1961թ. խորհրդային էկրան է բարձրանում «Հայֆիլմի» արտադրության` Լաերտ Վաղարշյանի «Կոչված են ապրելու» (սցենարի հեղինակներ` Առնոլդ Աղաբաբով, Լաերտ Վաղարշյան, Սաբիր Ռիզաև) ֆիլմը, որն արժանանում է թե՛ հանդիսատեսի, թե՛ մամուլի ներկայացուցիչների առանձնահատուկ ուշադրությանը, սակայն կարճ ժամանակ հետո այն դադարում են ցույց տալ: Կինոիշխանություններին չէր գոհացրել այն, որ ֆիլմը «ձևով և բովանդակությամբ հավատարիմ չէր խորհրդային գաղափարախոսությանը»: Զարմանալի կերպով այն չի ցուցադրվում մինչ օրս, թեև դերերում հանդես են եկել համամիութենական ճանաչում և սեր վայելող ոչ միայն հայ, այլև մի շարք անվանի ռուս դերասաններ: Սույն հոդվածի սահմաններում պիտի հետամուտ լինենք պարզելու, թե ինչով է դա պայմանավորված:

Սև-սպիտակ այս ժապավենի առաջացրած մեծ հետաքրքրությունը, բացի ժամանակներին համաքայլ կինեմատոգրաֆիկ լուծումներից, պայմանավորված էր հատկապես սյուժեով, որ բավական հետաքրքիր է կառուցված և ընդգրկում է անդրադարձ հայ մարդու ճակատագրին` 1915թ. հիշատակումից մինչև նրա մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին` միաժամանակ լայնորեն պատկերելով սովորական մարդկանց ծանր կյանքը պատերազմի սկզբում գերմանական նացիստների կողմից բռնազավթված խորհրդային տարածքներում: Բեմադրական և նկարահանման առումով ռեալիստական հավաստիությամբ աչքի են ընկնում մի շարք զանգվածային տեսարաններ, որոնցից հարկ է առանձնացնել հացի հերթի, կայարանի, մեծահասակներին ու երեխաներին Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ բռնի տեղափոխելու դրվագները (ռազմական խորհրդատու` գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օսլիկովսկի): Ֆիլմի առանցքը սակայն հայ երկու եղբայրների պատմությունն է. Միացյալ նահանգներից Հայաստանի Խորհրդային Հանրապետություն ժամանած բժիշկ Գուրգեն Արամյանը (Գուրգեն Թոնունց) փնտրում է պատերազմի ժամանակ զոհված եղբոր երեխաներին, որ իր միակ հարազատներն են, եթե գտնվեն:

Սառը պատերազմի լարված մթնոլորտում նրան հիմնավոր կերպով տիրել է հոռետեսությունը: «Շուտով ամբողջ աշխարհը կդառնա մռայլ անապատ: Պատերազմն անխուսափելի է: Դուք էլ չեք ուզում պատերազմ, ես էլ չեմ ուզում, բայց այն մոտենում է»,- ասում է նա Հայաստանի ներկայացուցիչ Պետրոսյանին (Դավիթ Մալյան), որն օգնում է իրեն երեխաների որոնման հարցում: Նկատենք, որ թեպետ այդ ժամանակներից ի վեր շատ բան է փոխվել` փլուզվել են Խորհրդային Միությունն ու Բեռլինի պատը, սակայն պատերազմները տակավին շարունակվում են: Այդ իմաստով, ավաղ, մոտ վեց տասնամյակ առաջ ֆիլմում հնչած ահազանգը չի կորցրել արդիականությունը: Արամյանն ասում է. «Իմ հորն ու պապին սպանեցին 1915-ին, իսկ ինձ ու եղբորս տարան ամերիկյան որբանոց, հետո մեզ բաժանեցին` մի մասին և իմ եղբորը թողեցին այստեղ, իսկ ինձ մի այլ խմբի հետ տարան Ամերիկա: Առո՞ղջ միտք է: Հետո նորից պատերազմ, և եղբայրս զոհվեց… Այդպես եղել է, այդպես կլինի միշտ»: Պետրոսյան-Մալյանը, լինելով սովետական մարդ, որ հավատում է «պայծառ գալիքին», հակադարձում է. «Ես վստահ եմ, որ աշխարհում կան ուժեր, որոնք կկանխեն պատերազմը»: Ցավոք, այդ հույսերը սին դուրս եկան, և այն «ուժերը» ոչ միայն չկանխեցին պատերազմը, այլև շարունակում են պատերազմական գործողություններ սանձազերծել մինչ օրս: Հիրավի, անցյալում ստեղծված որոշ գործեր մարգարեական երանգներ են ունենում և ժամանակի ընթացքում այլ կերպ են սկսում ընկալվել, ձեռք են բերում այլ հնչողություն:

Այս կինոնկարում հմտորեն միահյուսված է չորս պատմություն, որոնք գլխավոր հերոսի որոնումների առանձին ճյուղավորումներ-փուլեր են և, «ֆլեշբեքերով» մեկը մյուսին շարունակելով ու լրացնելով, կազմում են ժամանակի դրամատիկ խճանկար` լի բազմաբնույթ մարդկային բնավորություններով, որոնք բացահայտվում են ամենաանսպասելի պերիպետիաների և զարգացումների արդյունքում: Այդպես, Հյուսիսային Ուկրաինայում Արամյանի եղբոր ընտանիքի հարևանուհին պատերազմից տարիներ անց ապրում է` սրտում մեծ բեռ ունենալով, թե` ամուսինը տարել-հանձնել է երեխաներին գերմանացիներին: Այնինչ, Արամյանից նա իմանում է, որ իր ամուսինը զոհվել է` փրկելով և փոխանցելով երեխաներին մի այլ կնոջ: Ի զարմանս «ամերիկացի» Արամյանի, կնոջ սիրտը թեթևանում է, չնայած ամուսինը զոհվել է… Ժամանակի հետընթացով` «ֆլեշբեքով» հայտնվում ենք պատերազմական տարածքում. մինչ այդ երեխաներին հանձնելու մտադրություն ունեցող տղամարդը սարսափով է նայում, թե ինչպես են գերմանացիները փոքրիկներին քշում դեպի գնացքը: Նա երեխաների ձեռքից բռնած անցնում է ներքին էվոլյուցիայի և մաքառման մի ճանապարհ: Տեսարանը նկարահանված է վերևից, հիմնականում` ընդհանուր պլանով: Դրան հաջորդում են շատ ազդեցիկ մասսայական տեսարաններ: Հիշատակման արժանի է նաև ֆիլմի երաժշտությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանն է (կատարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` Օհան Դուրյանի ղեկավարությամբ): Ֆիլմի բեմադրող-օպերատոր Արտաշես Ջալալյանը (օպերատորի ասիստենտներ` Լևոն Աթոյանց, Կարեն Մեսյան) ինքնատիպ լուծումներ է գտել. պատկերի ներքևի մասում թեք դիտանկյունով (ռակուրսով) ողջ երկարությամբ ձգվում է կամուրջը, իսկ կադրի մնացած ծավալը լցված է մռայլ ամպերով: Հիմա, երբ նրա կինն արդեն գիտի ճշմարտությունը, Արամյանը և նա լուռ քայլում են նույն կամրջով: Ներքևում սլացող գնացքի դիմաց ծաղիկներ են վաճառում: Պատերազմն անցյալում է:

Մերօրյա համատեքստում ուշագրավ է, որ ֆիլմի նովելներից մեկում ներկայացված է ռուս աղջկա և նացիստական սպայի սիրո պատմություն, որը բնականաբար, ողբերգական վախճան է ունենում: Սյուժետային այս թելը խորհրդային կինոյում չլսված-չտեսնված մի բան էր թերևս: Վերջին տարիներին հայտնվում են ֆիլմեր, որտեղ «հանցավոր սիրո» պատումներ են ներկայացված, դրանցից վերջինը ֆրանսիացի դերասանուհի Արլետիին է վերաբերում, սակայն անցյալ դարի 60-ականների սկզբին նման բան անհնար էր պատկերացնել, առավել ևս խորհրդային կինեմատոգրաֆում: Միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու է կինոնկարը հանվել վարձույթից և այլևս երբեք չի ցուցադրվել: Եվ դա տեղի է ունեցել բնավ ոչ այն պատճառով, որ ֆիլմում հիշատակվել էր ցեղասպանությունը: Այն դրանից առաջ արդեն հիշատակվել էր առնվազն երեք ֆիլմում` փաստավավերագրական «Երկիր հայրենի» (1945) և Գրիգոր Մելիք-Ավագյանի «Սիրտը երգում է» (1956), «Ինչո՞ւ է աղմկում գետը» (1958), և կարելի է ենթադրել, որ տարիներ անց, եթե անգամ էկրան չվերադառնար, ապա գոնե կցուցադրվեր հեռուստատեսությամբ:

Այդպես, օկուպացված երկիր. հայրը, վտանգելով կյանքը, թաքցնում է պարտիզանական շարժման ղեկավար Վազգեն Արամյանի երեխաներին, եղբայրը կապավոր է և ռադիոհաղորդագրություններ է ուղարկում, իսկ աղջիկը գլխապտույտ սիրո ճիրաններում է` մեքենայով զբոսնում է սիրելիի կողքին նստած: Հնչում է դասական գերմանական երաժշտություն: Նրանց դեմքերին «դաջված» ստվերներ ենք տեսնում, իսկ դրսից` ընթացող մեքենայի ներսն ուղղված հայրենակիցների հայացքներն ասես ապտակում են աղջկան… Հետաքրքիր են գերմանացի սպայի խոսքերը` ուղղված աղջկա հորը, որին նա համոզում է, որ  իրենք «ժամանակավոր չեն այդտեղ, այլ ընդմիշտ են եկել», և որի հետ նա ուզում է «նորմալ, մարդկային հարաբերություններ ունենալ, քանի որ այդ տուն է եկել որպես մարդ…»:

Իսկ այն պահին, երբ մատնությամբ տեղեկացված ֆաշիստները ներխուժում են այդ տուն, զուգահեռ մոնտաժով տեսնում ենք մեքենայում տագնապած աղջկան: Մինչև նրանք կվերադառնան, արդեն ուշ կլինի: Սպանված հոր մահը ողբացող աղջկան մի քանի րոպե առաջ սիրո խոստովանություն անող սպան ասես հարցաքննում է… Խելակորույս ճչալով` աղջիկը դուրս է վազում: Նա մտամոլոր քայլում է ավերակների ու ջրափոսերի միջով: Այս տեսարանը դարձյալ նկարված է վերևից և ուժեղ հուզական ազդեցություն է գործում:

Հաջորդ նովելում երեխաները հայտնվում են այն կնոջ տանը, որին փոխանցել էր նրանց աղջկա հայրը: Արդ, նրանց հսկելու և Գերմանիա ուղարկելու համար կայարան հասցնելու հրաման է ստացել իտալացի Մարչելլոն: Այս էպիզոդիկ դերը փայլուն կատարել է երգիչ Սերգեյ Դավիդյանը, ում ձայնով սրանից մի երկու տարի առաջ «երգել» էր Խորեն Աբրահամյանը հանրահայտ «Առաջին սիրո երգը» ֆիլմում, որ Լաերտ Վաղարշյանը բեմադրել էր Յուրի Երզնկյանի հետ համատեղ: Եվ այսպես, Մարչելլոն շփոթվում, վատ է զգում, երբ տեսնում է, թե ինչպես երեխաները վախեցած իրեն են նայում: Նա ասում է, որ ինքը «ֆաշիստ» չէ, և մի կողմ է դնում վզից կախված ինքնաձիգը, հանում է զինվորական արտահագուստը` շտկելով մազերը… Մարչելլոն վերագտնում է իր մարդկային կերպարանքը` էությունը, պատմում է նրանց իր աղջկա` Լյուչիայի մասին, Նեապոլի կապույտ երկնքի և ծովի մասին, երգում է երեխաների համար, կենդանական տարբեր ձայներ արտաբերելով, զվարճացնում նրանց… Քիչ հետո նա համոզում, խնդրում է այն կնոջը, որ տեր կանգնի երեխաներին` խոստանալով, որ ինքն ազատ կթողնի նրանց` հրաժարվելով կատարել հրամանը: Հարկ է նշել, որ թշնամու այսպիսի մարդեղեն կերպարներ դեռևս ընդունված չէր պատկերել…

Այսինքն` ֆիլմն այն ժամանակաշրջանի չափանիշներով բավական արտառոց էր:

Ի դեպ, վերոհիշյալ հացի հերթի տեսարանում էլ արտառոց պահ կա. մի ծերունի հրեա, որ կորցրել է իր երեխաներին և թոռներին, բայց չի կորցրել ապրելու բնազդը, հանկարծ ասես գլխիվայր է շուռ գալիս, սթափվում: Հասկանում է, որ ինքը «մեռած» է: Նա ապրելու կոչ է անում երեխաներին` նրանց տալով հերթում դժվարությամբ ձեռք բերած հացը: Ակամա զուգահեռ ես տանում Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը» ֆիլմում առկա Վարշավայի գետտոյի տեսարանի հետ, սակայն ոչ հօգուտ այդ ֆիլմի, ավելին` ճիշտ հակառակ դրամատուրգիական բովանդակությամբ:

Խնդիր չունենալով անցյալում նկարված մեր այս կինոնկարի առավել մանրակրկիտ վերլուծությունն անել` անցնենք վերջին դրվագին, որտեղ վերջապես տեսնում ենք մյուս գլխավոր հերոսին` Վազգեն Արամյանին, որի դերը կատարել է մեր հանդիսատեսին քաջ ծանոթ մի դերասան` Պավել Լուսպեկաևը, ի դեպ, ազգությամբ` հայ (այս փաստը հաստատապես քչերին է հայտնի, իսկական ազգանունը Լուսպեկյան է, և վերջինս սերում էր Նախիջևանի հայերից): Խոսքը Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» (1970) ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի` Վերեշչագինի` նախկին ցարական մաքսատան պետի դերակատարի մասին է:

Վերադառնանք ֆիլմին. Գուրգեն Արամյանն իմանում է, որ եղբայրը զոհվել է` այդպես էլ չտեսնելով իր երեխաներին, որոնց պարտիզանական անտառ էին բերել-հասցրել, որպեսզի անակնկալ մատուցեն իրենց շարժման հերոս-ղեկավարին: Վերջինս զոհվում է, փրկելով հարյուրավոր այլ երեխաների կյանքեր, որոնց պատրաստվում էին ուղարկել Գերմանիա… Այդպիսով, հեռավոր ափերից եկած Գուրգեն Արամյանն իր եղբոր գերեզմանի փոխարեն գտնում է նրա անունը կրող մանկապարտեզը:

Լաերտ Վաղարշյանի ֆիլմն ունի ոչ պարզունակ, իսկ իր ստեղծման ժամանակի համար բավական նորարարական մոտեցմամբ հղացված ավարտ: Արամյանը պարզում է, որ եղբոր երեխաներին կարողացել են ուղարկել թիկունք, բայց այդտեղ նրա որոնումները կանգ են առնում: Երեխաները հավանաբար ողջ են: Կա հույս, որ նա մի օր կգտնի նրանց: Իսկ առայժմ որոնումներն ընդհատվում են, և ինչպես ինքն է նամակում բացատրում «Ինտուրիստի» տնօրեն Պետրոսյանին` «որովհետև աշխարհում դեռ գոյություն ունեն սահմաններ ու վիզաներ…»:

Հավելենք, դրանք գոյություն ունեն մինչ օրս:

Այդպես, վերանայելով հին ֆիլմերը նոր ժամանակներում, հարաբերելով հին ու նոր հայացքները, հաճախ հայտնաբերում ենք անցյալի ու ներկայի անհայտ ու աներևույթ կամ առերևույթ կողմերը:

Սիրանույշ Գալստյան