Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծները» (Հարավային Կորեա) ֆիլմով կմեկնարկի Երևանի 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս մասին փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին նշեց «Ոսկե ծիրան» իջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կինոփառատոնի մեկնարկին հուլիսի 7-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կկայանա հոբելյանական պատվո աստղերի տեղադրում Բագրատ Հովհաննիսյանի 90, Արման Մանարյանի 90 և Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյանների առիթով:

Դրան Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կհաջորդի կարմիր գորգի և բացման արարողությունը: «Այս տարի փառատոնի շրջանակում երեք վայրերում՝ Ազնավուրի հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում գործելու են ինֆո կետեր, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ փառատոնի ծրագրերին, ինչպես նաև ձեռք բերել փառատոնային աքսեսուարներ»,-նշեց Հասմիկ Հովհաննիսյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մամուլի ծառայության ղեկավար Ռոզա Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ փառատոնային ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու www.gaiff.am կայքի և նորաստեղծ GAIFF հավելվածի միջոցով, որը հասանելի է Android և IOS համակարգով աշխատող հեռախոսների համար:

Այս տարի «Ոսկե ծիրան»-ն ինքնատիպ համագործակցություն է ձեռնարկել Idram Payment System-ի հետ: Idram Payment System-ի մարքեթինգի տնօրեն Էդգար Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ փառատոնի ֆիլմերի տոմսերի համար վճարում կատարելով Idram-ի միջոցով կարելի է կուտակել 50% քեշբեք։ Այսինքն՝ տոմսի համար վճարված գումարի ճիշտ կեսը կվերադարձվի տոմս գնողին, և նա կարող է դիտել մյուս ֆիլմերը՝ օգտագործելով իր խնայողությունները։

Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Իրադարձությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարության աջակցությամբ: Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:


Հասմիկ Հովհաննիսյան․Մեծ ու փոքր արկածներով  եզրափակեցինք փառատոնը

Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում այս տարի կազմակերպվեցին բացօթյա ցուցադրություններ, իրականացվեց կրթական ծրագիր, ներկայացվեցին բազմաժանր ու բազմաբովանդակ կինոնկարներ...

|14 Հուլիս 2019,23:34