Կանգնած Փարիզի Սուրբ Ղազար կայարանում, սպասում եմ Ժիվերնի գնացող և ուշացող գնացքին: Հանկարծ օգնության խնդրանքով ինձ է մոտենում երիտասարդ մի զույգ: Շփոթված տեսքով այս զբոսաշրջիկները նույնպես մտադրված են գնալ Ժիվերնի, բայց խճճվել են փարիզյան տրանսպորտի սարդոստայնում:  Կարճ զրույցից հետո, պարզում եմ, որ զույգը Բրազիլիայից է և կես օր է, ինչ ժամանել է Փարիզ: Զարմացած հարցնում եմ, թե ինչու են այքան շուտափույթ լքում մայրաքաղաքը, պատասխանը բավականին անսպասելի է՝ «գնում ենք Ժիվերնի, քանզի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմը սկսվում է այնտեղ»: Ինձ թվաց կատակում են և լիաթոք ծիծաղեցի, բայց  մայրաքաղաքի հյուրերը, ոգևորված և բավականին լրջադեմ, բացատրեցին․«Մենք պաշտում ենք Վուդի Ալենին և եկել ենք այստեղ «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմի հետքերով: Բավարար միջոցներ կուտակելուց հետո, կնոջս հետ որոշեցինք ձևանալ ֆիլմի հերոսներ և այցելել նկարահանման բոլոր վայրերը: Այսպիսով մեր նպատակն է նախևառաջ տեսնել Մոնեյի այգիները և, իհարկե, համբուրվել ճապոնական կամրջի վրա՝ ճիշտ  Օուեն Ուիլսոնի և Ռեյչել Մաքադամսի պես․․․»:

Քիչ ժամանակ անց մեր գնացքը լքեց Փարիզը ՝  հոլիվուդյան ֆիլմի բրազիլական ռիմեյքի գլխավոր դերասաններին տանելով Ժիվերնի:

Հետաքրքիր է, որ այս նույն՝ Սուրբ Ղազար կայարանում ուղիղ 160 տարի առաջ՝ 1859 թվականին, Ավրից Փարիզ ժամանեց երիտասարդ Կլոդ Մոնեն՝ նպատակ ունենալով դառնալ նկարիչ և գրավել արվեստի մայրաքաղաքն իր տաղանդով: Ժիվերնի նա տեղափոխվեց միայն 1883 թվականին, որտեղ էլ ապրեց իր կյանքի վերջին 40 տարիները: Նորմանդիայի տարածաշրջանի այս գյուղաքաղաքն այսօր տուրիստական ամենաայցելվող վայրերի երկրորդ հորիզոնականում է: Առաջինում անկասկած Մոն Սեն Միշելն է, բայց քանզի Վուդի Ալենն այնտեղ տեսարաններ չի նկարահանել, այդ մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ:

Համաձայն Կլոդ Մոնեի հիմնադրամի 2018 թվականի տվյալների, Ժիվերնի են այցելել  շուրջ 700 հազար զբոսաշրջիկ: Նրանց մեծամասնությունը ոչ թե ֆրանսիացիներ են, այլ Ամերիկայից և Ասիայից եկող արվեստասերներ: Ժիվերնիում կարելի է այցելել Մոնեի  տունը, տեսնել իր կապույտ խոհանոցը, դեղին հյուրասենյակը և լուսավոր արվեստանոցը: Եվ իհարկե, պարզապես անհրաժեշտ է զբոսնել վարպետի ստեղծած կենդանի նկարով՝ դրախտային այգիներով: Ինչպես նշում են աշխատողները՝ ոչ մի ծաղիկ կամ բույս այստեղ պատահաբար չի աճում, ամեն գույն իր ճիշտ համադրած տեղում է: Իսկ որքան դյութիչ են ճապոնական փոքր կամուրջները, որոնք Մոնեյի ցանկությամբ ոչ թե ավանդական կարմիր են, այլ կանաչ: Համաձայն պահպանված նամակագրության, Մոնեն սիրահարված էր իր ստեղծած տանն ու այգիներին: Նամակներից մեկում նա գրում է ․«Ցանկանում եմ նկարել օդը, որում գտնվում է կամուրջը, տունն ու նավակը, նկարել օդի  գեղեցկությունը, որում այս ամենը ներկա է, բայց արդյոք դա հնարավոր է» :

Պատահական չէ, որ Վուդի Ալենն իր փարիզյան ֆիլմի համար ընտրել է այս մոգական վայրը․ գեղեցիկ պարտեզ, շուշաններով լի լճակ, ճապոնական կամուրջ և խոստումներով լի համբույր: Համաձայն թերթերի, այս կարճ տեսարանը հաջողվել է նկարահանել միայն 32-րդ դուբլից, և մի քանի ժամից այգիները նորեն բաց էին այցելուների համար:

Բրազիլացի տուրիստներն ունեին մեկ շաբաթ այցելելու բազմաթիվ անվանակարգերի և մրցանակների արժանացած «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմի բոլոր տեսարժան վայրերը: Մնում է միայն հուսալ, որ նրանց սիրո պատմությունն, ի տարբերություն Վուդի Ալենի ֆիլմի հերոսների, չի ավարտվի բաժանումով, իսկ դե ինչ վերաբերում է կեսգիշերյան փարիզին, այն իրոք գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին:

Լիլիթ Սոխակյան

Ժիվերնի-Փարիզ-Երևան

հուլիս, 2019թ․