Շվեդ ռեժիսոր ճանաչված դասական Ինգմար Բերգմանը մինչ օրս համարվում է ամենաբարդ ռեժիսորներից մեկը պարզ հանդիսականի համար: Ինչպե՞ս դիտել Բերգմանի ֆիլմերը, եթե անգամ դուք հեղինակային կինոյի գիտակ չեք:

Ընտանիք

Բերգմանին հեշտ չէ մերձենալ: Նա վախեցնում է իր պարադոքսայնությամբ և ասես հատուկ չի ցանկանում հասկանալի լինել զանգվածային հանդիսատեսին: Ռուսաստանում նրան հաճախ համեմատում են Անդրեյ Տարկովսկու հետ: Ի դեպ, երկու ռեժիսորները միմյանց մասին արտահայտվել են հիացմունքով և մի քանի անգամ պայմանավորվել հանդիպելու, սակայն այդպես էլ հանդիպումը չի կայացել:

Հինգ տասնյակ կինոժապավեն և հարյուրից ավելի ներկայացումներ: Ի տարբերություն Տարկովսկու, որ ընդամենը յոթ կինոնկար է նկարել, Բերգմանը եղել է շատ արգասաբեր:

Նրա ֆիլմերը արմատապես տարբերվում են սյուժեով, ժանրով, գործողության ժամանակով, բայց դրանք միավորում է թեման, իսկ ավելի ստույգ՝ ռեժիսորի հետաքրքրությունների ոլորտը:

Բերգմանը զբաղվում էր ոչ թե պարզապես մարդկային անհատականության և նրա տարբեր դրսևորումների ուսումնասիրությամբ: Նրան հետաքրքրում էր կոնկրետ ասպեկտ՝ անձի ազատագրումը սոցիալական, հոգեբանական, ընտանեկան կապանքներից:

Վերջինը առանձնապես հրատապ էր ռեժիսորի համար, որը հինգ անգամ ամուսնացել էր և մեծացրել ինը երեխա: Ամուսնության խնդիրը այսպես թե այնպես վերլուծության է ենթարկվում իր գրեթե բոլոր ֆիլմերում: Սակայն, պատմելով անգամ սիրո մասին, ինչպես «Ամառը Մոնիկայի հետ» կամ «Կրքեր», Բերգմանն իրականում խոսում է հենց ազատության մասին: Թերևս, իր գլխավոր ֆիլմը այդ թեմայով «Ամուսնական կյանքի տեսարաններն» է:

Բավականին երկար կինոնկարը, երեք ժամից ավելի, կառուցված է կնոջ և տղամարդու առօրյա փոխհարաբերությունների վրա: Միաժամանակ հեգնական և դրամատիկական լինելով, այս կինոժապավենը անտարբեր չի թողնում նույնիսկ նրանց, ովքեր ի տարբերություն Բերգմանի անձնապես չեն ապրել համանման ոչ մի բան: Ի վերջո ֆիլմը կարելի է դիտարկել ոչ միայն որպես դերասանական խաղի, ռեժիսորական հանճարի և օպերատորական աշխատանքի էտալոն, այլև գենդերային հոգեբանության պատկերավոր ձեռնարկ:

Ազատություն

Հաճախ Բերգմանի ֆիլմերի նկատմամբ առաջին ռեակցիան դաժան ու մռայլ է: Կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, դեպրեսիվ: Սակայն նա նկարահանել է նաև կատակերգություններ՝ «Ամառային գիշերվա ժպիտ», «Սիրո դասեր»: Եվ իր դրամաներում էլ բավականին պահեր կան, որոնք կհարուցեն հանդիսականի թող որ դառը, բայց ժպիտը:

Դրամատուրգիական տեսանկյունից Բերգմանի ժապավենները կարելի է դիտարկել որպես ներկայացումներ:

Կինոնկարների կոմպոզիցիան և «հիմնակմախքը» ռեժիսորը կառուցել է իր թատերական բեմադրությունների նման: Դերասանական աշխատանքները միշտ ֆանտաստիկայի սահմանագծին են, իսկ դա, ինչպես հայտնի է, մեծապես ռեժիսորի ծառայությունն է:

Իսկ Բերգմանի տեսողական գլխավոր գործիքը զուտ կինեմատոգրաֆիական է` խոշոր պլան, դյութող և արտահայտիչ մարդկային դեմք: Իզուր չէ, որ Բերգմանի լավագույն ֆիլմ համարվող «Անձ»-ը ցույց է տալիս, թե ինչպես երկու հերոսուհիները անբացատրելի ձևով դառնում են մեկ ամբողջություն: Այս կինոնկարը իր իսկ ռեժիսորի սիրելին էր, բայց հանդիսատեսին խորհուրդ չի տրվում նրանից սկսել:

Իբրև փորձաքար կարելի է վերցնել այն ֆիլմը, որ ռեժիսորին համաշխարհային փառք բերեց, բայց նրա կողմից սիրված չէր՝ «Աշնանային սոնատը»: Եվս մեկ ընտանեկան դրամա հարաբերությունների և անձնական անազատության մասին, «բերգմանականության» կվինտ-էսենցիա` իր անվանակից հոլիվուդյան աստղ Ինգրիդ Բերգմանի և իր մուսա Լիվ Ուլմանի կատարմամբ:

Մահ

Բերգմանի ֆիլմերը նման են երազների: Ինքն ասում էր, որ երազներ նկարելու կարողությամբ կարելի է որոշել ռեժիսորի տաղանդը: Այստեղից, հավանաբար, և իր սերը Տարկովսկու ստեղծագործությունների նկատմամբ: Այս երազատեսական գեղագիտության մեջ պակաս դեր չի խաղում հյուսիսի բնությունը՝ Ֆորյո կղզու մարսյան հեռաստանները «Անձում» կամ սառնաշունչ Նորվեգիան «Աշնանային սոնատում»:

Երազի հակառակ կողմը Բերգմանի ֆիլմերում մահն է: Նրան են նվիրված այնպիսի կինոնկարներ, ինչպիսին են «Իծամորու բացատը», «Կուսական աղբյուրը», «Շշունջներ և ճիչեր»:

Սակայն, թերևս, ամենահիմնարարը և խորհրդանշականը եղավ «Յոթերորդ կնիքը»: Ֆիլմը ոգեշնչված է 15-րդ դարի շվեդ նկարիչ Ալբերտուս Պիկտորի «Մահը, որ շախմատ է խաղում» որմնանկարից:

Սյուժեն` միջնադարյան խաչակիր ասպետի մասին, որ շախմատ է խաղում Մահվան հետ, սկիզբ դրեց Բերգմանի բազմամյա համագործակցության դերասան Մաքս ֆոն Սյուդովի հետ: Մահվան կերպարը, որ իրականացրեց մեկ այլ ականավոր շվեդ՝ Բենգտոմ Էկերոտը, այսօր քրեստոմատիական է: Ճակատագրից փախչելու և այն ընդունելու մռայլ փիլիսոփայական այլաբանությունը առանցքային է Բերգմանի համար:

Հատուկ ուշադրության է արժանի եզրափակիչ դրվագը: Բերգմանը պատմում էր, թե ինչպես նկարահանումներից հետո, երբ դերասաններն արդեն գնացել էին ստուդիա, իսկ սարքավորումները կապկպում էին, նա հանկարծ տեսավ ապշեցուցիչ ամպրոպաբեր ամպ: Օպերատոր Գուննար Ֆիշերը շտապ ձեռքն առավ կինոխցիկը և, քանի որ դերասաններ չկային նկարահանման հրապարակում, մեկ դուբլով նկարահանեց պարող տեխնիկներին և պատահական զբոսաշրջիկներին: Այսօր այդ երկրոպեանոց տեսարանը, ծնված մաքուր իմպրովիզացիայից, համաշխարհային կինոյում ամենահայտնիներից է:

Հավատ

«Յոթերորդ կնիքում» Բերգմանը արծարծում է իր համար ևս մի կարևոր թեմա՝ կրոնը: Լինելով քահանայի որդի, խիստ դաստիարակություն ստացած (թույլատրվում էին մարմնական պատիժներ), չէր կարող անուշադրության մատնել հավատի հարցը: Այդ մասին իր խորհրդածություններով նա առավել ամբողջական ներկայանում է «Ֆաննին և Ալեքսանդրը» կինոնկարում:

Գրեթե աստվածաշնչյան այս առակը եղբոր և քրոջ մասին, որի մայրը հոր մահից հետո ամուսնանում է սադիստական հակումներով քահանայի հետ, Բերգմանին բերեց չորս «Օսկար» և «Սեզար» մրցանակ: Ինչպես թատերական պիեսը, կինոնկարը բաղկացած է նախաբանից, հինգ մասից և վերջաբանից:

Ռեժիսորն ասում էր, որ ֆիլմը մեծապես հիմնված է անձնական հիշողությունների վրա: Այս կինոնկարը Բերգմանի հրաժեշտի խոսքն է մեծ կինեմատոգրաֆին: Հետագայում նա իրականացրեց սոսկ մի քանի աշխատանք հեռուստատեսության համար: Հնարավոր է, հենց այս ժապավենից էլ ավելի լավ կլինի սկսել ծանոթությունը այդ զարմանալի և բարդ արվեստագետի հետ:

Պատրաստեց ՌԲագրատունյանը


Վախճանվել է կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը

75 տարեկան  հասակում վախճանվել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Հայաստանի կոմպոզիտորների միության քարտուղար Յուրի Հարությունյանը։...

, |23 Օգոստոս 2019,23:50