Մերօրյա կինոյում իրենց տեղն հաստատուն կերպով ամրագրած երկու ռեժիսորների` Արթուր Արիստակիսյանի (Ռուսաստան) և Կառլոս Ռեյգադասի (Մեքսիկա) ֆիլմերը դժվար դիտվողներից են ու կարմիր գորգով անցնող կամ չանցնող մասնագետների հակասական գնահատաններին արժանացողներից։ Այնուամենայնիվ շարունակում են հավաքագրել հնարավոր ու անհնար կինոմրցանակները և ունեն իրենց հանդիսատեսն ու հետևորդները՝ աշխարհում և¸ իհարկե¸ Հայաստանում։ Օրեր առաջ երկուսն էլ առաջին ու հավանաբար ոչ վերջին անգամ Հայաստանում էին՝ ծանոթանալու և ծանոթացնելու։ Երկու ինքնատիպ ստեղծագործողների կարծիքով էլ կինոն պետք է լինի ուղղորդումից զուրկ կյանքի ու ճշմարտության անմասնակից դիտարկում, որը դետալները պահի կարևորության մեջ ցույց տալու զորություն ունենա։

Արթուր Արիստակիսյանին, իր խոսքերով,  կինո տարան ժապավենի հանդեպ սերը, նկարահանելու կախարդանքը, նույն օրը նկարածը դիտել ու չհավատալը, որ հենց ինքն է նկարահանել։

Դեպի կինո Արթուրի ճանապարհը

-Գլխավորը ժապավենն է, լավ՝ մեկ էլ գործող անձը։ Տպավորիչը սև ու սպիտակն է, որը շատ գույներ ունի, որոնք էկրանին տեսանելի չեն, բայց զգում ես դրանք բոլոր երանգներով։ Սև սպիտակը առավել տեսանելի է դարձնում նաև թերացումները։

Դերասանների ընտրությունը

-Դերասաններին էկրանին եմ սիրում։ Կյանքում դերասանը կիսամարդեղեն նյութ է, որի հետ պետք է աշխատես, որին պետք է փորձարկես։ Թեև կինոկրթություն ունեմ, բայց դերասանների հետ աշխատանքս տիպիկ չէ, և այդ հարցում գոծնական խորհուրդ չեմ կարող տալ։ Դերասանի հետ աշխատանքում և ընդհանրապես կինոստեղծման մեջ քիչ է բանականությունը, պլանավորումը։ Շատ հաճախ տեսախցիկն ուղղում ես դեպի նա ու գիտես, թե ինչ կանի այդ մարդը։

Արվեստի ասելիքը

-Ճշմարտությունը բառերով ասելը շատ դժվար է։ Այն ցույց ես տալիս, ու մարդն հասկանում է՝ ինչ հասկանում է։

Ոգեշնչման աղբյուրը

-Արվեստում բացահայտում անելու համար խոր ուժգին զգացումներ են պետք։ Իսկ փորձարկումները նորմալ մարդկանց վրա՝ արդյունք չեն տալիս, ոչինչ չի տա, նոր բան չես բացահայտի նորմալ մարդու հետ։

Ստեղծագործողի ու արվեստի փոխհարաբերությունը

-Արվեստը գիտությանը մոտ կախարդանք է։ Ինձ պարզապես հետաքրքիր էր, թե մարդկանց կյանքը նկարահանելն ի՞նչ ազդեցություն կունենար իմ իսկ կյանքի վրա։

Կառլոս Ռեյգադասը դիվանագետի իր կարիերան փոխարինեց կինոյով¸ հաջողեց ու կշարունակի հաջողել¸ բայց իրեն պրոֆեսիոնալ ռեժիսոր չի համարում և կինոյում կարևորում է ճշմարտության խորը դիտարկում։

Դեպի կինո Կառլոսի ճանապարհը

-Պրոֆեսիոնալ ռեժիսոր չեմ, որը նախագծեր ունի։ Գրում եմ, կարդում, ուսումնասիրում` հետո փոխում։ Շինարարություն եմ անում, գյուղատնտեսությամբ զբաղվում ու երբ պատրաստ եմ` ֆիլմ եմ նկարում։ Կա մի ստեղծագործական ուժ, ինչպես ասում էր Տարկովսկին՝ ներքին կարիք, որ մղում է առաջ։ Ակապուլկոյում ջուրն են թռնում երեսուն մետրից, իսկ ջուրը ծանծաղ է, պետք է սպասեն ալիքին, ու թե ալիքը գալիս է՝ բաց չես թողնի։ Հենց գա՝ կնկատես։ Այդպես էլ կինոյում՝ չլիներ ներքին կարիքը՝ չէի զբաղվի կինոյով։

Կյանքն ու արվեստը

-Ներկաjից ու ապագայից ուզածս՝ ընտանիքիս ու երախաներիս սիրո ու հաջողությունների ականատեսը լինելն է ու նրանց հետ կյանքը վայելելը։ Վախեր ունեմ կյանքի այլ ոլորտներում, բայց ոչ ստեղծագործական պրոցեսում։

Կինոյում իր կարևորածը

-Կինոյում իմ տեսածը դրաման է, հերոսների զարգացումը և դասը։ Կինոյի, արվեստի խնդիրը դրամայի վերարտադրությունը չէ, այլ գոյությունը ներկայացնելը։ Կինոն տեխնիկապես դերասաններին աստղացնելու համար չէ, այն ավելին կարող է անել՝ գոյության տարրերը, դետալներն արձանագրել։

Էկրանին հերոս ստեղծելուց խուսափում եմ։ Հերոս ստեղծելով նվազեցնում ենք մարդու կոմպլեքս բնույթը։ Անգամ հունական լեգենդները կինոյում տեղ չունեն։

Ստեղծագործողի ու արվեստի փոխհարաբերությունը

-Մարսել Պրուստն արվեստում իրարից առանձնացնում էր գործն ու այն արած մարդուն։ Ինքս էլ նույն մոտեցումն ունեմ։ Ես այն չեմ ապրում, ինչ նկարում եմ։  Արվեստը ստեղծողը չպետք է բացատրի։ Յուրաքանչյուր բացատրություն կոնստրուկցիա է և ոչ այն, ինչ կա։

Դերասանների ընտրությունը

-Մարդկանց հետ աշխատում եմ ֆիլմում այնպես, ինչպես ասենք շան կամ քարի հետ։ Փնտրում եմ մարդկանց, ովքեր ունեն համապատասխան զգացողություններ ու կարողություններ։ Եթե ընտրությունը ճիշտ է՝ հաջողությունը կլինի։

Պլանավորում, թե՞ կանխազգացում

-Կինոն տուն կառուցելու պես է՝ յուրաքանչյուր աղյուս դնելու տեղի ու ձևի մասին մտածում ես։ Չնայած դրան՝ կանխազգացումն է գերակա։

Արվեստի ասելիքը

-Փորձում եմ ֆիլմերը նմանեցնել կյանքին, իսկ կյանքում մոտիվները պարզ չեն։ Ինձ դուր է գալիս, որ ֆիլմն ամեն ինչ ցույց չտա։ Ստեղծում եմ ֆիլմեր, որոնք ձեզ հանգիստ թողնեն որևէ բացատրությունից։ Ես էլ չգիտեմ՝ ինչ են ասում այդ ֆիլմերը։

Կինոն պետք է ինչ-որ բան նկատի, ասի։ Չպետք է իմանանք ինչ ենք ուզում ասել,պետք է թույլ տանք տեղի ունենա Կուլիչովի էֆեկտը։ Ամեն ինչը էներգիա է՝ շարժիչ լինի, թե անհավատարիմ կին։ Պետք է ցույց տալ, ոչ թե ուղղորդել։

Պրոդյուսերի սպասելիքները

-Որպես պրոդյուսեր էլ այդպիսի՝ դիտարկող, չպարտադրող, չուղղորդող ֆիլմերն եմ նախընտրում։ Արթուրի (Արիստակիսյան) «Ձեռքի ափերն» այդպիսին են։ Նրա ֆիլմերն ինձ դուր են գալիս։ Նրան հատուկ է ճշմարտության խորը դիտարկումը։

Ուրախ կլինեմ, որ գա Մեքսիկա ու նկարի իր հաջորդ ֆիլմը։  Արթուրը շատ ուշադիր է դիտարկում աշխարհը։

Պատրաստեց  Նանա Պետրոսյանը