Հայկ Օրդյան․Վերադարձել եմ
Սեփական «ես»-ը գտնելու, նոր հորիզոններ փնտրելու հույսով շատերն են Հայաստանից դուրս գալիս։ Մեր երկրից աշխարհին նայելու դիտակետն, ինչ խոսք, փոքր է, գնում են լայն տեսադաշտի հետևից։ Ու շատերին հաջողվում է և՛ գտնել սեփական «ես»-ը, և՛ նոր հորիզոնները։ Գնացողների ճամփան անվերադարձ չէ։ Կինոռեժիսոր Հայկ Օրդյանի դեպքում էլ այդպես եղավ։ Գնաց, տեսավ, հաղթեց… հետ եկավ։ Նաև դրսի հայացքով չափեց հայաստանյան կինոիրականությունն ու կինոյի զարգացման հեռանկարները։ Հայկը վերջին 4 տարում շրջել է բոլոր մայրցամաքներում, ամենաանհավանական վայրերում եղել, իհարկե, ֆիլմ նկարելու նպատակով։ Վերադարձել է հայրենիք ու պատրաստվում է բոլոր մտահղացումներն իրականացնել։ Այդ ամենի մասին էլ հենց զրուցել ենք Հայկի հետ։
Դրդապատճառներ, որ ազդակ դարձան
2009-ին ինձ հաջողվել էր Երևանում բացել «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը։ Գործերը վատ չէին։ Տարեկան միջինը 10 ֆիլմ էինք նկարում։ Բացի այդ, նաև դպրոց էինք ստեղծել և ֆիլմերում հաճախ հենց մեր սաների ուժերն էինք օգտագործում՝ նրանց ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելով։ Ի դեպ, մեր դպրոցն անցած մարդիկ հիմա դրսում էլ են ֆիլմեր նկարում, օրինակ՝ Հայկ Մկրտչյանը «Տիգրան Մանսուրյանը» նկարեց, Արման Այվազյանը ևս լուրջ աշխատանքով է զբաղված։ Ինչևէ։ Այնուամենայնիվ, ստեղծված մթնոլորտում ես արդեն խեղդվում էի, ինձ պետք էր այդ իրականությունից հեռանալ։ Ես ներքին անհարմարավետություն էի զգում, ինձ այդ իրավիճակում չէի գտնում։ Հայաստանից գնալու որոշումը հասունանում էր. ու 2015-ին մեկնեցի։ Հեռանալու երկու դրդապատճառ կար՝ ոլորտում դիլետանտները շատ էին, փոխհարաբերությունների խնդիր կար, և ես կամ պետք է գործեի ընդունված խաղի կանոններով, ինչը երբեք չէի անի, կամ թողնեի-գնայի։ Երկրորդ պատճառն էլ այն էր, որ վավերագրական ու հեռուստատեսային նախագծեր իրականացնող ռուսաստանյան ֆիլմարտադրող ընկերությունից աշխատանքի հրավեր ստացա։
Ճամփորդը
4 տարում 45 ֆիլմ եմ նկարահանել Ռուսաստանում՝ որպես առանձին բեմադրող ռեժիսոր։ Դրանք տարբեր ձևաչափերի ֆիլմեր են՝ հեռուստատեսային, վավերագրական և այլն։ Ես իմ ուժերը փորձեցի միջազգային նախագծերում ։ Համատեղ արտադրություններ են եղել չինացիների, լատինամերիկյան երկրների հետ։ Միջազգային մասնագիտական դաշտում եմ աշխատել արգենտինացի, պերուացի, իսպանացի, գերմանացի կինոգործիչների հետ։ 4 տարում 35 երկրում եմ եղել՝ Պերուից, Մաչուպիկչուից սկսած մինչև անհավանական բնակավայրեր, որտեղ մարդկային վայրի ցեղերից ընդամենը 4 հոգի է մնացել։ Ջունգլիներում ենք ապրել։ …Երբեք չէի պատկերացնի, որ հնդկացի ցեղի հետ կենցաղ կկիսեմ, նրանց եփած ճաշը կուտեմ։ Այս ամենն իմ հոգին, էությունը, միտքը հարստացրել է, ստիպել ինձ կյանքի փիլսոփայական կողմերին առավել նշանակություն տալ։ Այդ 4 տարիներն ինձ հմտություն, փորձառություն են տվել, որ ուզում եմ այստեղ՝ իմ երկրում օգտագործել։
Դպրոց ու էլի դպրոց…որ չունենք
ԱԺ-ում վերջերս կինոյի խնդիրների շուրջ քննարկում էր. ես էլ էի հրավիրված։ Ներկաներին ընդամենը մի բան ասացի՝ մենք դպրոց չունենք։ Կինո նկարելը միայն ռեժիսոր-օպերատորով չի որոշվում. կինոն երկրոդ ռեժիսորն է, լույսի վարպետը, կինոն երկրորդ-երրորդ գծերը պահող մասնագետներն են , որ մենք չունենք։ Մինչև այս թիմը չլինի, Հայաստանում կինոարտադրությունն առաջ չի գնա։ Մենք չունենք դպրոց և կինոմիջավայր, կինոմթնոլորտ։ Մենք մշակույթի քոլեջ ունենք. ի՞նչ մասնագետներ են պատրաստում այնտեղ։ Արդյո՞ք լուսավորողներ կամ տեխնիկական մասնագետներ դո՞ւրս են գալսի այնտեղից։ Սրանք կրթական լուրջ խնդիրներ են և մեր անորակ կինորատադրության հիմքում են։ Օրինակ՝ ես սովորել եմ մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում. այնտեղից դուրս եմ եկել կիսակրթված ու կիսամասնագետ, հետո ինքնակրթվել եմ, գտել այն մարդկանց, որոնցից հնարավոր էր ինչ-որ բան սովորել։ Դա էլ է դպրոց. ես մինչև հիմա այդ դպրոցն անցնում եմ, արժեքավոր մարդկանց հետ եմ շփվում, որ նրանցից մի բան ստանամ։ Հայաստանում կշարունակեն կինո նկարել, դրսից մարդիկ կգան, ինչ-որ ֆիլմեր էկրան կբարձրանան, բայց լուրջ կինոարտադրություն չի լինի, քանի դեռ չունենք դպրոց ու կինոմիջավայր։
Երբ պրոֆեսիոնալիզմը երազանք է
Ես մտել եմ «Մոսֆիլմի» տաղավար, ձեռքի մի ժեստով ամեն ինչ վայրկենական պատրաստ է եղել։ Ամեն մեկն առանց խոսքի հասկացել է, թե ինչ եմ ուզում, որովհետև յուրաքանչյուրն իր տեղը գիտե, իր գործում պրոֆեսիոնալ է։ Իսկ Հայաստանում ստեղծագործելու փոխարեն որպես ռեժիսոր՝ ստիպված ես լինում ինչ-որ տեխնիկական հարցեր լուծել։ Ոչ մի ոլորտում չենք սիրում պրոֆեսիոնալ կերպով փոխհարաբերվել։ Մենք ոչ մի ասպարեզում պրոֆեսիոնալ չենք, չենք սիրում վերլուծություն կատարել։ Մինչև հիմա կինոոլորտի գնահատական անգամ չի տրվել. ինչի՞ մասին է խսքը։ Մինչև հիմա չգիտենք՝ ինչ ռեսուրս ունենք։ Ասել եմ ու էլի կասեմ՝ քանի դեռ այս պահին մեր ունեցած մենեջերներն են աշխատում, կինոյի ոլորտում որևէ փոփոխություն չի կարող լինել։ Գիտենք՝ ովքեր են եղանակ ստեղծում. նրանց հետաքրքրում է միայն անձնական շահը և ոչ երբեք պրոֆեսիոնալ, բարձրակարգ կինոն։
Կինոիրականության ցավոտ կողմերը
Ես խումբ էի հավաքել, որ 45 օրով Չինաստան գնայինք՝ նկարահանումների։ Շատ մանրակրկիտ կերպով էի ընտրել մասնատեգներին, որպեսզի ներքին փոխրաբարերություններում խնդիրներ չառաջանան, ու մենք այնտեղ միայն զբաղվենք ստեղծագործելով։ Մեր իրականության մեջ ասում են՝ փողը քիչ է կամ փող չկա։ Սուտ է։ Քիչ փողով էլ կարելի է լավ ֆիլմ նկարել։ Տարիներ շարունակ ասել ենք՝ մեր բյուջեն քիչ է, բայց ֆիլմեր նկարվել են, չէ՞։ Իսկ ի՞նչ որակ ունեն դրանք։ Կա՞ մի ֆիլմ, որի մասին հպարտորեն կարող ենք ասել՝ լավ է ստացվել։ Ոչ ոք այդ ֆիլմերը չի տեսնում։ Ոչ մի տեղ դրանք չեն ցուցադրվում՝ անգամ ներքին հանդիսատեսի համար։ Ասեք մի գրողի անուն, որի ստեղծագործությունն արժե, որ ֆիլմ դառնա։ Դարձյալ հանգում ենք նույն խնդրին՝ դպրոց չկա։ Եթե դպրոց լիներ, կունենայինք նաև լավ գրողներ ու լավ սցենարիստներ։
Կենդանի շփման արդյունքը
Դրսում միայն կինոարտադրությամբ չեմ զբաղվել, նաև ուսումնասիրել եմ տեղի կինոդաշտը, օրենսդրությունը, փոխհարաբերությունները։ Կան երկրներ, որոնք ժամանակին հայաստանյան իրավիճակում հայտնվել են, հետո հաղթահարել ու սկսել են իրենց կինոն զարգացնել։ Շրջագայությունները մեծապես փոխել են նաև իմ աշխարհընկալումը։ Տարբեր ազգերի հետ շփումն ինձ որակապես փոխել է, կրթել, թրծել։ Այդ շփումները մեծ նշանակություն ունեն։ Ինչքան էլ ասենք, թե համացանցն այսօր լայն հնարավորություներ է ստեղծում, միևնույն է, կենդանի շփումները, կենդանի ուսուցանումը լրիվ ուրիշ արդյունք է տալիս։ Պետք է աշխարհի հետ հարաբերվել, գնալ, տեսնել, շրջել, ուսումնասիրել, հետաքրքրվել, սովորել։ Արվեստագետի համար սա անչափ կարևոր է։ Բացի դրսի դպրոցից, արդեն քանի՜ տարի հայաստանյան դպրոց եմ անցնում Արտավազդ Փելեշյանի մոտ։ Նույնիսկ նրան կատակով ասել եմ, որ ինձ վերջում վկայական տա։
Տունդարձ
Չգիտեմ՝ ճի՞շտ եմ արել, որ վերադարձել եմ, բայց ես շատ եմ ուզում այստեղ ֆիլմ նկարել։ Հրաշալի կապեր եմ ձեռք բերել դրսում. համարտադրողների հետ եմ աշխատելու։ Որոշել եմ նորից ֆիլմարտադրող ընկերություն բացել։ Դրսից մասնագետներ եմ հրավիրելու, որոնք որոշ ժամանակով կգան, երիտասարդ կադրեր կկրթեն ու կպատրաստեն։ Առաջին հերթին պրոդյուսերական ուղղությունն ենք զարգացնելու, նաև ռեժիսոր, սցենարիստ, երկրորդ ռեժիսոր, օպերարտոր, տեխնիկական անձնակազմ, գունադրման մասնագետներ ենք պատրաստելու։ Վերադարձա, որովհետև շատ կապված եմ իմ երկրի հետ։ Կարոտում եմ հարազատներիս, երեխաներիս։ Երևանն այնքան չէի կարոտում, որքան իմ հայրական գյուղը՝ Այգեձորը։ Հենց մեր գյուղի պատկերները հիշում էի, թվում էր՝ խելագարվում եմ։ Կյանքի մի փուլ էր՝ դպրոց, որ անցա ու վերադարձա տուն։ Այսպես ասեմ՝ 4 տարով դպրոց եմ գնացել, սովորել ու հետ եկել, եթե սկսեմ այստեղ աշխատել ու արդյունքը լավ լինի, ուրեմն դպրոցում լավ եմ սովորել։
Նարինե Աբգարյան, դու արտակարգ դեմք ես
Մոսկվայում գրքի փառատոն էր. տաղավարներից մեկում ներկայացված էր Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» գիրքը։ Վարպետն ինձ ու Հայկ Մկրտչյանին էլ էր հրավիրել։ Շնորհանդեսը շատ լավ անցավ։ Վերադառնալիս տաղավարներից մեկի վրա կարդացի՝ Նարինե Աբգարյան։ Որոշեցի՝ ինչ էլ լինի մոտենալու եմ նրան ու ասեմ՝ դու արտակարգ դեմք ես, Նարինե։ Նրա տաղավարում անասելի մեծ բազմություն էր հավաքվել։ Ես ճեղքելով առաջ անցա ու մոտեցա Նարինեին։ Ծանոթացանք, ասացի, որ համերկրացիներ ենք, ես էլ եմ Շամշադինից։ Այդպես, մեր ծանոթությունը վերածվեց մտերմության ու աշխատանքային համագործակցության։
«Զուլալի»
Նարինե Աբգարյանի հետ ֆիլմ նկարելու պայմանագիրն ընթացքի մեջ է։ Մեր գյուղում՝ Այգեձորում եմ նկարելու նրա «Զուլալին»։ Նարինեն Շամշադինի Բերդ քաղաքից է, բայց ինձ հետ համաձայնեց, որ ֆիլմն Այգեձորում նկարվի։ Ով գտնի իր գրողին, ֆիլմ կնկարի։ Հիմա ես իմ գրողին գտել եմ։ «Զուլալին» համարտադրություն է լինելու։ Որոշել եմ նաև կինոկենտրոնին հայտ ներկայացնել ։ Դրամատուրգիայի առումով աշխատել եմ ստեղծագործությանը շատ չմիջամտել, որովհետև այն ինքնին արդեն իսկ ֆիլմ է։ Սցենարիստը ռուս է. նա լիովին մտել է թեմայի մեջ, նրբություններն ըմբռնել։ Զուլալի կերպարի համար դերասանուհի Հերմինե Ստեփանյանին եմ ընտրել։ Նարինեն էլ է նրան շատ հավանում։ Հոր կերպարը մարմնավորելու է վրացի դերասան Միխայիլ Գոմիաշվիլին, երեխայի դերակատարը հենց շամշադինցի է լինելու, որ այդ բարբառով էլ խոսի ֆիլմում։
Նոր ֆիլմի գաղափարով ներշնչված
«Զուլալի» ֆիլմի նկարահանումները հավանաբար աշնանը կսկսեմ։ Թղթաբանությունն անում եմ Նարինե Աբգարյանի պրոդյուսերի՝ Մարիան Տրուբինայի հետ, որը կինոյից շատ լավ է հասկանում ու մեկ քառորդով հայ է։ Իսկ դիստրիբյուցիայի ուղղությամբ կհամագործակցեմ դրսի հետ. Նարինեն այն անունն է, որի գրքի էկրանավորմանը շատերն են սպասում ինչպես Ռուսատանում, այնպես էլ Եվրոպայում։ Ես փորձելու եմ արժեքավոր ֆիլմ նկարել՝ արժանի Նարինեի տաղանդին։ «Զուլալին» անչափ հոգեհարազատ է ինձ։ Ես այդ ստեղծագործության մեջ եմ եղել, անգամ երբ օտար երկրներում էի։ Ես պիտի իդեալական նկարեմ Նարինեի ստեղծագործությունը։ Եթե զգամ, որ մի բան պակաս է, նկարահանումները կհետաձգեմ։ …Այնպես որ, վերեդարձել եմ բառի բուն իմաստով։
Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ