Մեզանից քչերն են հին հեռախոսը դեն նետելիս մտածում, թե որտեղ է այն հայտնվելու, երբ աղբատարը հեռանա մեր բակից: Մենք շարունակում ենք գնել նոր սմարթֆոններ, համակարգիչներ, էլեկտրոնային տեխնիկայի հնարարովորինս նոր մոդելները և դեն ենք նետում հները՝ մի վայրկյան անգամ հետ չնայելով: Իսկ թե ի՞նչ է լինում դրանց հետ հետո, նկարագրված է 2018 թվականին մեծ էկրան բարձրացած «Բարի գալուստ Սոդոմ» վավերագրական ֆիմում, որն աշխարհի ամենամեծ ոչ լեգալ էլեկտրատեխնիկայի աղբավայրի՝ Աբոգբլոշիի մասին է պատմում և ոչ միայն: Ոչ միայն, որովհետեւ այս աղբավայրում բազմաթիվ մարդիկ են ապրում:

Գանայի բնակիչների մտքով անգամ չէր կարող անցնել, որ 2000 թվականին «Հումանիտար օգնություն» գրությունով  այստեղ հայտնված առաջին բեռնատարը, որում էլեկտրոնային տեխնիկա էր, իրենց բնակավայրը Սոդոմի վերածելու առաջին քայլը պիտի դառնա ու եվրոպացիները հետագայում այստեղ ի հեճուկս բոլոր արգելքների, անօրինական ճանապարհով  կդատարկեն աղբը, որն իրենց պետք չի (250 հազար տոննա ամեն տարի):

Ավստրիացի ռեժիսորներ Քրիստիան Քրյոնեսը և Ֆլորիան Վեիգենսամերը տարիներ են ծախսել՝ ուսումնասիրելով  Աքքայում գտնվող այս աղբավայրը,  որտեղ ավելի քան 6000 մարդ է աշխատում:  Ֆիլմը չունի հեղինակային տեքստ, մարդիկ իրենք են պատմում իրենց տաժանակիր առօրյայի մասին այս հողում, որն իրենք Սոդոմ են կոչել: Ամենուր կրակ է ու ծուխ, որովհետեւ տեղի բանկիչները ապրում են աղբից մետաղը առանձնացնելով և այն վաճառելով: Դրա համար նրանք նախ հսկայական կրակ են անում և այրում  աղբակույտերը , իսկ հետո առանձնացնում են մետաղը:

Ֆիլմի գլխավոր հերոսներից Ֆաուցիա Մոհամեդը երազում է Եվրոպայում հայտնվելու մասին, նա ամեն օր առավոտից երեկո կրակի մոտ մետաղ է առանձնացնում, որ կարողանա վճարել Եվրոպա հասնելու ծախսերը: Մեկ այլ հերոս, Կվասին, որն աղջիկ է, բայց աշխատելու համար որպես տղա է ներկայանում, երազում է կրթություն ստանալու մասին: Անհավանական դրամայով է հագեցած հերոսների կյանքը երկրի վրա գտնվող այս դժոխքում, այստեղ ապրում են մարդիկ, որոնց մասին որեւէ մեկը որեւէ բան չգիտի. հոմոսեքսուալներ, որ հարեւան երկրներից փախել,  ապաստան են գտել այստեղ ու շարունակում են թաքցնել իրենց ինքնությունը: Նրանցից մեկը բժիշկ է, որ կարոտում է իր նախկին կյանքը, որից իրեն միայն Շեքսպիրից անգիր արած հատվածներ են մնացել:

Այս ֆիլմում առանձնահատուկ դեր է հատկացված երաժշտությանը։ Երաշժտական ձեւավորման հեղինակը կարելի է ասել ֆիլմի հերոսներն են,  որ աղբանոցի մեջ փայտից երաժշտական ստուդիա են կառուցել ու երգեր են ձայնագրում աշխատանքից ազատ ժամերին:

Ազատության ու կյանքի անարդարությունների մասին երգող պատանիների ամենահայտնի հիթը վերնագրված է «Բարի գալուստ Սոդոմ», որտեղ մարդիկ մահանում են նախքան կհասցնեն, որևէ երազանք ունենալ:

Ծուխը, որն առաջանում է պլաստիկի այրվելուց, սարսափելի հետևանքներ է ունենանում այն մադրկանց համար, ովքեր դա շնչում են, և Մոհամեդը պատմում է, որ սա վայր է, որտեղ ոչ մեկը չի ծերանում։ Բոլորը մահանում են նախքան կհասցնեն մտածել այստեղից դուրս գալու և դրա համար ճանապարհ փնտրելու մասին:

Աշխարհում բնապահպանական թեմաներով բազմաթիվ վավերագրական ֆիլմեր են նկարահանվում, բայց  այս ֆիլմը առիթ դարձավ, որ Գանայի բնակիչներն իրենք ու նաև շատ եվրոպացիներ նոր թափով պայքարեն, որպեսզի Եվրոպան կանգ առնի և պատասխանատվություն կրի այն քայլերի համար, որոնք Աֆրիկան դժոխքի են վերածում:

Աստղիկ Հակոբյան

Մյունխեն, 2019թ