Կարտիե հիմնադրամ

Լսելով Կարտիե անունը, հավանաբար առաջինն, ինչ մտաբերում ենք մենք՝ սովորական մահկանացուներս, ֆրանսիական ոսկերչական տունն է՝ իր շքեղ զարդերով, ժամացույցներով, կարմիր տուփերով և էմբլեմատիկ վայրի հովազով: Բայց փարիզյան ժամանակակից արվեստի աշխարհում Կարտիե անունը նախևառաջ ասոցացվում է արվեստի կարևորագույն և իր տեսակով յուրահատուկ կենտրոնի հետ:

Ժամանակակից արվեստի Կարտիե հիմնադրամը ստեղծվել է 1984 թվականին, մեծն գործարար և արվեստի կոլեկցիոներ Ալան Դոմենիկ Պերենի և արվեստագետ Սեզար Բալդաչինիի  զրույցի արդյունքում: Վերջինս այն նույն քանդակագործ Սեզարն է, ում անունն է կրում Ֆրանսիայում անցկացվող կինոյի ամենամյա մրցանակաբաշխությունը, և ով ստեղծել է այդ կինոմրցանակի արձանիկը: Արվեստագետը խրախուսում է Պերենին հիմնադրել մի վայր, որտեղ շուկայում դեռ անուն չունեցող երիտասարդ արվեստագետները կկարողանան ցուցադրվել՝ ունենալով թե՛ տարածքի և թե՛ մտքի ազատություն:

Այսպիսով, ժամանակակից արվեստի Կարտիե հիմնադրամը նախ հաստատվում է փարիզյան շքեղ Ժույ ան Ժոզաս արվարձանում, ապա՝ 1994 թվականին՝ մայրաքաղաքի 14-րդ թաղամասի Ռասպայ փողոցում: Կենտրոնի կառուցումը վստահեցվում է հանրահայտ ճարտարապետ Ժան Նուվելին, որը հրաժարվում է պատերից կամ էլ թանգարանային դասական սրահներից: Ապակե այս յուրահատուկ շինությունը մշտական կապի մեջ է իրեն շրջապատող այգու և Ռասպայ փողոցի հետ: Ինչպես գրում է Դոմինիկ Պուլոն իր «Թանգարան և թանգարանագիտություն» աշխատությունում ՝ «Թանգարարը պետք է ունենա հսկայական ցուցափեղկեր, ճիշտ մեծ խանութների պես, որպեսզի պատահական անցորդը, կամա թե ակաման, նկատի հավաքածուի նմուշները և որոշի այցելել թանգարան»:

Հիմնադրամի հավաքածուն

Կարտիե հիմնադրամն իր ստեղծման պահին չուներ ֆոնդեր, և դա ամենևին առաջնային նպատակներից չէր: Կարևորվում էր միայն արվեստագետն ու իր ազատությունը: «Ժամանակակից արվեստի հավաքածու ստեղծելու համար պետք է ոչ միայն համախմբել արվեստանմուշներ, որոնք կլինեն համահունչ և սկզբունքային նմանությամբ, այլև ստեղծել արվեստագետների ընտանիք և նպաստել նոր նմուշների ստեղծմանը»: Առաջնորդվելով այս մտքով, Կարտիե հիմնադրամի հավաքածուն այսօր համախմբում է ավելի քան 1600 արվեստանմուշ և մոտ 350 արվեստագետ՝ եկող ամբողջ աշխարհից:

Ի դեպ, Կարտիե հիմնադրամում «արվեստագետ» ասվածը բավականին լայն հասկացություն է․ այն իր մեջ ներառում է արվեստի և արհեստի գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներին: Կարևոր դեր ունեն, իհարկե, նաև ռեժիսորները: Կարտիե հիմնադրամի քաջալերմամբ, նրանք համարձակորեն իրենց փորձում են նկարչության, քանդակագործության, վիդեո ինստալիացիաների ստեղծման, անգամ ցուցահանդեսների կուրատորների դերում: Հիմնադրամի թերևս միակ հայ անունը Արտավազդ Փելեշյանն է, ով երկար տարիների համագործակցության փորձ ունի այս արվեստի կենտրոնի հետ: Վարպետի հետ նույն շարքերում են կանգնած Ռեյմոն Դեպարդոնը, Անյես Վարդան, Նան Գոլդինը, Անդրեյ Ուջիկան, Դիլլեր Սկոֆիդիո + Ռենֆրոն, Դուգլաս Գորդոնն և համաշխարհային արվեստի այլ մեծ անուններ:

Դևիդ Լինչ

Հիմնադրամի հավատարիմ ընկերներից և սիրված արվեստագետներից է Դևիդ Լինչը: Ռեժիսորն իր արվեստին նվիրված կարևորագուն իրադարձություններից է համարում «The Air is on Fire»  ցուցահանդեսը, կազմակերպված 2007 թվականին Կարտիե հիմնադրամում: Իր իսկ ցուցահանդեսի շրջանակներում, Ֆիլադելֆիայի գեղարվեստի դպրոցի սան Դևիդ Լինչն առաջին անգամ ներկայացավ կուրատորի դերում:

Ցուցադրվեցին 1960-ականներից ի վեր ստեղծված մի շարք կտավներ, լուսանկարներ, ինչպես նաև պատանեկության տարիներից պահպանված անթիվ էսքիզներ, մատիտով և գրիչով արված նկարներ: Սրահներից մեկում կառուցված էր փոքր կինոթատրոն, ներշնչված Լինչի առաջին երկարամետրաժ՝ «Eraserhead» ֆիլմով, որտեղ այցելուն հնարավորություն ուներ հայտնաբերելու ռեժիսորի առաջին կարճամետրաժ ֆիլմերը:

Մի նկարի պատմություն

Դևիդ Լինչի «The Air is on Fire»  ցուցահանդեսի հետքերը նոր մտքերի առիթ հանդիսացան արդեն 2014 թվականին: «Բնիկներ» խորագիրը կրող ցուցահանդեսի կուրատոր, արգենտինացի արվեստագետ Գիյերմո Կուիտկան որոշեց այցելուներին տեղափոխել Լինչի փոքրագույն նկարներից մեկի մեջ: Ողջ ցուցասրահը վերարտադրում էր նկարն ամենայն մանրամասներով և ճշգրտությամբ, նույն պատերը, գույները, գորգն ու բազմոցը: Լինչն ու Կուիտկան անգամ փորձել էին փոխանցել նկարում տիրող տրանսային տրամադրությունը: Ցուցահանդեսն ուղեկցվում էր Փեթի Սմիթի և Դևիդ Լինչի պոեզիայի ընթերցանության ձայնագրությամբ, որն էր տարօրինակ և տպավորիչ երկխոսության մեջ էր կողքի սրահում անդադար ցուցադրվող Փելեշյանի «Բնիկներ» ֆիլմի հետ: Ի դեպ, արգենտինացի արվեստագետը, գերազդված Վարպետի ֆիլմով, ցուցահանդեսի խորագրի հարցում կողմնորոշվել էր բավականին արագ․ «Բնիկներ» ցուցահանդեսն ունեցավ մեծ հաջողություն և դարձավ միջազգային շրջիկ ցուցադրություն:

Լինչի կտավը

Ցուցասրահը

Այսօր Լինչի բազմաթիվ աշխատանքներ Կարտիե հիմնադրամի հավաքածուի մասն են կազմում: Դրանց թվում են նաև արվեստագետի լավագույն մեծածավալ կտավները՝ « Well, I can dream…can’t I? » և « Do you want to know what I really think? » : Վերջինները հաճախ են փոխառվում միջազգային թանգարանների կողմից և ճանապարհորդում աշխարհով մեկ: Իհարկե, կարևոր է նաև նշել Կարտիե հիմնադրամի գրքերի և կատալոգների հրատարակչության գործունեությունը: 2017 թվականին լույս տեսավ Դևիդ Լինչի «Nudes» լուսանկարների կատալոգը, որին Կինոաշխարհն անդրադարձել է նախորդ նյութերում:

Կարտիեի հիմնադրամի առաջարկով ժամանակակից լուսանկարչության երկու հսկա՝ Ռեյմոն Դեպարդոնն ու Ուիլիամ Էգլսթոնը լուսանկարել էին հիմնադրամի մի շարք արվեստագետների՝ այդ թվում Դևիդ Լինչին, իր արվեստանոցում և հիմնադրամի ցուցասրահներից մեկում: Իսկ ճապոնացի արվեստագետ Տակեշի Կիտանոն ստեղծել էր ռեժիսորի յուղաներկով դիմանկարը: Այն իհարկե հեռվից է հիշեցնում Լինչին, բայց դա արդեն երկրորդական դետալ է:

Եվ վերջապես, Կարտիե հիմնադրամի հավաքածուի մասն է կազմում Լինչի կարճամետրաժ  « What Did Jack Do ?» ֆիլմը: Անսահաման հումորով, 17 րոպե տևողությամբ այս ֆիլմը Ջեք կապիկի և սառնասիրտ դետեկտիվի մասին է, ում մարմնավորել է հենց ինքը՝ Լինչը: Մարդասպանության մեջ կասկածյալ Ջեքը խոսում է, չնայած որ կապիկ է, բայց սա նույնպես երկրորդական է, քանզի առաջնայինը տաղանդավոր Լինչն է և իրեն նմանը չունեցող արվեստագետի ձեռագիրը:

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2019