Սեպտեմբերի 19-ի երեկոյան Արագածոտնի մարզի Ուջան գյուղում տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի փակման արարողությունը:

Փառատոնի ժյուրին, որում ընդգրկված էին կինոգետ, կինոպատմաբան, Հարավսլավական կինոարխիվի նախկին տնօրեն և «Filmograf» ամսագրի գլխավոր խմբագիր Բոժիդար Զեչևիչը (Սերբիա), կինոպրոդյուսեր, Էթնոաշխարհագրական հետազոտությունների հիմնադրամի աշխատակից և Մոսկվայի «Դոկեր» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչ Մարիա Չուպրինսկայան (Ռուսաստան) և ֆիլմերի իրավունքների ձեռքբերման մասնագետ Շահեն Բազիլը (Իրան), նայելով բոլոր 20 մրցութային ֆիլմերը՝ հետևյալ կերպ բաշխեց մրցանակները.

  • Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ. Գլխավոր մրցանակ

Երջանիկ այսօր / Happy Today (ռեժ.՝ Ջուլիո Տոնինչելի, Իտալիա/ Ֆրանսիա, 2017)

Օրետ լեռան ստորոտում՝ հյուսիսային Ուգանդայում բնակվող աչոլիների ժողովրդի մայրենի հողերում, Պատրիցիան պատրաստվում է բուժքույր դառնալ: Նա օգնում է նորաթուխ մայրերին վերապրել ծննդաբերության ֆիզիկական ցավը և ուժգին զգացմունքները: Այս հեռավոր գյուղում՝ Կալոնգոյում, միակ ցավազրկողը բուժքույրի սփոփիչ ձայնն է և նրա ընկերակցությամբ փոխանցվող վստահությունը:

  • Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ. Ժյուրիի հատուկ մրցանակ

Օյմոկ / Oymok (ռեժ.՝ Կասիետ Կուբանիչբեկ կիզի, Ղրղզստան, 2017)

Օրերից մի օր Աման անունով արծվաբույծը վիրավոր արծիվ է գտնում և տուն է բերում, որ խնամի: Ամանը նրան Չիրակ է կոչում և ստեղծում բոլոր անհրաժեշտ պայմանները, որ գիշատիչ թռչունը լավանա: Սակայն Ամանի տանը մեկ այլ արծիվ կա՝ Օյմոկը, ով քանի տարի է նրա հետ է: Տեսնելով, թե ինչքան ուշադրություն է տերը դարձնում նոր արծվին՝ Օյմոկն սկսում է խանդել:

  • Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ. Հատուկ հիշատակում

Դեկտեմբեր / December (ռեժ.՝ Արման Հարությունյան, Հայաստան, 2019)

Վավերագրական այս ֆիլմը  2018 թվականի դեկտեմբերին կայացած Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող պատգամավորության երկու թեկնածուների քարոզաշարվի չորս օրերը արտացոլող քրոնիկոն է։ Ֆիլմի հերոսները քարոզաշարվի ընթացքում թեկնածուներին հանդիպող սովորական մարդիկ են՝ Արմավիրի մարզի գյուղացիները: Ֆիլմում պատկերված են նրանց խոսքը, պահվածքը, կեցությունը և մտորումները:

  • Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ. Գլխավոր մրցանակ

Օրիժին / Origines (ռեժ.՝ Աշոտ Մկրտչյան, Հայաստան, 2016)

Այս մարդիկ կյանքում չեն հանդիպել իրար։ Միմյանց մասին իմացել են ֆեյսբուքի էջերից։ Բայց նրանք հավաքվել են Ֆրանսիայում գտնվող այս փոքրիկ դրախտում, որպեսզի ի մի բերեն ու մեկմեկու հետ կիսեն իրենց արվեստի աներևակայելի աշխարհը։ Նրանք եկել են միմյանց ճանաչելու հայ արվեստի այս յուրօրինակ փառատոնին, որը կազմակերպել է իտալական արմատներ ունեցող ֆրանսիացի մի պարզ ագարակատիրուհի։

  • Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ. Ժյուրիի հատուկ մրցանակ

Ցատկախաղ / Hopscotch (ռեժ.՝ Դարյա Դեմուռա, Բելառուս/ Ռուսաստան, 2018)

Մատվեյն ու Կատյան վերջին մի քանի տարին ապրում են բելառուսական գյուղերից մեկում: Սակայն նրանց համատեղ կյանքում մի բան է լինում, ինչը ստիպում է կտրուկ վերաիմաստավորել իրենց հարաբերությունները: Անցյալն ու ներկան միահյուսված են մեկ բարդ պատմության մեջ, որտեղ անհանգիստ հերոսները վռնդում են միմյանց իրենց տնից, հետո գրկախառնվում՝ մեկնարկ տալով իրենց հարաբերությունների նոր հանգույցին: Կոնկրետ այս անգամ նրանց նաև այցելության են գալիս իրենց բեռլինյան ընկերները:

Հատուկ մրցանակներ

  • «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի մրցանակ

Արվեստանոց / Workshop (ռեժ.՝ Սերգեյ Կարանդաշով, Ռուսաստան, 2018)

1990-ական թվականների սկզբում ռուս կինոռեժիսոր Ալեքսեյ Գերմանը բացեց Առաջին և փորձարարական ֆիլմերի ստուդիան, որը հեղինակություն ձեռքբերեց երիտասարդ և անփորձ ռեժիսորների ֆիլմերն արտադրելու համար: Այս վավերագրությունը ցույց է տալիս, թե ինչպես էր վարպետը որսում տաղանդավոր ռեժիսորներին և օգնում նրանց առաջին քայլերն անել ու սեփական ուղին գտնել կինոարվեստում:

  • Ուջան համայնքի գյուղապետարանի մրցանակ

Սիրելին / Beloved (ռեժ.՝ Յասեր Թալեբի, Իրան, 2018)

Վավերագրական ֆիլմ 80-ամյա կնոջ իրական կյանքի մասին. նա միայնակ ապրում է իր պաշտելի բնության գրկում: Սա պատմություն է բարի և սիրառատ մոր մասին, որն արի է և բավականաչափ ուժեղ իր կյանքի ծանր շրջանին դիմանալու համար, բայց երբեք չի լքում մայր բնությունն ու իր սիրելիին: Չնայած տղամարդկային դժվարին կենսակերպին, նա ջանում է կյանքը բանաստեղծական դարձնել:

  • Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի մրցանակ

Իսկական կապույտ / True Blue (ռեժ.՝ Սվատի Դանդեկար, Հնդկաստան, 2018)

Ինդիգոն ներկ է, որը դեռ հին ժամանակներից հայտնի է իր կայունության համար և դարձել է դիմացկունության խորհրդանիշ: «Իսկական կապույտը» խորասուզվում է ինդիգո պատրաստողների փոքրաթիվ համայնքի մեջ, հետևում է արհեստավորներին՝ մինչ նրանք կյանքի են կոչում ներկի պատրաստման երկարավուն գործընթացը, պարբերաբար խոսեցնում է նրանց՝ խնդրելով պատմել, թե ինչ է նշանակում այս արհեստով զբաղվելը: Ֆիլմը նաև վավերագրում է տեղանքը, նյութերն ու գործիքները, որոնք անհրաժեշտ են ինդիգոյի պատրաստման համար, աշխատավայրերը, որոնք ասես տան շարունակությունը լինեն, և աշխատանքային ռիթմերը, որոնք անցնում են տարվա եղանակներին համընթաց:

  • Էթնոաշխարհագրական հետազոտությունների հիմնադրամի մրցանակ

Ծննդյան օրը / Birthday (ռեժ.՝ Անդրեյ Կիսելյով, Ռուսաստան, 2019)

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, բայցև արվեստագետ Վարդան Սարգսյանի՝ անվանի նկարիչ Ռոմանոս Սարգսյանի որդու ծննդյան օրն է: Այս հատուկ օրը շատ հագեցած է լինելու Վարդանի համար, քանի որ նա պետք է նախ շուկա մտնի, հետո մորաքույր Նելլիի ապրանքը տանի, գնա Էջմիածին, հրավիրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր ծննդյան տոնակատարությանը և հասնի ընտրատեղամաս:

Փառատոնի ժյուրիի կողմից պարգևատրված 4 ֆիլմերը կցուցադրվեն սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18:30-ից սկսած, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր փոքր դահլիճում:

Շուրջ մեկ շաբաթ փառատոնի մասնակիցներն ապրեցին և հաց կիսեցին հյուրընկալ ուջանցիների հետ:  Յուրաքանչյուր երեկո հյուրերն ու բնակիչները հավաքվում էին Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրին կից այգում և միասին վավերագրական ֆիլմեր դիտում մինչև կեսգիշեր: Փառատոնի ընթացքում Ուջանի մասին լիամետրաժ վավերագրական ֆիլմ էր նկարահանում իրանցի կինոռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը, ով 2017-ին «Ծիրանի ծառ» կինոփառատոնի գլխավոր դափնեկիրն էր, իսկ 2018-ին՝ ժյուրիի անդամ, և ոգևորվելով փառատոնային փորձառությունից՝ որոշել էր կինոնկար ստեղծել, որի գործողությունները ծավալվում են հայկական Ուջանում:

Գյուղական կինոփառատոն կազմակերպելու գաղափարը ծնվել է Հայաստանում մշակութային կյանքն ապակենտրոնացնելու ձգտումից: Քանի որ միջոցառումների ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում Երևանում կամ Գյումրիում, երկրի գյուղական բնակչությունը, ըստ էության, արդեն շուրջ 30 տարի է զրկվում է տեղական և համաշխարհային մշակույթի ու արվեստի զարգացումներին հետևելու հնարավորություններից: «Ծիրանի ծառ» կինոփառատոնի ծրագրերում ընդգրկված վավերագրական ֆիլմերը պատմում են ամենազանազան ժողովուրդների, ամենազանազան ավանդույթների, համայնքների, հոգեվիճակների մասին, այսինքն՝ նույնիսկ եթե երբեմն տվյալ ֆիլմը հանդիսականներից ոմանց ճաշակով չէ, իրենք միևնույն է հնարավորություն են ստանում բազում նոր գիտելիքներ քաղել աշխարհի մասին:

«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնն իրականացվում է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, «Մոսկվա» կինոթատրոն ՍՊԸ-ի և Ուջան համայնքի գյուղապետարանի համատեղ ջանքերով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերներն են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, «Այրուձի» էկոմշակութային հեծյալ ակումբ հասարակական կազմակերպությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը, «Անտարես» մեդիա հոլդինգը, Երևանի «Գյոթե» կենտրոնը և «Ոսկե ծիրան» ԿԶՀ-ն:


100-ից ավելի ֆիլմեր կմրցեն «ՌեԱնիմանիա» փառատոնի հինգ անվանակարգերում

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնն կմեկնարկի հոկտեմբերի 24-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում,  Սալվադոր Սիմոյի «Բունյուելը կրիաների...

|22 Հոկտեմբեր 2019,23:27