Ձմեռային մի երեկո։ Խաղաղ մի գյուղ, գյուղական ճանապարհ ու հեռվում երեւացող մեքենա։ Վարորդը հանկարծ ամբողջ թափով արգելակում է։ Լռություն։

Ֆիլմի հերոսը մեքենայի դիմաց հայտնված սահնակի վրա հայտնաբերում  է բլորովին անվնաս փոքրիկ տղայի եւ թեթեւացած շունչ քաշելով նրան քիչ հեռվում գտնվող իրենց տուն է ուղեկցում: Փոքրիկը ամբողջ ճանապարհին լուռ է: Վարորդը կարծում է, որ տղայի լռությունը շոկի հետեւանք  է միայն: Տուն հասնելուց րոպեներ անց երեխայի մայրը խելակորույս դեպի մեքենան է վազում ու միայն այստեղ է պարզ դառնում, որ փոքրիկը սահնակի վրա մենակ չէր: Նրա եղբայրը մեքենայի տակ է ՝ մահացած:

Ողբերգական ավտովթար  ու դրան հաջորդող 11 տարի։ Գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսը «Նկարահանումներ Պալերմոյում» ֆիմից հետո «Ամեն ինչ լավ կլինի» դրամայով դարձյալ վերադարձավ  լիամետրաժ ֆիլմին՝ փորձելով թվային տեսախցիկների բոլոր հնարավորությունները ու արժանանալով  բազում քննադատությունների:

Այն որ Վենդերսը  անչափ ոգեւորված է թվային տեխոնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, կինոսերները գիտեին նաեւ նրա հարցազրույցներից ու այս ոգեւորությունը ռեժիոսրը փոխադրեց նաեւ նկարահանման հրապարակ:

«Ամեն ինչ լավ կլինի»-ն Վենդերսի առաջին 3D ֆիլմն է, ճակատագրական դրամա՝ բանալ վերնագրով ու  սիրելի ռեժիսորի ձեռագիրը ֆիլմի առաջին րոպեից փնտրող ու չգտնող դիտողով: Հասարակ ու ձանձրալի երկոխոսություններ, կանխատեսելի ու ձգվող տեսարաններ: Դիտողին անդադար թվում է, որ այս ֆիլմում ոչինչ տեղի չի ունենում և… սա էլ հենց Վենդերսն է:

Ռեժիսորը ժամանակ է հատկացնում իրեն ու մեզ ՝ ցույց տալու, որ ցավը միայն ժամանակով է հաղթահարվում, իսկ որոշ մարդիկ այն երբեք չեն էլ հաղթահարում:

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ արձակագիր Թոմասը (Ջեյմս Ֆրանկո) վթարից հետո հայտնվում է հոգեկան ծանր ապրումների մեջ, բաժանվում է ընկերուհուց, սկսում է խմել ու թմրանյութեր օգտագործել:  Հիասթափված կինոսերները այստեղ, հավանաբար, դուրս են գալիս կինոդահլիճից, բայց ֆիլմը շարունակվում է՝  հերոսների կյանքից տանելով 11 տարի:

Տղաների մայրը՝ Քեյթը (Շառլոտա Գենսբուր) և Թոմասը թեև իրարից հեռու, բայց կապված են իրար համատեղ ցավով:

Նրանց միակ հանդիպումը դիտողի առաջ է դնում մարդկային ներողամտության անհավանական մի չափաբաժին, որին դժվար է հավատալը, բայց չհավատալու պատճառներն էլ ձեւակերպելի չեն: Նրանք գրեթե չեն խոսում: Ընդհարապես այս ֆիլմում կանայք գրեթե չեն խոսում: Բոլորի հարցերի կրկնվող պատասխանը «Ես այդ մասին խոսել չեմ ուզում»-ն է: (Այս ֆիլմի քննադատները  ռեժիսորին ու սցենարիստին հատկապես անհատականությունից զուրկ կանացի կերպարներ ստեղծելու մեջ մեղադրեցին, ինչը Քեյթի պարագայում բոլորովին արդարացված չէ):

Քեյթը ամենախոսունն է իր լռության մեջ: Ինչպե՞ս կարող է մայրը խոսել իր երեխայի մահվան մասին: Ինչպե՞ս պիտի խոսի մարդը ցավի մասին: Արդյո՞ք հնարավոր է խոսել այն ցավի մասին, որ շաղաղված է մեղավորության զգացումով:

Ներման լեզվով միայն, ըստ Վենդերսի: Ուրիշին ու իր միջոցով քեզ ներելու լեզվով միայն, չչարանալու, Աստծո գործերը չքննելու լեզվով միայն:

Վենդերսի  «Ամեն ինչ լավ կլինի»-ն մեզ ծանոթ՝ սփոփանքի կամ խոսակցությունն ավարտելու համար ասված «Ամեն ինչ լավ կլինի»-ն չէ, սա այն «Ամեն ինչ լավ կլինի»-ն է, որ հավատից է բխում,  հավատից, որը  ցավը ինքնաճանաչման միջոց է դարձնում:

Ու որքան հնարավոր է մարդատյաց դարձող ժամանակակից ռեժիսորների շարքում Վենդերսը մնում է այն մեկը, որ շարունակում  է  հավատալ  ու չի վախենում դրա մասին ասել ամենապարզ ու ամենանյարդացնող ձեւով՝   «Ամեն ինչ լավ կլինի»:

Աստղիկ Հակոբյան

Մյունխեն-Երևան,2019