Վենետիկի 76-րդ  միջազգային կինոփառատոնը  կբացի ճապոնացի կինոռեժիսոր Հիրոկաձու Կորեդայի նոր «Ճշմարտություն» ֆիլմը։ Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։ «Ճշմարտությունը» Հիրոկաձուի օտար լեզվով առաջին  աշխատանքն է։ 

Ֆիլմը  պատմում է  ֆրանսիական կինոյի աստղ Ֆաբիենի մասին, որն իշխում է իր շրջապատի տղամարդկանց , որոնք սիրում և երկրպագում են նրան։  Այնուամենայնիվ,  նա խնդիրներ ունի  դստեր՝ սցենարիստուհի Լյումիրի հետ։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Կատրին Դընյովը , Իթան Հոուկը, Ջուլիետ Բինոշը և այլք։

«Ես շատ ուրախ եմ, որ իմ ֆիլմը կբացի Վենետիկի կինոփառատոնը: Ինձ համար դա մեծ պատիվ է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի կազմակերպիչներին: Ֆիլմը նկարահանվել է անցյալ աշնանը Փարիզում՝ տասը շաբաթվա ընթացքում: Ֆիլմում ընդգրկված դերասանական կազմը ոգեշնչող է։ Կինոնկարի սյուժեն մեկ բնակարանում տեղի ունեցող փոքրիկ ընտանիքի դրամատիկ պատմություն է։ Ես փորձեցի իմ կերպարներին հնարավորինս կենդանի դարձնել իրենց խաբվածությամբ, հպարտությամբ, զղջումով, ցավով և  ուրախությամբ: Ես իսկապես հուսով եմ, որ դուք կհավանեք ֆիլմը » – ասել է ռեժիսորը։

Վենետիկի 76-րդ  միջազգային կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 7-ը։ Փառատոնի ժյուրիի նախագահն է  արգենտինացի ռեժիսոր և սցենարիստ Լուկրեցիա Մարտելը: