Կաննի 72-րդ կինոփառատոնի հիմանական մրցույթային ծրագրի 21 ֆիլմերից թերևս միայն մեկի ռեժիսորից կարելի էր սպասել, որ ներկա չի գտնվի ո՛չ կարմիր գորգին, ո՛չ ցուցադրությանը, ո՛չ էլ մամուլի ասուլիսին։ Բայց դա բնավ էլ չի նվազեցնի հետաքրքրությունը ֆիլմի նկատմամբ. նրա ներկայությունից արդեն սպասելիքներ չկան, բայց նրա ֆիլմերին սպասում են միշտ։

Միշտ, բայց ոչ՝ բոլորը, քանի որ  այդ նույն  բոլորը միաձայն գնահատում են Մալիքի առաջին աշխատանքները , մասնավորապես՝ «Ամայի հողերը» (Badlands 1973) կամ «Հունձի հողերը» (Days Of Heaven, 1978), սակայն, հետո կինոաշխարհը կորցրեց նրան ոչ ավել ոչ պակաս՝ 20 տարով։ Ու, չնայած 98-ի  նրա վերադարձը պատերազմական «Բարակ կարմիր թելով» (The Thin Red Line)  բերեց օսկարներ, իսկ «Կենաց ծառը»  (The Tree Of Life)՝ «Ոսկե արմավենու ճյուղ», այնուամենայնիվ երկրորդ կամ գուցե երկրորդ և երրորդ շրջանների Մալիքի ֆիլմերը «պառակտեցին»  նրա կինոյի մասին կարծիքները երկու իրարամերժ բևեռների։

Մասնավորապես՝  «Կենաց ծառը» ամեն հնարավոր պարգև ու ակնածանքից զատ դարձավ ապոգեյը մալիքյան հավակնորդության, ինչը և ամենից շատն է վանում մալիքատյաց հանրությանը։ Այդ մասնագետներին ու կինոսիրողներին կարելի է հասկանալ, քանի որ Մալիքի ամբիցիաները իրոք տիեզերական են, իսկ սյուժեն կամ կերպարների զարգացումը՝ երբեմն մակերեսային, հաճախ հեղհեղուկ, էնիգտամիկ, դե իսկ պրետենցիոզ գիգանտոմանիան կինոյում, ինպես գիտենք՝ պատժելի է։ Մյուս կողմից՝ պատժելի կարելի է համարել նաև այն իրողությունը, երբ այսպես ասած՝ «մեծ թեմաները» դարձել են ժամանակակից ռեժիսորների համար այնքան դժվարամատույց  մարտահրավերներ, որ ավելի հաճախ տեսնում ենք ինքնահայեցման կամ նեղ թեմատիկ ուսումնասիրման քողի տակ խուսանավողների, քան աշխարհամփոփ «ձեռնոցը» որսացողների կամ գոնե որսալ փորձողների։

«Թաքնված կյանքը» ամերիկյան կինոյի մեծ վարպետի տասներորդ ռեժիսորական աշխատանքն է, որի նկարահանումները տևել են մի քանի տարի։ Կինոնկարը հիմնված է իրական պատմության վրա, որի հերոսը ավստրացի Ֆրանց Եգերշտետերն է, որը 1943-ին հրաժարվում է մարտնչել նացիստական բանակում՝  խաղաղասիրական սկզբունքներից ելնելով։ Ամուսնու այդ  որոշմանը սատարում է նաև կինը՝ մեն-մենակ ուսերին վերցնելով     մի ամբողջ ագարակի և բամազավակ ընտանիքի հոգսը։

Ֆիլմը մի կողմից՝ համապատասխանում է Մալիքի այն նույն կասկածելի հավակնոտությանը, էպիկականությանը և ամենակուլ ռոմանտիզմին, նկարահանված է բավականին հնաոճ սենտիմենտալությամբ, դերասանական արցունքաբեր միզանսցեներով, իր համար ձեռագրային պատմողի պաթետիկ կադրից դուրս խոսքով ու երաժշտական մանիպուլյատիվ ձևավորմամբ՝ նամակագրական-վեպ ռետրո ենթաժանրով։ Բայց արի ու տես, որ Մալիքը դրա հետ մեկտեղ վերջապես ներկայացնում է պարզ ու հաջորդական նարատիվ (պատումային) և արդեն ոչ մեկին չզարմացնող ֆորմայի պերֆեկցիոնիզմը համեմում է հավիտենական ու միևնույն ժամանակ խիստ արդիական ասելիքով, հստակ հորդորով ու անքննելի պատգամով՝ ավելացնելով ևս մեկ էպիկական դրամա,  հակապատերազմական ֆիլմերի ոսկեձույլ պանթեոնում։ Երկնաքեր ու  բարձրագոչ մանիֆեստի ներքո ֆիլմն ունի խիստ անձնական, ինտիմ, լռակյաց ու խորունկ՝ գրեթե ձեն-բուդդայական շերտ։

Հենց այդպիսին էլ թվում է ինքը՝ Մալիքը․ երկու տասնամյակ անհետացած ու մինչ օրս էլ առանձնացած գրեթե ճգնավորի կյանք վարող Տեխասի արվարձաններում,  իր Էգոն ծածանելով ու փողփողացնելով բացառապես ֆիլմերում, իսկ կյանքում՝ երևան չգալով գորգին կամ ծափողջյուններով լի պրեմիերային՝ մերժելով սեփական անձի փառաբանման դափնիները։

Մալիքը այս առումով նման է իր հերոսին՝ Ֆրանցին, ով իրական կյանքում վաղուց արդեն հերոսացած ու անգամ հռոմեա-կաթոլիկ եղեղեցում սրբադասված  է , բայց ֆիլմում ներկայացվում է ոչ թե կանխավ գիտակից հերոս, այլ որպես շարքային մի մարդ, որը հանկարծ որոշում է ասել «ոչ», որը որոշում է բոլորի նման չնստել մթին թունելի ուղղությամբ սլացող բազմամարդ գնացքը, որոշում է շարժվել ոչ թե ժամանակի, այլ խղճի թելադրանքով։ Ի դեպ հենց «Խղճի թելադրանքով» (Hacksaw Ridge) Մել Գիբսոնի ֆիլմը կարելի է համարել «Թաքնված կյանքի» խորթ եղբայրը, որտեղ նույնպես հակապատերազմական, կրոնական և խաղաղասիրական ֆիլմ-պատգամ էր։ Եվ ինչպես Գիբսոնը, Արանոֆսկին, Սկորսեզեն, Մալիքը նույնպես տարանջատում է կրոնն ու հավատքը, հավատքը փառաբանելով, իսկ կրոնը՝ խնդրականացնելով։ Չնայած ուլտրաաջական գաղափարների ակտիվացման համատեքստում ֆիլմը կարող է թվալ միմիայն այժմեական հորդոր Եվրոպային, ռեժիսորի խոսքով այն արված է որպես «նամակ սպիտակ աղավնու կտուցում»։

Ու թեև դահլիճից դուրս գալուց  գիտակցում ես, որ ասելիքը կրկին ավելի քիչ էր, քան մասշտաբի ձգտումը, միևնույնն է, ցանկություն է առաջանում հետ վերադառնալ ու ծափահարել մեկին, որը մոլորակի ծանրության տակ ճկվածների կողքին փորձում է գրկել այն։

Կարեն Ավետիսյան

Կանն-Երևան, 2019


Երկրպագում․Ֆաբրիս դու Վելզ

Լոկառնոյի փառատոնի հանդիսատեսը տեղավորվել էր հրապարակի սև ու դեղին աթոռների վրա, ու շունչը պահած սպասում էր փակման ֆիլմի սկսվելուն: Չորս...

, |18 Սեպտեմբեր 2019,18:09