«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրներն անցյալ տարեվերջին հայտնեցին, որ կադրային բնականոն սերնդափոխություն է տեղի ունեցել. իրենց տեղը զիջում են երիտասարդներին։ Փառատոնի ղեկավար կազմը փոխվեց, և արդեն կես տարի «Ոսկե ծիրանի» գործադիր տնօրենը Հասմիկ Հովհաննսիյանն է։ Էստաֆետը հանձնելիս Հարություն Խաչատրյանը գովեստի խոսքեր չխնայեց Հասմիկի հասցեին։ «Դրսում սովորած, մասանգիտացած,  լայն  մտահորիզոն ունեցող, նպատակասլաց երիտասարդ աղջիկ, կաշխատի, կհամոզվեք, որ ես ճիշտ ընտրություն եմ արել»,-ասաց Հարություն Խաչատրյանը։

«Ոսկե ծիրան» փառատոնի գրասենյակում այս օրերին աշխույժ եռուզեռ է։ Համակարգիչների առջև բացառապես երիտասարդներ են նստած։ Իհարկե փառատոնի ակունքներում կանգնած ավագ սերնդի ներկայացուցիչներին էլ հաճախ կարելի է տեսնել երիտասարդների կողքին։ Փառատոնի օրերը մոտենում են, ծրագրերի իրականացման վերջնաժամկետները յոթ սարերի հետևում չեն։  Զրույցը  «Ոսկե ծիրանի» գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ է՝ պարզերու ինչ նոր ծրագրեր են նախատեսվում 16-րդ փառատոնին. երիտասարդական հայացք, մոտեցումներ սպասե՞նք։

Փորձնական նորարարություններ… համենայն դեպս, փորձել պետք է

Ես նախկինում «Ոսկե ծիրան» փառատոնի հետ համագործակցել եմ, բայց հիմա այլ պարտականություններ ունեմ, և միայն դրանք ստանձնելուց հետո պարզ դարձավ, թե աշխատանքի ինչ հսկայական ծավալի մասին է խոսքը։ Բացի ծավալից, նաև նոր փորձարկումների շրջան ենք անցնում. ժամանակը քիչ էր, իհարկե, մի քանի ամիս, բայց նոր ծրագրեր, կարծում եմ, կհասցնենք իրականացնել։  Հաջորդ տարի արդեն ավելի մեծ փորձ ձեռք բերած կլինենք։ Բացօթյա ցուցադրությունների ծրագիր ունենք։ Թվում է՝ շատ ոգևորիչ ու հետաքրքիր պետք է լինի, բայց մենք դեռ չգիտենք՝ արդյո՞ք այն կարդարացնի մեր սպասումները։ Մտածում ենք մարզահամերգային համալիրի հարակից տարածքում 600-700 հոգանոց բացօթյա դահլիճում փառատոնի կարևոր ֆիլերի ցուցադրություն կազմակերպել։ Իսկ եթե պարզվի, որ երևանյան հանդիսատեսն այնքան էլ չի ցանկանում երեկոյան  գնալ այդ մեկուսի վայրն ու ֆիլմեր նայել … Սա փորձնական ու նաև ռիսկային ծրագիր է։

Նույնպիսի ռիսկային փորձնական ծրագիր է վավերագրական և խաղարկային ֆիլմերը միջազգային նույն անվանակարգում մեկտեղելը։ Սա առաջին հայացքից հիմնավորված քայլ է, որովեհտև տեսնում ենք, որ ժամանակակից  ֆիլմերում  վավերագրականի և խաղարկայինի սահմանները ջնջվել են, բայց  միգուցե ժյուրիին դուր չգա, որ վավերագրական ու խաղարակային ֆիլմերը նույն անվանակարգում են մրցելու։ Մինչև այս գարաղափարները գործնականում չիրագործվեն,  դրանց ուժեղ և թույլ կողմերը չենք տեսնի, չենք իմանա՝ արդյուվե՞տ են, թե ոչ։ Բայց որոշել ենք այդպես անել, որովհետև այնուամենայնիվ թարմացումների, նորարարությունների, փոփոխությունների  կարիքն այսպես թե այնպես  կար։

Մեզ համար վաղուց պարզ էր, որ պիտի տարածաշրջանային կինոյին առանձնահատուկ նշանակություն տանք։ Բայց նաև պետք է դիտարկենք, թե մասնագետների ու մասնակիցների կողմից տարածաշրջանային կինոյի նկատմաբ հետաքրքրությունը որքան է լինելու։

Հայկականը՝ տարածաշրջանային ֆիլմերին հավասար

Այս տարի ունենալու ենք տարածաշրջանային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ,որին կմասնակցեն նաև հայկական ֆիլմերը։ Նախկինում ունեինք «Հայկական համայնապատկեր» ծրագիրը, որտեղ ներկայացվում էին հայկական ֆիլմերը, հիմա արդեն մեր ֆիլմերը կարող են մրցել տարածաշրջանի երկրների ներկայացրած աշխատանքների հետ։ Այսինքն՝ մրցույթն ավելի է դժվարանալու։ Բացի այդ, փառատոնը կտա մեր տարածաշրջանի կինոարտադրության ընդհանուր պատկերը։ Հիմնական պայքարը ՖԻՊՐԵՍԻ  մրցանակի համար է լինելու։ Այսինքն՝ մասնակից ֆիլմերի գլխավոր դատողն ու ընտրողը լինելու է միջազգային կինոգետների և կինոլրագրողների հանձնաժողովը։ Մրցակցությունը, կարծում եմ, բավականին հետաքրքիր կլինի։ Այս ծրագրի բացասական կողմն այն է, որ նախկինում  շատ ավելի մեծ թվով հայկական ֆիլմեր էինք կարողանում ընդգրկվել «Հայկական համայնապատկերում», որովհետև ֆիլմերի որոշակի թվաքանակ կար, որ պիտի ապահովվեր,իսկ հիմա այդ թվաքանակը տարածաշրջանի երկրներից են  ապահովելու և, հասկանալի է, որ հայկական ֆիլմերը միայն որոշակի մաս կարող են կազմել, բայց ոչ ամբողջը։ Ուրախությամբ նշեմ, որ այս պահին հայկական ֆիլմերը տարածաշրջանի մյուս երկրների ֆիլմերի հետ որակապես  հավասարազոր են։ Ծրագիրը դեռևս լիովին հաստատված չէ, բայց այս պահին երկու լիամետրաժ ֆիլմ ունենք, որոնք բավականին հաջողված և մրցունակ են։ Ընդհանուր առմամբ այս ծրագրում  հավանաբար կունենանք 12 ֆիլմ։

Թարմացված անվանակարգեր

Փառատոնի մրցութային անվանակարգերում ընդհանուր առմամաբ կունենանք 100-120 ֆիլմ, ինչպես նախորդ փառատոներին։ Գուցե կարճամետրաժ ֆիլմերի հաշվին քանակը մի քիչ ավելանա։ Թիվը կախված կլինի մեր կինոդահլիճներից, այսինքն՝ ցուցադրելու հնարավորություններից։

«Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնն ունենալու է մրցութային 3 անվանակարգ՝ միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթ, որում ներգրավված են և՛ վավերագրական, և՛խաղարկային ֆիլմեր, տարածաշրջանային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, որում ներգրավված են վավերագրական և խաղարկային ֆիլմեր և 3-րդը՝ «Տարածաշրջանային համայնապատկեր»,  որտեղ մրցելու են դարձյալ խաղարկային և վավերագրական, բայց արդեն լիամետրաժ ֆիլմերը։ Կունենանք երևանյան պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ, ԱՊՀ-երկրենի ֆիլմեր առանձին ծրագիր և արտամրցութային մի շարք այլ ծրագրեր։

Նոր տեխնոլոգիաներին ապավինելով

Ինչպես նշեցի, այս փոփոխություններն այսպես թե այնպես պետք է լինեին՝ անկախ այն բանից՝ երիտասարդներն են ղեկավարում  փառատոնը, թե հիմնադիրները ։ Բայց գաղտնիք չէ, որ այսօրվա երիտասարդությունը նախապատվությունն օն-լայն հարթակներին է տալիս։  Ու մենք մեծ կարևորություն ենք տալիս, որ սոցցանցերում մեծ ակտիվություն ցուցաբերվի, մարդիկ տեղեկությոններ ստանան հենց հեռախոսով։ Սոցիալական մեդիայով զբաղվող երիտասարական թիմ ունենք, որ նախկինում չկար։ Հիմա աշխատում ենք մինչև փառատոնի մեկնարկը հեռախոսային հավելված պատրաստել։ Դրա շնորհիվ փառատոնի ծրագրերի կատալոգի կարիքն էլ չի լինի. կարելի է հավելվածը ներբեռնել և ցանկացած ինֆորմացիայի ծանոթանալ ։ Սա ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոչ արտառոց, սովորական հնարավորություն է։ Կազմեկերպչական այսպիսի նորություններով 16-րդ փառատոնը նախորդ տարիներից կտարբերվի։ Իսկ ֆիլմերն ընտրողների մեծ մասը նույն կազմն է, ինչ նախորդ տարիներին, այսինքն՝ ֆիլմերի ճաշակը  չի փոխվելու։

Առանցքում  երիտասարդներն են

Այս տարի հունվարին որպես «Ոսկե ծրանի» տնօրեն՝ ներկա էի Ռոտերդամի և Բեռլինի փառատոներին։ Զգացի, որ այս անգամ ավելի շատ ուշադրություն եմ դարձնում՝ ինչպես են կազմակերպվել ծրագրերը։ Նախկինում ես ներկա եմ եղել  այդ փառատոների մասնագիտական պլատֆորմներին, իսկ այս անգամ ինձ հետաքրքրում էին գործնական ու կազմակերպչական նրբությունները։ Ես դիտարկում էի ՝ իմ տեսածից ինչը կարելի է կիրառել մեզ մոտ։

Այս տարի առավել մեծ ուշադրություն  է դարձվել կրթական ծրագրերին։ Ունենալու ենք դեբյուտային նախագծերի զարգացման ծրագիր իրենց առաջին ֆիլմի փորձն անող երիտասարդների համար։ Մի ծրագիր էլ նկարիչների համար է առանձնացվել։ Նրանք նկարելու են  «ֆենթըզի» ժանրում։ Նկարիչների 3 թիմեր միասին ստեղծելու են Արարատը՝ «ֆենթըզի» ժանրում։ Մասնակիցների հայտերն արդեն ընդունում ենք։ Կունենաք նաև դերասանների վարպետության դասեր. կդասավանդի ամերիկացի մասնագետ։ Փորձելու ենք ծրագրում ներգրավել տարածաշրջանի դերասաններին. նրանք  անցնելու են տեսախցիկի հետ աշխատելու դասընթացներ։

Քիչ մնաց

Քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն  ենք ձեռք բերել, որպեսզի Երևանի տարբեր հատվածներում փառատոնային ավաններ տեղակայվեն, որտեղ մեր քաղաքացիները կստանան տեղեկություններ փառատոնի մասին։ Ինֆորմացիոն վրաններում նաև հետաքրքիր ծրագրեր  կլինեն։ Սա ևս նորություն է։

Այս տարի «Ոսկե ծիրանի» բացման արարողությունը նախատեսել ենք անց կացնել  մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում։ Բացման ֆիլմը ևս այնտեղ կցուցադրվի։ Թե որ ֆիլմն է լինելու, դեռևս չեմ կարող ասել, բայց անկասկած արժեքավոր գործ կլինի։ Մեծ էկրան, որակյալ ցուցադրություն. կարծում եմ, հետաքրքիր է լինելու։

Փառատոնի բրենդը ևս փոխվեց։ Նոր տարբերանշան ունենք՝ մինիմալիստական մոտեցումներով, որին կարելի է գունային տարբեր լուծումներ տալ։ Հեղինակը Վիլյամ Կարապետյանն է։ Լոգոյի մասին տարբեր կարծիքներ ենք լսել՝ դրական ու բացասական, բայց , կարծում ենք, ժամանակի ընթացքում այն կսիրվի։ Իսկ փառատոնի պաստառը դեռ պատրաստվում է, շուտով քաղաքի տարբեր հատվածներում կտեսնեք. այն լոգոյից բավականին տարբեր է լինելու։ Այնպես որ, քիչ մնաց…

Նաիրա Փայտյան


Հասմիկ Հակոբյան․Ես կինոյի սիրահար չեմ ու ոչ էլ գիտակ

Ամռան առաջին օրերի տապին դիմադրելն ամենաբարդն է: Պայմանավորվում ենք առավոտյան հանդիպել` փախուստ արևից: Հանդիպման օրն անձրևոտ է, թեթև քամի կա:...

, |16 Հուլիս 2019,18:32