«…when I am king, you will be first against the wall…»

Paranoid Android, Radiohead

 Արի Աստերը` «Midsommar»-ի (շվեդերենից թարգմանաբար` ամառվա կես) ռեժիսորը, փոքր հասակից տարված է եղել սարսափ ֆիլմերով: Նրա ողջ պատանեկությունն անցել է կինովարձույթի մոտակա կետում` հասանելի բոլոր սարսափ ֆիլմերը դիտելով և զարմանալի չէ, որ Աստերի սինեֆիլիան վերաճել է ռեժիսորական ձիրքի: Նրա առաջին լիամետրաժը` «Ժառանգական»-ը (Hereditary, 2018) արժանացել է հանդիսատեսի հավանությանը՝ դարձնելով նրա երկրորդ լիամետրաժը` «Midsommar»-ը, այս ամառվա ամենասպասված ֆիլմերից մեկը:

Ընտանեկան մեծ ողբերգությունից հետո Դանին որոշում է միանալ ընկերոջն ու նրա համակուրսեցիներին, որոնք մեկնում են Շվեդիա` նրանցից մեկի ընտանիքի կազմակերպած հեթանոսական արարողությանը մասնակցելու: Շուտով ամերիկացի ուսանողները պարզում են, որ հեթանոսական ծիսակատարությունները շատ տարբեր են իրենց պատկերացումներից:

Կինոնկարի վիզուալ կատարելությունն ուղղակիորեն հակադրվում է սյուժետային թուլությանն ու բացթողումներին: Գործողությունների զարգացմանը զուգահեռ կերպարները չեն բացվում և ոչինչ չի ասվում գլխավոր հերոսների անցյալի և  հարաբերությունների մասին: Բոլոր նրանք, ովքեր պաստառի վրա կամ թրեյլերում տեսել են ֆիլմի լուսավոր ու գունավոր տեսարանները, ստիպված են դիմանալ նախապատմությանը, որը երկար է և ձանձրալի, նաև շատ թույլ է կապվում ընդհանուր սյուժետային գծին:  Արդեն երկրորդ հատվածում պատմությունը սկսում է ծավալվել տարօրինակ ավանդական ծիսակարգերի ուղղությամբ և թվում է, թե նմանվելու է Մարսե Ռոդերեդայի «Մահ գարնանը» վեպին: Վեպում կատալոնուհին քողարկված, բայց սուր ծաղրի է ենթարկում ֆրանկոյական ռեժիմը, մինչդեռ Արի Աստերը չունի փոխաբերությունների և երկիմաստությունների որևէ ամբիցիա: Ինքը` ռեժիսորը, ֆիլմը համարում է պատմություն զույգի բաժանման մասին, որն ուղղակի զարդարված է գունավոր դաշտային ծաղիկներով և լուսավորված ամենավառ արևով: Լինելով սարսափ ֆիլմ` «Midsommar»-ը վախեցնող չէ և համադրված է աբսուրդիզմի հասնող կատակներով ու տեսարաններով, որոնք երբեմն սրամիտ են:

Այլ է ֆիլմի վիզուալ արտահայտչականությունը և տպավորությունը, որ այն կարող է թողնել: Ի տարբերություն հանդիսատեսի պատկերացումների, որ սարսափ ֆիլմերը գորշ են, խամրած ու մութ, «Midsommar»-ը կուրացնում է իր պայծառությամբ ու ոգևորում խայտաբղետ գույներով: Կախարդանքի ողջ հմայքը տարածվում է էկրանից այն կողմ ու վարակում հանդիսատեսին: Ռեժիսորը կարողանում է էկրանին հեքիաթ ստեղծել`  իդեալական տեսարանների ու սահուն օպերատորական աշխատանքի համադրումով: Սակայն, ձգտելով տեսողական կատարելության, Աստերը մոռանում է զարգացնել իր պատմությունը` խաչ քաշելով ողջ ֆիլմի վրա:

Սոնա Կարապողոսյան