Տևական ժամանակ է արդեն կինոոլորտի մասնագիտական շրջանակներում տեղի են ունենում  քննարկումներ՝  «Հայֆիլմ» ստուդիայի  (Աշտարակի խճուղի 30) վերականգնման, շենքի վերակառուցման, վերազինման և գործարկման խնդիրների շուրջ: Զուգահեռ այս քննարկումներին, ոլորտի գիտակները բարձրացրեցին նաև հայկական կինոժառանգությունը կործանումից փրկելու  հարցը (հայկական ֆիլմերի պահպանությունը (կինոֆոնդի) անմխիթար  վիճակում է)։

Հաշվի առնելով բարձրացված խնդիրների կարևորությունը, kinoashkharh.am-ը հարցում  անցկացրեց կինոգործիչների  շրջանում․ փրկել «Հայֆիլմի»  շենքը, թե՞ «Հայֆիլմ»-ում ստեղծված կինոժառանգությունը։

Հարություն Խաչատրյան, ռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր

-Սխալ է հարցնել ո՞րն է առաջնային, որովհետև երկուսն էլ անհրաժեշտ են, պարզապես պիտի արագ կողմնորոշվել: Այն, որ պիտի զբաղվել արխիվների թվայնացմամբ, միանշանակ է: Այդ ֆիլմերը մեծ հարստություն են, որ հիմա չեն գնահատվում: Դրանց վերականգնումն ու պահպանումը պիտի այս պահին առաջնային լինի, որ կորուստներ չունենանք, ինչպես ժամանակին եղավ «Հայֆիլմի»  դեպքում, որն այսօր վերականգնելը տասն անգամ ավելի դժվար է դարձել, քան առաջ: Լուրջ կամք ու մշակութային քաղաքականություն է պետք՝ դրանով զբաղվելու համար:  Միշտ ասել եմ՝ կինոն փոքր երկրների համար որպես լուրջ ստրատեգիական գործիք կարելի է օգտագործել: «Հայֆիլմը»  վերականգնելու գումար այսօր չկա, բայց ճանապարհներ կարելի է գտնել: Օրինակ, կարելի է այդ տարածքը ազատ տնտեսական գոտի դարձնել: Այսպես պետությունը ոչինչ չի կորցնում, պարզապես մեկ օրենք է ստեղծում, և ողջ գումարը գալիս է դրսից: Այլևս պետք չի լինի նոր բան հորինել, թե ինչպե՞ս գրավենք դրսի մարդկանց: Իմանալով «Հայֆիլմի» այդ ահռելի տարածքի ազատ տնտեսական գոտի դառնալու մասին՝ նրանք իրենք կգան և կստեղծեն տարբեր գրասենյակներ, տեխնիկական միջոցներ,  տաղավարներ և այլն՝ ելնելով հարկերից ազատված լինելու հանգամանքից:  Կարծում եմ՝ այսպես արդեն կինոարվեստում էլ կլինեն զարգացումներ:

Րաֆֆի Մովսիսյան, կինոքննադատ, ՀՀ Մշակույթի նախարարի խորհրդական

-Հարցը ժամանակակից կինոյի օրակարգից չի բխում ռազմավարության և ընդհանուր առաջխաղացման իմաստով: Եթե շենքը դիտարկենք որպես մի կառույց, որը որևէ ֆունկցիոնալ նշանակություն չի ունենալու, բնականաբար, պատասխանն ակնհայտ է: Բայց «Հայֆիլմ»-ում կան բավականին լավ տարածքներ, տաղավարներ, որոնք եթե ինչ-որ մեկը մեր երկրում ցանկանա զրոյից կառուցել, բավական թանկ կարժենան: Այդ տաղավարներն այսօր էլ բավական բարձր մակարդակի են, նույնիսկ համապատասխանում են եվրոպական ստանդարտներին, որովհետև դրանք կառուցելիս հաշվի են առել ժամանակի մի շարք մասնագիտական փորձառություններ: Ուստի չեմ կարծում՝ կլինի որևէ հանձնաժողով կամ պետական օղակ, որ կհամաձայնի կինոյի ժառանգության հաշվին ստեղծել ֆունկցիոնալ նշանակություն չունեցող շենք: Նաև չմոռանանք, որ «Հայֆիլմի»  տարածքը երբևէ չի դիտարկվել որևէ այլ նպատակով, քան կինոյին ծառայելու: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հրահանգ է տվել, որ «Հայֆիլմի»  տարածքը շարունակվի օգտագործվել հենց այն նպատակով, ինչ նպատակով, որ ստեղծվել է: Հետևաբար ժառանգության պահպանություն, թե՞ «Հայֆիլմի»  շենքի վերակառուցում հարցերը ուղղակիորեն բխում են մեկը մյուսից, և առանց մեկը մյուսի ամբողջական չեն լինի: Դրանց մեջ ընտրություն չպետք է անել:

Մելիք Կարապետյան, պրոդյուսեր, GAIFF Pro հարթակի ղեկավար

-Բացահայտ է, որ պետությունը երբեք չի կարողանալու «Հայֆիլմի» շենքը աշխատեցնել որպես պետական ստուդիա: Հետո մինչև շենքը վերանորոգենք, արդեն ողջ կինոֆոնդը կոչնչանա: Բայց «Հայֆիլմի»  շենքի անտեսումն էլ սխալ է: Ուղղակի կառույցն այնքան է թալանվել, որ հիմա, իրոք լուրջ խնդիր է՝ ինչպես վերաօգտագործել այդ տարածքը:

Ինչ վերաբերում է ֆիլմերի վերականգնմանը, դա լրիվ առանձին խնդիր է: ԽՄ տարիներից ժառանգություն մնացած  այդ կինոֆոնդն ամբողջությամբ պետական սեփականություն է և պիտի պետական հոգածության ու խնամքի տակ լինի: Խնդիրն ինքս բարձրացրել ու քննարկել եմ դեռ 2002-ից: Վերաբերմունքը պետք է լինի այնպես, ինչպես, ասենք, կլիներ Մատենադարանի ձեռագրերի դեպքում, որովհետև կինոֆոնդն էլ մշակութային ժառանգություն է: Առավել ևս ժապավենների պահպանությունը հատուկ խնամք ու պայմաններ են պահանջում: Անգամ թվայնացումից հետո պահպանման հարցը լուծելն է դժվար, որովհետև դեռ հայտնի չէ թվայնացված կինոները որքան երկար է հնարավոր պահել:

Կինոարխիվում լուրջ խնդիրներ ունենք. ֆիլմերը լավ չեն պահվում, անգամ միջազգային փորձաքննություն է պետք՝ հասկանալու համար դրանց ինչքա՞ն կյանք է մնացել: Հետո, երբ խոսում ենք պահպանության մասին, ժառանգության հիմնական մասի նեգատիվները Մոսկվայում են, որտեղից թույլ չեն տալիս դրանք դուրս բերել, իսկ թվայնացման ու վերականգնման աշխատանքների համար էլ մեծ գումարներ են պահանջում մեզանից: Այնպես որ, ես չեմ կարող Ձեր հարցին միանշանակ այո կամ ոչ պատասխանել:

Իննա Սահակյան, վավերագրող  ռեժիսոր, պրոդյուսեր 

-Առավել կարևոր եմ համարում կինոֆոնդի պահպանումը, որովհետև որքան էլ «Հայֆիլմի»  տարածքը կարևոր է, այնուամենայնիվ, դա միայն շինություն է, իսկ պատմությունն ու արժեքները ստեղծված ֆիլմերի մեջ են: Ու դրանք հաստատ չարժե կորցնել: Քանի որ այս խնդրին խորությամբ ծանոթ չեմ, կարող եմ ուղղակի ցանկություն հայտնել, որ, օրինակ՝ հնարավորության դեպքում կինոֆոնդի թվայնացմանը զուգահեռ մի որոշ մասով վերակառուցվի նաև «Հայֆիլմի»  շենքը: Բայց այդ գումարային ներդրումը պիտի արվի մի պայմանով, որ  տեխնիկապես համալրված, թարմացած «Հայֆիլմի»   տարածքը անհատույց տրամադրվի Ազգային կինոկենտրոնի կողմից աջակցված նախագծերի իրականացմանը:

Արա Շիրինյան, ռեժիսոր, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

-Կինոարտադրությունը շենքը չէ, այլ մարդիկ և մյուս ռեսուրսները, որոնց մեջ, անշուշտ, մտնում է նաև կինոֆոնդը, որն, իհարկե, ներկայիս արտադրության հետ անմիջական կապ չունի, բայց մեր ժառանգությունն է, ուստի ունի առաջնահերթ պահպանության կարիք: Միայն թե պիտի ուսումնասիրել, հասկանալ՝ ինչ վիճակում է այժմ գտնվում կինոֆոնդը, որքանո՞վ է դրան վտանգ սպառնում: Ամեն դեպքում թվայնացումը կաշխուժացնի արտադրությունը, որովհետև եթե արխիվացրած նյութը հասանելի լինի արդեն նոր որակով, դրանով իսկ ժամանակակից ֆիլմարտադրության բնագավառում կխթանի նոր գաղափարների ի հայտ գալուն: Ի վերջո, առաջնային է փրկել կինոֆոնդի ժառանգությունը, որովհետև կարևորը բովանդակությունն է, ոչ թե շենքը:

Կարեն Ավետիսյան, կինոքննադատ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար

-Ողջունում եմ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության անդամների մեծ ցանկությունը և սրտառուչ ճիգերը, սակայն մնում եմ համոզված, որ ներկայիս հայ կինոյի խորքային ու առաջնային խնդիրները կապված չեն «Հայֆիլմի»  հետ։ Մանավանդ, եթե խոսենք հեղինակային կինոյի մասին, ապա արդեն երկար ժամանակ է, ինչ կինոաշխարհը ստուդիական կախվածությունից դուրս է եկել՝ գտնելով բազմաթիվ այլընտրանքային հարթակներ ու ձևաչափեր, օգտագործելով ստեղծարար հայեցակարգեր եւ բազմապիսի լուծումներ։ Կինոյի խնդիրը համալիր է ՝ մի քանի տարրերից բաղկացած՝ կրթական, օրենսդիր, մշակութաբանական և այլն։ Մեծ ստուդիայի գոյությունը կարող է լինել միայն ցանկալի վրադիր գործոն, բայց, ցավոք, ոչ փրկարար ու առանցքային։ Այսինքն՝ լավ ֆիլմերի գոյության քանակը դրանից դժվար թե աճի։ «Հայֆիլմի»  հանդեպ մեր վերադարձի բաղձանքը ավելի զգացողական մակարդակի վրա է, քան պրագմատիկ, և «Հայֆիլմի»  վերածնունդը բնավ ուղիղ համեմատական չէ հայ կինոյի վերածննդին։ Ինչ-խոսք ցանկալի է , բայց ոչ օրհասական և շրջադարձային։ Իսկ ժառանգության պահպանումը գուցե շրջադարձային չէ, բայց ցավոք ու միանշանակ ունի օրհասական առաջնահերթություն:

Հասմիկ Հովհաննիսյան, պրոդյուսեր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն

-Երկու խնդիրն էլ առաջնային կարևորության են, բայց ինձ համար, որպես պետական խնդիր, առաջին տեղում կինոժառանգության վերականգնումը, պահպանումն ու թվայնացումն է, որտեղ էլ պետք է ուղղվեն հնարավոր բոլոր միջոցները, որ այդ ժառանգությունից ոչինչ չկորչի: Ինչ վերաբերում է «Հայֆիլմի»  վերականգնման հարցին, այն լինելով պետության խնդիր, չպիտի իրականացվի պետության կողմից: Ամենաճիշտ լուծումն այն կլինի, որ այդ տարածքը երկարաժամկետ վարձակալության տրվի ինչ-որ մասնավոր սեկտորի, ինչքան էլ որ արդեն մեկ  անգամ անհաջող փորձ ունեցել ենք: Մենք արդեն կինոարտադրությունում այն իրավիճակում չենք, որ խոսենք պետության կողմից շահագործվող ստուդիայի մասին: Այնպես որ, այս երկու  կարևոր հարցերից մեկի դեպքում պետությունն ուղղակի պիտի ճիշտ լուծում գտնի և մասնավորին ներգրավի աշխատանքի մեջ, իսկ մյուսի պարագայում անպայման պիտի լինի հիմնական պետական ստրատեգիա:

Վահրամ Մարտիրոսյան, գրող, սցենարիստ

-Որպես սցենարիստ ես չեմ կարող հարցից այնքան տեղյակ լինել, որքան, ասենք, ռեժիսորներն ու պրոդյուսերները, բայց կարծում եմ՝ կինոժառանգության թվայնացումն ու պահպանումն առավել կարևոր են: Մենք դեռևս այն ծավալի կինոարտադրություն չունենք, որ շենքը դառնա առաջնային և ավելի անհրաժեշտ լինի, քան թվայնացումն ու պահպանումը, որի դեպքում հապաղումը կարող է թանկ արժենալ:

 

Արմինե Անդա, պրոդյուսեր, գրող, դերասանուհի

-Ավելի կարևոր է կինոժառանգությունը:

 

 

 

 

Սեդա Գրիգորյան, վավերագրող ռեժիսոր

– Երկու պարագայում էլ խնդիրների լուծումը կարևոր հրամայական է ոլորտի համար։ Ես մեծ ցավով տեղեկացա, որ Տերյան 2 շենքը (կառուցվել էր 1928թ-ին՝ քաղաքի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով՝ որպես «Հայկինոյի» կինոտաղավար: Այդ հասցեում էր գտնվում նաև 1923 թ․կառավարության որոշմամբ  ստեղծված «Պետկինո» կազմակերպությունը, որը հետագայում դարձավ «Հայֆիլմ» կինոստուդիա) քանդվել է: Այդ ժամանակ ես  սովորում էի արտերկրում։  Լոնդոնի Իլինգ թաղամասը, որը ոչ միայն հայտնի էր նրանով, որ այնտեղ է գտնվում ու գործում Անգլիայի ամենահին կինոստուդիան, այլ նաև կարևոր ավանդույթներով, օրինակ՝ մտնում ես փաբ ( ստուդիայի մասնաշենք էր եղել նախկինում),  տեսնում  պատերին փակցված լուսանկարներ, որոնք այցելուներին ծանոթացնում են այն տարիների կյանքին։

Մեզ մոտ թե՛ կինոստուդիայի շենքը քանդվեց, թե՛ Աֆրիկյանների պանդոկը, որը կինոստուդիայի գործիչների ժամանացի վայրն  էր եղել նախորդ դարի առաջին կեսին։ Շատ ցավալի էր այս կորուստը։ Ցավալի ու ցավոտ է նաև «Հայֆիլմի»   այսօրվա վիճակը՝ ամայացած ստուդիաներով, քանդված, փոշու տակ մնացած արխիվներով, անտերության մատնված ժառանգությամբ։ Եթե հրատապության տեսանկյունից նայենք, իհարկե, ժառանգությունը վերականգնելն ամենաառաջնահերթ հարցն է, քանի որ օրեցօր էլ ավելի են վնասվում տարիներով սարսափելի պայմաններում գտնված ժապավենները։ Դրանց վերականգնումն ու պահպանումն էլ, իր հերթին, համապատասխան պայմանների ապահովում է ենթադրում, հետևաբար «Հայֆիլմի»  վերականգնումն ու վերազինումը զուգահեռ գործընթաց պիտի լինի, առնվազն՝ արխիվի մասով։ Այնպես որ, առաջնահերթ կարևորություն ունի ժառանգության պահպանումը, վերականգնումը, պատշաճ ու պրոֆեսիոնալ թվայնացումն ու տարածումը, մինչ տեխնիկապես կվերազինվեն «Հայֆիլմի»  արխիվն ու ստուդիաները։

Գագիկ Ղազարէ, կինոռեժիսոր, «Մեկ կադր»  փառատոնի հիմնադիր

-Այս շրջանում գործերի բերումով ավելի հաճախակի եղա «Հայֆիլմ»-ում, և խորը ցավով  փաստում եմ, որ ստուդիայի շենքի  ներկայիս անմխիթար պատկերը խորհրդանշում է մեր կինեմատոգրաֆի ավերված վիճակը: Բայց և դժվար է միանշանակ ասել, թե որն է առաջնայինը։  Այն կինոգործիչների  համար, որոնք որևէ ձևով հասցրել են առնչվել «Հայֆիլմի»  հետ, նրանց համար այդ շենքը կարևոր է: Եթե պետությունը որոշի աջակցել, երկու դեպքում էլ ահռելի գումարների մասին է խոսքը: Բայց մինչև գումարին հասնելը պետությունը նախ պիտի ճշտի իր վերաբերմունքը կինոյի հանդեպ, իր պատկերացումները կինոյի մասին, ի՞նչ ձևով պիտի կազմակերպվի կինոարտադրությունն իր բոլոր բաղադրիչներով՝ սկսած կրթությունից մինչև վերջնական արտադրություն և արտադրության համար հնարավորությունների ստեղծում: Հարցը հենց այս ամբողջականության մեջ պետք է դիտարկվի: Այսօր շատ ավելի լուրջ է ոչ միայն շենքի վերականգնման կամ կինոժառանգության վերականգնման հարցը, այլ ամբողջ համակարգի բարձիթողի վիճակը:  Ամեն դեպքում, եթե նախընտրության հարց լինի, կինոժառանգության պահպանումն ավելի կարևոր է անշուշտ:

Պատրաստեց Արփի Խաչատրյանը