Քաղաքաբնակ ռեժիսոր, օպերատոր Հովհաննես Հակոբյանը հյուրի կարգավիճակով դեռ մանկությունից է վայելել Լոռիի Կուրթան գյուղի բնությունը։ Դրանից հետո առանց բնությանը տեր լինելու իրեն չի պատկերացնում։ Ինչ իրեն հիշում է՝ կենդանի է պահում ու բնությունը դիտարկում որպես կենդանի օրգանիզմ, յուրօրինակ բանականություն, որի հետ պետք է հաշվի նստել ու որին պետք է հոգածությամբ՝ ընկերոջ պես վերաբերել։ Համոզումն այդ առավել ամրապնդվել է հեռուստալրագրության տարիների իր հարուստ փորձով և արտացոլվել նրա կինոգործնեությունում՝ 1996 թվականին իր իսկ հիմնած «ZOOM» պրոդաքշըն ընկերության վավերագրական ֆիլմերում։  Հիմա էլ դարձել է ռեժիսորի՝ առաջին խարկային՝ «Վայրենին» ֆիլմի թեմա։

Հայկական կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի թիվն ավելացնելու եկած «Վայրենին» դիտողին կպատմի մեր իրականությունից՝ բնության հանդեպ մարդու անխնա վերաբերմունքից ու դրա շղթայական հետևանքներից։ Կտարբերվի համամարդկային կենսական խնդիրը՝ բնության ու մարդու փոխհարաբերությունը, մասնավոր օրինակով ցույց տալու սկզբունքով։ Հավաստիությունը կփաստարկի վավերական պատմությունների համադրմամբ։ Ազդեցություն կներգործի դերասանական անկեղծ խաղի ու պարզ հյուսվածքով, բայց սյուժետային մի քանի զուգահեռներով սցենարի շնորհիվ։ Սրանք ռեժիսորի սպասելիքներն են, որոնք հանդիսատեսի արձագանքից հետո միայն կարող են դառնալ իրական գնահատական։

Մինչ այդ նախորդել են իրական պատմությունների կուտակումները, որոնց մի քանի  դրվագ՝ Հովհաննես Հակոբյանը վերածել է սցենարի, մասնակի ֆինանսավորում ստացել Ազգային կինոկենտրոնից, պակասը լրացրել սեփական միջոցներով և ստեղծագործող ու ձեռներեց ընկերների օգնությամբ՝ նախորդ տարվա նոյեմբերի 18 օրը Լոռիի անտառներում ու ձորերում անցկացրել հագեցած և արդյունավետ նկարահանումներով։ Հաջորդել են մոնտաժային աշխատանքները, որոնք դեռ ընթացքի մեջ են, բայց արդեն մոտ են ավարտին։  Շուտով կկազմակերպվի «Վայրենիի» փակ դիտումը, ու ֆիլմի կենսագրությունը կձևավորվի նախ փառատոնների շրջանակում, ապա՝ ըստ հանգամանքների։

Փառատոնային ու ոչ փառատոնային հանդիսատեսը 30 րոպեներում էկրանին կդիտարկի դժվար անցյալի պատճառով աշխարհից խռոված ու բնության գրկում ինքն իր հետ համերաշխություն գտած մարդու՝ անզիջում և անկոտրում, բայց փխրուն հոգով ու նրբանկատ անտառապահի՝ Վայրենու կյաքը։ Նա այդպես էլ առաջնային պլանում չի հայտնվի ու ոչ մի բառ չի արտաբերի, բայց իր անվան արտաբերումն անգամ սարսափազդու կլինի անտառապահների ու որսագողերի համար։ Ֆիլմի մյուս գործող անձիք են իմաստուն անասնապահն ու երկու որսորդները, որոնց՝ կյանքով փաստվող զրույցին, ունկնդիր ու մասնակից է մայրաքաղաքից մարզ հասած անտառի ու գյուղի կյանքին  անտեղյակ-անտարբեր լրագրողը, որի խնդիրը «պուպուշ» ռեպորտաժ հեղինակելն է…  Հետին պլանում որպես չամբողջացող, բայց հավաքական կերպարներ ներկայանում են  անտառ հատելու, որսագողություն անելու եկած ջահել «ղոչաղ կտրածները», որոնց ողջ համարձակությունը բացատրվում է Վայրենու հիվանդ լինելու լուրով ու իրենց անհոգի մտածողությամբ։ Մինչդեռ անզիջում անտառապահը թեկուզ հիվանդ, բայց ոտքի է ու անտառում։ Նա անտառի միակ արջի համար ձուկ է բերել՝ կերակրում է ու խնամում, ավելի կոնկրետ՝ ընկերացել է այդ դեռ ոչ հասուն՝ ձագուկ արջի հետ։ Նրա մոր՝ մարդու ձեռամբ սպանված արջին էլ հոգ էր տանում… Սյուժետային մյուս գիծն ամբողջանում է մայր արջին սպանած երիտասարդ որսորդի զգացումների ու նախախնամությամբ ուղեկցվող գործողությունների պատմությամբ… Պատումի ողբերգականությունն ակնհայտ է, իսկ ֆիլմի ավարտն իմանալու սպասումն առավել ազդեցիկ կլինի դիտելու պահին։

«Վայրենին» ֆիլմի դերասանական կազմում են ինչպես պրոֆեսիոնալ արտիստներ, այնպես էլ ռեժիսորի ընկերներից։ Ռեժիսոր Հովհաննես Հակոբյանի գնահատականով հաջողվել է իրականացնել մտահաղացման շուրջ 80%-ը, որի ազդեցությունը հանդիսատեսի վրա՝ պարզ կդառնա շուտով։ Սպասում ենք հաջողության մաղթանքով։

Նանա Պետրոսյան


2019 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները

Ամերիկյան Forbes  ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային ցուցակը։  Երկրորդ տարին անընդմեջ Սքարլեթ Յոհանսոնը գլխավորում է Forbes– ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների...

|24 Օգոստոս 2019,21:59