96 տարեկանում կայնքից հեռացել է իտալացի ռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Ֆրանկո Ձեֆիրելլին (իսկական անունը` Ջանֆրանկո Կորսի)։ Այս մասին հայտնում է BBC  -ին։  Ֆրանկո Ձեֆիրելլին մահացել է երկարտև հիվանդությունից հետո, որը վերջին երկու ամիսներին ավելի էր սաստկացել։ Երկակի օսկարակիր Ձեֆիրելլին երկու շրջան ծառայել է Իտալիայի Սենատում՝ Սիլվիո Բեռլուսկոնիի  Forza Italia կուսակցությունից։

Ֆրանկո Ձեֆիրելլին  ծնվել է Ֆլորենցիայում 1923 թ. փետրվարի 12-ին: Սկզբում դաստիարակվել է հորաքրոջ մոտ, այնուհետև հայրը նրան հանձնել է իր օգնական, անգլուհի Մերի Օ’Նիլի խնամքին: 1941 թ. Ձեֆիրելլին ավարտել է Գեղեցիկ արվեստների ակադեմիան և հոր խորհրդով ընդունվել Ֆլորենցիայի համալսարան` ուսումնասիրելու կերպարվեստ և ճարտարապետություն:

1943 թ. նա թողել է ուսումը, որպեսզի միանա նացիստ նվաճողների դեմ կռվող պարտիզանական ջոկատներին: Պատերազմից հետո Ձեֆիրելլին տեղափոխվում է Հռոմ և դառնում թատերական նկարիչ ու դերասան: 1947 թ. ծանոթանում է թատրոնի և կինոյի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի հետ, որն էլ բացում է նրա առջև մասնագիտության դռները: Ձեֆիրելլին դեր է ստանում նրա «Ոճիր և պատիժ» (ըստ Դոստոևսկու վեպի) ֆիլմում, իսկ 1949-1952 թթ. նկարիչ և ասիստենտ է  աշխատում  «Հողը դողում է», «Ամենագեղեցիկը» և «Զգացմունք» ֆիլմերում:

Ձեֆիրելլին դեկորացիաներ և զգեստներ էր ստեղծում Վիսկոնտիի բերմադրած տարբեր ներկայացումների համար, այդ թվում Թեննեսի Ուիլյամսի «Ցանկություն տրամվայը», և Չեխովի «Երեք քույրը»: Վերջինիս ձևավորումը Ձեֆիրելլիին հայտնի դարձրեց ամբողջ աշխարոհւմ, և «Լա Սկալան» նրան հրավիրեց ստեղծելու Ռոսինիի «Մոխրոտիկի» դեկորացիաները: Ձեֆիրելլին համաձայնեց մի պայմանով, որ իրեն վստահեն նաև ռեժիսուրան: Պայմանը կատարվեց, և ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ:

1950-ական թթ. Ձեֆիրելլին ամենահայտնի օպերային ռեժիսորներից էր: 1953 թ. «Մոխրոտիկի» ներկայացման շլացուցիչ հաջողության շնորհիվ նա մտավ հանրահայտ օպերային ռեժիսորների շարքը:  Այնուհետև բեմադրեց Ռոսինիի»Թուրքը Իտալիայում” օպերան «Լա Սկալայում», «Գյուղական պատիվը», «Պայացները», «Լյուչիա դե Լամերմուրը»  Լոնդոնի Քովենտ-Գարդենում, «Տոսկան» և «Նորման» Փարիզում, Մարիա Կալլասի մասնակցությամբ:

1960-ական թթ. Ձեֆիրելլին զբաղված էր Լոնդոնում և Նյու Յորքում պիեսների բեմադրմամբ («Օթելլո», «Համլետ», «Ֆալստաֆ»), բայց շուտով  իսպառ նվիրվեց կինեմատոգրաֆին:

Խիստ վավերագրականությունը, դարաշրջանի վերաստեղծման ճշգրտությունը` բոլոր մանրամասներով, տրամադրության խորությունն ու հավատարմությունը, ներշնչող զգացմունքայնությունը հնարավորություն են տվել ռեժիսորին 1965 թ. էկրանավորելու Ջակոմո Պուչինիի «Բոհեմը»` առանց դույզն-ինչ փոփոխության: Ֆիլմը միաժամանակ ցուցադրվել է Նյու Յորքի 57 կինոթատրոններում և ուրիշ քաղաքների 350 դահլիճներում: 1967 թ. նա նկարահանեց «Անսանձի սանձահարումը»` գլխավոր դերը տալով Էլիզաբեթ Թեյլորին:

1968 թ. ռեժիսորը էկրան բարձրացրեց Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը»:  Այս ժապավենը «Օսկարի» երկու մրցանակ նվաճեց, «Ոսկե գլոբուսի»` երեք մրցանակ:

1972 թ. Ձեֆիրելլին ֆիլմ նկարեց Սուրբ Ֆրանցիսկ Ասիզացու մասին` «Եղբայր Արև, քույր Լուսին», 1977 թ. «Հիսուս Նազովրեցի» սերիալը: 1981 թ. նա ԱՄՆ-ում նկարեց «Հավերժական սերը», որը  դեբյուտային դարձավ դերասան Թոմ Կրուզի համար:

1980-ական թթ. Ձեֆիրելլին  միանգամից մի քանի հեռուստատեսային ֆիլմ-օպերաներ բեմադրեց` «Գյուղական պատիվը», «Պայացները», «Տրավիատան», «Օթելլոն»: 1988 թ. էկրան բարձրացավ «Երիտասարդ Տոսկանինին», իսկ 1990 թ. Ձեֆիրելլին վերադարձավ  Շեքսպիրին և էկրանավորեց «Համլետը»:

1993 թ. էկրան բարձրացավ Ձեֆիրելլիի «Ճնճղուկ» ֆիլմը, որ Ջովաննի Վերգայի վեպի էկրանավորումն էր: 1995 թ. Ձեֆիրելլին անդրադարձավ Շառլոտա Բրոնտեի ստեղծագործությանը` «Ջեյն Էյրին»` ստեղծելով այդ վեպի լավագույն կինովարկածներից մեկը:

2002 թ.  էկրան բարձրացավ Ֆրանկո Ձեֆիրելլիի  «Ընդմիշտ Կալլաս» ֆիլմը, որում ականավոր հույն երգչուհու դերը կատարում է Ֆաննի Արդանը:

Վարպետի հագեցած ստեղծագործական կյանքի հետագա տարիները կապված են նաև Ռուսաստանի հետ: 2003 թ. Ռուսասատանի պետական ակադեմիական մեծ թատրոնի բեմին կայացան Ֆրանկո Ձեֆիրելլիի բեմադրած «Տրավիատա» օպերայի հյուրախաղերը: 2004 թ. Մոսկվայում` Պուշկինի անվան թանգարան-ինստիտուտում ներկայացվեց նրա գեղարվեսատական աշխատանքների ցուցահանդեսը: 2005 թ. Ձեֆիրելլին Մոսկվայի օպերետտայի թատրոնի բեմին ռուս հանդիսատեսին  ներկայացրեց Վերդիի «Աիդա» օպերան: 2007 թ. Մոսկվայում` Կրեմլի համագումարների պալատում ռեժիսորը բեմադրեց Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերան: Վերջապես, 2008 թ, Ձեֆիրելլին նորից ժամանեց Մոսկվա` իր ինքնակենսագրության ռուսերեն հրատարակության շնորհանդեսին: Ֆրանկո Ձեֆիրելլին ոչ միայն ստեղծագործական պարգևներ է ստացել, այլև պետական տիտղոսներ. 2004 թ. նոյեմբերին նա պաշտոնապես ստացավ  Բրիտանական կայսրության  շքանշանակիր ասպետի տիտղոս, որը շնորհել է նրան Անգլիայի թագուհին լոնդոնյան բեմերում բազմաթիվ թատերական ներկայացումների համար: Իտալացի ռեժիսորը` որպես մշակույթի ականավոր գործիչ,  առաջիններից մեկն է, որոնք ստացել են Ռուսաստանի նախագահի և Իտալիայի վարչապետի համատեղ պարգևը:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը


Հասմիկ Հովհաննիսյան․Մեծ ու փոքր արկածներով  եզրափակեցինք փառատոնը

Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում այս տարի կազմակերպվեցին բացօթյա ցուցադրություններ, իրականացվեց կրթական ծրագիր, ներկայացվեցին բազմաժանր ու բազմաբովանդակ կինոնկարներ...

|14 Հուլիս 2019,23:34