Չեխովի «Երեք քույրերի» հերոսներից գիմնազիայի ուսուցիչ Կուլիգինը պատմում է, թե ինչպես գիմնազիայի աշակերտներից մեկը գնահատված շարադրության վերջում կարդալով ուսուցչի՝ ձեռագրով նշված «չեպուխա» ձեռագիր բառը, որ նշանակում է՝ անհեթեթություն, մտածելով, որ գրառումը լատիներեն է, կարդացել է՝ «реникса»- «ռենիքսա», քանի որ ձեռագրի դեպքում ռուսերեն բառը լատիներեն հենց այդպես կարող է կարդացվել։ Գրքում այսպես է պատմում Կուլիգինը։ Յուրի Գրիմովի ֆիլմում՝ ըստ համանուն վեպի, Կուլիգինը դա պատմում է իր անունից, իբր ինքն է կարդացել «ռենիկսա»՝ կարծելով, թե լատիներեն է։ Իր պատմածի մեջ ռուսերեն «չեպուխան» հենց այնպես հնչած բառ չէ, շատ կարևոր է։ Եվ Կուլիգինը «չեպուխան» արտաասանում է բազմանշանակ ու հոգնած։

Ռեժիսոր Յուրի Գրիմովի և սցենարիստ Օլգա Միխայլովայի  ֆիլմի առաջին կադրերը շատ չեխովյան են։ Ամառանոց, որն ի դեպ ընտրվել է այսօրվա ռուսական շքեղացած ամառանոցների մեջ շատ դիպուկ, այն իրականում ռուս պրոֆեսորի հին ամառանոց է, ամբողջովին չեխովյան։ Առաջին կադրերում քույրերը նստած են ամառանոցի բակում ու լվացքի պարանին չորացող սպիտակ սավանի վրա պրոյեկտորով նայում են հին լուսանկարները, որտեղ ծնողները ողջ են ու իրենք շատ երիտասարդ։ Դիտումը հանդիսատեսը տեսնում է մի քանի վայրկյան, ինչին հաջորդում են քույրերից մեկի․«ինչի համար հիշել» և մյուսի՝ «վերջ, աղջիկներ, գնացինք քնելու» երկու նախադասությունները։

Առաջին նախադասությունը չեխովյան երեք քույրերի պիեսային կյանքի ամբողջ ընթացքի զրույցների ու մտածողության համառոտ ամփոփումներից մեկն է հենց ֆիլմի սկզբում՝ «․․․ ինչի համար է այս ամենը, ինչ իմաստ ունի, ինչու տառապել», իսկ երկրորդ նախադասությունը նախատիպն է անընդհատ ինքնափախուստի շեշտված դրսևորում նախադասության՝ «Մոսկվա, Մոսկվա», բայց այս անգամ ՝ «քնել, վերջ աղջիկներ, գնացինք քնելու» ձևով, ինչը նորից փախուստ է անցյալի հուշերը վերապրելուց։

Գրիմովի ֆիլմը հետաքրքիր էր  հայկական կինոյում վերջերս եղած մի քանի «համանուն» վեպերի հիման վրա նկարված գործերի հետ համեմատելու համար։ Համեմատության եզրը դժվար էր գտնել։ Գրիմովը և սցենարի հեղինակ Օլգա Միխայլովան   նույնպես արել են առաջին հայացքից անհեթեթ՝ «չեպուխա» թվացող մի քանի բան․ ժամանակակից դարձնելով չեխովյան երեք քույրերին ու դեպքերը՝  ֆիլմը սկսվում է Մակարևիչի երգով, հետո հնչում է Փինք Ֆլոյդ, ֆիլմում ներառվել են տեխնիկայի միջոցներ, որոնք, բնականաբար չեխովյան ժամանակներում չեն եղել՝ բջջային հեռախոս, ինտերնետ, պլանշետ, պրոյեկտոր, բայց սրանք ընդամնեը միջոցներ են ժամանակը ընդգծելու համար։ Սակայն, պահպանելով այն բովանդակությունը, ինչի համար Չեխովը ստեղծել է իր կերպարին ու այդ կերպարի ապրելակերպը, օրինակ՝ բժշկի անընդհատ թերթ կարդալը փոխարինելով պլանշետից նորություններ կարդալով՝ ստեղծել է ոչինչ չանող, ոչինչ չփոխող, այլ ընդամնեը կյանքի ընթացքին հետևող չեխովյան և բոլոր ժամանակի մտավորականի տեսակ։

Գրիմովի ֆիլմի «չեպուխաներից» մեկը կարելի է համարել քույրերի տարիքը կտրուկ փոխելու որոշումը։ Չեխովի «քույրերը» քսան և մի քանի տարեկան են, այնինչ Գրիմովը համարձակվում է հանդիստասեին ներկայացնել վաթսունին մոտ և վաթսունն անց կանանց, որոնք կորցրել են իրենց կյանքի լավագույն տարիներն ու անընդհատ տառապում են չապրած սիրո, չունեցած երջանկության ու կորցրած տարիների համար և որպես փրկություն անընդհատ կրկնում «Մոսկվա, Մոսկվա» նախադասաությունը՝ մայրաքաղաք վերադառնալու մեջ փայփայելով կյանքի նոր ռիթմի հույսը։

Տարիքային այս կտրուկ փոփոխությունն իրոք անհեթեթ է թվում սկզբում։ Հետո, ֆիլմի ամբողջականության մեջ շատ ավելի համոզիչ է դառնում, որովհետև երբ կյանքի ունայնության, անբովանդակության, անիմաստ անցկացրած տարիների մասին խորհում և իրականում, հընթացս այդ կյանքի «չեպուխան» ընդգծող իրադարձությունների ֆոնին, անիմաստ բազմաթիվ լեզուներ սովորած, կրթված, ընտանիք չունեցող (քույրերից միայն մեկն ունի ամուսին), ամբողջ կյանքում սեր սպասած  կանանց տառապանքի մտքերը դատարկ ու անիմաստ անցած կյանքի շուրջ հնչեցնում  է վաթսուն և վաթսունին մոտ կանայք՝ այսօր ավելի համոզիչ ու հասկանալի է, քան եթե դա անում են քսանյոթ և ավելի փոքր տարիքի կանայք։ Այսօր չի հասկացվի, թե ինչու է քսանյոթ տարեկանն իր կյանքն անցած համարում և ինչու այլևս հույս չունի սեր գտնելու։

Գրիմովի ֆիլմը իր կտրուկ նորարական ներխուժումներով կարողացել է պահել չեխովյան բարձրաստիճան սպայի, բժշկի, գիմնազիայի ուսուցչի, կրթված ու լավ դաստիարակություն ստացած կանանց միջավայրը, մտածելու ձևը, սենտիմենտալությունն ու զգուշությունը և մարդկային հարաբերություններում, և սովորոկան շփման մեջ, և սեփական կյանքում որևէ բան փոխելու որոշումների մեջ։ Անելով կտրուկ փոփոխություններ ու օգտագործելով չեխովյան ժամանակներում պլանշետ ու բջջային հեռախոս, Գրիմովի ֆիլմում շատ հստակ պահված  է բառապաշարը՝ չեխովյան ժամանակների այդ սոցիալական շերտի բառապաշարը։ Գրիմովի ֆիլմում պահպանված են այսօրվա ռուսերենում իսպառ բացակայող դիմելաձևերը, հոգոցի իմաստ պարունակող արտահայտությունները, փաղաքշական այն բառերը, որոնք այսօր կիրառելի չեն ժամանակակից ռուսերենի հենց նույն խավում, կամ նույնիսկ գեղարվեստական գրականության մեջ։ Փոփոխությունների շարքում խոսքը այն կարևոր գործոնն է, որը փոխելու դեպքում, այլևս «համանուն վեպի հիման վրա» արտահայտությունը կասկածելի է։ «Հիման վրա» նշանակում է հիմքը պահելով, եթե չեխովյան հերոսները խոսեին այսօրվա ռուսերենի բառապաշարով ու առոգանությամբ դրանք դժվարությամբ կընկալվեին որպես իրենց դարի հոգեվիճակի արտահայտողներ։ Տեխնիկական նորմուծությունները, հերոսների տարիքի շատ կտրուկ փոփությունը, մեր ժամանակների երգերը նույնպես առաջին հայացքից անհամատեղելի են ընկալվում, բայց դրանք ընթացքում հարմարվում են ու դադարում են ցցուն լինել, որովհետև կարևոր ֆոնը՝ տեքստը, պահպանված է։ Այսպիսով, Գրիմովը նոր առարկաներ ու դեպքեր մտցնելով Չեխովի պիեսի մեջ, տեղափոխելով գործողությունները այլ հարյուրամյակ՝ լիարժեք մատուցում է նախորդ դարի հոգեվիճակ։

Ցանկացած գործ ունի հիմնական ասելիք, մանավանդ, երբ այն փորձել ես նորացնել, ուրմեն մի իմաստ պետք է լինի։ Որն է Գրիմովի այս ձեռնարկման իմաստը։ Ինչն էր ուզում հասցնել հանդիսատեսին։ Ըստ իս, հետևյալը․ Չեխովի պիեսի հիմնական գիծը հերոսների՝ տարբեր իրավիճակներում ասվող նույն միտքն է․ «․․․կգա ժամանակ և բոլորը կիմանան ինչի համար էր այս ամենը, այս բոլոր տառապանքները, ոչ մի գաղտնիք չի լինի, իսկ առայժմ պետք է սպասել, պետք էաշխատել, միայն աշխատել»։ Կամ․«Օ,աստված իմ, կանցնի ժամանակ և մենք կհեռանանք ընդմիշտ, մեզ կմոռանան, կմոռանան մեր դեմքերը, ձայները, քանիսն էինք,բայց մեր տառապանքները կփոխակերպվեն ուրախության նրանց համար, ովքեր ապրելու են մեզնից հետո, երջանկություն ու խաղաղություն կիջնի երկրի վրա ու բարի խոսքով կհիշեն ու կօրհնեն նրանց, ովքեր ապրում են հիմա», մեկ այլ դրվագում հերոսը երևակայում է, թե ինչ հրաշալի ու գեղեցիկ է լինելու կյանքը երկու հարյուր տարի անց, իսկ մեկ այլ տեղ՝ «․․․ թվում է մի քիչ էլ ու կիմանանք ինչի համար ենք ապրում․․․եթե իմանայինք, եթե իմանայինք»։

Փոխադրելով հերոսներին մեր օրերը՝ Գրիմովը հանդիսատեսի տեսքով չեխովյան ամառանոց եկած բազմահազար «հյուրերին» ժպիտով ու նախորդների գեղեցիկ միամտության հանդեպ շատ գորովանքով ցույց է տալիս, որ ոչինչ չի փոխվել։ Եկել է այն ժամանակը, որի մասին երևակայում էին չեխովյան հերոսները, և ոչինչ չի փոխվել․ մարդիկ էլի սպասում են, նորից աշխատանքի մեջ փնտրում փրկությունը, էլի սեր են որոնում, էլի զինվորականներ կան, էլի կանայք փնտրում են այն կարևոր ու միակ տղամարդուն, իսկ տղամարդիկ ուզում են սիրել կանանց, էլի կյանքը երբեմն ձանձրալի է նույնիսկ այլ դարի ռիթմի մեջ ու էլի շատերի երազները անկատար են մնացել, իսկ ոմանք ուղղակի չեն իրագործվել, ինչպես Չեխովի պիեսի գործող անձնաց ցանկում առաջին տեղում նշված քույրերի Անդրեյ եղբոր՝ Անդրեյ Պրոզորովինը, որի մասին քույրը ֆիլմում ասում է, թե նա նման է հրթիռի, որի կառուցման համար ջանք են թափել, իսկ նա բարձրանում ու ընկնում է գետնին և վերանում։ Նա պետք է պրոֆեսոր դառնար, այդպես էին ծրագրել ծնողները, իսկ նա թողնում է գիտությունն ու գավառում ամուսնանում մի քաղքենի աղջկա հետ, որին չեխովյան քույրերը հանդուրժում են իրենց դաստիարակության ու եղբոր հանդեպ անսահման սիրո պատճառով։

Ոչինչ չի փոխվել՝ սա էր Գրիմովի նոր ֆիլմի նպատակը, ասել, որ ոչինչ չի փոխվում կյանքում։ Չեխովյան քույրերի և մյուս հերոսների երազած ժամանակները եկել են ու ոչինչ հիմնականում չի փոխվել։ Պիեսի, ֆիլմի ու նաև այսօրվա կյանքի վերջում նորից մի բացարձակ «չեպուխա» կարող է ընդհատել անգամ գավառական փոքրիկ քաղաքի ձանձրացող բնակիչների  կյանքի անդորրն ու անհեթեթաբար միմյանց  մենամարտի կանչած տղամարդկանիցից մեկը կարող է սպանել մյուսին․․․  և այս անհեթեթ բոթը այնքան ներդաշնակվում է Կուլիգինի հիշած «չեպուխա» բառի հետ։ Չի փոխվել անգամ «չեպուխան»։

Եվ եթե անգամ Գրիմովը չհաջողեր իր մտածածի մեջ, դերասանական այն անխաղ խաղը, որ ներկայացնում են Լյուդմիլա Պոլյակովան, Աննա Կամենկովան, Իրինա Մազուրկևիչը, Մաքսիմ Սուխանովը, Իգոր Յասուլովիչը, Ալեքսանդր Բալուևը, Ալեքսանդր Պաշուտինը, Վլադիմիր Նոսիկը, Իգոր Յացկոն և մյուսները՝ ֆիլմը կդրաձնեին արժեքավոր։ Իսկ Գրիմովը հաջողել է։

 Լուսինե Հովհաննիսյան

 


Երկրպագում․Ֆաբրիս դու Վելզ

Լոկառնոյի փառատոնի հանդիսատեսը տեղավորվել էր հրապարակի սև ու դեղին աթոռների վրա, ու շունչը պահած սպասում էր փակման ֆիլմի սկսվելուն: Չորս...

, |18 Սեպտեմբեր 2019,18:09