«Զրո բյուջե» ֆիլմարտադրության հարթակը «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տասնյոթամյա պատմության մեջ այս տարի անցկացվեց առաջին անգամ: Հարթակի նպատակը սկսնակ ռեժիսորներին ֆինանսական աջակցություն ցույց տալը (մեկնարկային մրցանակային ֆոնդը` մեկ միլիոն ՀՀ դրամ) և նոր ֆիլմերի արտադրությանը նպաստելն է: «Զրո բյուջեի» համար ընտրված ֆիլմերի նախագծերը վեցն էին, որոնց փիչինգն անցկացվեց փառատոնի օրերին:  Ֆիլմերի նախագծերի ներկայացումից անմիջապես հետո ժյուրիի անդամների հետ զրուցեցինք «Զրո բյուջեի», երիտասարդ ֆիլմարտադրողների և հայկական կինոյի հեռանկարների շուրջ:

Զավեն Բոյաջյան («Զրո բյուջե» հարթակի ժյուրիի նախագահ) – կինոգետ, թարգմանիչ, խմբագիր

-Ես չեմ կարող շատ անկախ կարծիք ունենալ, որովհետև «Մեկ կադր» փառատոնի կազմակերպիչներն ի սկզբանե իմ ընկերներն են եղել, և միշտ մասնակցել եմ այս փառատոնին թե´ որպես ժյուրիի նախագահ, թե´ ժյուրիի անդամ: Այս տարի, չնայած զբաղվածությանս, մեծ հետաքրքրությամբ նախագահում եմ «Զրո բյուջե» հարթակը: Միշտ համարել եմ, որ Հայաստանում փառատոներն ավելի շատ ընկալվում են որպես մրցանակաբաշխություններ, տոնակատարություններ, այն դեպքում, երբ մեր երկրում անցկացվող միջազգային փառատոներն անգամ պիտի ուժերի ներածին չափով նպաստեն առաջին հերթին հայկական կինոասպարեզի աշխուժացմանն ու զարգացմանը: «Զրո բյուջե» ֆիլմարտադրության հարթակն այդ ուղղությամբ շատ կարևոր քայլ է, որովհետև հնարավորություն է ընձեռում (ճիշտ է, սահմանափակ ֆինանսական միջոցներ տրամադրելով) սկսնակ կամ պարզապես երիտասարդ ռեժիսորներին իրականացնելու իրենց նախագծերը կամ դրանց համար օժանդակ գումար ստանալու՝ գոնե, ասենք, արտադրության ընթացքն ավարտին հասցնելու համար: Հայաստանի պայմաններում դա էլ է զգալի ձեռքբերում: Լավ կլինի՝ այս նախաձեռնությունն օրինակ ծառայի նաև այլ փառատոների, որ դրանք նույնպես կարողանան գործնական քայլեր ձեռնարկել երիտասարդների աշխատանքները խրախուսելու համար: Չէ՞ որ Հայաստանում մեծ քաջություն, եթե ոչ հերոսություն է պետք երիտասարդին՝ կինոասպարեզ մուտք գործելու, իր նախագծերը կյանքի կոչելու համար. բազմաթիվ խոչընդոտների կողքին օգնողներ ու ֆինանսներ որպես կանոն չկան: Հետևաբար ձեռք մեկնողների հայտնվելը միշտ խրախուսելի է:

Այսօր մենք չունենք զարգացած կինոարտարտադրություն, և խոսել հայկական կինոյի մասին որպես շարունակական արտադրության, չափազանցություն կլինի: Առայժմ ունենք անհատ ռեժիսորներ, որ փորձում են աշխատել իրենց մասնագիտական ասպարեզում: Կուզենայի հույս փայփայել, որ իրավիճակն ինչ-որ ժամանակ կարող է շտկվել, բայց վարդագույն հեռանկարներ առանձնապես չեմ տեսնում: Եթե ուզում ենք զարգացած կինոարտադրություն ունենալ, պետք է և´ պետական, և´ մասնավոր սեկտորի հոգածությունը: Առայժմ ավելի շատ խարխափումների մեջ ենք, քան կոորդինացված գործողությունների:

Նունե Սարգսյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

-«Մեկ կադրի» մասին վաղուց գիտեի, բայց անմիջական մասնակցություն ունենում եմ առաջին անգամ: Որպես «Զրո բյուջե» հարթակի ժյուրիի անդամ։ Ասեմ, որ Հայաստանում շատ քիչ են այսպիսի հնարավորությունները, երբ մասնակիցը կարող է և´ գումար ստանալ, և´ աջակցություն՝ իր ծրագրի իրագործման համար: Նաև շատ կարևորում եմ փիչինգները, որ դարձել են բավականին ընկալելի մասնագիտական շրջանակներում: Երիտասարդները փիչինգների ժամանակ կարողանում են ներկայացնել իրենց գաղափարները, խոսել դրանց մասին, փորձարկել դրանք, ինչպես նաև շփվել մարդկանց հետ, որոնք տարբեր կարծիքներ ունեն: «Զրո բյուջեն» կօգնի սկսնակներին ճիշտ և գրագետ քայլեր անել: Այս ամենի ֆոնին էլ հենց ուրախալի է հարթակի հայտնվելը:

Տարիների ընթացքում բազում նմանատիպ մրցույթների ժյուրի լինելու առիթներ եմ ունեցել: Հենց այդ փորձառությունից էլ ելնելով, համոզված կարող եմ ասել, որ այսօրվա փիչինգի մասնակիցները բավականին հաջող նախագծեր էին ներկայացրել, ինչը հասկացել էի դեռ հայտերը կարդալիս: Ինչքան էլ համարենք, որ սա էքսպերիմենտալ հարթակ է, ընդհանուր տպավորությունս  շատ դրական է: Ասելիք կար, գաղափարներ կային, որոշ դեպքերում կային  որակյալ մոտեցումներ: Կարծում եմ կկարողանանք ընտրություն անել: Լինում են դեպքեր, երբ ընդհանրապես ընտրելու ոչինչ չի լինում: Ի վերջո, այնքան էլ շատ չէ այն մարդկանց թիվը, որոնք կարողանում են իրենց իսկ գաղափարներին ինչ-որ ձևակերպում տալ, ներկայացնել ժյուրիին։

Հայկական կինոյի ներկայիս վիճակի մասին մի քիչ կվարանեմ խոսել: Բայց մի բանում համոզված եմ, ինչպես կինոն, այնպես էլ մեդիայի շատ ոլորտներ  գտնվում են ինչ-որ անցումային վիճակում: Միայն շատ լուրջ, օրենսդրական հիմքեր ունեցող փոփոխություններ անելուց հետո է հնարավոր, որ հայկական կինոն ծաղկում ապրի՝  դառնալով համաշխարհային կինոյի մի մասնիկը:  Շատ կարևորում եմ նաև կրթության բնագավառում լուրջ փոփոխություններ իրականացնելու որոշումն ու շփումը արտասահմանյան մասնագետների հետ,  ինչպես նաև կրթությունը երկրից դուրս, որի շնորհիվ կկարողանանք զարգացնել մի շարք ինստիտուտներ, որոնց պակասն այսօր տեսանելի էր նաև փիչինգի ընթացքում:

Արմեն Երիցյան- վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, կինոարտադրող

-Առհասարակ հայերն ամեն ինչի մեջ մաքսիմալիստ են: Կինոյում  նույնպես այդպես է, և այս մինիմալիստական «Մեկ կադրը» լուրջ բեկում է արտադրության մեջ՝ լակոնիկ մտածելու համար: Վստահ եմ, որ այս փառատոնը կկարողանա մեր մշակութային մտածողության մեջ փոփոխություններ մտցնել: «Մեկ կադրի» տրամաբանական շարունակությունը «Զրո բյուջեն» է: Սրանք մեր կինոյում այն առաջին դպրոցական քայլերն են, որ կարևոր ուղեցույցներ կարող են դառնալ: Միայն բոլոր ոլորտներում առողջ դպրոցների ստեղծման դեպքում կունենանք առողջ կենսակերպ, հուսալի ապագա: Այսօրվա ներկայացված նախագծերն իրենց թերություններով հանդերձ մեզ տալիս են ընտրելու հնարավորություն: Ոչ ոք միանգամից չի սովորել կինո նկարել: Եվ քանի որ ժյուրիի անդամները շատ լավ էին միմյանց զգում ու հասկանում, համոզված եմ՝ կկարողանանք ռացիոնալ որոշում կայացնել:

Մի քանի տարի առաջ անընդհատ ասում էի հայկական կինոյի ամենամեծ խնդիրն այն է, որ կինոմթնոլորտ չունենք, միջավայր չկա՝ անկախ փառատոների առկայությունից: Մթնոլորտը «կինոշնի» չէր, ինչպես շատերն են ասում՝ համեմատելով, օրինակ՝ Թիֆլիսի հետ: Բայց  հեղափոխությունից հետո, երբ որոշ ժանգոտ համակարգեր աստիճանաբար քանդվում են, դա հույս է ներշնչում, որ կինոյում էլ փոփոխություններ կլինեն:

Մինչև երկրում  մշակութային հեղափոխություն չլինի, ոչ մի իրավիճակ էլ չի փոխվի:

Պարզապես մարդիկ պիտի հասկանան, որ մշակութային հեղափոխությունը երեխա ունենալու պես մի բան է. նախ պետք է զույգ գտնես, սիրես, ամուսնանաս արվեստի հետ, հղիանաս, երեխա ունենաս ու դաստիարակես: Այդ երեխան է մշակութային արտադրանքն ու միակ ելքը: Մենք, այո´, հետ ենք ընկել համաշխարհային շատ կինոգործընթացներից, բայց չենք վերացել: Պետք է շարունակենք ապրել ու ստեղծագործել:

Վարդան Հակոբյան- ռեժիսոր, պրոդյուսեր

-Ցանկացած կինոփառատոն՝ անկախ իր ուղղվածությունից ու մասշտաբներից, շատ կարևոր դեր է խաղում կինոարտադրության, կինոմթնոլորտի համար, որովհետև այն անմիջապես առնչվում է հանդիսատեսի հետ: Եթե չլինի պրոֆեսիոնալ և գրագետ հանդիսատես, կինոյով զբաղվելու իմաստը կդրվի կասկածի տակ: Ցանկացած ստեղծագործություն պետք է ունենա իր դիտորդը, իր հասցեատերը: «Մեկ կադրը» այս առումով բավականին հետաքրքիր փառատոն է: Վերջինիս ժանրային ուղղվածությունը հիմնականում գրավում է երիտասարդներին, ուսանողներին, որոնք կամ նոր են ավարտել կամ իրենց առաջին գործն են ներկայացնում:  Քանի որ երիտասարդները մեր վաղվա կինոյի կրողներն են, դրանով այս փառատոնը շատ է կարևորվում: «Մեկ կադրում» ստեղծագործողն առավելագույն բաց է, անկեղծ ու համարձակ: Ցանկացած ռեժիսոր այսպես է անցնում իր ճանապարհը: Այդ հետագայում է, որ նա ֆիլմից ֆիլմ կարծրանում է, փակվում, դառնում զգուշավոր: Դրա համար էլ ուրախալի է, որ «Մեկ կադրն» արդեն տասնյոթ տարեկան է:

Այսօրվա փիչինգը մեր կինոյի հայելին է: Մենք դեռևս չունենք քննարկման մշակույթ, նաև մեր մասնակիցները չեն կարողանում ճիշտ, գրագետ և նպատակային ներկայացնել իրենց գաղափարները կամ սցենարները: Նրանք նաև չեն կարողանում իրենց իսկ ապագա ֆիլմի բյուջեի ճշգրիտ հաշվարկն անել կամ հաստատուն ասել՝ քանի օր է անհրաժեշտ նկարահանումների համար, այն դեպքում, երբ ցանկացած ներդնող, կլինի  դա պետական կառույց, թե մասնավոր ֆոնդ, հստակություն է ուզում: Այս ամենի արդյունքում փիչինգին մասնակից երիտասարդները պիտի սովորեն, դաս քաղեն, նաև տեսնեն, թե ինչպես են իրենց համար կատարյալ թվացող գաղափարները՝ ժյուրիին ներկայացնելու ընթացքում հայտնվում ճիշտ տեղում:

Ամեն դեպքում փիչինգին մասնակից վեց նախագիծն արդեն իսկ շահել են, շահել են նրանով, որ ընդգրկվել են այս հարթակում: Շահել են, որովհետև փորձ են արել, և հիմա պիտի սովորեն իրենց սխալների վրա, որ հետագայում լրիվ ուրիշ որակի ֆիլմեր պատրասատեն ու ներկայացնեն լրիվ ուրիշ տեղ: Ժյուրիի խնդիրն է ոչ միայն ընտրություն կատարել նախագծերի մեջ, այլ առաջին քայլն անող երիտասարդներին փոխանցել իրենց փորձառությունը: Մշակույթ ստեղծելու համար սա շատ կարևոր քայլ է: Բնականաբար, հարթակի տրամադրած գումարը ոչ մեկի համար լուրջ ներդրում չի կարող լինել, բայց դա քայլ է, որը արվում է: Ամենազարգացած երկրում էլ ամենատաղանդավոր ռեժիսորն այս ամենի միջով անցնում է:

Ինչ վերաբերում է հայկական կինոյին, եթե կա թեկուզ մեկ ռեժիսոր, կինո չի կարող չլինել: Բայց թե ինչպիսի՞ն է այդ կինոն, համապատասխանու՞մ է համաշխարհային կինոյի պահանջներին, այլ հարց է: Մենք կարող ենք ունենալ մեր կինոն, մեզ համար նկարենք, մենք նայենք, մենք գնահատենք, բայց եթե ուզում ենք դուրս գալ Հայաստանից, ուրեմն չպիտի լինեն ինքնանպատակ նկարահանվող ու ցուցադրվող ֆիլմեր, այլ դրանք պետք է ունենան համամարդկային ասելիք: Ի վերջո, այսօր կինոն ամենամատչելի ձևերից մեկն է աշխարհին ինչ-որ բան ասելու: Բնականաբար, կուզենայի  շատ ավելի առաջատար դիրքերում լինեինք, բայց դրա համար պիտի լուծվեն մի շարք խորքային խնդիրներ: Նույն այս փիչինգն էլ հաստատեց, որ շատ դպրոցների (սցենարական, պրոդյուսերական և այլն) բացակայություն ունենք, ինչն էլ մեզ խանգարում է հետաքրքիր լինել աշխարհի հանդիսատեսին: Բոլոր պակասություններով հանդերձ պիտի առաջ քայլենք:

Հ․Գ․Փիչինգի վերջում կարճ զրույց ունեցանք նաև մասնակից երիտասարդների հետ: Պարզվեց, որ նրանք ոգևորված են սկսնակների համար բավական անհրաժեշտ այս հարթակով և ուրախ, որ կարող են լսելի դարձնել իրենց ձայնն ու տեղ հասցնել ասելիքը: Երիտասարդների համար սա նաև առիթ էր ծանոթանալու իրենց գործընկերների աշխատանքներին ու գաղափարներին: Նախագծերի հեղինակներն ընդգծեցին, որ շատ արդյունավետ է փիչինգի մեխանիզմի ներմուծումը, որովհետև այն և´ հնարավորություն  է տալիս ճշտելու  սեփական կարողություններդ՝ ներկայացնել ինքդ քեզ ու քո ֆիլմը, և´ միաժամանակ առիթ է լսելու մասնագիտական ժյուրիի կարծիքները, որոնք իրենց խստության մեջ անգամ օգնում են բոլորովին այլ հայացքով նայել սեփական նախագծերին:

Արփի Խաչատրյան

 

 

 «Կինոյի տաճարը»՝ փարաջանովյան շնչով

«Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնը հուլիսի 8-ի երեկոյան աննախադեպ մարդաշատ էր։ Այստեղ էին կինոաշխարհի հետ առնչություն ունեցող գործիչներ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի...