Չինաստանում հունիսի 15-24-ը կայանալիք  Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոնի օրերին տեղի կունենա  «Սուսերով պարը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Միաժամանակ ֆիլմն ընդգրկված է «Միջազգային համայնապատկեր» մրցութային ծրագրում։ Կինոնկարի ռեժիսորը և սցենարի հեղինանկն է  Յուսուփ Ռազիկովը։  «Սուսերով պարը» ներկայացնում է  հայտնի կոմպոզիտոր Արամ Խարատրյանի հայտնի «Սուսերով պարի» ստեղծման պատմությունը, որը կոմպոզիտորը գրել է ընդամենը ութ ժամում։ Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1942 թվականին Մոլոտով (Պերմ)  քաղաքում։

«Ես մանկուց հետաքրքրվում էի Արամ Խաչատրյանի ստեղծագործական գործունեությամբ։ Նրա գործերում կան անհավատալի ուժ, հզորություն և  մեծություն։ «Սուսերով պարը» աշխարհում ամենահաճախ կատարվող ստեղծագործությունն է, որը յուրօրինակ  էր 20-րդ դարի համար ոչ միայն իր հայտնիությամբ, նաև բովանդակությամբ։ Մենք ուրախ ենք, որ նաև չին հանդիսատեսը հնարավորություն կունենա գնահատել մեր աշխատանքը և ընկղմվել բալետի և երաժշտության աշխարհ։ Չին հանդիսատեսն  ինձ համար առեղծված է, շատ հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքեն ֆիլին։ Հեղինակի ստեղծագործելու վրա պետության ազդեցության թեման այս ֆիլմի կենտրոնում է։  Այդ հարցը միշտ և հիմա էլ արդիական է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Չինաստանում։ Այս ֆիլմը փորձ է հասկանալու փայլուն ստեղծագործության ծնունդն արվեստագետների և պետության միջև բարդ հարաբերությունների պայմաններում»,- ասել է Յ. Ռազիկովը։

Գլխավոր դերակատարն է  Համբարձում Կաբանյանը։ Ֆիլմը նկարահանվել է  Ռուսաստանում և Հայաստանում, այդ թվում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Խոր Վիրապ վանական համալիրում։ «Գայանե» բալետի երաժշտության համար Արամ Խաչատրյանը արժանացել է Ստալինյան մրցանակի:

Հ․Գ․«Սուսերով պարը» ֆիլմը ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից։