«Бульбу хочу»,- ասում էր Բելոռուսիայում ծնված ու ճառագայթված երեխան, որի մայրը ռուս էր, իսկ հայրն իմ բարեկամը։ «Бульба»- ն կարտոֆիլն էր բելառուսերեն։ Տասնվեց տարեկանում հասկանալ իրավիճակի ողբերգականությունը ես չէի կարող, չափազանց մոտավոր էի պատկերացնում հիվանդությունը։ Երեխան բուժվում էր, հետո տեղափոխվել էին Հայաստան ու ռուս մայրը շատ հետևողական համոզում էր մեզ, որ «մեր» Երևանում ռադիոակտիվությունն ավելի բարձր է, որ տագնապելու պատճառ չկա։ Հետո երեխան շատ ծանր էր։ Իրենից մնաց «բուլբա» ուզելու ցավալի հուշը։

Չեռնոբիլի աղետից մի քանի օր անց  ընկերուհուս հայրը, որն աշխատում էր ֆիզիկայի ինստիտուտում, տանը փռել էր քարտեզն ու մասշտաբով հաշվում էր, թե Բելոռուսիայում ծառայող որդին քանի կմ հեռավորության վրա է Չեռնոբիլից։ Սա էլ մի ուրիշ հուշ է 1986-ի ապրիլից։

Երեխաներիս դաստիարակչուհին կորցրել էր ամուսնուն Չեռնոբիլի աղետի վերացման աշխատանքներին մասնակցելուց հետո։ Ամուսինը տառապանքների մեջ անիմաստ պայքարել էր անտեսանելի ճառագայթի դեմ։ Այս դեպքերը պատահել են  սովետական Երևանում, Չեռնոբիլից շատ հազարավոր կիլոմետրեր հեռու։

Մեծ Բրիտանիայի HBO ալիքի «Չեռնոբիլ» ֆիլմը շատ դիտող ունեցավ։ Ցնցեց, իհարկե։ Բայց, վստահաբար հանդիստաեսն ի սկզբանե բաժանված էր երկու մեծ խմբի՝ ա.աշխարհը և բ.նախկին խորհրդային հանդիսատեսը, որի համար աղետը ծանոթ էր մտերիմների, ծանոթների տեսքով, ու մարդու հանդեպ սեփական երկրի սառնասրտությամբ։ Այս երկու հանդիսատեսներն  իրականում շատ տարբեր դիտանկյուն ունեցած կլինեն։ Հետո արդեն, հանդիսատեսի ուրիշ ենթաբաժանումներ կան։ Բայց հիմնականում սովետական ու ոչ սովետական։ Մյուս ենթաբաժանում սովետական տեղյակ և սովետական անտեղյակ շերտն է։ Երկրորդները հակված են պաշտպանելու երկրի շահերն ու ֆիլմի մեջ հակառուսականը դոմինանտ տեսնել մինչև այսօր։ Առաջինները սովետական քաղաքական վերնախավի հրեշավորության մեջ երբևէ չկասկածողներն են, և ֆիլմում չկա մի անմարդկային հրահանգ ու որոշում, որ կարող է իրականում զարմացնել նախկին սովետական տեղյակ քաղաքացուն։

«Այս պատմության մեջ հերոսները կարևոր չեն, միայն թե գտնենք մեղավորին։ Այս պատմության մեջ Անատոլի Դյատլովը (1986-ի ապրիլի  26-ին Չեռնոբիլի ատոմակայանի հերթափոխի պետը)  իդեալական քավության նոխազ է, ինքնավստահ ու տհաճ մարդ, այդ գիշեր նա էր հրամաններ տալիս և նա չուներ ընկերներ, համենայնդեպս, ազդեցիկ ընկերներ չուներ։ Եվ Դյատլովը անցկացրեց տասը տարի աշխատանքային գաղութում։ Իհարկե, դատավճիռը չափազանց խիստ էր, աշխատանքի վայրում ավելի շատ էին հանցագործները։ Դյատլովն իր արարքների դիմաց արժանի էր ոչ թե բանտի, այլ՝ մահապատժի։ Բայց դրա փոխարեն ՝տասը տարի հանցավոր անփութության համար։ Ինչ է դա նշանակում՝ ոչ ոք չգիտի։ Դա կարևոր չէ։Կարևոր այն է, որ նրանց համար արդարությունն հաղթանակեց։ Որովհետև, հասկանում ե՞ք, նրանց համար արդարը մեղսունակն է։ Չեռնոբիլում չկար որևէ մեղսունակ բան։ Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, նույնիսկ լավը՝ խելահեղություն էր»,- ինքնասպանությունից առաջ գրում է գլխավոր հերոսը՝ ատոմային քիմիայի մասնագետ Լեգասովը։

Լեգասովը ֆիլմում հերոս է։ Նա պայթյունից հետո ՄԱԳԱՏէ– ի Վիեննայում կայացած նիստի ժամանակ կատարում է սովետական մասնագետի «պարտքը» և հրապարակավ հայտնում Սովետական միությանը հաճո դիրքորոշում պայթյունի մասին՝ հանգստացնելով Եվրոպային։ Բայց հետո, Պրիպյատում անցկացրած օրերին, Չեռնոբիլի աղետի մարման և երկրորդ պայթյունի կանխարգելման աշխատանքներից հետո որոշում է Պրիպյատի ակումբում կայացած դատավարության ժամանակ ասել ճշմարտությունը։ Այդ ճշմարտությունը հսկում էր ԿԳԲ-ն և այն ասելը հավասարազոր էր ինքնաոչնչացման, ինչը ակադեմիկոս Լեգասովը չիմանալ չէր կարող։ Չեռնոբիլի երկրորդ պայթյունը կանխարգելելուց և ատոմակայանում հսկայական աշխատանքներից հետո ակադեմիկոս Լեգասովը ինքնասպան է լինում սեփական տանը՝ սպասելով, որ տնից բացակայեն կինը, որն առավոտյան ութն անց երեսուն դասաժամ ուներ, ընտանիքի մյուս անդամները։ Ինչպես հաճախ,  մեկ կրակոցով ավարտվում է հերոսի ու համարձակի կյանքը սովետական տարածքում։

Այս մարդու, նրա արարքի, մեծ աղետը կանխելու մասին ռուսական փաստերը տեղ-տեղ այլ բան են ասում։ Բնականաբար, չհերքելով նրա լուրջ գիտնական լինելու փաստը, Չեռնոբիլի աղետի ռուս լիկվիդատորներն իրենց հարցազրույցներում նշում են, որ Լեգասովը ատոմային քիմիայի մասնագետ էր և ինքն ամենաճիշտ ընտրությունը չէր որպես մասնագետ  ատոմային պայթյունի ու դրա անվտանգության հարցերում։ Լիկվիդատորներից մեկը հարցազրույցում նշում է, որ Լեգասովն իրականում սխալվել էր, ոչ մի երկրորդ պայթյուն չէր լինելու, և փաստորեն հազարավոր մարդիկ անիմաստ զոհվեցին երկրորդ պայթյունը կանխելու համար։ Սա, իհարկե կարծիք է, որը ֆիլմում չկա։ Ֆիլմում Լեգասովը հերոսն է։ Թեև սովետական ուժային պերսոնաժը ճշմարտությունն ասելուց հետո նրան հիշեցնում է, որ հայրը կենտկոմի պաշտոնյա էր, իսկ ինքը խոչընդոտում էր սովետական հրեա գիտնականների առաջխաղացմանը, ինչը Լեգասովը չի հերքում։ Իրականում, նրա հայրը իրոք կենտկոմի պաշտոնյա էր, իսկ ինքը դեռ ուսանողական տարիքից կոմերիտմության քարտուղար, իսկ հետո՝ կուսակցական կոմիտեի նախագահ։ Եվ այսպիսի կենսագրությամբ մարդը չի դիմանում սովետական հրեշավոր ստին ու նախապես իմանալով ճշմարտության գինը, ընտրում է ճշմարտությունն ու ավարտում ողբերգական իարդարձությունները ինքնասպանությամբ։

Ֆիլմը տպավորիչ է անձազոհության ու հերոսության շնորհիվ, նաև ողբերգականության աստիճանի շնորհիվ։ Դերասանական խաղի առաջին իսկ րոպեներից սովետական հանդիսատեսն անմիջապես զգում է անհամապատասխանությունները, թեև ֆիլմի մասին ցանկացած տեքստ սկսվում է սովետական միջավայրի հրաշալի կառուցման փաստի արձանագրմամբ։ Իրոք, այդքան տարի անց այդչափ մանրամասն ստանալ սովետական ավանի միջավայրը մանկասայլակների, պաղպաղակների, վերնաշապիկների ու կոշիկների, կահույքի, կտորների, վարագույրների մանրամասնությամբ՝ վարպետության վկայություն է։ Բայց սովետական հանդիսատեսն անմիջապես տեսնում է ոչ ռուս դերասանների ժեստերը, ծխելը՝ սովորական գլանակը սովետական մտավորականը, բանվորը, գյուղացին, «блатной»-ը բոլորովին այլ կերպ են բռնում, ուր մնաց եվրոպացի դերասանը։ Սիգար բռնելու պես սովետական ծխախոտ բռնող դերասանը մատնում էիր ոչ սովետական լինելու փաստը։ Իսկ ժեստը, երբ ելույթից հետո ծափահարում են, ատոմակայանի տնօրենը մի ափով արագ-արագ ոգևորված տպտպացնում է սեղանին՝ տեսարանը բացարձակ եվրոպական-ամերիկյան է, ոչ մի սովետական պաշտոնյա այդպես չէր ծափահարում, սովետական ծափը խոնարհության արտահայտչամիջոց էր։

Ստելան Սկարսգարդը Սովմինի նախագահի տեղակալ Բորիս Շերբինայի կերպարում, որքան էլ տարօրինակ է, ամենահաջողվածն էր։ Տեղ-տեղ շատ հիշեցնում էր Նիկոլայ Ռիժկովին, Սկարսգարդը, որն այդքան հեռու է իր իրական և կերտած կերպարներով սովետական ռուս բարձրաստիճան չինովնիկի կերպարից, հրաշալի մարմնավորում է Շերբինայի կերպարը, ու երբ նրա անձնական բարետեսությունը երբեմն սխալ է թվում սովետական գորշ չինովնիկի դեպքում, անմիջապես դիմագծերի նմանությունը սովետական համեմատաբար հին հանդիսատեսին հիշեցնում է Նիկոլայ Ռիժկովի կերպարը։ Ինքը Շերբինան ևս դրական կենսագրություն ունի և Չեռնոբիլի աղետի մարման աշխատանքներից հետո նույնպես կյանքից հեռացավ ճառագայթման հետևանքով։ Ի դեպ, արդեն ճառագայթված Շերբինան 1988-ին ղեկավարում էր Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները։

Որքան էլ բոլոր փաստագրական նյութերում նշվում է հերթափոխի պետ, ատոմակայանի գլխավոր ինժեների տեղակալ Դյատլովի անձնային վատ հատկանիշները, ինչպես նաև ֆիլմում հերոսը՝ Լեգասովը, նրա մասին հայտնում է այն կարծիքը, թե չուներ ընկերներ և տհաճ մարդ էր, այնուամենայնիվ, որպես գիտաշխատողների միջավայրում մեծացած սովետական երեխա ես դժվարությամբ պատկերացրեցի, որ գիտաշխատողների միջավայրում հնարավոր էր համակենտրոնացման ճամբարի հսկիչի նման շփվել գործընկերների հետ։ Բառապաշարը, որով Դյատլովը խոսում էր երիտասարադ ֆիզիկոսների հետ, բացարձակ հեռու է գիտական միջավայրում եղած հարաբերությունների որակից։ Կերպարն իր արտաքինով ու պահվածքով արհեստականորեն չափազանցաված էր ու կոմիկական երանգներով, թեև շուրջը ողբերգություն էր։

Բազմաթիվ փաստագրական նյութերի մեջ ամենահետաքրքիրը Չեռնոբիլի սովետական լիկվիդատորների հետ «Չեռնոբիլ» ֆիլմի դիտումն էր ու նրանց մեկնաբանություններն ու պատմությունները, թե իրականաում ինչպես է եղել այս կամ այն դեպքը։

Նրանցից մեկն անհեթեթություն է համարում դրվագը, երբ նախարարը հանքափորներին  դիմում է օգնություն խնդրելով, իսկ հանքափորները ծաղրում են նախարարին, ապա մրոտ ձեռքերը քսում նախարարի դեմքին ու անունով դիմելով մեծահոգաբար ասում, որ կգան օգնելու։ Լիկվիդատորն ասում է՝ չէր կարող այդպիսի բան լինել, չէր կարող սովետական հանքափորը այդպես խոսել նախարարի հետ։ Լրագրողի հարցին, թե՝ բայց, չէ որ մահվան էին գնում, միգուցե այդ իրավիճակում կարող էի՞ն, լիկվիդատորը պատասխանում է՝  նրանցից ոչ ոք չգիեր, որ գնում է մահվան։ Իրականում սա էր Չեռնոբիլի մարդկային աղետի առանցքը․մարդիկ տեղյակ չէին, որ գնում են մահվան։ Որպես հետսովետական բոլոր աղետների վկա՝ պատերազմ, երկրաշարժ, մթություն, ցուրտ, քաղց՝ ֆիլմը նայելու ընթացքում առաջին անգամ զգացի, որ պատերազմը բարեմաղթանք է ատոմակայանի պայթյունի համեմատ։ Եվ, առաջին միտքը, որ առաջացավ, որպես մարդ, այն էր, թե ինչու մարդիկ չեն հրաժարվել  մտնել պայթած ռեակտորի հարյուր տոկոսանոց մահվան երախը։ Անգամ եթե դատապարտվեն դրա համար՝ դա երջանկություն է ճառագայթվելու համեմատ։ Մարդիկ չէին պատկերացնում աղետի որակը, բացառությամբ ֆիզիկոսների։ Մարդիկ դարձել էին սովետական հայրենիքը փրկող հերթական մեծաքանակ մեռնող հերոսներ։ Սա էր, կարծում եմ ողբերգության առանցքը։

Այլ է ֆիզիկոսների և հետո նաև Սովմինի նախագահի տեղակալ Շերբինայի հարցը․ակադեմիկոս Լեգասովը լավ գիտեր, որ ելքը մահն է՝ ծանր ու տառապալից։ Փաստագրական նյութերում նշվում է, որ Լեգասովը ուղղաթիռով շաբաթվա մեջ հինգ-վեց անգամ թռչում էր ռեակտորի վրայով։ Նրա որոշմամբ է բորի, կապարի ու դոլոմիտի խառնուդրը թափվում ռեակտորի վրա։ Արդյունքում ստանում է 390 ռենտգեն ճառագայթում՝ Չեռնոբիլում անցկացնելով ոչ թե երեք շաբաթ, ինչպես ֆիլմում է, այլ չորս ամիս։ Իրականում, ակադեմիկոս Լեգասովը ինքնասպանության փորձ է արել ինքնասպանությունից մեկ տարի առաջ՝  գիտակցելով սպասվող ֆիզիկական տանջանքները ընդունել է հաբերի մեծ քանակ, սակայն բժիշկները փրկել են կյանքը։ Բայց այս փաստը ֆիլմում չկա, քանի որ հերոսին վայել չէ ինքնասպանության փորձը, հերոսը պետք է մեռնի։

Երիտասարդ զինվորներին ֆիլմում հագցնում էին կապարե վարտիքներ սեռական օրգանների ճառագայթումից խուսափելու համար։ Լիկվիդատորներից մեկը  հարցազրույցում ասում է, որ այդպիսի վարտիք հագել են միայն նրանք, ովքեր հանգցրել են տանիքի հրդեհը և կատակով ավելացնում, որ նրանք, ովքեր մինչև հդեհը այդ ոլորտում խնդիր չեն ունեցել, ճառագայթումից հետո ավելի ուժեղ էին այդ հարցում։ Համացանցում առկա բոլոր վավերագրական կադրերում ակադեմիկոս Լեգասովը ցուցադրական անհոգություն է խաղում, անընդհատ ժպտում է ու կատակում,  ողբերգական իրադարձությունները թեթև հումորի վերածելու փորձեր է անում, կատակով փարատում վախերը։ Այնինչ, ֆիլմում նա անընդհատ ողբերագական ու դատապարտված դեմքով է հենց սկզբից։ Իրականում, իհարկե Լեգասովը ողբերգական կերպար էր այս պատմության մեջ, ուժեղ մարդ ու լուրջ գիտնական, բայց սովետական վավերագրական ֆիլմերում նրա «հրահանգված» լավատեսությունն ու թեթև հումորը առկա է բոլոր դրվագներում։

Ֆիլմը կենտրոնացած է մեկ հերոսի վրա։ Ետնամասում մեղավորներն են պատի տակ՝ դատավարության ընթացքում։ Գլխավոր մեղավորի, որին հերոսը ֆիլմում անվանում է «քավության նոխազ»՝ Դյատլովին, վավերագրական նյութերում այլ տեսքով ենք հանդիպում։ Սկզբում ամենասովորական ռուս գիտաշխատող է, բոլորովին ոչ չար դեմքով, այլ ավելի շատ մենակեցային, ինքնամփոփ սովետական ծառայողի կերպար։ Հարցազրուցներից մեկում նա ընդհատում է խոսքը, որովհետև հուզվում է։ Ֆիլմում Դյատլովը սառնասիրտ հրեշ է։ Իրականում հրեշի ու հերոսի հակադրամիասանությունն են ֆիլմի երկու լծակները, որոնք անընդհատ պտտվում են սովետական հրեշավոր համակարգի առանցքի շուրջ։

Շատ հպանցիկ դեր է հատկացված սովորոկան, շարքային լիկվիդատորների պատմությանը։ Նրանք մեռնում են այրվածքներից։ Նրանք անտեղյակ էին վտանգավորության աստիճանին։ Բայց կա մի մեծ խումբ, որն ապրել է։ Լիկվիդատորների հարցազրույցների նյութերում իրենք պատմում են, թե ինչ դժվարությամբ են հասել իրենց հասանելիք արտոնություններին, քանի դատավարության միջով են անցել իրենց արտոնությունները ստանալու պահանջով։ Իսկ ֆիլմի սիրային պատմության հրշեջ հերոսի կինը, որը կորցրեց ամուսնուն, նոր ծնված երեխային, հարցազրույցներում պատմում է պետության անտարբերության մասին։ Ողբերգությունից անմիջապես հետո, ինչպես դա լինում է սովորաբար, իրենց խոստանում էին սատարել ամեն հարցում, անգամ, երբ որոշում կայացվեց բոլոր ճառագայթված հրշեջներին հողին հանձնել Մոսկվայում, և կանայք դեմ էին, չպատկերացնելով ինչպես պետք է հասնեն Մոսկվա ամեն անգամ, նրանց խոստացել էին այդ հարցը լուծել ցանկացած պահի, երբ կանայք կամենան, այն ինչ դա հետո արվում էր տարին մեկ անգամ՝ ապրիլի քսանվեցին։ Ֆիլմի հերոսուհին՝ հրշեջ Իգնատենկոյի կինը հարցազրույցներից մեկում ասում է, որ կյանքում իրեն սատարեց միայն հարազատ եղբայրը։

Սովետական պետության «երախտագիտությունը» կարող էր լինել ֆիլմի շարունակությունը, եթե լիներ շարունակություն։ Բայց ֆիլմը բավարարվում է հերոսի ինքասպանությամբ։ Այսպես ավելի հակիրճ է արտահայտվում սովետական չարիքը։

Մեկ այլ փաստ վկայում է այն մասին, որ Չեռնոբիլի տարածքից բնակչության տարհանումից հետո անբնական ծաղկունք է ապրել բնությունը։ Պրիպյատի հարակից անտառներում ազատորեն ապրում են աշխարհում կորչող գազանների տեսակներ, ֆաունան ծաղկում է։ Կենդանական աշխարհի համար մարդն ավելի մեծ աղետ է, քան ճառագայթը։

Սա էլ կարող էր լինել ֆիլմի եզրափակիչ սերիան։

 Լուսինե Հովհաննիսյան