Լոկառնոյի փառատոնի հանդիսատեսը տեղավորվել էր հրապարակի սև ու դեղին աթոռների վրա, ու շունչը պահած սպասում էր փակման ֆիլմի սկսվելուն: Չորս կողմից փչող ալպյան քամուց պատսպարվելու  հույսով հանդիսատեսը ծածկվել էր ձեռքի տակ ընկած հնարավոր ամեն ինչով։ Անջատվեցին հրապարակի լույսերը, պատերից անհետացան դեղին ընձառյուծների աբստրակտ պատկերները։ Ֆիլմը սկսվեց:

Ֆիլմը սկսվեց ինչպես հեքիաթ, ինչպես լուսավոր երազ։ Դեռահաս տղան, թարմությամբ շնչող ու արևոտ անտառում   բնից ցած ընկած  թռչուն է գտնում և որոշում է  խնամել: Վայրկյաններ անց կախարդական անտառ է մտնում կարմրազգեստ գեղեցկուհին՝  գետին նետելով Փոլին, ուշադիր նայում է նրա աչքերի մեջ ու կախարդանքը դառնում է ավելի քան իրական: Տղան կործանված է: Շուտով անտառի եզրին գտնվող հոգեբուժարանի բժիշկները տանում են ճչացող Գլորիային:

«Երկրպագում»-ը բելգիացի ռեժիսոր Ֆաբրիս դու Վելզի վեցերորդ լիամետրաժն է և Արդենյան եռագրության երրորդ ու ամփոփիչ մասը («Փորձություն» (2004), «Ալելույա» ( 2014): Նրա նախորդ ֆիլմերի պրիմիերաները տեղի են ունեցել Կաննի, Վենետիկի և Տորոնտոյի փառատոներում, իսկ վերջինը, որն ըստ ռեժիսորի, նոր ուղի է բացելու իր համար, ցուցադրվեց Լոկառնոյում՝ 2019-ին։

Ռեժիսորի այս ֆիլմը առաջին զգացմունքներ ու սիրո մասին է։Ռոմեոյի և Ջուլիետի տարեկից այս դեռահասներն առաջին անգամ են բախվում լուրջ զգացմունքների հետ, որոնք չափից ուժեղ են նրանց չթրծված սրտերի համար։

Հիմնական հերոսները երկուսն են` Գլորիան, որն իմպուլսիվ է, վայրի ու կտրուկ։ Կարմարազգեստ գեղեցկուհին կարծես կախարդում է բոլորին իր հրաբորբ ու հմայող հագուստով։ Եվ Փոլը` մաքուր, հանդարտ, ունակ անհատակ սիրելու: Նա ասես «Քեսի» Բիլլին լինի (Քեն Լոչ, 1969), իր փոքրիկ թռչունի հետ,  անմեղ հայացքով: Կորցնելով իր հարազատ թռչունին, Փոլը որոշում է փրկել Գլորիային: Նա հրապուրված է ու կախարդված։ Հերոսները ոգեշնչված են Ժան Կոկտոյի «Սարսափելի երեխաներ» նովելից։ Սակայն, ի տարբերություն նովելի, որտեղ Փոլն ու Էլիզաբեթն ուղղակի ունեն փչացած հոգիներ, ֆիլմում Գլորիան ունի հոգեկան շեղումներ, ինչը երազը դարձնում է մղձավանջ:

«Երկրպագում» ֆիլմը  շատ զգացական ու նուրբ է։ Կինոնկարը չափազանց հետաքրքիր է դարձրել նաև տեսախցիկի աշխատանքը: Աշխատելով  հերոսներին շատ մոտ` տեսախցիկը կարծեց ջնջել է սահմանը հերոսների ու հանդիսատեսի միջև։ Արևի շողերի ջերմությունը, գետի խոնավությունը, բույսերի հոտը, մոծակներին, ցեխը, անձրևն ու կախարդանքի վտանգը ամենն իրական են  և շատ մոտ հանդիսատեսին:

Չարագուշակ օրորոցայինը հերոսների համար դառնում է դատավճիռ, իսկ սև թռչունների երամը հուշում է կախարդանքի ճիրանների  անկոտրելիության մասին:

Սոնա Կարապողոսյան