Երիտասարդ կինոռեժիսոր Օրնելլա Մակիան «որտեղի՞ց ես» պարզ հարցին երբեմն դժվարանում է տալ հակիրճ պատասխան։ Օրնելլայի երակներում հոսում է ֆրանսիացու, իտալացու և իհարկե՝ հայի արյուն, իսկ բնակվում է նա Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Առաջին անգամ իր հայրենիքներից մեկում՝ Հայաստանում, նա հայտնվում է 2015 թվականին՝ մինչ օրս մնալով սիրահարված և հմայված։ Երևանյան իր  զբոսանքներից մեկն ավարտվում է Փակ շուկայում՝ ավելի ուշ դառնալով «Հայաստանի թերթերը» կարճամետրաժ ֆիլմի ներշնչման աղբյուրը։

Ընդամենը յոթ րոպե տևողությամբ այս ստեղծագործությունն անմիջապես իրեն սիրել է տալիս, հեղինակի նման պարզ է և հմայիչ։ Ֆիլմի ֆրանսերեն անվանումն է Papiers d’Arménie, և անմիջապես ականջներում հնչում է Գենսբուրի ձայնը՝ Laisser  brûler  les p’tits papiers, papier de riz ou d’Arménie, թողեք այրվեն փոքր թղթերը, բրինձի կամ Հայաստանի թղթերը։

Պարադոքսն այն է, որ Ֆրանսիայի գրեթե բոլոր դեղատներում վաճառվող այս անուշաբույր թղթերի մասին մեզ մոտ՝ Հայաստանում, քչերը գիտեն։ Սենյակային անուշահոտության և ախտահանիչ այս միջոցը ստեղծվել է 19-րդ դարում ֆրանսիացի Օգյուստ Պոնսոյի կողմից։ Վերջինս Հայաստան իր այցելության ժամանակ, նկատում է, որ հայերը տներում վառում են բենզոինի խեժ (կամ միգուցե խունկ), և վերադառնալով Ֆրանսիա ընկերո՝ջ Անրի Ղիվիեի հետ ստեղծում է Papier d’Arménie արտադրանքը։ Այդ օրվանից և մինչև օրս, Papier d’Arménie-ն արտադրվում է փարիզյան արվարձաններից մեկում՝ Մոնղուժում՝ դառնալով Ֆրանսիայի մշակույթի անբաժան մասը․ հարյուրավոր գրքերի, երգերի, ֆիլմերի հերոսներն այրում են Papier d’Arménie։ Վերջինս ունի հայերեն թարգմանության բազում տարբերակներ՝ Հայաստանի կամ հայկական թուղթ կամ թերթ,  բայց Օրնելլա Մակիան ընտրել է «Հայաստանի թերթեր» տարբերակը։

Իր հայաստանյան այցելության ժամանակ, Օրնելլան հմայվել է ամեն մանրուքով։ Բնակիչների ինքնատիպությունը, խոսքն ու հյուրընկալությունը, հայկական այբուբենը, համեմունքները, հյուսվածքները, սնունդը, հատկապես մրգերն ու ավելի քան վստահ եմ ծիրանը, թեպետ մեր զրույցի ժամանակ ծիրանից չխոսեցինք։ Երևանից հեռանալու նախօրեին, երիտասարդ ռեժիսորը հայտնվում է Փակ շուկայում։ Մինչ իր ֆրանսիացի ընկերը շախմատ է խաղում  հայ մրգավաճառների հետ և հաղթում, Օրնելլան նկարահանում է շուկան, ներկա մարդկանց դեմքերն, աչքերը, տիրող տրամադրությունը։ Եվ այստեղ՝ Փակ շուկայում, Օրնելլան զրույցի է մատնվում վաճառողներից մեկի հետ։ «Մեր զրույցն անքան մտերմիկ էր և անմիջական, որ ես որոշեցի վայելել պահն առանց տեսախցիկի, իմ աչքերով։ Տղամարդը հպարտությամբ էր խոսում իր պապերի երկրի, մշակույթի և լեզվի մասին, կար նաև անսահման վախ սահմանում տիրող իրականության համար, տեսախցիկը կարող էր փոխել տրամադրությունը»,- պատմում է Օրնելլան։

Հուզիչ զրույցը ճամպրուկում, Օրնելլան վերդառնում է Բրյուսել և նկարում «Հայաստանի թերթերը» կարճամետրաժ ֆիլմը։ Օրնելլայի անձնական պատմության թերթերը՝ հյուսվելով Հայաստանի թերթերին, խունկի բույրի նման տարածվում են օդում, ճանապարհորդում աշխարհով և արժանանում բազմաթիվ մրցանակների։

Ֆիլմի վերջում, ինչպես նաև իրական հանդիպման ավարտին, հայազգի վաճառողը, տեսնելով, որ իր ֆրանսիացի հյուրը համեղ մրգերից չի օգտվում, խնդրում է մեկ վայրկյան սպասել։ Կարճ ժամանակ անց տղամարդը վերադառնում է՝ սառը կոկա-կոլան ձեռքին՝ համոզված լինելով, որ արտերկրացին այդ մի բանը կգնահատի ։ «Եվ ամենազվարճալին այն է, որ ես Կոկա չեմ սիրում, բայց այնքան հուզված էի, որ իրոք չմերժեցի և ստիպված խմեցի», -ծիծաղում է Օրնելլան։

Պատկերացնում եմ, թե այն ժամանակ որքան օտարամոլ մարմին էր Կոկա-կոլան այդքան գեղեցիկ կանաչիների, գունավոր համեմունքների, երկնքից կախված արևափայլ սուջուխների և անսահման մրգերի կողքին, իսկ այսօ՞ր։ Օրնելլան ցանկանում է վերադառնալ Երևան և  շնորհակալություն հայտնել այն մրգավաճառին «զրույցի և ոգեշնչման համար»։

Օրնելլայի հարցին «Կարծու՞մ ես, կկարողանամ նրան գտնել շուկայում», այս անգամ ես եմ դժվարանում տալ միանշանակ պատասխան։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ-Բրյուսել-Երևան, 2019

Երկրպագում․Ֆաբրիս դու Վելզ

Լոկառնոյի փառատոնի հանդիսատեսը տեղավորվել էր հրապարակի սև ու դեղին աթոռների վրա, ու շունչը պահած սպասում էր փակման ֆիլմի սկսվելուն: Չորս...

, |18 Սեպտեմբեր 2019,18:09