21-րդ դարում, երբ թվում է` մարդկությունը հրաժարվել է կրոնների հոգևոր ընկալումից, իսկ կրոնն արդեն վաղուց վերածվել է մշակութային արժեհամակարգի և քաղաքակրթության, աստվածաշնչյան թեմատիկան շարունակում է իր արտահայտչամիջոցները գտնել համաշխարհային կինոյում: Երբեմն դրանք դրսևորվում են ակնհայտ հղումների միջոցով, ինչպես, օրինակ, Արանովսկու «Մամա»-ում, բայց ավելի հաճախ դրնաք քողարկված են:

Կրոնն ու Աստվածաշունչը հիմնաքարային թեմա են հատկապես եվրոպական կինոյի համար` սկսած սյուժետային նմանակումներից` մինչև առանցքային հերոսների նախատիպեր: Եվ, քանի որ Աստվածաշունչը եղել է կինոյի առաջին թեմաներից մեկը, այն փոփոխվել և զարգացել է կինեմատոգրաֆին զուգահեռ` պարզունակ «շարժվող տեքստից» վերածվելով խորքային, գաղափարական հղումների: Աստվածաշնչին իրենց ֆիլմերում ակնհայտ կամ քողարկված կերպով անդրադարձել են գրեթե բոլոր ժամանակակից հանճարները` Սկորսեզեն իր «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմով, Մել Գիբսոնը` «Քրիստոսի չարչարանքներ»-ով, Ռիդլի Սքոթը` «Ելից: Արքաներ և աստվածներ» ֆիլմով, Արանովսկին` «Մամա» և «Նոյ» պատումներով, ռուսական կինոյի մեծերից` Զվյագինցևն իր «Վտարում» ֆիլմով կամ Տարկովսկին` իր ողջ ռեժիսորական գործունեությամբ:

Այս ռեժիսորներն իրենց աշխատանքներում պատմել են մարդկության պատմության ընթացքում հորինված լավագույն պատմությունները` կրոնը վերածելով արվեստի, արվեստը` կրոնի:

Kinoashkharh.am-ը կփորձի մի քանի հրապարակումներով անդրադառնալ համաշխարհային կինոյում կրոնին արված լավագույն հղումներին: Շարքի առաջին հրապարակումը պատմում է ռուսական ժամանակակից կինոյում քրիստոնեության ու կրոնական արժեքների արծարծման մասին:

Անդրեյ Զվյագինցև. «Արտաքսում»

21-րդ դարասկզբի ռուսական փառատոնային կինոն լավագույններից է աշխարհում: Այս իրողությունը գնահատվել է նաև աշխարհի ամենահեղինակավոր փառատոնների կողմից: Սրա հիմնական պատճառն այն է, որ ռուսական կինոն դադարել է լինել խիստ տեղային, ռուս մարդու և ռուսական անմեկնելի հոգու բացահայտումներով տոգորված ենթամշակույթ ու վերաճել համամարդկային, էքզիստենցիալ մտորումների հարթակի, որում տեղ կա թե’ սուր քաղաքական քննադատության համար, թե’ ցավեցնող ճշմարտությունների:

2003 թվականին Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը շնորհվեց ռուս ժամանակակից ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևին` «Վերադարձը»  ֆիլմի համար, նույն թվականին ռեժիսորն արժանացավ նաև «Ապագայի ոսկե առյուծ» մրցանակին` լավագույն ռեժիսորական դեբյուտի համար: Նմանօրինակ հաջողություն միջազգային փառատոններում ռուսական կինոն ունեցել էր միայն երկու անգամ` 1962 թվականին Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը» ֆիլմով, և 1991-ին Նիկիտա Միխալկովի «Ուրգա` սիրո տարածք» աշխատանքով: 2007 թվականին լավագույն դերի համար «Ոսկե արմավենու ճյուղի»  արժանացավ դերասան Կոնստանտին Լավրենկոն` Զվյագինցևի «Արտաքսում» ֆիլմում ունեցած դերակատարման համար:

Ֆիլմի անվանումը և արտասահմանում ունեցած այսօրինակ հաջողությունները անարձագանք չմնացին նաև Ռուսաստանում: Ոմանց կարծիքով, ֆիլմն ամբողջությամբ քրիստոնեական էր, քանի որ մղում է մարդուն մտածելու իր և Աստծո հարաբերությունների մասին, ոմանց կարծիքով էլ այն, հակառակը, վանում էր մարդուն քրիստոնեական արժեքներից:

Զվյագինցևի մյուս ֆիլմը` «Վերադարձը» ևս դարձել էր քննարկման թեմա հենց քրիստոնեական և հավատաբանական հարթության մեջ: Ֆլմում ակնհայտ են հղումները դեպի Աբելի և Կայենի հարաբերությունները, առաջին սպանությանը և քրիստոնեական մեծագույն արժեքներից մեկին` ներողամտությանը:

«Արտաքսում» ֆիլմը պատմում է Ալեքսանդրի և Վերայի ընտանիքի մասին: Նրանք` երկու փոքր երեխաների հետ, տեղափոխվում են քաղաքից գյուղ` Ալեքսանդրի հայրական տանն ապրելու: Հենց այդ ժամանակ Վերան խոստովանում է, որ հղի է, իսկ երեխան, որին կրում է, ամուսնուց չէ: Ալեքսանդրի դրդմամբ` Վերան ընդհատում է հղիությունը, իսկ դրանից կարճ ժամանակ անց` ինքնասպան լինում: Հղիության ընդհատման դրվագը, որ անկյունաքարային է ֆիլմում, ամբողջությամբ լցված է քրիստոնեական սիմվոլիկայով: Բժիշկները, որոնք այցելում են Ալեքսանդրի տուն` ապօրինի բժշկական գործողությունն իրականացնելու, սևազգեստ են, սենյակը` մութ: Մյուս կադրում զույգի երեխաներն են, ովքեր այդ պահին հյուրընկալվել են ընկերների տանը` ամբողջությամբ լույսի մեջ: Երեխաները խմբով փազլ են հավաքում, որում պատկերված է Լեոնարդո դա Վինչիի «Ավետումը», իսկ հետո կարդում Պողոս առաքյալի` Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 13-րդ գլուխը: Քնելիս երեխաները լսում են հատված Նոր Կտակարանից, որում ասվում է. «Աստված լույս է, և Նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա: Եթե ասենք, թե հաղորդության մեջ ենք Նրա հետ, բայց քայլենք խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում»:

Բացի լույսի և ստվերի այս ակնհայտ մետաֆորը, երեխայի սպանության և մյուս երեխայի ծննդյան ավետման հակասությունը, հայտնի է, որ հղիության արհեստական ընդհատումը քրիստոնեական եկեղեցին համարում է սպանություն:

Հատկանշական է նաև, որ Պողոս առաքյալի` Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 13-րդ գլխի ընթերցումն ավարտվում է 7-րդ գրությամբ, որովհետև 8-րդ գրության մեջ ամփոփված է ողջ քրիստոնեությունը`

«Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում: Սերը երբեք չի անհետանում»:

Ֆիլմի վերջում պարզվում է, որ երեխան, որից ազատվել էին ամուսինները, Ալեքսանդրի երեխան էր: Սպանություն, ինքնասպանություն, դատաստան… մեղքերը, որ գործվում են ֆիլմում, բոլոր հիմնական զարգացումները տեղի են ունենում այնտեղ, որտեղ սկսվել էր գլխավոր հերոսի կյանքը: Նրան թվում էր, որ ազատվելով երեխայից, կգտնի հոգու խաղաղություն, սակայն առջևում նրան սպասում էր միայն վտարումը` իր սկզբնակետից:

Վտարման թեման ի հայտ է գալիս նաև ֆիլմի սկզբում, երբ Ալեքսանդրն այցելում է հոր գերեզմանին: Դրանից հետո նա քայլում է դեպի գերեզմանատան փոքրիկ մատուռ, փորձում ներս մտնել, սակայն դուռը նրա առջև այդպես էլ չի բացվում:

Ֆիլմի սկզբում Ալեքսանդրի որդին պարզում է, որ հոր մանկության տարիներին իրենց տան կողքով գետ է հոսել, որը, սակայն, ցամաքել է: Վերայի հուղարկավորությունից հետո սկսված հորդ անձրևից գետը նոր կյանք է առնում ու սկսում հոսել: Ջրի սիմվոլը, որ շատ հատուկ է Զվյագինցևին, նաև մկրտության իմաստն ունի, որը մաքրում է մարդկային մեղքերը: Սա անուղղակի հղում է Աստծո ներողամտությանը, որը պատրաստ է նոր մկրտություն շնորհել նրան, ով կզղջա իր մեղքերի համար:

Պավել Լունգին. «Կղզին»

Ռուս ժամանակակից ռեժիսոր Պավել Լունգինն այն փոքրաթիվ ստեղծագործողներից է, ովքեր չեն վախենում փորձարկումներից: Նա ևս, հիմնականում, ստեղծագործում է փառատոնային կինոյի ժանրում: Նրա գործերը հաճախ ծանր են, զգացմունքային, իսկ հերոսները նման են Դոստոևսկու կերպարներին՝ յուրովի դժբախտ, հակասական, կենդանի:

Լունգինը չի խորշում քաղաքական ենթատեքստերից, հասարակական կարծրատիպերի ծաղրից, հայրենիքի ապագայի նկատմամբ մտահոգությունների արտահայտումից: Նրա վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ ձևակերպված է նրա հայտնի արտահայտությամբ՝ «Ռուսաստանը մեր տեր Աստծո լաբորատորիան է»:

90-ականների վերջին, երբ ռուսական կինոն, հիմնականում, միօրինակ զվարճանք էր հիշեցնում, Պավել Լունգինի ձեռքում հայտնվեց մի գործ, որին, նրա հավաստմամբ, ավելացնելու ոչինչ չկար: Այդ տարիներին Լունգինը չհամարձակվեց էկրանավորել Դմիտրի Սոբոլևի «Կղզին», որովհետև կարծում էր, որ բյուրեղյա մաքրության այդ գործը կենսունակ չի լինի կոմերցիոն կինոյի դաշտում: Տարիներ անց, սակայն, Լունգինը հասկացավ, որ պարտավոր է կյանք տալ դրան.

«Այս ֆիլմը հիմնված է ամոթի և Աստծո ներկայության զգացողության վրա: Մարդը կենդանի է, ով հասկանում է, թե ինչ է ամոթը, և դա նրա առավելությունն է, չնայած, որ շատերն այսօր հակառակ կարծիքին են: Կորցնելով ամոթի զգացումը, մենք կրճատում ենք մեր կյանքի օրերը, որովհետև ամոթի և մեղքի զգացումների մեջ գոյություն ունի վերածնվելու ահռելի ուժ: Այս ֆիլմը հենց այդ մասին է: Այն Աստծո որոնումների մասին չէ, քանզի նրան փնտրելու կարիք չկա. Նա կա, նա այստեղ է, գոյություն ունի՝ ինչպես ծովը, երկիրը, երկինքը»,- ֆրանսիական «Figaro»-ին տված հարցազրույցում այսպես է բացատրում ֆիլմի նկարահանման մտահղացումը Լունգինը:

2007 թվականին, երբ էկրաններին հայտնվեց «Կղզին», շատ կինոքննադատներ այն չափազանց ռիսկային համարեցին, քանի որ կրոնական հղումների բազմազանությունը ստիպում էր կասկածի տակ դնել ռեժիսորի աշխարհիկությունն ու ազատական գաղափարները, քանի որ ընդունված էր համարել, որ Լունգինը չափավոր պոստմոդեռնիստ է, լիբերալ հայացքների տեր: Եվ ահա, նա հանրության առջև է դնում այս մոնումենտալ, խիստ կրոնական ժապավենը.

«Սա բոլորովին էլ հեղափոխություն չէր: Իմ բոլոր ֆիլմերում՝ սկսած «Տաքսի-բլյուզ»-ից՝ վերջացրած «Օլիգարխով», ես փորձում եմ ցույց տալ մարդկան ոգու արթնությունը: Ինչո՞ւ է մարդը, չնայած իր փոքրոգությանը կամ եսասիրությանը, երբեմն անում բաներ, որ որևէ նյութական բարիք իրեն չեն բերելու, բայց, երևի, անհրաժեշտ են շատ ավելի կարևոր, շատ ավելի անմեկնելի իմաստների համար»,- ասում է Լունգինը:

Ֆիլմը պատմում է հոգևորականի մասին, ով հայտնի է իր սրբագործություններով: Նրա մոտ են գալիս բժշկվելու, խորհրդի համար: Հոգևորականը կղզում հայտնվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո: Նավը, որի վրա Անատոլին աշխատում էր, գրավում է գերմանական բանակը: Նրանք ստիպում են Անատոլիին՝ իր կյանքը փրկելու համար, սպանել ծառայակից ընկերջոը, իսկ հետո պայթեցնում են նավը: Անատոլիի գրեթե անշնչացած մարմինը ծովի ափին գտնում են կղզու հնաբնակ ճգնավորները: Ֆիլմի շարունակությունը պատմում է 1976 թվականի մասին, երբ հրաշագործ հոգևորականին է այցելում բարձրաստիճան մի ադմիրալ՝ իր դիվահար դստեր հետ: Այցելուի մեջ հայր Անատոլին ճանաչում է այն ծառայակցին, ում սպանությունն ամբողջ կյանքում բեռ է եղել իր խղճին:

Ֆիլմի գլխավոր դերը Լունգինը վստահեց դերասան Պյոտոր Մամոնովին.

«Հանկարծ աչքիս առաջ տեսա ողջ ֆիլմը: Ես տեսա Մամոնովին՝ գլխավոր դերում՝ իր տարօրինակություններով, իր անկեղծ և խորը հավատով, և հասկացա՝ այլ տարբերակ լինել չի կարող: Եվ, ահա, մենք նորից հանդիպեցինք նկարահանման հրապարակում: Հասկանո՞ւմ եք, սա կյանքի շրջադարձ էր: Նա, կարծես, հագավ այդ դերը: Նա մարդ է, ով ամեն օրվա մեջ հրաշք է տեսնում: Եվ նկարահանման ընթացքում մեզ հետ շատ մանր ու մեծ հրաշքներ եղան: Ես հավատում եմ, որ դա կանխորոշված էր»,- ասում է Լունգինը:

Ֆիլմը վերածվում է սեփական դևերի դեմ պայքարի, Աստծո և մարդու փոխհարաբերությունների մեկնության, ճանապարհի, որով պետք է անցնի յուրաքանչյուրը՝ Աստծոն գտնելու համար: Ադմիրալի դստեր հոգու դևերը նման են ծեր հոգևորականի թաքուն մեղքերին, որոնց մասին երբեք չի պատմել:

Դիվահար աղջկա բուժումից և կղզուց նրանց վերադարձից հետո հայր Անատոլին մահանում է՝ հանգիստ, իր նեղ սենյակում, իր պատրաստած դագաղի մեջ պառկած:

Թվում էր՝ քրիստոնեական արժեքների, ապաշխարության, մեղքի և հատուցման, այլոց և սեփական եսի նկատմամբ ներողամտության, Աստծո և հոգու գոյության մասին պատմող այս ֆիլմը պետք է դառնար ուղղափառ եկեղեցու գովասանքի առարկան, սակայն այս դեպքում ևս կարծիքները հակասական էին: Բանն այն է, որ ֆիլմը պատմում է սրբության բոլորովին այլ ընկալման մասին: Այստեղ սուրբը այլմոլորակային, անմեղ էակ չէ, այլ մարդ, որ գիտի ճշմարտությունն իր մասին, ճանաչում է իր մեղքերը և դեպի Աստված գնում է ապաշխարության ճանապարհով:

Սա ֆիլմ է սովորոկան հրաշքների մասին, որ տեղի են ունենում մարդկանց կյանքերում՝ պարզ, աննկատ, տրամաբանական: Սա ֆիլմ է կրոնի մասին, ճիշտ այնպիսին, ինչպիսին այն պետք է լինի՝ մարդու ու Աստծո հարաբերություններում:

Պատրաստեց Սոնա Մարտիրոսյանը