ներկա է անգամ այն կադրերում, որտեղ ինքը բացակայում  է։ Այս կերպ ռեժիսորը ցանկացել է ընդգծել նրա մշտական ներկայությունն իր ֆիլմում։ Թերևս Արտավազդ Փելեշյանի և Հրանտ Վարդանյանի մտերմությունն է էական դեր խաղացել, որ էկրանը Վարպետին չի բաժանում ֆիլմը դիտողից, ընդհակառակը՝ մոտեցնում-մտերմացնում է այնքան, որ դիտողին թվում է՝ ինքը հենց հիմա Արտավազդ Փելեշյանի կողքին է։ Այսինքն՝ անգամ ֆիլմը դիտողի բացակա ներկայությունը կա ֆիլմում։  Ինչպիսի՞ն կլինի Արտավազդ Փելեշյանի արձագանքը, ի՞նչ կզգա նա իր մասին, իրեն նվիրված ֆիլմի պրեմիերայից հետո, հետաքրքրում է ոչ միայն ռեժիսոր Հրանտ Վարդանյանին։

Իսկ Վարպետն անսպասելի ու հանպատրաստից, կարճ ու դիպուկ խոսքի վարպետ է։

Նաիրա Փայտյան

 

 


«Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան վաճառքներից փրկված տարածքում այսօր կայացավ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների...

|20 Նոյեմբեր 2019,17:20