Դանիել Քիզը փառքի հասավ  հասուն տարիքում: Նա հասցրել էր լինել բժիշկ, խմբագիր, կոմիքսների նկարիչ, ուսուցիչ ու տարիներ շարունակ  իր գրքի համար նյութեր էր հավաքում:   1968 թ այդ գիրքն  էկրանավորվում է «Չառլի անունով»: Ռալֆ Նելսոնի ֆիլմում գլխավոր դերը խաղում է Կլոֆ Ռոբերտսոնը՝   արժանանալով Օսկարի: Տարբեր տարիներին՝ 1969, 1978 և 1991 վեպը բեմադրվում է շշմելու հաջողությամբ:  Շատ հեռուստաշոուներում վեպի մոդելը դարձնում են առանցքային սցենար:

«Սիմփսոններ» հանրահայտ մուլտսերիալի հիմքում  նույնպես ի սկզբանե այս վեպի գաղափարն է եղել: Ամերիկյան ուսանողության մեջ տասնյակ տարիներ գիրքն առաջատար է համարվում: Սակայն միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է եղել գրքի ճակատագրում: Հետագայում, 1977թ․ Էմպորիում նահանգում արգելվում է գրքի հրատարակությունը։ Բոլոր դպրոցական գրադարաններից գիրքը դուրս է բերվում: Ծնողները, ուսուցիչները գտնում են, որ գիրքը կարող է ուսանողների համար վնասակար լինել: Գիրքն անգամ համեմատում են Playboy և Hustler ամսագրերի հետ: Ճիշտ է,  շուտով կրքերը հանդարտվում են, և սկսում են սթափ գնահատել գիրքը: 2006 թ․ Դևիդ Դելրիյեն գիրքը նորից է էկրան բարձրացնում:

300 ու մի փոքր ավելի թերթի մեջ մի մարդու ճակատագիր է: Խելահեղ երկու՝  20-րդ և 21-րդ դարաշրջանների հավաքական մարդը՝ Չառլին, նրա ողբերգությունը: Ո՞վ է պատասխան տալիս մեր փշրված երազների համար: Ո՞վ է Չառլին: Ո՞րն է կյանքում գտած նրա իմաստավորումը, որն է նրա պատմության գնահատականը…

32 տարեկան Չառլին է աշխատում է հացատանը, կատարում ամենապարզ հրահանգներ: Նրա IQ-ն  հավասար է 68 բալի, որի շնորհիվ  ապրում է ոչ թե հիվանդանոցում, այլ քաղաքում: Նա հաճախում է մտավոր հետամնացների դպրոց,  սովորում է գրել, կարդալ: Ուսուցչուհին, տեսնելով Չառլիի ջանքերը, խորհուրդ է տալիս Դոկտոր Նաումին և դոկտոր Շտրաուսին ինտելեկտը մեծացնելու իրենց հետազոտություններն անեն Չառլիի հետ:  Գիտնականներն արդեն փորձարկել էին Էլջերնոն  անունով մկնիկին:  «Փորձաճագար» Չառլիի վիրահատությունն անցնում է բարեհաջող: Մի քանի ամսից փորձառուի IQ-ուն հասնում է 185 բալի: Երիտասարդը նորովի բացահայտում աշխարհը: Նա սկսում է լավ սովորել, տպագրում է հոդվածներ: Որոշ ժամանակ անց Չառլիին  կասկակածի տակ է դնում բժիշկների փորձը: Նա գլխի է ընկնում, որ նրանք  փորձն անում էին  ոչ թե մարդկային ինտելեկտը մեծացնելու, այլև՝ սեփական կարիերայի համար: Չառլին տեսնում է, որ եթե Էլջերնոն մկնիկը լաբիրինթոսից առաջ հեշտությամբ էր ելքերը գտնում, ապա շուտով սկսում է դժվարանալ: Նա գիտակցում է, որ  իր մտավոր ունակությունները կընկնեն…

Դանիել Քիզը  ծնվել է 1927 թվականին: Նրա ծնողները՝ Ուիլյամ  և Բոտտի Քիզերը, հրեա էմիգրանտներ էին, որ Նյու Յորք էին եկել ռուսական կայսրությունից: Մեծ դեպրեսիայի տարիներին ավագ Քիզը մինչև լուսաբաց գնում էր աշխատանք փնտրելու: Նախընտրում էր ոտքով 30 կմ կտրել, որպեսզի խնայի յուրաքանչյուր ցենտը: Պատահում էր՝ մեկ բաժակ սուրճից բացի տանը ոչինչ չկար: Ցենտ առ ցենտ հավաքելով՝ հայրն ի վերջո փոքրիկ կրպակի տեր է դառնում, որը ընտանիքին բերում է որոշակի ֆինանասկան կայունություն: Ծողները որդուն ստիպում են գերուշադիր լինել ուսման նկարտմամբ: Հայրն անվերջ գրքեր է բերում։ Նա էլ ագահորեն կարդում է դրանք: Շուտով տղան կարճատեսություն է ձեռք բերում: Դանիելը վախենում է, որ կկուրանա, և սկսում է ավելի շատ  կարդալ : Փոքրիկ տղան անգամ կապում է աչքերն ու այդպես անում առօրյա գործերը՝ կարծելով, որ այպես ավելի հեշտ կկողմնորոշվի կույր ժամանակ: Աչքերը փակ Դանիելը հրաշալի  տեղաշարժվում է տան մեջ: Պատանին չի կուրանում, պարզապես սկսում է ակնոց կրել: Սակայն, այս պահը մեխվում է հիշողության մեջ: Դենիելի ծնողներն ուզում էին, որ   որդին բժիշկ դառնա: Երբ մի անգամ տղան հարցնում է՝ ինչու, հայրը պատասխանում է. «Որովհետև բժիշկը նման է Աստծուն: Նա բուժում ու փրկում է մարդկանց կյանքը»: Ծնողների պատասխանը համոզիչ էր: Սակայն  հոգու խորքում փայփայում էր մի  միտք, որ գուցե մի օր բժշկի ու գրողի մասնագիտությունները կհամատեղի. Սոմերսեթ Մոեմը, Կոնան Դոյլը, Անտոն Չեխովը լավ օրինակներ էին… Քիզն ընդունվում է  բժշկական համալսարան, սակայն ուսումը ոչ մի բավականություն չէր բերում: 1945թ․ ապրիլյան մի օր Քիզը մտածում է. «Իմ ուսումն ինձ ավելի է հեռացնում մարդկանցից, ում սիրում եմ… ի՞նչ կլիներ, եթե հնարավոր լիներ մարդու ինտելեկտն ուրիշ կերպ մեծացնել….»։

Մի անգամ համաալսարանի ուսանողները փորձ են անում սպիտակ մկան վրա: Վիրահատությունը ծանր է անդրադառնում Քիզին: Նույն օրը նա իմանում է, որ կամավոր զինվորներին ազատում են քննություններից:  Եվ  նախընտրում է ծովային ծառայությունը, որը դադարում է, երբ նավաստիներից մեկը թունավորվում է: Նավապետը Դանիելին հրամայում է փրկել նավաստու կյանքը: Փորձերն ապարդյուն էին, և նավաստին մահանում է:  Քիզը որոշում է շարունակել ուսումը, բայց ոչ թե բժշկի, այլ զինվորականի: Նավի վրա վաստակած գումարը նրան կբավականացներ ուսման ծախսը հոգալու համար: Շուտով, 1950թ․, ավարտական վկայականով վերադառնում է տուն: Այս ընթացքում նա  հրատարակվում էր տարբեր ամսագրերում:  Marvel Science Stories-ում առաջին պատմվածքից հետո նրան սկսում են ճանաչել:  1952 թ աշխատում է Atlas Comics-ում , ուր դառնում է սարսափ պատմությունների հեղինակ և գլխավոր խմբագիր: Նրա տնօրենը՝ Սթեն Լին, առաջարկում է ձայնագրել Քիզի  պատմվածքները, որոնց հնչունավորումն անում է հենց Լին:

Շուտով Քիզը սկսում է աշխատել ֆոտո-բիզնեսում, գրում տարբեր սյուժետներ EC Comics ամսագրի համար: Դանիել Քիզը հանրաճանաչ է: Ճիշտ է , ճանաչում են նրան կեղծ՝ Քրիս Դենիելս և Էլ Դի Լոկ անուններով:  1957թ-ից  նա դասավադում է անգլերեն Նյու Յորքի մտավոր խնդիրներ ունեցող երեխաների  դպրոցում: Մի անգամ Քիզի աշակերտներից մեկն ասում է. «Պարոն Քիզ, հետամնացների դասարան է: Եթե ավելի լավ սովորեմ, կտեղափոխե՞ք սովորական դպրոց: Ես ուզում եմ խելացի լինել»:  Քիզը ցնցվում է: Մեկ ուրիշ արդեն լավ սովորել սկսած աշակերտ երկար բացակայության պատճառով մոռանում է բացարձակապես ամեն ինչ: «Երբ վերադարձավ դպրոց, մենք նորից սկսեցինք սովորել տառերը: Դա այնքան տխուր էր…»՝ հիշում է գրողը: Այս երկու պատմությունները խթանում են, որ դասամիջոցներին վերջապես սկսի գրել իր վեպը՝ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»: Քիզը մկնիկի անունն Էլջերնոն է դնում՝ անգլիացի պոետ Էլջերնոնի Սուինբերնի անունով: Իսկ բժիշկների նախատիպ դարձնում է այն դասախոսներին, որոնց մոտ  ուսանել էր ծառայությունից հետո: Մեկ տարի անց գործն ավարտում է  ու 1958թ․  ուղարկում Galaxy Science Fiction ամսագրի խմբագրին: Գլխավոր հրատարակիչն անմիջապես համաձայնում է տպագրել,  բայց միայն ավարտը լավատեսական դարձնելու պայմանով: Քիզը հրաժարվում է, վաճառում է իր պատմությունը The Magazine of Fantasy and Science Fiction ամսագրին: 1959թ․ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիրքը լույս է տեսնում ու անմիջապես գրողին բերում  գրական աշխարհի մեծագույն մրցանակներից: Դանիել Քիզը դառնում է «Հյուգո» գրական մրցանակի դափնեկիր:  Մի  քանի տարի անընդմեջ վեպը տպագրվում է լավագույն ամսագրերում, գրական հանդեսներում: Իսկ ամերիկյան հեռուստաալիքներով՝ որպես հեռուստաներկայացում,  երկար ժամանակ շրջում է ՝ Կլիֆ  Ռոբերտսոնի գլխավոր դերակատարմամբ:

1962-1965թթ․ Քիզը համաձայնում է ընդարձակել պատմությունը: Սակայն հրատարակչությունները, որոնք ցանկանում էին նոր տարբերակով հրատարակել վեպը, հրաժարվում են։ Doubleday հրատարակչությունը խոստովանում է, որ նրանք ցանկանում էին գործը մեծացնել՝ հուսալով, որ հեղինակը կփոխի ծանր ավարտը: Քիզը կրկին հրաժարվում է  և գրքի տպագրությունն առաջարկում է Միացյալ Նահանգների հինգ խոշոր հրատարակչությունների: Հինգն էլ մերժում են:  Քիզը որոշում է հրատարակել Եվրոպայում: 1966թ «Ծաղիկներն Էլջերնոնի համար» գիրքը լույս է տեսնում բրիտնական  Harcourt  հեղինակավոր հրատարակչության կողմից: Նույն թվականից սկսած գիրքը սկսում է հայտնվել գրախանութներում և համարվում է տասնամյակի ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: 1967թ Դանիել Քիզն արժանանում է «Նեբյուլա» հեղինակավոր մրցանակի: «Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպը Քիզին անգլիական և ամերիկյան գրականության մագիստրոսի կոչում է բերում: Գիրքը հրատարակվում է 27 լեզուներով, լույս է տեսնում  ավելի քան 30 երկրում: Տարիներ անց իր կենսագրական գիրքը գրողը կանվանի «Էլջերնոնը ,Չառլին ու ես»:

Ո՞վ էր Չառլի Գորդոնը: Արդյո՞ք նա մեզանից մեկը չի… Այսպես , թե այնպես, այս հերոսն էր, որ իր հեղինակին դարձրեց 20-րդ դարի մեծագույն դասական:

Լիլիթ Հակոբյան

 

 


Հրանտ Վարդանյան․ Ինձ համար ամենակարևոր հանդիսատեսը հենց ինքը՝ Փելեշյանն է

Աստիճաններով 2-րդ հարկ՝ «Արև» ֆիլմ-ստուդիա. շագանակագույն կաշեպատ դուռը բացվում է, ներսում՝ մոնտաժի սեղանի առջև,  նստած է կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը։  Համակարգչի...