«Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ փառատոնի մեկնարկին հաշված օրեր են մնացել: Այս տարի կազմակերպչական աշխատանքներին, նոր ծրագրերի իրագործմանը ծանրակշիռ մասնակցություն են ունեցել երիտասարդները: Ընդհանրապես, հարուստ կենսագրություն ունեցող հեղինակավոր կինոփառատոների կազմում միջին և ավագ սերունդն է գերակշռում. ի վերջո, հայտնի ճշմարտություն է, կինոն փորձառություն, տասնամյակների հմտություն ու մասնագիտական կոփվածություն  է պահանջում: Մեծ հաշվով համաշխարհային հանրությունն էկրաններին ու փառատոների կողքին ուզում է դասականների տեսնել, իսկ դասական 20-30 տարեկանում չեն դառնում:

«Ոսկե ծիրանի» ավանդական ծրագրերին փառատոնով հետաքրքրվողները քաջատեղյակ են: 15 տարի դրանք մեծ մասամբ ավանդույթները պահպանելով՝ անփոփոխ են եղել: Բայց «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն անցյալ տարեվերջին երիտասարդական նոր կազմ հավաքեցին՝ փառատոնի կազմակերպչական ու նորարարական մոտեցումները վստահելով նոր սերնդին: Բնականոն սերնդափոխությունը կատարված է: Կինոսերները 16-րդ «Ոսկե ծիրանից» թարմ շունչ, երիտասարադական նոր ոճ ու նոր ձեռագիր են ակնկալում:  kinoashkharh.am-ի հերթական զրույցը «Ոսկե ծիրանի» ծրագրերի երիտասարդ տնօրեն Կարեն Ավետիսյանի հետ է:

Անխուսափելի, բայց և բնական փոփոխություններ

Փառատոնով հետաքրքրվողները պետք է տեսնեն, որ «Ոսկե ծիրանի» սերնդափոխությունը ձևական չի. բովանդակային փոփոխություններ են եղել: Մարկետինգային, ռազմավարական քայլեր ենք արել՝ ուղղված այդ փոփոխություններին: Բայց սա չի նշանակում, որ մենք անտեսում ենք փառատոնի՝ անցյալ 15 տարիների ձեռք բերածը: Չէ՞որ փառատոնի հիմնադիրները մեր կողքին են: Բայց և անհերքելի է՝ այս տարիների ընթացքում  երիտասարդությունը բավարար չափով ներգրավված չէր փառատոնային կյանքում: Այնինչ յուրաքանչյուր մշակութային նախաձեռնության թիրախը հենց երիտասարդներն են, նրանց ներուժը վեր հանելու նպատակը։ Այդ բացը լրացնելու համար ժամանակ է պետք: Ընդհանրապես, իմ կարծիքով, կտրուկ փոփոխությունները ցանկալի արդյունք չեն կարող տալ. դրանք աստիճաանաբար պետք է լինեն: «Ոսկե ծիրանն» այսպես թե այնպես երիտասարադական ձևաչափ չի ունեցել: Ռեժիսոր լինելու համար հասունություն է պետք, լավ ֆիլմերը փորձառություն են պահանջում. այսինքն՝ մի կողմից նորմալ է, որ փառատոնում մեծ մասամբ երրիտասարդներ չէին ներգրավված, մյուս կողմից էլ նորմալ չէ, որ գոնե հնարավորության սահմաններում  երիտասարդական ներուժը չէր  օգտագործվում:

Որպեսզի վավերագրական կինոն լուսանցքում չմնա

Ինչ վերաբերում է ծրագրային փոփոխություններին, արդեն հայտնել ենք, որ վավերագրական և խաղարկային ֆիլմերը նույն անվանակարգում են մրցելու: Սա մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով է պայմանավորված. գաղտնիք չէ, որ մենք  կինոցուցադրումների սակավ հնարավորություն ունենք. կինոդահլիճները քիչ են,  բացի այդ, «Ոսկե ծիրանը» միշտ ընթացել է աշխատանքային շաբաթվա մեջ: Փառատոնային կյանքն սկսվում է երեկոյան ժամերին, ու  հաճախ հանդիսատեսը նախընտրում է դիտել խաղարկային, ոչ թե վավերագրական ֆիլմեր: Թեև վավերագրական կինոն  առանձին անվանակարգով է ներկայացված եղել, բայց միշտ լուսանցքում էր: Իսկ հիմա վավերագրականը խաղարկայինի հետ նույն հարթակի վրա է լինելու և նույն անվանակարգում էլ մրցելու է: Վավերագրականի ու խաղարկային ժանրային առանձնահատկությունները ժամանակակից կինոյում ջնջված են:  Նույնիսկ կան կարճամետրաժ ֆիլմեր,  որոնք մեծ մասամբ  անիմացիոն են: Թե՛ կարճամետրաժ, թե՛ միջազագային, թե՛ տարածաշրջանային ֆիլմերի ծրագրերում ունենք  կողք կողքի դրված խաղարկային ու վավերագրական ֆիլմեր. սա ևս նորություն է:

Այլ նորություններ՝ հաջորդիվ

Այս տարի նորություն է «Ծուռ ծիրան» ծրագիրը: Օրինաչափությունից դուրս, փորձարարական, ավանգարդ պոտեցումներով ֆիլմերն են ընդգրկված այստեղ. ծրագիրը  նախատեսված է երեկոյան դիտումների համար: Վիգեն Գալստյանն է  համադրողը: Ցուցադրումից հետո հանդիստասի հետ ֆիլմերի քննարկումներ են կազմկերպվելու: Ունենալու ենք կենսագրական, դիմանկարային ժանրի ֆիլմերի արտամրցութային ծրագիր՝ նվիրված անվանի արվեստագետներին, այդ թվում՝Ռոբեր Կետիկյանին, Ատոմ Էգոյանին, Արամ Խաչատրյանին: Վիմ Վենդերսի վավերագրական ֆիլմը՝ նվիրված Ֆրանցիսկոս Պապին, ևս ներառված է այս ծրագրում:

Նորություն է նաև «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագիրը, որտեղ հայկական ֆիլմերը մրցելու են մեր տարածաշրջանի երկրների կինոյի հետ: Իրանից, Թուրքիայից մեծ թվով ֆիլմեր ենք ստացել. ընտրությունը բարդ է լինելու: Այս առումով հայաստանյան ֆիլմերն իրենց թվով զիջում են. քանակական անհավասարություն կա: Բայց մեր խնդիրը հայկական ուժեղ ֆիլմեր ցույց տալը չէ, այլ տարածաշրջանային համայնապատկերը ներկայացնելը: Միգուցե կինեմատոգրաֆիական տեսակետից մեր ֆիլմերը զիջեն, բայց ժյուրիին հետաքրքրեն այն թեմաները, որոնք հայկական  ֆիլմի են վերածվել: Կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում հետաքրքիր գործեր կան, որ  կարող են մրցունակ լինել:  Մեր նպատակն է ցույց տալ հայկական կինոյի բովանդակությունը՝ «ինչ»-ը, ոչ թե ձևը՝ «ինչպիսի»-ն:

Համարձակության նշաններ՝ հայկական կինոյում

Մոտ ապագայում հայկական կինոյում անհատական հաջողված երևույթներ կլինեն, բայց որպես կինոալիք, քանակական ու որակական ընդհանուր վերելք, դժվար է սպասել: Դրա նախադրյալները դեռ չունենք: Նոր սերունդ է գալիս, որի ինչպիսին լինելը դեռ անհայտ է: Բայց որ այդ սերունդը եկել է, անհերքելի է: Երիտասարդ աղջիկները հիմա վերցնում են տեսախցիկը, շրջում տարբեր տեղերում ու նկարահանում: Այդ հեղինակներն իրենց ֆիլմերը նաև «Ոսկե ծիրանին» են ներկայացրել. իհարկե, մեծ մասը վերջնականան ցանկում ընդգրկված չէ, բայց այն, որ հիմա երեիտասարադ աղջիկները շատ ազատ, համարձակ մոտեցում ունեն կինոյի նկատմամբ, փաստ է: Հատկանշական է, որ նախկինի համեմատ՝ կին ռեժիսորները գերակշռում են: Սա ևս կարևոր փոփոխություն ու առաջընթաց է:  Որակական առումով փոփոխությունները դեռ ակնհայտ չեն, բայց որ շարժ կա, արդեն իսկ ուրախալի է: : Համարձակ քայլերից խուսափելով՝ մենք միշտ ավելի պահպանողական արվեստ ենք մատուցել:  Չգրված օրենք է՝ աշխարհում, նաև Հայաստանում կինոն արական մասնագիտություն է. սակայն  այդ կարծրատիպն աստիճանաբար  կոտրվում է: Քանի որ աղջիկներն ավելի համարձակ են, քան տղաները, հույս կա, որ ֆիլմ նկարահանող աղջիկների ստվար քանակն իր հետ նոր մտաածողություն ու որակ կբերի: Նախաձեռնողականություն, նոր փնտրտուք, համարձակություն. սրանք ակնհայտ իրողություններ են, որոնց սկիզբը դրված է:

Երիտասարդական միտքն ու ներուժը խթանող նախագծեր

Մեծ փառատոների հետ համեմատվել ընդհանուր առմամաբ մենք չենք կարող, հենց միայն այն պատճառով, որ մեր բյուջեն սուղ է: Բայց մյուս կողմից էլ այդ փառատոների առանձնահատկությունները մեր փառատոն բերելն էլ սխալ է: Հիմնականում փորձում ենք ծրագրային տարրեր ներմուծել: Օրինակ՝ Կաննի փառատոնի զուգահեռ ծրագրերից մեկը «Քննադատների շաբաթն» է. տարվա ընթացքում կինոքննադատները ֆիլմեր են հավաքում, հետո Կաննի փառատոնի մրցութային ծրագրերին զուգահեռ՝ դրանք ներկայացնում: Այս տարի այդ նախագծի ծրագրավորողներից մեկը ներկա է լինելու «Ոսկե ծիրանին»: Եվ առաջին անգամ մենք ունենալու ենք Կաննի կինփառատոնի կողմից հատուկ «Ոսկե ծիրանի» համար կազմված առանձին ծրագիր: Այստեղ կհամախմբվեն կինոքննադատությամբ ու կինոլրագրությամբ հետաքրքրված մարդիկ, կդիտեն Կաննից բերված 4 ֆիլմերը, կքննարկեն, մտքեր կփոխանակեն, կբանավիճեն: Իհարկե, այդ ֆիլմերը հասանելի կլինեն նաև հանրությանը: Եթե «Ոսկե ծիրանը»  նախկինում ավելի շատ կենտրոնացած էր  հանրահայտ աստղերին Հայաստան բերելու ուղղությամբ, ապա այսօր արդեն շոշափելի արդյունք ստանալու համար մենք ուզում ենք  Հայաստան հրավիրել կինոոլորտի հմուտ, հետաքրքիր մասնագետների: Միգուցե նրանք հանրությանը ոչ հայտնի անուններ լինեն, բայց մասնագիտական տեսակետից մեզ ավելի մեծ օգուտ կբերեն, քան մեծ էկրանի հայտնի դեմքերը: Շատ տխուր է, որ հանրության թիվ մեկ հարցը տարիներ շարունակ սա էր՝ ո՞վ է այս տարի «Ոսկե ծիրանին» Հայաստան գալու: «Ինչ ֆիլմեր են գալու» հարցը ստորադասվում էր դրան: Իրականում իդեալական կլիներ, եթե մեկը մյուսի հաշվին չլիներ,  այսինքն՝ Հայաստան բերեինք և՛ կինոսատղերի, և՛ կինոյի մասնագետներին: Իհարկե, կինոյի հայտնի դեմքերին  ևս  այստեղ սպասողներ կան. նրանք հմայք ու տեսք են տալիս փառատոնին, բայց ավելի կարևոր են կինոյի մասնագիտական ծրագրերը: Օրինակ՝ Gaiff Pro ինդուստրիալ հարթակը, հուսով ենք, կշարունակի գործել. Talent Campus ծրագրի հետ ևս հույսեր ենք կապում: Այս ծրագրում տարբեր աշխատարաններ են ներառված երիտասարդ նկարիչների, դերասանների, պրոդյուսերների համար: Թե՛ Gaiff Pro,  թե՛ Talent Campus  ծրագրերը երիտասարադական մասնագիտական ուղղություններով են գործելու, ինչին և մենք ձգտում էինք: Այս տարվա համար արդեն գրանցված կինոնախագծեր կան, որոնց մի մասը զարգանալու հեռանկարներ ունի: Իհարկե, այս ծրագրեի արդյունքը տեսնելու համար ժամանակ է պետք:

Ռեժիսորների ձեռքը երկրի զարկերակից հեռու

Այս տարի Կաննից՝ 6, Բեռլինից՝ 4 ֆիլմ ենք ունենալու: Նման ֆիլմերը ձեռք բերելն ու ցուցադրելը կինոաստղերին Հայաստան բերելու չափ  բարդ է: Բայց հանրությունը չի էլ պատկերացնում այդ դժվարությունը. կարծես հենց այդպես էլ պիտի լիներ, այո՛, այդ ֆիլմերն այսպես թե այնպես պիտի գային Հայաստան: Դրսում ինձ շատ են ասում. «Երանի՜ քեզ, ձեր հեղափոխության մասին ինչքա՜ն ֆիլմեր են հիմա ձեռքիդ տակով անցնելու: Մի ամբողջ քաղաք հիմա նկարահանման տաղավար է դարձել, դրամատիկ գործողություններ են նկարվում հիմա»: Նրանք պատկերացնում էին, թե Հայաստանում վավերագրողների մի ամբողջ բանակ հեղափոխության ընթացքը նկարահանել է, ու մեկը մյուսից տարբեր ֆիլմեր են ստեղծվել: Ճիշտն ասած՝ ես էլ էի միամտաբար կարծում, թե փաստավավերագրական ֆիլմեր եմ տեսնելու: Այս տարի «Ոսկե ծիրանին. հեղափոխության թեմայով ընդամենը մեկ կարճամետրաժ ֆիլմ ենք ունենալու: Ի հեճուկս այդ տխուր իրականության՝ ցուցադրելու ենք 1968 թվականի փարիզյան հեղափոխության մասին նոր նկարահանված օտարերկրյա ֆիլմ՝ ի հիշատակ Բերտոլուչիի: Ներկայացնելու ենք նաև Ժակ Քեպատյանի՝ նորից փարիզյան հեղափոխության մասին ֆիլմը: Միգուցե մեր հեղափոխության մասին  էլի ֆիլմեր կլինեն, որ դեռևս մոնտաժման փուլում են, բայց եթե անգամ դրանք էլ միավորենք, միևնույն է, քանակ, կշիռ չեն կազմելու: Ցավալ է,  անգամ հեղափոխությունը ֆլմի առիթ չդարձավ.  էլ ինչի՞ն սպասենք:

Կրթամշակութային բարձր նշաձողին ձգտելով

Ինչքան շատ հանդիսատես ներգրավենք, այնքան փառատոնը նաև կրթամշակութային հարցեր կլուծի: Երբ հանրությունը սովորում է դիտել ու հասկանալ մասսայական կինոյից շատ տարբեր, դժվարամարս, իր ասելիքով, մտածողությամբ բոլորովին այլ   կինո, ուրեմն որոշակի կարևոր քայլ կարելի է իրականացված համարել: Կուզեինք, որ փառատոնը ոչ թե միայն  7-8 օր, այլ ամբողջ տարի ինչ-որ գործառույթներ ունենար: Միգուցե այս տարվանից սկսած նման փորձ անենք, բայց ռեսուրսները դեռ չեն բավականացնում: Իսկ փառատոնային օրերը շատ խիտ գրաֆիկով ու ծրագրերով հագեցած են լինելու: Կուզեի, որ հանրությունը ոչնչացնող քննադատության չենթարկեր ոչ ավանդական թեմաներով նկարահանված ֆիլմերը՝ թյուրիմացաբար պնդելով, թե մենք ուզում ենք անբարոյականություն քարոզել ու տարածել: Մենք հաշվի չենք առնում, որ  այսօր համաշխարհային հանրությունը նման թեմաների ու նման իրողությունների վրա է  հենված, և շատ բնական է, որ դրանց մասին ֆիլմեր են նկարվում: Անհնար է ցույց տալ միայն լավը և մերժել, անտեսել վատը: Հենց որ մենք ստանձնեք միայն լավը ցույց տալու գործառույթը, հենց որ տաբուներ ու սահմաններ գծենք, ուրեմն ամեն ինչ անիմաստ է ու աննպատակ, ուրեմն մենք մեր առջև դրած խնդիրները լուծելու պատրաստ չենք:

Նաիրա Փայտյան