Արդեն երկրորդ տարին է Կաննի «Կինոքննադատների շաբաթ» ծրագրում  կինոսերների ուշադրության կենտրոնում են հայտնվում իսլանդական արտադրության ֆիլմերը:  Նախորդ տարվա Բենեդիկտ Էրլինգսոնի «Կինը պատերազմում» ֆիլմին՝  2019-ին հետևեց Հլինուր Փալմասոնի «Սպիտակ, սպիտակ օրը»:

34-ամյա ռեժիսորը կինոհանրությանը հայտնի է դարձել  դեռևս 2017 թվականին, երբ նրա անդրանիկ ֆիլմը` «Ձմեռային եղբայրները», լավագույն ֆիլմ  ճանաչվեց Լոկառնոյի փառատոնում: Եթե առաջին ֆիլմի գործողությունները կենտրոնացված էին Դանիայում, ապա երկրորդ ֆիլմով Փալմասոնը վերադառնում է հայրենիք` Իսլանդիա:

«Սպիտակ, սպիտակ օրը» թոշակի անցած ոստիկանի` Ինգիմունդուրի մասին է, որը  կնոջ ողբերգական մահից հետո փորձում է վերանորոգել տունը։ Փալմասոնը բալլադ է հյուսում սիրո մասին, որը ֆիլմում ներկայանում է երկու տարբեր մոտեցումներով․ մաքուր ու անմեղ՝ ուղղված Ինգիմունդուրի թոռնուհուն,  և պահանջկոտ ու չհանդուրժող` հանգուցյալ կնոջ նկատմամբ: Առաջինը շատ պարզ է և հասկանալի, հատկապես,  որ իսպանացի Վիկտոր Էրիսեի «Փեթակի ոգին» ռեժիսորի ամենասիրելի ֆիլմն է: Պապի և թոռնուհու շփումը նման է փոքրիկ Աննայի և հոր հարաբերություններին` հիացմունք, դառնություն, զղջանք:

Այլ բան է սերը կնոջ նկատմամբ:  

Ֆիլմի վերնագիրը ներշնչված է հին իսլանդական առածից․երբ սպիտակ մառախուղը պատում է երկիրը, անհետանում է սահմանը երկրի և երկնքի միջև, մահացածները կարողանում են խոսել ողջերի հետ։ Սակայն, ֆիլմում մառախուղը ձախողում է կապ ստեղծել Ինգիմունդուրի և կնոջ միջև, ընդհակառակը` այն փորձում է արհեստականորեն թաքցնել վերքերը, թմրեցնել զգացմունքները: Այս մառախուղը ավելի նման է Կաձուո Իսիգուրոյի «Թաղված հսկան» վեպի «մշուշին», որն անզգայացնում է բոլոր ցավերն ու հիշողությունները:

Ֆիլմում մառախուղը շահեկան է վիզուալ տեսանկյունից: Այն ոչ միայն ուժգնացնում է կախարդանքի մթնոլորտը, այլ նաև յուրօրինակ վինտաժ տրամադրություն է ստեղծում. շատ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ էկրանին ուշ ութսունականների կամ վաղ իննսունականների ֆրանսիական դրամա է: Վիզուալ տեսարաններին առավել գրավչություն են տալիս սառն ու զուսպ, բայց միևնույն ժամանակ խաղաղ լանդշաֆտային պատկերները:

Ժամանակի սահունությունը և եղանակային փոփոխությունները վավերագրող տեսարանները հակադրություն են ստեղծում հերոսի թաքնված, սակայն չթուլացող ցավի հետ: 

Բոլոր այս մոգական մշուշները և հեթանոսական ասացվածքները հորինված են թաքցնելու պարզ իրողությունը: Իրականում «Սպիտակ, սպիտակ օրը» պատմություն է կորուստն ընդունել չկարողանալու և զգացմունքներն արտահայտելու վախի մասին: Փորձելով արտացոլել գլխավոր հերոսի պայքարը, ֆիլմը կծկվում է բարկության բռունցքում `  սենտիմենալ և թուլամորթ չթվալու համար: Այն դավադրություններ ու դավաճանություններ է հնարում, միայն թե չկարոտի: Սակայն մի գեղեցիկ ու սպիտակ, սպիտակ օր փոքրիկ աղջնակի և անցյալի մեղեդու տխրության ու կարոտի արցունքները կարողանում են քանդել կախարդանքի կապանքները:

Սոնա Կարապողոսյան