Հասմիկ Գասպարյանի «Նառառա և Կիկո» վավերագրական ֆիլմը մեզ տանում է անիմատոր Նաիրա Մուրադյանի աշխարհ: Մենք մտնում ենք նկարչի խոհանոց, այսինքն` կերպարաստեղծման տարածք, բայց նաև, հայտնվելով կին-արվեստագետի տանը, «ներխուժում» ենք տանտիրուհու խոհանոց, ուր նա պատրաստում է ընտանիքի անդամների և հյուրերի համար: Տեսախցիկը դառնում է իրենց տուն մտած «արտոնյալ դիտորդ», որին թույլ է տրվում ազատ տեղաշարժվել, լինել համարյա ամեն տեղ: Այս տուն-արվեստանոցում նույն հարկի տակ ապրում են հայտնի անիմատորը, նրա նկարիչ-հայրը, դուստրը, որդին, նկարները, կատուները և Գոդո անունով ծեր գամփռը: Ֆիլմի հերոսուհու հետ մեր ծանոթությունն սկսվում է նրա տան շեմին կանգնած ծեր, տկար շանը ձեռքով շոյելու ու «բիձո՛ւկ» կոչելու տեսարանով, ավարտվում` հետևյալ լուսագրերով.

«Կիկո»-ն ցուցադրվում է միջազգային կինոփառատոներում: Գոդոն չապաքինվեց: Ծնվեց Նաիրայի չորրորդ թոռը»:

Այս խորհրդանշական լուսագրերին հաջորդում է ֆիլմի եզրափակիչ տեսարանը, որը դարձյալ խորհրդանշական է. ինչպես և ֆիլմի սկզբում, բացվում է դուռը, բայց այս անգամ Նաիրա Մուրադյանը կերակուր է տալիս արդեն նոր շանը…

Ըստ էության, այս ֆիլմ-դիմանկարի առանցքը «Կիկո» անիմացիոն ֆիլմի ստեղծման ընթացքն է, որի շնորհիվ բազմակողմանի ներկայացվում է նրա հեղինակի կերպարը: Հասմիկ Գասպարյանի ֆիլմն սկզբունքորեն սև-սպիտակ է, որի հյուսվածքի մեջ ժամանակ առ ժամանակ ընդգրկվում են Նաիրա Մուրադյանի աշխատանքի գունավոր դրվագները: Ֆիլմում, ինչպես և Նաիրայի կյանքում կարևոր է նրա նկարիչ հոր, ինչպես նաև վերջինիս նկարների ներկայությունը: Նաիրայի անիմացիոն ֆիլմի հիմքում ընկած է ինքնատիպ պոլսահայ պոետ Զահրատի «Համառօտ կենսագրություն Կիկոյի» ստեղծագործությունը` «biopic» պոեմը:

Մինչ վավերապատումն սկսելը, տեսախցիկը վերևից, ասես, երկնքից հայացքն ուղղում է Զահրատի խոսքերով ասած` «իրարու նման տուներով» գյուղին, սակայն ինչպես կպարզվի ֆիլմի հետագա ընթացքում` «իրարու չնմանվող» տանեցիներով, քանի որ թե՛ Նաիրա Մուրադյանը, թե՛ նրա հայրն ու երեխաները անհատականություններ են: Իհարկե, երիտասարդներն իրենց ռիթմն են բերում, սակայն ոչ ոք ոչ ոքի չի խանգարում: Այս տանն ապրում են` չներխուժելով մեկը մյուսի տարածք: Տիրում է փոխադարձ հարգանքը:

Անձրև է թափվում: Տան մոտով անցնում են կովերը: Գյուղում անշտապ հոսում է կյանքը: Նույնքան անշտապ ստեղծվում են գեղարվեստական կերպարները այդ տանիքի տակ: Համակարգչի էկրանին աստիճաններով բարձրանում է Կիկոն, Նաիրայի տան աստիճաններով դանդաղ բարձրանում է 90-ամյա հայրը, իսկ նրա հետևից մագլցում է կատուն: Էկրանին շարժվող Կիկոյի անիմացիոն կերպարն արտաքնապես հիշեցնում է իրեն ստեղծողին և, որոշ չափով` Նորշտեյնի հայտնի ոզնուն «Ոզնին մշուշի մեջ» մուլտֆիլմից: Անշուշտ, այս նմանությունները միտումնավոր չեն, այլ բնականոն ստեղծագործական պրոցեսի արդյունք են: Վերջապես, Զահրատը նույնպես միաձույլ է իր հերոսին: Զահրատի ծննդավայրի` հին Կոստանդնուպոլսի պատկերները վերակերտելու նպատակով այդ քաղաքում երբևէ չեղած Նաիրա Մուրադյանը մանրակրկիտ ուսումնասիրում է «Ստամբուլի աչք» անվանն արժանացած մեծանուն լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքները: Եվ այդ հին սև-սպիտակ լուսապատկերները հեղինակի համար դառնում են վիզուալ ներշնչանքի աղբյուր անիմացիոն ֆիլմում քաղաքի կերպարը որպես յուրօրինակ միջավայր և գործողության ակտիվ ֆոն վերաստեղծելու համար: Պատահական չէ, որ Ն.Մուրադյանի «Կիկոյում» կա նաև ֆոտոխցիկ-պերսոնաժ, որ լուսանկարչին է խորհրդանշում: Իսկ քաղաքը ներկայանում է իբրև բազմաձայն` պոլիֆոնիկ մի կերպար, որտեղից Կիկոն ուզում է փախչել, բայց միաժամանակ, կարծես չի ուզում: Նա` Զահրատի խոսքով` «կամուրջի բազրիքները փայփայող» հերոս է: Կիկոն «փոքր» մարդ է, «փոքր» մարդկանց շարքից է և, այդ իմաստով, հիշեցնում է Գոգոլի «Շինելի» հերոս Ակակի Ակակիևիչին… Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել ֆիլմում Զահրատի տաղանդի առնչությամբ Նաիրա Մուրադյանի հնչեցրած կարծիքի հետ, սակայն մի բան ակնհայտ է` Զահրատի երկի հիման վրա նրան հաջողվել է ստեղծել հիանալի, ինքնատիպ անիմացիոն ֆիլմ:

Ակնհայտ է, որ բանաստեղծական գործողությունը ներքին բնույթ ունի, պոեզիայում ներքին է տեսանելիությունը, իսկ անիմացիայում ամեն ինչ պետք է վերածվի տեսանելի, որոշակի գործող պերսոնաժների: Մանավանդ որ, Զահրատի բանաստեղծության մեջ իրերը, առարկաները շնչավորված են: Եվ Նաիրա-Նառառան այդ ուղղությամբ է մտածում ու աշխատում…

Ֆիլմ-դիմանկարը կայացել է անշուշտ ոչ միայն իր պատումի կառուցվածքի, ռեժիսորական մոտեցումների, հեղինակի և հերոսուհու միջև յուրօրինակ, մտերմիկ կապի հաստատման, այլև լավ օպերատորական աշխատանքի շնորհիվ: Աչքի է ընկնում նաև կինոնկարի երաժշտական ձևավորումը: Ձայնը ֆիլմում դինամիկ է` ըստ անհրաժեշտության «խոշոր պլանով» է լսվում, իսկ երբ պետք է, հեռանում է, մղվում «երկրորդ պլան»: Նաիրա Մուրադյանի մասին պատմող այս վավերագրության մեջ Բրիտանիայում ապրող մեր հայրենակցուհի Հասմիկ Գասպարյանին հաջողվել է ներկայացնել արվեստագետի անբռնազբոս կերպարը և նրա ստեղծագործական աշխարհը:

Ի դեպ, ֆիլմը ներառված էր «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային փառատոնի ծրագրում։

Սիրանույշ Գալստյան