«Կնքահայրը» ոչ միայն գանգստերական ֆիլմերի դասական նմուշներից է, այլեւ՝ իսկական տղամարդկային կինո։ 1972 թվականին նկարահանված Ֆրենսիս ֆորդ Կոպոլայի կուլտային դարձած քրեական դրաման Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա է էկրանավորվել։   Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում «Կնքահայրը» գտնվում է երկրորդ տեղում՝ զիջելով 1941 թվականին նկարահանված  «Քաղաքացի Քեյնը» ամերիկյան կուլտ-ֆիլմին (ռեժիսոր եւ գլխավոր դերասան Օրսոն Ուելս

 Ուշագրավ փաստեր այն մասին, թե՞ ինչպես Paramount Pictures-ը ոչ մի կերպ չէր ցանկանում լեգենդար ֆիլմում տեսնել Ալ Պաչինոյին և Մառլոն Բրանդոյին։

Ալ Պաչինո-Մայքլ Կառլեոնե․ Իմ բախտը բերեց

«Ես հնարավոր բոլոր միջոցներով փորձել եմ կրկնօրինակել Մառլոն Բրանդոյին, բայց հասկացա դա միայն երբ մեծացա։ Դու մշտապես գտնվում ես մարդկանց ազդեցության տակ՝ մասնագիտության բերումով, որքան ճանաչում ենք միմյանց, որքան ազդում ենք իրար վրա, այնքան փորձում ենք հասկանալ եւ  վերլուծել մեր համատեղ աշխատանքը։ Դու աճում ես ոչ թե միայնակ, այլ՝ ուրիշ մարդկանց հետ միասին։ Երբ երիտասարդ էի ես չմտածված շատ դերերից էի հրաժարվում։ Երիտասարդ էի, սխալվում է։ Անգամ  «Կնքահայրը» ֆիլմում  ես ամենեիին չէի ցանկանում խաղալ եւ կլինեմ անկեղծ՝ ես անգամ չէի պատկերացնում ինչպե՞ս դա անել։ Իհարկե դա մեծ հաջողություն էր խաղալ նման ֆիլմում, բայց ես կարծում էի՝ ինձ չեն վերցնի, կամ էլ՝ հետո կվռնդեն։ Ինձ ոչ ոք չէր ցանկանում վերցնել այդ դերի համար՝ բացի Կոպոլայից, ես կարծում էի՝ նա  մի քիչ խենթ է, նա միայն ինձ էր տեսնում այս դերի համար։ Անգամ ես էի նրան ասում՝ ի՞նչ ես անում Ֆրենսիս, դու հրաշալի տղա ես, բայց ոչ ոք ինձ չի ցանկանում տեսնել այս դերում, ես ինքս էլ չգիտեմ ո՞նց խաղամ այս դերը։ Ինձ թվում էր Կոպոլան կկորցնի աշխատանքը իմ պատճառով։ Պրոդյուսերները նրան հարցնում էին՝ ո՞վ է այս տղան, ի՞նչ ես դու գտել նրա մեջ, իսկ Ֆրենսիսն  ինձ տեսել էր ներկայացման մեջ։ Իհարկե իմ բախտը շատ բերեց Կոպոլան մեծ կինոռեժիսոր է»։

Մառլոն Բրանդո-Դոն Կառլեոնե

Թեեւ Մառլոն Բրանդոն Ալ Պաչինոյի պես անհայտ դերասան չէր, հակառակը՝ նա իսկական գերաստղ էր ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլեւ՝ Եվրոպայում, բայց այնուամենայնիվ, Paramount Pictures-ը Մառլոն Բրանդոյին նույնպես չէր տեսնում Դոն Կառլեոնեի դերում։ Բանն այն է, որ Մառլոն Բրանդոն հայտնի էր որպես սկանդալային դերասան, այս դեպքում  նույնպես ի պատիվ Կոպոլայի, ռեժիսորի կարծիքը հաղթում է պրոդյուսերների ցանկությանը։ Կոպոլան բացի Բրանդոյից որեւէ մեկին չէր տեսնում այդ դերի համար, թեեւ կինոընկերությունը մոտ տաս դերասան էր բերել փորձնական քասթինքի։ Կինոընկերության այն ժամանակվա տնօրենը պարզապես բղավում էր՝ «Քանի ես տնօրեն եմ Բրանդոն չի խաղալու այս ֆիլմում»։  Հետո Կոպոլայի առջեւ պայման դրվեց՝ Բրանդոն կամ բոլորի պես մասնակցում է քասթինգի, կամ՝ չի խաղում։ Բոլորը գիտեին, որ գերաստղը երբեք չէր մասնակցում քասթինգների։ Կոպոլան օգտագործեց իր ողջ հնարամտությունը։ Նա տեսախցիկով պարզապես այցելեց դերասանի տուն։ Դուռը թակեց, դռների մեջ հայտնվեց Բրանդոն՝ տարօրինակ կիմանոյով․«Սա ի՞նչ է, իմ քասթի՞նգը»,- զարմացավ դերասանը։ «Ահա»,-պատասխանեց Կոպոլան․ «Ուղղակի ծխիր, մի քանի դեմք ընդունիր ու վերջ»։ «Դու երեւի կատակում ես»,-ավելի զարմացավ Բրանդոն։ Սակայն ամեն ինչ բարեհաջող անցավ, Դոն Կառլեոնեն գտնվե՛ց։

Մառլոն Բրանդոն, ինքն է իր կերպարի հեղինակը: Բրանդոն Վիտո Կոռլեոնեի կերպարը այսպես է ստացել՝  նա նկարել է մատիտով իր բեղերը, ապա անձեռոցիկ դրել բերանում՝ երկու կողմերում, իսկ մեծ փորի տպավորություն թողելու համար էլի շորեր է  հագել, եւ կանգնելով հայելու առաջ՝ ասել է՝  սա այն է, ինչ հարկավոր է:  Դերը փայլուն էր, «Օսկար», հանդիսատեսի բուռն եւ սիրառատ ընդունելություն այդ ամենը եղավ, սակայն Բրանդոն չներկայացավ ստանալու լավագույն դերասան անվանակարգում արժանացած իր արձանիկը։

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա․ Կինոն կախարդանք է

Մինչ  «Կնքահայրը» ֆիլմը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան արդեն նկարահանել էր որոշ հաջողված ֆիլմեր («Դու արդեն մեծ տղա ես», «Անձրեւի մարդիկ»),  եւ անգամ արժանացել Օսկարի «Պատոն»  ֆիլմի սցենարի համար։ Սակայն Կոպոլայի գլխավոր ձեռքբերումը կարիերայում դարձավ «Կնքահայրը» ֆիլմը։ Ի դեպ ռեժիսորը սկզբնական շրջանում ամենեւին չի ցանկացել նկարահանել գանգստերական ֆիլմ։ Հետագայում Կոպոլան այսպես կհիշի նկարահանման օրերը․

«Կնքահայրը»  սկզբում բավական չգնահատված  ֆիլմ  էր։ Ստուդիային դուր չէր գալիս իմ քասթինգը, իմ նկարահանման ոճը, մշտապես սպառնալիք կար, որ ինձ կհեռացնեն։ Մի խոսքով իսկական դժոխք էր, ես մշտապես սթրեսի մեջ էի»։

Յուրաքանչյուր դժվարություն տանելի է, երբ մարդը սիրահարված է իր աշխատանքին, Կոպոլան այդ երջանիկներից մեկն է, որ կինոն համարում է կախարդանք․ «Ես կարծում եմ, որ կինոթատրոնները, կինոն եւ կախարդանքը սերտորեն կապված են միմյանց հետ։ Ամենառաջին մարդիկ, ովքեր կինո էին ստեղծում հրաշագործներ էին։ 60-ականներին կար միայն չորս կինոռեժիսոր, որ ազդեցին բոլոր նրանց վրա, ովքեր եկան հետո՝ ֆելինի, Կուրոսավա, Բերգման, Կուբրիկ»,-հարցազրույցներից մեկում ասել է Կոպոլան։

Ռոբերդ Դե Նիրո-երիտասարդ Դոն Կառլեոնե․ Կոպոլային հեշտ է հավատալ

1972 թվականին Paramount Pictures-ը նախաձեռնեց նկարահանել «Կնքահայրը-2» ֆիլմը, ընդ որում ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, Կոպոլան ընդամենը 3 ամիս ժամանակ ուներ, որպեսզի գրեր սցենարը։ Ֆիլմի այս մասը պետք է պատմեր երիտասարդ Վիտո Կառլեոնեի մասին։ Կոպոլան, իհարկե, ցանկանում էր, որպեսզի Մառլոն Բրանդոն շպարի միջոցով երիտասարդանա եւ ինքը խաղա երիտասարդ Վիտո Կառլեոնեին, սակայն Բրանդոն չէր կիսում Կոպոլայի խանդավառությունը այս հարցում, նա չէր ցանկանում շպարի միջոցով  երիտասարդանալ, այս փաստը նրան շատ դաժան մի բան էր թվում, այն էլ այն դեպքում, երբ Բրանդոյին թվում էր, թե Paramount Pictures-ը բավական քիչ հոնորար է իրեն տվել առաջին ֆիլմի համար։ Իր հերթին Paramount Pictures-ը չէր ուզում գործ ունենալ սկանդալային Բրանդոյի հետ, նրանք լավ էին հիշում, թե ինչպես Բրանդոն չէր շարժվում նախապես գրված սցենարով, եթե պրոդյուսերներին թվում էր թե դա մեծամտության արդյունք է ապա՝ դերասանը կարծում էր, որ անգիր արած սցենարը միշտ խանգարում է կենդանի տեքստին եւ իմպրովիզին։ Իսկ «Օսկարի» արարողակարգի ժամանակ Բրանդոն իր արձանիկը ստանալու համար ոուղարկել էր հնդկացի մի դերասանուհու, որ բեմում բավական խիստ ճառ կարդաց՝  սպիտակների կողմից ամերիկայի հնդկացիներին ճնշելու մասին։ Ինչեւէ, սկանդալային Բրանդոն կինոընկերությանը ձեռք չէր տալիս։ Այսպիսով, երիտասարդ Վիտո Կառլեոնեի դերի համար մեկ ուրիշ դերասան էր հարկավոր։ Կոպոլան արդեն նայել էր «Չար փողոցներ» ֆիլմը եւ հիացել ոչ այդքան ֆիլմուվ, որքան՝ Դե Նիրոյի խաղով նաեւ զարմանալ, թե որքան նման է Դե Նիրոն Բրանդոյին։

«Ես չէի ցանկանում իմիտացիա անել, սակայն ես շատ էի ցանկանում, որ կինոդիտողը հավատա, որ ես հենց նույն մարդն եմ երիտասարդ ժամանակ։ Ռեժիսորը չէր ճնշում ինձ, ես հավատում էի նրան, առհասարակ հեշտ է հավատալ Կոպոլային։  Ես ցանկանում էի լինել այն տղան, որ ծեր ժամանակ դառնալու է «կնքահայր»։  Ես ժամերով նայում էի Բրանդոյի հետ տեսաձայնագրությունները, որոնում ժեստեր, հայացքներ։ Սկզբում ինձ թվում էր մենք չափն անցնում ենք, բայց վատ չստացվեց»։

Մրցանակները

«Կնքահայրը»  ֆիլմը 24  տարբեր կինոմրցանակներ է ստացել։ 1973 թվական՝ Օսկար լավագույն ֆիլմի համար, Օսկար՝ լավագույն դերասանի համար (Մառլոն Բրանդո), Օսկար՝ լավագույն հարմարեցված սցենար (Մարիո Պյուզո, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա):

1973 թ․ «Ոսկե Գլոբուսի» հաղթող անվանակարգեր

Լավագույն ֆիլմ դրամա

Լավագույն դերասան (Մառլոն Բրանդո)

Լավագույն ռեժիսոր (Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա)

Լավագույն ֆիլի գամար գրված երաժշտություն (Նինո Ռոտա)

«Կնքահայրը 2» ֆիլմ ներկայացվել և արժանացել է բազում մրցանակների։

 1975 թվական – ֆիլմը «Օսկար» մրցանակի է արժանացել հետևյալ անվանակարգերում

Երկրորդ պլանի լավագույն դերասան (Ռոբերտ Դե Նիրո)։

Բեմադրող ռեժիսորի լավագույն աշխատանք, դեկորացիաների նկարչի (Ձին Թավուլարիս, Անջելո Փ. Գրեհեմ և Ջորջ Ռ. Նելսոն)։
Լավագույն երաժշտություն, օրիգինալ դրամատիկ գնահատական (Նինո Ռոտա եւ Կարմինե  Կոպոլա):

Լավագույն ֆիլմ (Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Գրեյ Ֆրեդերիկսոն եւ Ֆրեդ Ռուս)։

Լավագույն ադապտացված սցենար (Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա եւ Մարիո Պյուզո)։

 Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը


Հրանտ Վարդանյան․ Ինձ համար ամենակարևոր հանդիսատեսը հենց ինքը՝ Փելեշյանն է

Աստիճաններով 2-րդ հարկ՝ «Արև» ֆիլմ-ստուդիա. շագանակագույն կաշեպատ դուռը բացվում է, ներսում՝ մոնտաժի սեղանի առջև,  նստած է կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը։  Համակարգչի...