Այս տարի առաջին անգամ Կաննի կինոփառատոնի 72-ամյա պատմության մեջ գլխավոր մրցանակի արժանացավ  կորեացի ռեժիսոր Բոնգ Ջուն-Հոյի ֆիլմը, որին Կաննի հանդիսատեսը ծանոթ է դեռևս նախորդ տարիներին ներկայացված գործերից: Մասնավորապես անցյալ տարի Բոն Ջուն-Հոն ներկայացրեց «Օկջա» ֆիլմը, որը լայն քննարկումների առիթ դարձավ, քանի որ մինչ ցուցադրությունն արդեն գնվել էր Netflix-ի կողմից: Չնայած բոլոր քննադատություններին,  հանդիսատեսը ֆիլմն ընդունեց  ծափողջույններով։ Բարձր էր նաև ֆիլմի դիտումների թիվը Netflix-ում: 

2019 թ. ռեժիսորը Կանն էր ժամանել իր նոր` «Մակաբույծներ» ֆիլմով, որը ժամանակակից Հարավային Կորեայի դասակարգային աստիճանահամակարգի երկու տարբեր ծայրերում գտնվող մարդկանց պատմություն է: Այն պատմում է ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքի մասին, որոնց որդին առաջարկ է ստանում դառնալ մի հարուստ ընտանիքի դեռահաս աղջկա անգլերենի ուսուցիչը: Դրա համար ընդամենը հարկավոր է բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ կեղծել, ինչը շատ հեշտ է. տղայի քույրը հրաշալի տիրապետում է Photoshop-ին: Շուտով նույն տանն աշխատանքի է անցնում նաև տղայի քույրը, իսկ հետո` հայրն ու մայրը: Բնականաբար խարդախությունն ու սուտը ուղեկցում են ողջ գործընթացը, և ընտանիքի անդամները ջանք չեն խնայում հնարավորինս սրամիտ քողարկելու դրանք:

Ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմերը, «Մակաբույծները» ևս դժվար է տեղավորել ընդամենը մեկ ժանրային բնորոշման սահմաններում. այն ներառում է կատակերգության, ողբերգության, կրիմինալ դրամայի տարրեր, և իհարկե չի սահմանափակվում դրանցով: Միանշանակ չի նաև ֆիլմի վերնագրի ընտրությունը: Թեև դրանից դատելով կարելի է սպասել Անդրեյ Զվյագինցևի «Ելենան»  հիշեցնող կինոնկար։ Բոն Ջուն-Հոյի ֆիլմում մենք հանդիպում ենք հավակնոտ ու աշխատասեր մարդկանց: Նրանք ցանկանում են սովորել ու բարեկեցիկ ապագա ունենալ, ագահ չեն ու պատրաստ են բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները: Այլ խնդիր է, թե ինչպես ձեռք բերել այս պարտականությունները, և ամենակարևորը՝ ինչպես պահել արժանապատվությունը:

Իրադարձությունների գլխապտույտ զարգացմանը, ապշանքին ու սև հումորին հավասար, գուցե անգամ ավելի ուշադրության է արժանի ընտանիքի կոնցեպտի ներկայացումը: «Մակաբույծների» ընտանիքը միասնական է և «նվագում» է բեռլինյան ֆիլհարմոնիկի նման պրոֆեսիոնալ ու հարմոնիկ: Չկան տեսարաններ, որտեղ հերոսները վիճում են, նրանք ունեն մեկ ընդհանուր նպատակ․ այն ընտանիքի բարեկեցությունն է: Ընտանեկան բարոյականության կոնցեպտին համապատասխան է ներկայացված նաև աշխատատու ընտանիքը. առաջին հայացքից քաղաքակիրթ մարդիկ, որոնց միակ արատը թաքնված մեծամտությունն է և արհամարհանքը  մյուսների  նկատմամբ:

Եվ արդեն վերջում, երբ փորձում ես ամփոփել, թե ինչի մասին էր երկու ժամանոց ֆիլմը, պարզ է դառնում․ողջ արտահայտչահամակարգային կատարելության, գույների ու տպավորությունների հետևում թաքնված է պարզ սոցիալական դրամա, որն ուղղակի դրդում է մտածել անհավասարության և անարդարության մասին։

Եվ պարզագույն հարց․ ո՞վ է այս ամենի մեղավորը:

Սոնա Կարապողոսյան

Կանն-Երևան, 2019