«Կինոյի տաճար»․Փարաջանով և ոչ միայն …
Հուլիսի 8-12-ը արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա հաղորդակցվել փարաջանովյան արվեստի հետ, բայց ոչ ավադական ձևաչափով։ «Կինոյի տաճար» նախագծի շրջանակում «Այրարատ» կինոթատրոնում(Ռոսիա) տեղի կունենա Սերգեյ Փարաջոնվի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերի ինստալյացիայի միջոցով ցուցադրությունը։ Այդ կադրերի նեգատիվ ժապավենները հատված առ հատված ամրացվել-միացվել են, ուղարկվել Լեհաստան՝ վերականգնման ու թվայնացման։ Հայաստանի ազգային կինոկենտրոնն անգլիացի պրոդյուսեր Դենիել Բըրդի հետ համագործակցելով՝ սկսել է հայկական կինոժառանգության վերականգնման ու հանրահռչակման նոր ծրագիր. առաջինը լեհական Fixafilm ընկերությունը վերականգնել է «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը (10 րոպե, 1967թ․) ։ Ընթացքի մեջ է «Նռան գույնից» դուրս մնացած կադրերի վերականգնումը։ 103 տուփ ժապավենից 67-ն արդեն պատրաստ է. հենց այդ կադրերն էլ հուլիսի 8-12-ը ցուցադրվելու են «Կինոյի տաճար» խորագրի ներքո։
Դեռ հունվարին այս նույն ծրագիրը ներկայացվել էՌոտերդամի 48-րդ փառատոնի շրջանակում։ «Նռան գույնից» դուրս մնացած կադրերի ինստալյացիոն ցուցադրությունից բացի, որն իրականացվել է Ռոտերդամի Սբ․Արմենիուս եկեղեցում, ներկայացվել են Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան», «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» և «Կիևյան որմնանկարներ» ֆիլմերը։ 3 ֆիլմերից կազմված «Եռանկարը» «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ՝ հուլիսի 9-ին, կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը պատմեց, որ «Կինոյի տաճար» ինստալյացիայի երևանյան ցուցադրության վայրն ընտրել են Դենիել Բերդի հետ. կանգ են առել «Այրարատ» կինոթատրոնի վրա՝ օգտագործելով նախասրահը։ Ռոտերդամի ցուցադրության նմանությամբ տեղադրվելու են ավելի քան 24 էկրաններ, որոնց վրա կադրերն անընդհատ փոփոխվելով՝ ցուցադրվելու են։ Նույն վայրում ցուցադրությանը զուգահեռ՝ կինոէկրանին ներկայացվելու է Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը։ Ի դեպ, այս ֆիլմն էլ հետաքրքիր պատմություն ունի. առաջին անգամ՝ 1979-ին գաղտնի է նկարահանվել, քանի որ, ինչպես հայտնի է, այդ տարիներին Փարաջանովն ու նրա հետ կապված յուրաքանչյուր երևույթ վերահսկվում էր. հետո ֆիլմի աշխատանքները շարունակվել են նաև 1989-ին։ Փարաջանովի՝ բանտից դուրս գալուց հետո միայն ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը ֆիլմն ի մի է բերել ու ամբողջացրել։
«Կինոյի տաճար» նախագծի շնորհանդեսի հատուկ հյուրն է լինելու լեհական Fixafilm ընկերության ղեկավար Լուկաշ Սերանկան. «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի անվճար վերականգնումն ու թվայնացումը նրա բարի ցանկությունն է եղել՝ հարգանքի տուրք Սերգեյ Փարաջանովի հիշատակին։ Նրանից բացի, ներկա կլինի նաև կինոկենտրոնի անգլիացի գործընկեր Դենիել Բըրդը։
Պարզ է, որ այս ամենն իր գինն ունի։ Պետական աջակցությունից բացի, որ տրամադրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, գումար է հատկացրել նաև «Իմ քայլը» հիմնադրամը։ «Կինոյի տաճար» նախագծի գործընկերներն են «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, «Սիլ Գրուպ», «Վեգա» ընկերությունները։
Փարաջանովյան թեմաներով նախագծերը շարունակական են լինելու։ Դեռ պետք է վավերագրական մի ֆիլմ պատրաստվի այն մասին, թե ինչպես է «Նռան գույնը» նկարահանվել, ովքեր են ընդգրկված եղել այդ աշխատանքներում։ Դենիել Բըրդը Տիգրան Մանսուրյանին առաջարկել է որպեսզի նա գրի «Անհայտ Փարաջանով» նոր ֆիլմի երաժշտությունը։ Ի դեպ, «Կինոյի տաճար» ինստալյացիոն ցուցադրության ընթացքում ևս հնչելու է Տիգրան Մանսուրյանի՝ «Նռան գույնի» համար գրված կինոերաժշտությունը։ Բացի այդ, լեհական Fixafilm ընկերությունն այս պահին էլ շարունակում է «Նռան գույնից» դուրս մնացած կադրերի վերականգնման ու թվայնացման աշխատանքը։ Իսկ նեգատիվի այն հատվածները, որոնք դեռ չեն ամրացվել միմյանց, դա էլ հընթացս պետք է արվի, որպեսզի պատրաստի ժապավեններն ուղարկվեն Լեհաստան՝ վերականգնման։
Զուգահեռաբար փարաջանովյան «Եռաֆիլմը» մասնակցում է օտարերկրյա փառատոների։ Դրանից բացի, ինչպես և նախապես տեղեկացրել է Ազգային կինոկենտրոնը, պետք է սկսվեն Համո Բեկնազարյանի կինոժառանգության թվայնացման ու վերականգնման աշխատանքները։ Այդ համատեքստում ուսումնասիրվում են «Պեպո» ֆիլմի ժապավենային կրկնօրինակները։ Կինոկենտրոնը ֆրանսիական տարբեր հիմնադրամների ու արխիվների հետ է բանակցում, որպեսզի հիմնավոր հետազոտվեն այնտեղ պահպանվող հայկական ֆիլմերի ժապավենները։ Թուլուզ քաղաքի ֆիլմ-արխիվի հետ, որի նախագահը Ռոբեր Գեդիկյանն է, համագործակցություն է սկսվել։ Շուշանիկ Միրզախանյանը Գեդիկյանին անձամբ է դիմել, որպեսզի հստակ տեղեկություններ հաղորդվեն՝ հայկական ֆիլմերի ինչ արխիվ կա Թուլուզում, որքանով այն կարող է օգտակար լինել հայկական կինոժառանգության թվայնացման աշխատանքներին։ Ֆրանսիայից անմիջապես արձագանքել են, որ «Պեպոյի» ժապավենային երկու օրինակ ունեն՝ 1935 և 1964 թվականների կրկնօրինակներ։ Թուլուզի արխիվն այդ ժապավանները գնել է Ռուսաստանի պետական ֆիլմադարանից։ Հայաստանի արխիվում ևս կա «Պեպոյի» ՝ 1935 թվականի ժապավենի պոզիտիվ կրկնօրինակը։ Ձեռքի տակ եղած օրինակներից ընտրվելու է լավագույնը, որպեսզի «Պեպոն» վերականգնվի և թվայնացվի։
«Կինոյի տաճարը» շարունակակական նախագիծ է։ Առիթը Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95- ամյակն է։ Քանի որ Փարաջանովը համաշխարհային հռչակ ունի, նախագծի մեկնարկը տրվեց նրա ստեղծագործությունը ներկայացնելով։ Ռոտերդամի միջազգային փառատոնին փարաջանովյան ժառանգության ցուցադրությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Չէ՞որ Փարաջանովն առաջին անգամ արտասահման է մեկնել՝ հենց Ռոտերդամի փառատոնին մասնակցելու, և 30 տարի անց դարձյալ նույն փառատոնին ներկայացվեց նրա արվեստը՝ բայց արդեն ի հիշատակ Մաեստրոյի։ Հոբելյանական տարեթվերը մեզ հուշեցին, որ պետք է սկիզբը Փարաջանովով դրվի»,- պատմեց կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։
Հայկական ֆիլմերի վերականգնման ծրագիրը վերջապես սկսվել է, ընթանում է ու շատ կարևոր է, որ այն շարունակվի՝ պետական հովանավորություն ունենալով։ Եթե գումար լինի, թվայնացումն ավելի արագ կարվի։ «Հիմա մենք ավելի շատ դրսի հիմնադրամների վրա ենք հենվում։ Եթե ֆինանսավորում ունենայինք, հենց հիմա էլ «Պեպոյի» վերականգնումն ու թվայնացումը կսկսեինք, հետո կանցնեինք մեկ ուրիշ ֆիլմի։ Հայկական կինոժառանգության վերականգնումը, պահպանումն ու տարածումը պետք է պետական քաղաքականություն դառնա։ Մեր կինոյի պատմությունը շատ հետաքրքիր է ու հարուստ։ Օտարներին այդ պատմությունը հետաքրքրում է, միայն պետք է այն ներկայացնելու, տարածելու հնարավորություններից օգտվենք։ «Պեպոն» Վաշինգտոնի ազգային պատկերասրահում ցուցադրելու հրավեր ենք ստացել։ Որտե՞ղից իմացան ամերիկացիները մեր ֆիլմի մասին. Ռոտերդամի փառատոնի մեր ցուցադրությունից։ Մի տեղ քո արժեքները ներկայացնում ես, ներկաները տեսնում են, հավանում ու հրավիրում իրենց երկիր։ Այսպես մեր երկիրը ճանաչում է ձեռք բերում, մեր կինոժառանգությունը, մեր հոգևոր արժեքները ճանաչելի են դառնում օտարներին ու պահանջարկ են վայելում»,-նկատեց Շուշանիկ Միրզախանյանը։
«Կինոյի տաճար» նախագծի ցուցադրությունը Երևանում առաջին փորձն է լինելու։ Ռոտերդամում այն ջերմ ընդունելության է արժանացել։ Մեր դասական կինոժառանգությունը մեծ հարստություն է, որ ոչ բոլոր ազգերին ու պետություններին է տրված։ Բեկնազարյանական, փարաջանովյան, փելեշյանական արվեստը կշարունակի հմայել ու հիացնել. միայն թե այդ արվեստը գնահատելը, արժևորելը պետք է պետական քաղաքականությամբ ամրագրվի։
Նաիրա Փայտյան