«Անիրական թել» (Phantom Thread), Պոլ Թոմաս Անդերսոն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2017

Տարվա կերակրատեսակը

Անդերսոնը շարունակում է ուսումնասիրել իշխանության և համատարած վերահսկողության այն ծարավը, որ սկիզբ է առել նախորդ կինոնկարներում: Անշուշտ, նոր գլուխգործոցների համար ոգեշնչման և հանճարի հետ մեկ տանիքի տակ ապրելու անհնարինության թեմաների կողքով անհնար է անցնել, բայց այստեղ դա չէ գլխավորը: «Անիրական թելը» ընդհանրապես չի ճչում, նա ունի իր համաչափ, հանգստացնող ռիթմը: Հայացքները, ակնարկները, մանրամասներն ու թերասություններն են տիրապետում Լոնդոնին մերձակա առանձնատանը:

«Հուրհրատողը» (Burning), Լի Չան Դոն, Հարավային Կորեա, 2018

Տարվա պատրանքը

Լին հատուկ ընտրում է երիտասարդ գրական գործիչ Սուի անունից պատմելու ձևը. մենք գիտենք ճիշտ այնքան, որքան որ նա: Իր բոլոր կասկածները, անվստահությունը և Բենին ու Հե Միին ճանաչելու ցանկությունը փոխանցվում են հանդիսատեսին: Սուն ի սկզբանե անվստահելի պատմող է. նա երիտասարդ է, լի է ուժերով, բայց ապագան նրան վախեցնում է, իսկ անցյալը հանգիստ չի տալիս: Նա հետաքրքրությամբ զննում է շրջապատի մարդկանց, ջանալով նրանց խցկել իր գիրքը: Ընտրված օպտիկան թույլ չի տալիս վստահությամբ խոսել որևէ բանի մասին: «Հուրհրատողի» աշխարհում իրականի և հնարովիի միջև սահմաններ չկան ի սկզբանե: Ամեն բան պատված է գաղտնիության թեթև շղարշով, բայց որտեղ գաղտնիքը՝ այնտեղ է նաև այն պարզելու ցանկությունը: Սակայն ահա ճանապարհի մոտ կեսին հասկանում ես, որ հարցերը բազմապատկվելու են, իսկ պատասխանները կմնան ինչ-որ տեղ կադրից դուրս: Հասարակ պատաասխանների ժամանակը վաղուց անցել է:

«Անվերջ ֆուտբոլ» (Fotbal Infinit), Կորնելիու Պորումբոյիու, Ռումինիա, 2018

Տարվա ուտոպիան

Սա ֆուտբոլի մասին միակ ֆիլմը չէ մեր տասնյակում: Պորումբոյիուն ինքը ֆուտբոլը դարձրել է ունիվերսալ լեզու (տես «Երկրորդ խաղը»), որի օգնությամբ կարելի է նայել սեփական երկրի ինչպես ներկային, այնպես էլ անցյալին: Ֆուտբոլը որպես երկրի տխրությունների և ուրախությունների, նրա դեռևս չիրականացած և արդեն չիրականացած հույսերի հայելի:

Լավրենտիուն քառասունից մի քիչ անց է: Ինչ-որ ժամանակ, բակում ֆուտբոլ խաղալիս նա վնասվածք է ստացել, որի պատճառով չի կարողացել հանձնել նորմատիվները և ընդունվել անտառատեխնիկական ակադեմիա: Հիմա նա աշխատում է Վասլույայի քաղաքապետարանում, իսկ ազատ ժամերին փորձում է արդիականացնել ֆուտբոլի կանոնները: Եթե ֆուտբոլը խորտակել է իր կյանքը, նման բան կարող է պատահել և ուրիշների հետ: Ուստի հարկավոր է ինչ-որ բան անել: Փաստացի Լավրենտիուի ամբողջ հետագա կյանքը անդրադարձ է վնասվածքային փորձին, իր ապրումներն ու մտքերը քննելու մերժում, իսկ երբեմն և պատճառահետևանքային կապերի նենգափոխում: Միայն թե նրա կյանքում եղել է և մեկ այլ կտրուկ շրջադարձ՝ երկիրը, որտեղ նա ծնվել է, վաղուց արդեն չկա: Ինչպես որ ողջ ռումինական հասարակությունը, մեր ֆուտբոլային հեղափոխականը ահավոր վախենում է փոփոխություններից, պատահականություններից և ընդհանրապես ամեն տեսակ առաջխաղացումից: Ֆուտբոլային կանոնների փոփոխումը յուրատեսակ ներքին տարագրություն է, գիտակցական հեռացում սեփական ֆանտազիաների տեսությունների և տիեզերական մտահղացումների աշխարհը: Թեկուզ ինչ-որ բանում ուզում ես մեծ լինել, ուզում ես զգալ սեփական նշանակալիությունը, ուզում ես, որ քեզ գնահատեն: Այո, դա խենթություն է, բայց անվնաս, գործնականում բուժական խենթություն:

«Թքած, եթե մենք պատմության մեջ մտնենք իբրև բարբարոսներ» (Imi este indeferent daca in istorie vom intra ca barbari), Ռադու Ժուդե, Ռումինիա, Գերմանիա, Բուլղարիա, Ֆրանսիա, Չեխիա, 2018

Տարվա վերակերտվածքը

«Մտածե՞լ ես արդյոք, թե ով հրացանից կրակից» (Did You Wonder Who Fired the Gun?), Տրևիս Ուիլկերսոն, ԱՄՆ, 2017

Տարվա հետաքննությունը

1946 թվականին ռեժիսորի նախապապը գնդակահարում է աֆրոամերիկացի Բիլլի Սպեննին: Ինչ-որ ձևով նա անպատիժ է մնում: Ընտանեկան ժապավենները թույլ են տալիս սեփական աչքով տեսնել մարդասպանին. ծանրամարմին տղամարդ՝ լայնեզր գլխարկով և վճռական քայլվածքով, ոչնչով աչքի չընկնող հարավցի: Հավանաբար նա հպարտացել է սևամորթի սպանությամբ:

Անձնական այս պատմության օրինակով պատկերվում է անցյալի անխզելի կապը ներկայի հետ, բացահայտվում կատարված փոփոխությունները և, հնարավոր է, ընդմիշտ ձևավորված անջրպետը հասարակության մեջ: Ռասայական հարցը պառակտել է ռեժիսորի ընտանիքը. օրինակ, իր մայրն ու մորաքույրը միմյանց հետ վաղուց չեն խոսում:

Ուիլկերսոնը չի վախենում պատմել ամոթալի այս պատմությունը ընտանեկան ալբոմից, չի վախենում գնահատական տալ դրան՝ ամբողջությամբ վերցրած Ամերիկայում ռասայական հարցի համատեքստում: Ժամանակները փոխվում են, գալիս են նոր սերունդներ, ծառանում են նոր խնդիրներ, բայց մարդասպանների և նրանց զոհերի անունները հարկավոր է բարձրաձայն արտաբերել: Թող արդարադատությունը տեղի ունենա թեկուզև կինոժապավենի վրա:

«Պարտավորություն» (Wajib), Աննամարի Յասիր, Պաղեստին, Ֆրանսիա, Կոլումբիա, Գերմանիա, ԱՄԷ, Քաթար, Նորվեգիա, 2017

Տարվա ճանապարհորդությունը

Հայր (Աբու Շադի) և որդի (Շադի) Նազարեթում դստեր հարսանիքի հրավիրատոմսեր են բաժանում: Հայրը պարզամտորեն խաբում է բարեկամներին և ծանոթներին, վստահեցնելով նրանց, որ որդին ահա-ահա կվերադառնա Իտալիայից, և վախենում հայտնել այն մասին, որ նրա սիրած աղջիկը պաղեստինցի հայտնի ապստամբի դուստրն է:

Իսրայելական և պաղեստինյան կինոն չափազանց քաղաքականացած է, հերմետիկ և սևեռված ինքն իր վրա: «Պարտավորությունը» չի կարող շրջանցել քաղաքական հարցերը, բայց և չի տարվում դրանցով, կնետրոնանում է կենդանի մարդկանց վրա, որոնք ապրում են Մերձավոր Արևելքում: Դա հեգնական հայացք է անվերջանալի հակամարտություններից պառակտվող հասարակության վրա, որ լռվել մնացել է ինչ-որ տեղ ժամանակից դուրս: Սովորույթներն ու ծիսակատարությունները սնում են նրան, բայց և միաժամանակ չեն թողնում զարգանալ և արդիականանալ: Սակայն սա ոչ թե խրատական պատմություն է, այլ հանդիպումների, արկածների ու խոսակցությունների մի հերթագայություն:

«Գայլի տունը» (La casa lobo), Խոակին Կոսինիա, Քրիստոբալ Լեոն, Չիլի, Գերմանիա, 2018

Տարվա անիմացիան

«Պորորոկա» (Pororoca), Կոնստանտին Պոպեսկու, Ռումինիա, Ֆրանսիա, 2017

Տարվա կորուստը

Թուդորը և Քրիստինան երջանիկ ամուսիններ են: Նրանք սիրում են միմյանց, ապրում են բարեկեցիկ, դաստիարակում են երկու երեխաների: Զբոսանքի ժամանակ այգում դուստր Մարիան անհետ կորչում է:

Այո, անցած տարի արդեն ինչ-որ նման բան եղել է, բայց ռումինական ընտանիքում չկա ատելության որևէ նշույլ: Ռեժիսորը երեխայի անհետացմանը վերաբերվում է իբրև հին հունական ողբերգության տարրի: Սա ոչ թե կարմայական պատիժ է, այլ փորձություն, որ ընտանեկան ամոլին վիճակված չէ հաղթահարել: Տանջալի որոնումներ, փոխադարձ մեղադրանքներ, վիշտ, ցավ, արցունքներ.  Պոպեսկուն անշտապ սեղանին է շարում բոլոր խաղաթղթերը, որ ուղեկցում են անուղղելի վշտին: Պորորոկան՝ մակընթացության անոմալ բարձր ալիքն է, իր ճանապարհին նա ոչնչացնում է երբեմնի երջանիկ մի ընտանիք:

«Էքստազ» (Climax), Գասպար Նոե, Ֆրանսիա, Բելգիա, ԱՄՆ, 2018

Տարվա ատրակցիոնը

Նոեի ֆիլմերը շրջիկ կրկես են՝ ինտելեկտուալ զվարճությունների պարբերաբար թարմացվող զինանոցով: Ձևը ընկճել և ոչնչացրել է բովանդակությունը երևան եկող «Էքստազ» պարում: Նոեին չարժի գնահատել սյուժետային կառուցվածքների շրջանակում. նա դրանցով կաշկանդված չէ: Խցիկի թռիչքները, ռիթմիկ երաժշտությունը, գույնը, որից ցավում են աչքերը, հիմարավուն հերոսները՝ այս ամենը բաղադրամասեր են: Հանդիսականի խնդիրն է ընտրել ճիշտ համամասնություններ և խառնել դրանք: Մեծ էկրանին անհրաժեշտ էֆեկտն ստանալու հավանականությունը կտրուկ մեծանում է:

«Դիամանտինու» (Diamantino), Գաբրիել Աբրանտեշ, Դանիել Շմիդտ, Պորտուգալիա, Ֆրանսիա, Բրազիլիա, 2018

Տարվա բուրլեսկը

2018 թվականը ֆուտբոլի տարի էր, աշխարհի առաջնության տարին: Ֆուտբոլիստները՝ ժամանակակից սրբապատկերներ, երբեմն նրանցից է կախված ողջ երկրի տրամադրությունը: Զվարճությունների դարաշրջանում նրանք նոր աստվածներ են, կարևոր է նրանց յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր արարքը: Սակայն մենք առհասարակ ի՞նչ գիտենք նրանց մասին: Մեզ մատչելի է սոսկ նրանց կերպարը, ստեղծված ԶԼՄ-ների և սոցցանցերի կողմից:

Դիամանտինուն Պորտուգալիայի հավաքականի գլխավոր աստղն է: Ողջ երկիրը աղոթում է նրա համար. այդ նա իր հավաքականը դուրս բերեց եզրափակիչ: Դիամանտինուի գաղտնիքը պարզ է՝ ֆուտբոլիստների փոխարեն խաղի ժամանակ նա տեսնում է պեկինեսների, իսկ գազոնի փոխարեն՝ վարդագույն փրփուր: Ավելի լավ է չշարունակել:

Գլխավոր հերոսը համարյա ռուսական հեքիաթային հերոս հիմարիկ Իվանուշկա է: Եվ նրա հետ կատարվող բոլոր դեպքերը զարմանալի խառնուրդ են այսպես կոչված ժամանակակից օրակարգից: Ցանկացած նորություն հասցրեք շլացուցիչ փայլ ունեցող անհեթեթության աստիճանի, և կստանաք զվարճալի մի մանրամասն Աբրանտեշի և Շմիդտի կինոնկարի համար: Մանրուքներ չկան, յուրաքանչյուր փոքրիկ հիմարությունից ծնվում է վիթխարի հիմարություն: Այդուամենայնիվ, ֆիլմը ձևավորող յուրաքանչյուր մանրամասնության ետևում թաքնված է ինքնին միանգամայն իրական և մերձավոր մի բան: Շրջված իրականության աշխարհ, ժամանակակից մարտահրավերներին զրոյական անկյան տակ նայելու փորձ:

Բոնուս (չհասցրեց հայտնվել տասնյակում)

«Փիղը նստած է հանգիստ» (Da xiang xi di er zuo), Հու Բո, Չինաստան, 2018

Հատկանշական է, որ նույնիսկ այս տասնյակում Հու Բոյի կինոնկարին հատուկ տեղ է վերապահված: «Փիղն» արդեն հայտնվել է ռեժիսորի ճակատագրի համատեքստում, և նրան պետք չեն ոչ մի տեսակի զիջումներ և հավելյալ համատեքստ:

Ընտրված վիպական ձևը, որտեղ բոլոր հերոսները ինչ-որ ձևով իրար հետ փոխկապված են, ինչ-որ պահի կհանդիպեն, ինչ-որ բան կասեն, ոչ մի շտապողականություն չի ենթադրում: Դրանից բացի, գլխավոր հերոսները չորսն են, բայց դա ասես պատահականություն է: Նրանք կարող էին ավելի շատ լինել, նաև ավելի քիչ: Ռեժիսորն ասես քայլել է այդ քաղաքով, լի միատեսակ դժբախտ մարդկանցով, կանգ առել և բախվել այդ քառյակին՝ երկու դպրոցական, բանդիտ և թոշակառու: Հեղինակի հայացքը կարող էր ընկնել ուրիշների վրա, այստեղ բոլորն են այդպես ապրում: Ռեժիսորի գլխավոր հաղթանակը իր ինտոնացիան է: Նա չի դատապարտում, պիտակներ չի փակցնում, այլ կարեկցում է և ըմբռնումով գլխով անում: Միևնույն ժամանակ հերոսների միջոցով հանդիսականը հայացք է նետում հեղինակի հոգու խորքը: «Փիղը» համակված է սառնությամբ, մահվան տխրությամբ, անհանգստությամբ: Դրանք չկան ոչ Մանջուրիայում, ոչ իսկ առհասարակ այս աշխարհում:

Տարվա հետահայացները

Ջեյ Ռոզենբլատտ, Հայնց Էմիգհոլց, Ադոլֆո Արրիետա, Քևին Ջերոմ Էվերսոն

Տարվա հիասթափությունները

«Ավելի կարճ» (Downsizing), Ալեքսանդր Փեյն, ԱՄՆ, Նորվեգիա, 2017

«Շուտով երջանիկ ժամանակներ կգան» (I tempi felici verranno presto), Ալեսսանդրո Կոմմոդան, Իտալիա, Ֆրանսիա, 2016

«Լորո» (Loro), Պաոլո Սորրենտինո, Իտալիա, Ֆրանսիա, 2018

 

Աղբյուրը՝  cineticle.com