2003-ին, երբ առաջին անգամ ՆՓԱԿ-ում ծնվեց  «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, այն ուներ մեկ հիմնադիր անվանակարգ՝ «Մեկ կադր մեկ րոպե»: Այսօր արդեն փառատոնը բավական փոփոխություններ է կրել, ավելացել են նոր անվանակարգեր, մեծացել է մասնակիցների թիվը, շատացել են փառատոնին դիմող երկրները, բայց «Մեկ կադր մեկ րոպեն» շարունակում է մնալ ամենասիրվածն ու սպասվածը: Այս տարի այդ անվանակարգի տակ ցուցադրվող հիսունից ավելի ֆիլմերը դրա լավագույն ապացույցն են:  ժյուրիի նախագահ բեմադրիչ ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի հետ զրուցել ենք հենց անվանակարգի և դրան  հարակից այլ թեմաների շուրջ:

Տասնյոթամյա հասուն պատանյակը

-Ես երկրորդ անգամ եմ ներկա գտնվում «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային կինոփառատոնին: Առաջին անգամ իմ մասնակցությունը եղել է տարիներ առաջ: Եվ ես զգում եմ, թե որքան են մեծացել ընտրության հնարավորությունները, որքան փորձ է կուտակվել, ինչի արդյունքում գործ ունենք արդեն տասնյոթամյա հասուն պատանու հետ, որն ուր որ է կդառնա երիտասարդ հասուն տղա:

Տարիներ անց «Մեկ կադր» կինոփառատոնի ժյուրիի անդամներն արդեն կարողանում են թվացյալ կարճ ֆորմատում ստուգարք անցկացնել և ծանոթանալ բոլոր այն աշխատանքներին, որոնք մեծ հաշվով ոչ թե պրոֆեսիոնալ կինոյի ֆորմատից են գալիս, այլ մարդկային սուբյեկտի հնարավորությունների սահմաններից: «Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգում ֆիլմերի մեծ քանակն իր հերթին է  հանգեցնում լուրջ պատասխանատվության: Ասեմ ձեզ, որ ներկայացված գործերը շատ անհավասար են: Կան անփորձ կամ փորձված կարծիքներ, ճկուն կամ ոչ ճկուն արված գործեր, պատահական կամ ոչ պատահական արված աշխատանքներ: Կան այնպիսի մեկրոպեանոց կադրեր, որոնց ֆիլմ լինելու մեջ միայն մասնակիցն է համոզված, որովհետև դրանք բացարձակ կինո չեն: Բայց և կան այնպիսի աշխատանքներ, որոնք մոտենում են կինոյի չափանիշներին և բավական լավ տեղավորվել են «Մեկ կադր մեր րոպե» ֆորմատում: Որպես ժյուրիի նախագահ՝ անուններ չեմ նշի, բայց հավատացնում եմ՝ կան աշխատանքներ, որ արժանի կլինեն մրցանակ ստանալու: Նաև ուզում եմ շեշտել, որ ես տարբերություն չեմ դնում՝ արդյոք հայաստանյան են ֆիլմերը, թե արտասահմանյան, որովհետև կինոն մնում է կինո՝ անկախ նրանից՝ որտեղ է նկարահանված: Ուստի մեկ կադրով նկարված այդ չափազանց պատասխանատու ֆորմատը պիտի գնահատել զուտ կինոյի չափորոշիչների օգնությամբ, որքան էլ թեմաները տարբեր լինեն:

«Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգի մեծ ընտրանին և մարդկանց ներգրավվածությունը խոսում է այն մասին, որ կինոն որպես ժանր, որպես արվեստի տեսակ դեռ պահպանում է հետաքրքվածությունն իր հանդեպ:

Բաց քննարկումներ

-Մասնակիցները, ինչպես և նրանց ներկայացրած գործերը, շատ տարբեր են: Հիմնականում պրոոֆեսիոնալ չլինելով՝ նրանք դեռ կայացած չեն իրենց մասնագիտության մեջ և չեն գտել իրենց տեղը որպես ստեղծագործող անհատ: Բայց քանի որ «Մեկ կադր» փառատոնի առաջնային նպատակն է հայտնաբերել նոր տեսակի մտածողություն, սա մասնակիցների համար ներկայանալու, ուժերը փորձելու հիանալի հնարավորություն է: Մասնակիցների հետ մենք ծանոթանում ենք ոչ միայն ֆիլմերի միջոցով, այլև կինոփառատոնի բաց քննարկումների ժամանակ: Ի դեպ, այդ քննարկումները  հնարավորություն են տալիս ծանոթանալու նաև դահլիճում ներկա հանդիսատեսին, քանի որ ըստ կազմակերպիչների ի սկզբանե որոշված կանոնների՝ ֆիլմերի ցուցադրությունից հետո որոշակի ժամանակ հատկացվում է նաև հարց ու պատասխանների, որոնց կարող են մասնակցել և´ ֆիլմ նկարահանողները, և´ դահլիճում ներկաները: Վերջիններս կարող են ոչ միայն արտահայտել իրենց կարծիքն այս կամ այն ֆիլմի շուրջ, այլև հարցեր ուղղել ֆիլմերի այն հեղինակներին, որոնք ներկա են դահլիճում: Այնպես որ, հանդիսատեսն ունի հնարավորություն արտահայտելու և´ իր դրական էմոցիաները, և´ դժգոհությունները: Այստեղ նաև տեսանելի է դառնում, թե ֆիլմը նկարողները որքանո՞վ են կարողանում արտահայտվել իրենց իսկ աշխատանքների շուրջ, ի վիճակի՞ են բացատրելու՝ ինչ գաղափարներ են ներդրել ֆիլմերում և ընդհանրապես կարողանու՞մ են պաշտպանվել, թե՞ ոչ:

Առավել հզոր խոսք վաթսուն վայրկյանում

-Երբ մարդիկ որևէ ֆիլմ են անում, նրանք բնավ մտադիր չեն դա դարակում պահելու, այլ ցանկանում են, որ այն անպայման տեսնեն, գնահատեն, ինչու չէ, արժևորեն: Եվ միայն այդ մղումը բավարար է, որ ստեղծագործողները ցանկություն ունենան ներկայանալու «Մեկ կադր» միջազգային կինոփառատոնին: Ու որքան էլ մասնակցությունը մրցույթին երբեմն լինում է պատահական, մեր նպատակն է պարզել՝ ու՞մ խոսքն է առավել հզոր, ու՞մ միտքն է ավելի ճկուն, ու՞մ պատկերն է առավել հասուն: Եվ այս ամենը վաթսուն վայրկյանում: Դա գուցե ոմանց ամենապարզունակ բանը թվա, բայց կինոարվեստում ծանրագույն ֆորմատ է մեկ րոպեի մեջ տեղավորել և´ դրամատուրգիա, և´ ասելիք: Եվ անել դա այնպես, որ հասնի հանդիսատեսին, ում համար արվել է աշխատանքը: Փառատոնը գրավիչ է նաև նրանով, որ այս ամենը մասնակիցը կարող է իրագործել ժամանակակից տեխնիկայի բոլոր հնարավոր միջոցներով՝ առանց սահմանափակումների, միայն թե լինի այդ ձևաչափով ներկայանալու ձգտում և զգացողություն։

 Ֆիլմի կարճությունը դեռևս հաջողության գրավական չէ

-Ֆիլմի երկար կամ կարճ լինելը ոչ մի կապ չունի նրա հաջողության հետ: Հաջողված կինոն կարող է լինել թեկուզ 15 վայրկյան: Ամեն ինչ կախված է ֆիլմի վրա աշխատող մարդկանց շնորհքից և հանդիսատեսի հետ զրուցելու կարողությունից: Հանդիպում են այնպիսի լիամետրաժ ֆիլմեր, որոնց դիտումն ակնթարթի պես է անցնում: Սրան հակառակ կան կարճամետրաժներ, որոնք դիտելու ընթացքում հասցնում ես անգամ ձանձրանալ:

 Խարխլված կինոյի իրականությանը դեմ հանդիման

Ինչպես մեր պետության բոլոր համակարգերը, այնպես էլ կինոն, ուժգին հարված է ստացել, և այժմ գտնվում է բավականին խարխլված վիճակում: Այն մյուս բնագավառների պես շեղվել է իր արժեքային համակարգերից, կողմնորոշվել դեպի ոչ խորը մտքի տարածք: Դրա համար մենք ստանում ենք այն, ինչ ստանում ենք: Երբեք ոչ մի գործի չի կարելի նայել մատների արանքով, անգամ կոշկակարի աշխատանքին: Վատ կինեմատոգրաֆիստը չի կարող լավ գործ ստեղծել, չի կարող ձեզ տանել արվեստի յուրահատուկ աշխարհը, չի կարող ձեզ դնել այնպիսի պայմանների մեջ, որ դուք արժեքավորի զգացողություն ունենաք և ցանկանաք դա փոխանցել ձեր երեխաներին: Այսինքն՝ խեղված, հիվանդ գործիքը չի կարող օգտակար լինել:

Այս թեմայի մասին բավականին երկար կարելի է խոսել, բայց ես միայն կասեմ, որ լուրջ փոփոխությունների, նոր ու հզոր մտածողության կարիք , անգամ  պահանջ ունենք, որ  կարողանանք կինոարտադրության համար ստեղծել նպաստավոր պայմաններ:

 Փառատոները՝ կրթելու հրաշալի միջոց

– Պիտի հասկանանք, որ կինոյի բնագավառում լուրջ հաջողությունների հասնելու համար մեզ համակարգային փոփոխություններ են պետք՝ կինոարտադրության հիմունքներ, աշխատանքային օրենքներ և այլն: Իսկ փառատոների առաջնային նպատակը, այդ թվում նաև «Մեկ կադրինը», ոչ թե կինոյի զարգացմանը նպաստելն է, այլ անձին կրթելը: Կրթական իմաստով ցանկացած փառատոն սեփական ունակություններդ ստուգելու և ինքդ քեզ ու աշխարհի ամենատարբեր ծայրերից եկած քեզ նման ու քեզնից տարբեր մտածողների հետ ծանոթանալու նպաստավոր առիթ է: Այսինքն՝ փառատոնը փորձառության և փորձի փոխանակման հնարավորություն է:

«Մեկ կադր»՝ լրացուցիչ ազդակներ

-Ուզում եմ, որ «Մեկ կադր» փառատոնի մասնակիցներն ավելի խորացնեն իրենց գիտելիքները կինոյի բնագավառում, ավելի լրջացնեն իրենց վերաբերմունքը դեպի կինոարվեստը, կարողանան փառատոնի օգնությամբ ստանալ լրացուցիչ ազդակներ, որ հետագայում կինոլորտում ձեռնարկած ցանկացած գործի մոտենան առավել խորությամբ և պատասխանատվությամբ:

Արփի Խաչատրյան