Իտալական  Լիդոյում՝ օգոստոսի 28-ին, մեկնարկեց  Վենետիկի 76-րդ միջազգային կինոփառատոնը։  Կարմիր գորգն իրենց ներկայությամբ պատվեցին ֆրանսիացի հայտնի դերասանուհիներ Կատրին Դընյովը, Ժուլիետ Բինոշը, այլ հայտնի դերասան-դերասանուհիներ, մասնակիցներ ու ժյուրիի անդամները, որն այս տարի ղեկավարում է արգենտինացի ռեժիսոր Լուկրեցիա Մարտելը։

Փառատոնը բացվեց ճապոնացի անվանի ռեժիսոր Հիրոկաձու Կորեդայի «Ճշմարտություն» ֆիլմով: Կինոնկարը ճապոնացի ռեժիսորի արտասահմանում նկարած առաջին ֆիլմն է։ Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 21 ֆիլմ, այդ թվում՝ Ռոման Պոլանսկու, Ատոմ Էգոյանի, Ռոբերտ Գեդիկյանի, Պետրո Մարչելլոյի ֆիլմերը։

Պատվավոր «Ոսկե առյուծը» կինեմատոգրաֆի բնագավառում ունեցած վաստակի համար հանձնելու են իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարին:

Հ․Գ․Վենետիկի միջազգային կինոփառատոնը աշխարհի ամենահին և ամենահեղինակավորներից մեկն է, և Վենետիկի արվեստի բիենալեի մասն է կազմում։ Փառատոնը  առաջին անգամ անցկացվել է 1932 թվականին։ Փառատոնի հիմնադրամանն ու կայացմանը մեծապես աջակցել են կոմս Ջուզեպպե Վոլպի դի Միսուրատան, քանդակագործ Անտոնիո Մարաինին և Լուչիանո դե Ֆեոն։ 1935 թվականից ի վեր անընդմեջ Վենետիկի կինոփառատոնը դարձել է հեղինակային կինոյի գլխավոր վայրերից մեկը։ Այն ամեն տարի ներկայացնում է բարձրարժեք ֆիլմերի ընտրանի՝ Լիդո դի Վենեզիայի կարմիր գորգի վրա բերելով մեր ժամանակների ամենահայտնի ռեժիսորներին ու դերասաններին։