«Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնը հուլիսի 8-ի երեկոյան աննախադեպ մարդաշատ էր։ Այստեղ էին կինոաշխարհի հետ առնչություն ունեցող գործիչներ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի առիթով մեր երկիր ժամանած օտարազգի հյուրեր, նաև արվեստասեր հանրությունը։ «Այրարատ» կինոթատրոնի հին ու մոռացված տարածքը բառի բուն իմաստով ծառայեց կինոյին, իսկ ավելի ստույգ՝ Սերգեյ Փարաջանովի արվեստի ցուցադրմանը։

Կինոդահլիճի նախասրահում տեղադրվել էին ցածրիկ սեղաններ՝ էկրաններով։ Դրանց աբստրակտ դասավորությունն ավելի էր ընդգծում այն ցուցադրությունը, որը ներկայացվեց «Կինոյի տաճար» խորագրի ներքո։ Էկրաններին փոփոխաբար ցուցադրվում  էին Փարաջանովի «Նռան գույն» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերը։ Դրանց շարքում էին նաև նույն կադրի դուբլերը, որոնք դիտողի համար տեսանելի էին դարձնում ֆիլմի նկարահանման ընթացքը, կադրերի հերթականությունը՝ ըստ Փարաջանովի հրահանգների։ Ցուցադրությունն ինչ-որ չափով նաև փաստավավերագրություն է։ Կադրերը եղել են կինոժապավենների վրա, որոնք ընդհանուր հաշվով 103-ն են։ Դրանցից 27-ը տեղափոխվել են Լեհաստան, որտեղ Fixafilm ընկերությունը վերականգնել ու թվայնացրել է։ Նախագիծը շարունակական է. մյուս ժապավեններն էլ առաջիկայում երկրորդ կյանք կստանան՝ կվերականգնվեն ու կթվայնացվեն։

«Այրարատ» կինոթատրոնի նախասրահում սեղաններին տեղադրված 24 էկրանները կոլաժային մեծ խճանկարի տպավորություն էին ստեղծում։ Հանդիսատեսի համար «Կինոյի տաճար» ցուցադրույթունն անակնկալ էր։ Մինչև հիմա փարաջանովյան արվեստը ներկայացվել է տարաբնույթ ոճերով ու մոտեցմամբ, բայց այս մեկն ինքնին յուօրինակ էր, մոդեռն ու հետաքրքիր։ Ինստալյացիա  ցուցադրությունը հնարավորություն է տալիս «Նռան գույնից» դուրս մնացած կադրերը ներկայացնել այնպես, որ Փարաջանովի արվեստը մոնտաժելու, խմբագրելու սահմաններին ոչ ոք չմոտենա։ Ցուցադրության հեղինակները՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու անգլիացի պրոդյուսեր Դենիել Բերդը այդ նրբությունը հաշվի էին առել ու «Կինոյի տաճար» խորագրի ներքո Փարաջանովի արվեստը ներկայացրել այնպես, ինչպես այն եղել է ի սկզբանե, ինչպես այն պատկերացրել է մեծ արվեստագետը՝ անխառն, անմիջամտելի ու մաքուր։

Ցուցադրությանը ներկա էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը. նրա՝ «Նռան գույնի» համար գրված երաժշտությունն էլ հենց հնչում էր ցուցադրության ընթացքում։  Հրավիրվածների շարքում էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ Արա Խզմալյանն ու Նարինե Թուխիկյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը, մշակութային գործիչներ։

«Կինոյի տաճարը» նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95 ամյակին. ցուցադրությունն ինչ-որ տեղ նաև լակմուսի թղթի նշանակություն ունեցավ՝ ստուգելու հանրության արձագանքը, վերաբերմունքը փարաջանովյան արվեստի անսովոր մատուցմանը։ Ցուցադրությանը զուգահեռ՝ կինոդահլիճի էկրանին ներկայացվեց  Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» ֆիլմը, որը Փարաջանովի՝ բանտից դուրս գալու առաջին ժամերի վավերագրությունն է։ «Կինոյի տաճարին» Ռոտերդամի փառատոնի մասնակիցները ծանոթ են. ծրագիրը դեռ հունվարին է ներկայացվել Ռոտերդամի սբ․Արմենիուս եկեղեցում՝ նույն ձևաչափով։

Հայ արվեստասերը ցուցադրությունը դիտելու հնարավորություն ունի մինչև հուլիսի 12-ը։

Ն․Փայտյան