Ալմադովարի «կտակը»
Արևմտյան թերթերը գրում են, որ Պեդրո Ալմադովարը իր լավագույն ֆիլմն է նկարել, իսկ Բանդերասը՝ խաղացել լավագույն դերը: Իհարկե և՛ մեկին, և՛ մյուսին կարելի է վերապահումով մոտենալ, բայց «Ցավ և փառք» ֆիլմով Ալմադովարը, կարելի է ասել, ամենաքիչը ազատեց սերունդներին իր մասին ֆիլմ նկարելու պարտավորությունից:
Ինքնակենսագրական է արդյո՞ք ֆիլմը: Ալմադովարն այս հարցին պատասխանում է միաժամանակ՝ այո և ոչ։ Ոչ, որովհետև հնարավոր չէ հավանաբար այդքան գեղարվեստորեն մոտենալ սեփական կյանքի պատմությանը։ Թվում է, թե շատ բան հնարել ես։ Այո, որովհետեւ ֆիլմն ամեն դեպքում ինքնակենսագրական է, ինչը նկատելի է անգամ ֆիլմի պոստերում՝ Բանդերասի ստվերում երևացող Ալմադովարին չտեսնելն անհնար է:
Արդեն 60-ին մոտ կինոռեժիսոր Սալվադոր Մալլոն, որ հազար ու մի խրոնիկ հիվանդություններով է տառապում, այդ թվում՝ միգրեն եւ դեպրեսիա, արդեն երկար ժամանակ է չի ստեղծագործում և փակված է Մադրիդի իր բնակարանում:
Ընկերեներից մեկի հարցին, թե ինչ է անում կինոռեժիսորը, եթե ո՛չ գրում է, ո՛չ նկարահանում, նա պատասխանում է՝ «ապրում եմ, երևի»: Հենց այդ «երևին» էլ կարողանում է հրաշալի խաղալ Բանդերասը, «երևին» նրա ռիթմն է՝ դանդաղ, հոգնած քայլվածքը, մարմինը մի կերպ մեքենայի մեջ տեղավորելու ընթացքը: Դիտողի առաջ երբեմնի հաջողակ արվեստագետն է, որն անցյալում շատ բուռն կյանք է թողել և հիմա ապրում է միայն այդ կյանքի հուշերով ու բազում հիվանդությունների մասին մտածելով: Ռեժիսորի հիշողություններում գյուղի իրենց տունն է, մայրը, գյուղացի մի տղա, որին Սալվադորը գրել և կարդալ է սովորեցնում, ու որի հետ անցկացրած ժամանակը տղայի հիշողության մեջ մնում է որպես սեռի ու սեքսուալության առաջին ճանաչողությունը։ Չնայած նրան, որ իրական սերը՝ Ֆեդերիկոյին, Սալավադորը ճանաչեց Մադրիդում, ու նրանից բաժանումով էլ կորցերց այն:
Ֆեդերիկոն ավելի ուշ հայտնվում է ֆիլմում: Սալվադորը հրավիրված է իր՝ 32 տարի առաջ նկարահանված ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությանը։ Նա ուզում է մասնակցել ցուցադրությանը՝ ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորած Ալբերտոյի հետ։ Սալվադորը ժամանակին գրողի ծոցն էր ուղարկել Ալբերտոյին ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամանակ՝ հերոյին օգտագործելու և իրեն խաբելու համար:
Ֆեդերիկոյից բաժանման պատճառը դարձյալ հերոյինն էր, որի մասին գրում է Սալվադորը իր «Կախվածություն» պատմվածքում: Նա իր անհույս փորձերի մասին է գրում, սիրած մարդուն թմրադեղի ճիրաններից ազատելու և իր տառապանքի մասին։ «Ես հասկացա, որ սերը գուցե կարող է սարեր շուռ տալ, բայց չի կարող փրկել մարդկանց, ում մենք սիրում ենք»,-խոստովանում է նա իր տեքստում:
Տարիներ անց, երբ Սալվադորը եւ Ալբերտոն նստած են վերջինիս տանը, Սալվադորը Ալբերտոյի հերոյինից մի քիչ բաժին է հանում իրեն՝ հավանաբար ոչ այնքան ցավերը մեղմելու, որքան գուցե Ֆեդերիկոյի ու Ալբերտոյի կախվածությունը վերլուծելու համար: Ալբերտոյի հասցեին անտանելի վիարվորանքներ հնչեցնելու գինը նրան «Կախվածություն» «նվիերելն» է, որը նա բեմադրում է մի փոքրիկ թատրոնում, և որին շատ պատահաբար ներկա է լինում Ֆեդերիկոն: Արդեն սպիտակած մազերով հաջողակ մեկը, որ Արգենտինայից գործուղման է եկել ու նստած մի փոքրիկ թատրոնում արտասվում է, որովհետև բեմին իր կյանքն է:
Նա իհարկե գտնում է Սալվադորին, ցույց է տալիս ընտանիքի, որդիների նկարները, պատմում Արգենտինայում իր կյանքի մասին և այն մասին, որ Սալվադորից բաժանվելուց հետո այլևս ոչ մի տղամարդու հետ գործ չի ունեցել: Բաժանումը կարճ է, ոչ դրամատիկ: Բանդերասը, որ ողջ ֆիլմում գերում է հանդիսատեսին իր միմիկայով, այստեղ էլ նա անկրկնելի է:
Ֆիլմում անդադար ներկա է նրա մայրը, որի երիտասարդ տարիները մարմանավորում է ռեժիսորի մուսան՝ Պենելոպե Քրուզը, իսկ տարեց շրջանը՝ Խուլիետա Սերանոն, Ալմադովարի մեկ այլ սիրելի դերասանուհին: Մայրը ֆիլմի առանցքային կերպարներից է, որը Սալվադորի ձեւավորման հարցում մեծ դեր է ունեցել։ Այս կերպարը հուշում է մահվան շուրջ ռեժիսորի մտորումներն ու վերջին ցանկությունները: Մոր խոսքերը ռեժիսորի յուրօրինակ «կտակն» է:
Ֆիլմի վերջին դրվագներում Սալվադորը գտնվում է վիրահատարանում։ Վիրահատությունից առաջ նա բժշկին խոստովանում է, որ նոր պատմություն է գրում: Դրամա, թե՞ կոմեդիա,- բժշկի հարցին,- Սալվադորը պատասխանում է․«դեռ չգիտեմ, սկզբում երբեք չգիտես․․․»:
Աստղիկ Հակոբյան
Մյուխեն, 2019