Երեք ժամանակ
«Նռան գույնը» կինոնկարում միավորված է «երեք ժամանակ». ֆիլմի հերոսի` միջնադարյան հայ պոետ Սայաթ-Նովայի ժամանակը, ֆիլմի ստեղծման` հեղինակի ապրած ժամանակը և հավերժական ժամանակը: Ֆիլմը հավասարապես բանաստեղծ-ռեժիսորի և բանաստեղծ-հերոսի ոգու կայացման շարժապատկերն է: Ռեժիսորն էկրանին է արտապատկերել պոետական հոգու «բնավորության» զարգացումը` հոգու «սյուժեն», նրա ներքին, զգայական կուտակումների հերթագայումն է մոնտաժել: Կարծես թե, բանաստեղծի հայացքն է ձևում, կազմավորում էկրանային ողջ տարածությունը:
Այս գլուխգործոցի բանաստեղծական պատկերային աշխարհում արտաքուստ ստատիկ կադրերի «ոչ տրամաբանական», երաժշտական հերթագայման ներսում ծածկագրված է մտքերի ու հույզերի ներքին, հանդիսատեսի համար գուցե ոչ միշտ ըմբռնելի շարժումը: Դա պատկերի ներքին երաժշտության ճեղքումն է: Այդ կապակցությամբ ինքը ռեժիսորն ասել է. «Դա հոգնածություն չէ, այլ` կիրք – ստատիկ կադրի ներսում ստանալ, սարքել դինամիկա»:
Կանգնեցնելով կադրը` Փարաջանովը բացահայտեց շարժման հակառակ երեսը:
Ինչպես պոեզիայում ամեն մի բառ, «Նռան գույնը» կինոնկարում յուրաքանչյուր կադր ունի իր «ինքնակեցությունը», գոյություն ունի ինքն իր մեջ և ինքնին, միևնույն ժամանակ, այդ «կադր-տողերից» ցանկացածը որոշակի շարքի միավոր է: Եվ ռեժիսորի ինքնատիպ մոնտաժն է ի հայտ բերում դրանց հուզական և դրամատուրգիական նշանակությունն ու կապվածությունը: Փարաջանովի կինոաշխարհի մեծագույն գյուտերից ու հրաշալիքներից մեկը անհամատեղելի, անհամադրելի առարկաները, իրերը միմյանց հետ հաշտեցնելն է` նրանց միջև հաղորդակցման տեսանելի լեզու ստեղծելը: Նրա կինոաշխարհում ի հայտ է գալիս իրերի սուբստանցիան, այլափոխվում է ֆիզիկական իրականությունը, ամեն ինչ դառնում է իր վերստեղծածը: Կադրում հայտնված ամեն մի առարկայի, նկարահանումներին մասնակից դերակատարների ամեն մի շարժման մեջ Փարաջանովի զարկերակն է տրոփում, նրա շնչառությունն է լսվում:
«Նռան գույնը» կինոերկը և՛ էկրան-մագաղաթ է, և՛ էկրան-գորգ, և՛ էկրան-մանրանկար ու որմնանկար, միաժամանակ: Ավելին, իր արխիտեկտոնիկայով` կառուցիկ կոմպոզիցիոն լուծումներով, կադրերի կազմվածքով ֆիլմը պատկերանում է իբրև հայկական եկեղեցի: Բանաստեղծի քնարն արարում է պոեզիա ասես «եռաչափ» աշխարհում, որի մի հարթությունը մագաղաթյա գրքերի իրականությունն է, մյուսը` գունավառ գորգերի, իսկ երրորդ, վերջինը` եկեղեցու տարածությունը, որտեղ էլ ֆիլմի հերոսը կնքում է իր մահկանացուն…
Փարաջանովի ողջ ստեղծածը` ֆիլմերը և կոլաժները վկայում են այն հայտնի դրույթը, որ իրերն ընդամենը մի մասն են այն ամենի, ինչ նշանակում են: Նրա համար չկար ավելի տաղտկալի բան, քան իրերի օգտագործումն ըստ իրենց նշանակության. «Զինվորական սաղավարտն իմաստ էր ձեռք բերում, երբ տեսնում էի` ինչպես են նրա մեջ ծաղիկներ աճեցնում…»,- ասել է ռեժիսորը:
Փարաջանովը կինեմատոգրաֆիկ հավաստիություն, իսկություն հաղորդեց ձեռակերտ իրականությանը, շարժման մեջ կանգնեցրեց կադրը, վիճահարույց հեղաշրջում արեց դերասանի օգտագործման հարցում, փոխեց կադրի կոմպոզիցիայի և մոնտաժի մասին պատկերացումները… Մի խոսքով, «մոռացավ» այն ամենը, ինչ գիտեր կինոյի մասին և նկարեց նախաստեղծ ներշնչանքի տեսիլքին հետևելով, «ինչպես առաջին անգամ»:
Սիրանույշ Գալստյան