Տիգրան Խզմալյան․Ես միշտ եմ սպասում, թե երբ են մեզ զրկելու այդ ցնորքից
Երևանում՝ հունիսի 5-ին, 17-րդ անգամ ազդարարվեց «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Իրադարձություն, որն իր շուրջն էր համախմբել ամենատարբեր մարդկանց՝ կինոյից ներս ու դուրս: Կինոռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանը, որն այս տարի «Կարճ ֆիլմեր» անվանակարգի ժյուրիի նախագահն է, մեզ հետ զրույցում անդրադարձավ կինոփառատոնի առանձնահատկություններին, և նաև հայկական կինոյի ներկա վիճակին:
Նոր մարտահրավերներ՝ բջջային հեռախոսով նկարահանվող կինո
-Կինոն ողջ աշխարհում գտնվում է բազմաշերտ փոփոխության ընթացքում՝ սկսած տեխնիկական անհամեմատ մատչելի հնարավորություններից (կինոն այլևս թանկ հաճույք չէ) մինչև նոր գաղափարական մարտահրավերներ և նոր սպասելիքներ լսարանի մոտ: 30 տարի առաջ, երբ ես էի մտնում կինո, իմ առաջին երեք րոպե տևողությամբ ֆիլմի համար նկարահանման վայր էինք մեկնել երկու ավտոբուսով: Հիմա այդ նույն արդյունքը ես կարող եմ ստանալ բջջային հեռախոսով: Այսինքն՝ ամեն մի հեռախոս ունեցող սկզբունքորեն և տեխնիկապես կարող է ֆիլմ նկարել: Սա արդեն շատ բան է ասում ամեն ինչի մասին: Եվ մի՞թե խելագարություն չէ, որ այժմ մարդկությունն ամեն տարի երկու անգամ ավելի շատ տեսանյութեր է արտադրում, քան իր ողջ նախկին պատմության ընթացքում:
Հայաստանում մարտահրավերները ևս ավելանում են: Մի կողմից սարքավորումների համեմատաբար մատչելիությունը օգնում է կինո նկարելուն, մյուս կողմից, հենց այն հանգամանքը, որ բոլորը կարող են ինչ-որ բան նկարահանել, ստեղծում է նոր բարդություններ: Այս պարագայում ամենակարևորը մեր մասնագիտության հիմքն է՝ դրամատուրգիան, գաղափարը և կիրքը, որով ռեժիսորը, սցենարիստը կարողանում են վարակել լսարանին: Իսկ այդ ամենը կապ ունի ոչ թե սարքավորումների, ֆինանսական միջոցների հետ, այլ նախևառաջ կրթության, շնորհքի և ընդհանրապես մշակութային իրավիճակի:
«Մեկ կադր». ձևի և բովանդակության համաձուլում
«Մեկ կադրը» ևս մարտահրավեր է՝ բովանդակությունը կարճ արտահայտելու մարտահրավեր: Հստակ ընտրված ձևը թելադրում է որոշ պայմաններ և պայմանականություններ, որ օգնում են արագ և պարզ հասցնել բովանդակությունը, եթե այն կա: Այս ամենը պահանջում է նաև ներքին կարգապահություն, որոշակի կրթական մակարդակ, որոնք թույլ կտան հրաժարվել երկրորդականից և կենտրոնանալ միայն ամենակարևորի վրա: Սա շատ լավ դպրոց է, որով պետք է անցնի ցանկացած երիտասարդ ռեժիսոր: Ընդհանրապես փառատոներն անհրաժեշտ են գործող արվեստագետներին՝ համտեսելու, ճաշակելու և համեմատելու համար: Դա նման է ժամանակ առ ժամանակ կատարվող բժշկական զննումներին: Այս դեպքում մենք զննում ենք ոչ միայն մեզ, այլ նաև աշխարհը, այն, թե դու որքանով ես հետ մնացել համաշխարհային գործընթացներից:
Սպիտակ սավանի ձգող ուժը
-Կան արվեստի տեսակներ, որ որոշակի հասարակական և պետական հովանավորության կարիք ունեն: Հայաստանում մենք անգամ չունենք համապատասխան թվով կինոթատրոններ, այն դեպքում, երբ կինոն պահանջում է լսարան: Ինչպես ֆուտբոլի սիրահարներն են գերադասում խաղերը միասին դիտել, զգացմունքները միասին կիսել, այդպես էլ կինոյի դեպքում է: Ճիշտ է, հիմա շատերը անգամ հեռախոսով և միայնակ են դիտում ֆիլմեր, բայց կան կտավներ, որ երբեք չեք կարողանա ընկալել փոքր ծավալներով: Այդ ֆիլմերը պիտի դիտել մեծ էկրանին, օրինակ՝ Սերգեյ Էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը», Դեյվիդ Գրիֆիթի «Ազգի ծնունդը» կամ Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղությունը»: Այսպիսի մեծ էպիկական կտավները պահանջում են մեծ ծավալներ, ինչը համապատասխանում է կինոյի խորագույն բովանդակությանը. կինոն երազ է: Երբ մենք քնելիս ծածկվում ենք սպիտակ սավանով և փակում մեր աչքերը, երևակայության մեջ առաջանում են որևէ էկրանով չսահմանափակված պատկերներ, որոնց մեջ մենք մտնում ենք, ապրում, հուզվում, ինչը ևս կինո է: Մոտավորապես նույնը կատարվում է դահլիճում, երբ մթության մեջ սպիտակ սավանի վրա պատկերվում են կերպարներ, էմոցիաներ և այլն: Այնպես որ, հասկանալի է՝ կինոյով զբաղվող ցանկացած մարդ ձգտում է դահլիճ ունենալ, էկրան, հանդիսատես:
Իսկ ահա փառատոները, այդ թվում և «Մեկ կադրը» երիտասարդներին տալիս են այդ հնարավորությունը: Եվ եթե երիտասարդը բավականաչափ համառ է, խենթ, ունի ներքին բովանդակություն, նա ստիպում է հետաքրքրվել իրենով: Եվ ինձ համար թե´ որպես հանդիսատեսի, թե´ որպես ժյուրիի անդամի ուղղակի երջանկություն է ժամանակ առ ժամանակ կողքից տեսնել նոր մարդիկ, նոր թռիչքներ, որ անպայման հաղթահարել են ամենատարբեր դիմադրություններ և հիշեցնում են՝ ինչու ենք եկել աշխարհ:
Կարճ ֆորմաներ
-Ուսումնառության ընթացքում բավական հետաքրքիր տեղեկություններ էի իմացել Երկրորդ համաշխարհային պատերազմում օպերատորների աշխատանքի հմտությունների մասին, որոնք իմ կյանքում շոշափելի դարձան Արցախյան պատերազմի ընթացքում, որին մասնակցել եմ որպես օպերատոր և հաղորդավար: Պարզվում է՝ պատերազմն արագացնում է տեխնիկական, գիտական, բժշկական առաջընթացը, ինչու չէ, նաև՝ կինոյի: Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում օպերատորները իրենց հետ վերցնում էին մեխանիկական լարմամբ աշխատող կամերաներ, որ թույլ էին տալիս նկարահանել ընդամենը մեկուկես րոպե: Դա ստիպում էր չնկարել ոչ մի ավելորդ կադր, իսկ նկարածդ էլ պիտի շատ տպավորիչ լիներ, որ նյութդ արժեք ունենար: Դրա համար օպերատորները, հաճախ անտեսելով վտանգները, գնում էին զորքի առջևից: Ասածս այն է, որ այդ կարճ ֆորման երբեմն թելադրված է նաև բովանդակային անհրաժեշտությամբ, և փաստորեն Երկրորդ համաշխարհային պատերազմը կինոյում հեղափոխություն մտցրեց: Կարճամետրաժը պատերազմից հետո դարձավ գրեթե նոր ոճ: Այնպես որ, ինչպես կյանքում, այնպես էլ կինոյում նոր լեզու ձևավորվում է ծայրահեղ ծանր, էքստրեմալ պայմաններում: Կարճ ֆորման դժվար, բայց նաև լավ դպրոց է, որ շատ օգտակար ձև է կինոյի համար: Մեր զբաղվածությունը, ծուլությունն ինչ-որ տեղ, նաև ինֆորմացիայի բազմազանությունն ու հսկայական ծավալը պահանջում է այսօր շատ խտրական լինել: Նոր բան դիտելու համար անհրաժեշտ է լուրջ մոտիվացիա: Երիտասարդությունը գերադասում է դիտել փոքր ծավալներ:
Ինքս էլ հիմա նկարում եմ կարճ ֆիլմեր՝ վավերագրական, երբեմն պատմավավերագրական ուղղվածությամբ: Եվ իմ հինգ, տասը րոպեանոց փոքր ֆիլմերով շարունակում եմ մասնակցել մեր ընդհանուր կինոյի կյանքին, բայց ոչ փառատոնային: Այնպես որ, կարելի է և փոքր հասարակության մեջ փոքր ֆորմաներով ու փոքր բյուջեով հասնել բավական հետաքրքիր արդյունքի:
Անվերադարձ փշրված երազներ
-Կինոն ոչ թե արվեստի տեսակ է, այլ բազմերանգ հասկացություն, որի գոյության համար անհրաժեշտ է հատուկ մշակութային մթնոլորտ և պետական քաղաքականություն: Հայաստանը ստացել էր կինոն նվեր, ինչպես իր անկախությունը, այն դեպքում, երբ շատ հարուստ երկրներ կան՝ Շվեյցարիան, Ավստրիան, որ անգամ չունեն կինոստուդիաներ: Ես ութուկես տարի գլխավորել եմ «Երևան» հեռուստատեսային ֆիլմերի կինոստուդիան, և գիտեմ՝ ինչ արժեքավոր գանձ է դա: Երբ 2004-2005-ին փակվեցին, լուծարվեցին «Հայֆիլմն» ու «Երևան» կինոստուդիան, ես փորձում էի հասկացնել, որ դա պետական հանցագործություն է, և հիմա էլ եմ համոզված դրանում: Զրկել երկիրը կինոստուդիայից, նշանակում է զրկել ազգը կինոդպրոցից: Կինոստուդիան մի շատ բարդ բուրգ էր, որտեղ հավաքված էին յուրահատուկ խենթ մարդիկ՝ իրենց ամբիցիաներով, երազանքներով, պատկերացումներով: Ու չնայած իրենց համեստ աշխատավարձին՝ նրանք կային և փոխանցում էին իրենց փորձը, որովհետև չէին ցանկանում զրկվել կինոյում աշխատելու, ապրելու երազից: Եվ ուղղակի չէր կարելի նրանց սերը, ջերմությունը, էմոցիաները վերցնել ու նետել աղբարկղը: Իսկ այսօր արդեն երկրորդ սերունդն է գալիս՝ անտեղյակ և անհաղորդ այդ ամենին:
Կինոն՝ պետականության յուրահատուկ ձև
-Կինոյում բազմաթիվ մարդկային կապեր կան, արդյունաբերական-արտադրական կարիքներ, մշակութային շերտեր: Մի ամբողջ հասարակություն, մշակութային մի ամբողջ համակարգ է աշխատում՝ մեկ ֆիլմ ստեղծելու համար: Բայց կինո ունենալու համար պետություն պետք է ունենալ: Օրինակ՝ Վրաստանը, որն ունի և´ պետականություն, և´ պետականության զգացողություն՝ ի տարբերություն մեզ, պահպանեց կինոն, որովհետև չվարանեց միջոցներ ծախսել՝ պահպանելով իրեն ժառանգություն մնացածը: Հիմա չեմ ուզում քաղաքական քարոզ կարդալ, բայց դա այդպես է: Կինոն պետականության յուրահատուկ ձև է. կարող է լինել պետություն առանց կինոյի, բայց կինոն առանց պետության չի լինի: Այս դեպքում միայն Ամերիկան է բացառություն կազմում, որովհետև այնտեղ կինոն ի սկզբանե որպես բիզնես է ընկալվել: Հայերի համար կինոն հասարակությունը կազմակերպելու, կրթելու, մշակույթը զարգացնելու միջոց էր, և այդպիսին էլ պետք է մնա: Չգիտեմ՝ կգա այդ պահը, թե չէ, բայց մեր սերնդի կյանքի վրա այս ամենը շատ ծանր անդրադարձավ. մենք չնկարահանեցինք մեր ֆիլմերը… Եվ խնդիրն այն է, որ այսօր անգամ այն, ինչ ունենք, դա էլ չենք օգտագործում: Ե՞րբ եք տեսել վերջին անգամ Փելեշյանի կամ Փարաջանովի ֆիլմերը ցուցադրվեն հեռուստատեսությամբ կամ թեկուզ այն երիտասարդների գործերը, որոնք առաջիկա մեկ շաբաթում դիտելու եմ «Մեկ կադրի» շրջանակներում: Պատճառն այն է, որ այսօրվա հեռուստատեսությանը ոչ թե արվեստ է պետք , այլ ինչ-որ մի ուրիշ բան, ինչը բոլորովին այլ թեմա է:
Հեղափոխության սպասումով
-Երիտասարդները մարդկության ամենազգայուն մասն են: Անձամբ ես արվեստում ամեն մի նոր սերնդից միշտ հեղափոխություն եմ սպասում: Երիտասարդ սերունդը պետք է կանգնած լինի նախորդի ուսերին, բայց և պիտի իր ներկայությամբ, իր արվեստով ու հայտերով մերժի նախորդին: Անբնական է, երբ դա տեղի չի ունենում: Որպես «Կարճ ֆիլմեր» անվանակարգի ժյուրիի նախագահ՝ լիահույս եմ, որ կզարմանամ, կհիանամ և ինչ-որ նոր բան կտեսնեմ ինձ համար: Եվ «Մեկ կադր» փառատոնի մասնակիցներին հենց մաղթում եմ, որ նրանց հաջողվի գահից զրկել մեր ինքնասիրահարված սերնդին, որ կարծում է՝ վերջին կինոսերունդն է, որ իրենից հետո այլևս ոչինչ չկա: Ես միշտ եմ սպասում, թե երբ են մեզ զրկելու այդ ցնորքից: Գուցե այս անգամ ստացվի…
Արփի Խաչատրյան