Արթուր Արիստակիսյան․«Կինոն նկարում են ոգիները…»
Ընդամենը 2 ֆիլմ նկարահանած և արդեն 18 տարի կինոյի ոլորտում իրեն պարապուրդի մատնած 58-ամյա ռեժիսորի՝ Արթուր Արիստակիսյանի մասին առաջին անգամ լսեցի¸ երբ նրանից հարցազրույց վերցնելու առաջարկ ստացա։ Այս փաստն իրեն ամենևին չզարմացրեց։
-Կինոն իր աշխարահագրությունն ունի, որում սահմաններ չկան։ Իսկ հեղինակային կինոյի աշխարահագրությունը հատուկ է։ Ամեն քաղաքում կան որոշակի քանակի մարդիկ, որոնք նայում են հեղինակային կինո։ Բրազիլիայում լինի, Թուրքիայում, թե անծայրածիր Ռուսաստանի մի խուլ մասում, միևնույն է, նրանք բոլորը նույն երկրի՝ հեղինակային կինոյի, բնակիչներն են։
Ինքը՝ Արթուր Արիստակիսյանը առնվազն 6 տարի ծախսել է իր յուրաքանչյուր ֆիլմի ստեղծման համար։ «Ձեռքի ափեր» (1993) և «Տեղ երկրի վրա» (2001) ֆիլմերով արժանացել է տասնյակից ավելի միջազգային կինոմրցանակների, հեղինակային կինոյում իր մշտական տեղն ապահովել և չի հետաքրքրվում երկրպագուների թիվն ավելացնելու հարցերով։
-Մեծ հաշվով ինձ ոչ ոք պետք չէ, բայց եթե խոսելու լինենք լսարանի մասին, ապա իմ դեռևս փոքր լսարանն այն մարդիկ են, ովքեր սիարահարված են ոչ ժամանցային արվեստին։ Սեուլ լինի, թե Չերնիգով,Մոսկվա, թե Յուկատան՝ դրանք նույն կինոակումբն են, ինչպես բնակարանաի երկու սենյակները։ Երկու ֆիլմերիս նկարահանման ընթացքն ինձ համար հիվանդագին էր, անտանելի տանջալից՝ նման տևական հիվանդության։ Առաջին ֆիլմը 6 տարի, երկրորդը նույնքան պահանջեց… Ինձ համար բարդ է ֆիլմերիս մասին խոսել։ Դա գիտակցության, բանականության հոսք էր, երբ նկարահանում էի, երբ խոսում ու ձայնագրում էի իմ իսկ ձայնը, չէի ռացիոնալիզացնում։ Շատ դժվար է դա անել։ Հոսքն այդ այնքան էլ կապակցված խոսք չէ … Փիլիսոփայի կամ նորմալ մարդու խոսք, որը վատ է զգում, որը խոսում է, որից պոկվում են այդ խոսքերը այն պահին, երբ նայում է տեսախցիկով։ Սեփական կինոյի մասին՝ դա այնքան էմոցիոնալ, զգայական է ու անձնական, որ ասես մարմնիդ մասերից հատվի։
Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի փաստագրական ֆիլմերի ֆակուլտետում սովորելու վերջին տարում՝ 1993-ին հայտնի դարձավ Քիշնևի անտունների մասին պատմող «Ձեռքի ափերը» ֆիլմով։ Այն արդյունք է անտունների կյանքը ավելի քան 5 տարի անընդմեջ անձամբ տեսագրելու և տպավորությունները միաժամանակյա խոսքաշարով ձայնագրելու։ 8 տարի անց՝ 2001-ին մերօրյա հիպիներին անդրադարձող «Տեղ երկրի վրա» նրա ֆիլմին հաջորդեցին կինոյում իր լռության 18 տարիները։
-Ֆիլմերի ստեղծման տանջալից, հոգեմաշ վիճակը բերեց որոշակի հանգիստի, որն հնարավոր էր միայն առանց կինոյի, բայց ոչ առանց հորինման,առանց ստեղծագործելու վիճակի։ Զբաղված էի գրականությամբ, զբաղված էի կինոն ուսումնասիրելով և կինո դասավանդելով։ Ինձ դասախոս չեմ համարում, դա աշխատանք է, որը կենցաղս հոգալու միջոց է տալիս։ Չէ, ես չեմ ուսուցանում, ես չեմ սովորեցնում, ես պատմում եմ… Այն ինչ ներկայացնում եմ դասախոսություն կոչելու իրավունք չունեմ՝ դասախոսությունը գիտականություն է ենթադրում։ Իմ ներկայացրածն ավելի շատ տեսլական է, աշխարհընկալում։ Պարզապես պատմում եմ, թե ինչի մասին եմ մտածում, այն, ինչ ինքս տեսնում ու զգում եմ, այն, ինչ ինքս ինձ համար բացահայտում եմ։ Լսում են նրանք, ում հետաքրքրում է։
Մինչդեռ Արթուր Արիստակիսյանի կինոյով հետաքրքրվածների շարքում են նույն ինքը՝ հզոր Ժան-Լյուկ Գոդարը¸ մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասը։ Ինչի մասին համացանցն է մատնում, իսկ Արիստիկիսյանը լրացնում է։
-Պատրաստվում եմ վերադառնալ կինո։ Ուզում եմ վերադառնալ ռեժիսորի գործին, միայն թե շատ ուզում եմ, որ նույնչափ տանջալից չլինեն ո՛չ նկարահանումը, ո՛չ էլ վերապրումը… Ռեժիսորի մասնագիտությունն ամենևին էլ չի կանխատեսում նման տանջալից մոտեցում։ Հիմա լիովին այլ զգացումներ են ու ապրումներ, նախկինում այնպես չեմ մտածել, ինչպես հիմա։ Մարդը մի կյանք չէ որ ապրում է, ու ես էլ մի կյանք չեմ ապրում։ Այն անհատականությունները կամ անձինք, որոնք նկարել են առաջին և երկրորդ ֆիլմերս՝ տարբեր են։ Այդ երկու անհատն էլ մահացել են։ Նրանք արդեն ես չեմ։ Հիմա այլ մարդ եմ։ Դա այն ժամանակ էր։ Հիմա չեմ կարող պատկերացնել, թե նույնը կանեմ, կասեմ կամ կնկարահանեմ։ Ամեն ռեժիսոր ինչ-որ չափով համարվում է իր ֆիլմի համահեղինակ։ Ոգիներն են կինոն նկարում։ Այն, ինչ անցել է իմ միջով՝ այն էլ նկարահանել է իմ կինոն։
Իր կինոն խնդիրների ու խնդրահարույց վիճակների արտացոլումն է, որը չնայած ստացած բազմաթիվ մրցանակներին,արևմուտքում գնահատված ռուսաստանաբնակ ռեժիսորների լավագույն տասնյակի առաջին հորիզոնականում լինելուն, շարունակաբար արժանանաում է հանդիսականի ու մասնագիտական շրջանակների ծայրահեղ հակասական գնահատականներին և ամենևին էլ լուծումներ ու պատասխաններ տալու նպատակ չունի։
-Ինձ, ինչպես յուրաքանչյուրի համար սոցիալական խնդիրները կարևոր են, բայց ես դրանով չեմ զբաղվում¸ ինձ համար դա միայն նյութ է, որով կարող եմ փոխանցել ներկայացնել որոշակի աշխարհընկալում, որը նույնիսկ չգիտեմ կապ ունի խնդրի լուծման հետ, թե՞ ոչ։ Սա արվեստ է¸ որը չի զբաղվում մարդկանց կյանքով… Մարդու ոգու կյանքը և մարդու կյանքը մի փոքր տարբեր են։
Այն, ինչ անտանելի է կյանքում ՝ լավ է արվեստում և արվեստի համար։ Արվեստի արքունիքը մարմնավաճառները, աղքատները, մուրացիկներն են, իսկ կյանքում ուզում ես այդ ամենից հեռու լինել։ Այնպես որ, սոցիալական խնդիրն ինձ համար նյութ է, որից փորձում եմ ստեղծել դրա լուծման հետ կապ չունեցող իմ տեսլականը։
Չեմ պատրաստվում ստեղծագործությամբ տալ կյանքի առաջդրած ինչ-որ հարցերի պատասխաններ։ Կյանքը լրիվ այլ բան է՝ արվեստի հետ կապ չունեցող։ Այլ հարց է, թե ինչի համար է պետք արվեստը։ Սա էլ այլ զրույց է։ Մարդն այնպես է կառուցված, որ նրան պե՛տք է արվեստը՝ բա՛րձր արվեստը։ Մարդու երևակայությանն է այն պետք։ Արվեստն էլ յուրովի կարիք ունի զգացումների և միաժամանակ անզգա է։ Արվեստը չի ձգտում հեշտացնել մարդու կյանքը։
Արիստակիսյանի կինո վերադարձի մտադրությունը նյութականացել է ավելի վաղ՝ նախ մեկ գլխի վրա երկու դեմք ունեցող հնդկաստանաբնակ աղջկա մասին փաստագրական ֆիլմի նախագծով, որը չիրականացվեց, ապա՝ Մեքսիկայում նկարահանվելիք ստրկավաճառւթյան մասին ֆիլմի նախագծով։ Այնուամենայնիվ վերջինն իրականություն դառնալու ճանապարհին է։
-Կինոն մտապատկեր է, կինոն սյուժե չէ։ Մտապատկերի մասին հեշտ է ասել խոսքերով, իսկ եթե խոսենք սյուժեից, բովանդակությունից, նյութից, ապա երրորդ ֆիլմումս դրանք ստրկավաճառության մասին են, իսկ գործողություններն ընթանալու են Մեքսիկայում, ավելի ճշգրիտ՝ Ակապուլկոյում։ Այս ֆիլմի պրոդյուսեր լինելու առաջարկ կա Կարլոս Ռեյգադասից։ Նրա հետ կհանդիպենք Երևանում «Ոսկե ծիրան փառատոնի» կազմակերպիչների հրավերով։ Պարզ չէ, թե երբ, ինչպես կսկսվեն ու կավարտվեն ֆիլմի աշխատանքները, բայց ՝ կոնկրետ է փառատոնին մասնակցելուս ժամկետը, հուլիսի 8-12-ը։ Կազմակերպիչները նախատեսել են մեկ-երկու հանդիպում-զրույց, թե ավելինի պահանջ լինի՝ ես պատրաստ եմ։
Այս այցն Հայաստան Արիստակիսյանի ըստ էության առաջինն է։ Նախկինում եղել է երեխա ժամանակ։ Աշխարհը, առավելևս մշակույթը հայրենիքով կամ ազգությամբ չափելու սկզբունքից շատ հեռու է։
-Նախնիներս Ռումինիայից էին։ Այնտեղի հայկական համայնքը շատ վաղուց է ձևավորվել։ Հորս ընտանիքն այնտեղ է հասել Ցեղասպանության հետևանքով։ Հետագայում հայրս հայտնվել է Քիշնևում՝ հայկական միջավայրից հեռու։ Ո՛չ նա, ո՛չ ես հայերեն չենք իմացել ու չգիտենք։ Չունեմ ազգային պատկանելության ու հայրենիքի զգացում։ Դրանք շատ պայմանական բաներ են։ Ի վերջո հայրենիքն ու ազգությունն էլ պարզապես երևույթներ են, որոնց պետք է մարդկությունն անուն տար։ Ի՞նչ կարող եմ անել։ Ինձ համար կարևորը հորինվածքն է, ստեղծագործելը անռանց որոնց ես՝ ես չեմ։
Իսկ Արթուր Արիստակիսյանի հեղինակած հորինվածքն ու ստեղծագործությունը՝ դեռևս ընդամենը 2 ֆիլմերը, շատերի կարծիքով համախմբել են աշխարհը։ Նույնն է ակնկալիքը նրա հաջորդ ֆիլմից, որի հանդեպ հետաքրքրությունը հայաստանյան կինոփառատոնում մեկտեղման կբերի մեքսիկաբնակ և ռուսաստանաբնակ երկու կինոգործիչներին՝ Կարլոս Ռեյգադասին և Արթուր Արիստակիսյանին։
Հ․Գ․2004 թվականին Արիստակիսյանի «Տեղ երկրի վրա» (2001) ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան»-ում և ստացել «Ժյուրիի հատուկ մրցանակ»։
Զրուցեց՝ Նանա Պետրոսյանը