Սենեգալական կինոն միշտ կապված է եղել սոցիալական ռեալիզմի ուղղության և ուղղակի ու անուղղակի մեթոդներով փորձել է խոսել երկրում տիրող աղքատության, գաղթի, հետգաղութային դժվարությունների և հոգեբանական ազատագրման մասին: Օսմանե Սեմբենեի, Դջիբրիլ Դիոպ Մամբեթիի ֆիլմերը ստացել են միջազգային ճանաչում` ցուցադրվելով տարբեր միջազգային փառատոններում, իսկ Դիոպ Մամբեթիի «Թուկի Բուկին» (1973), որը գլուխգործոց է համարվում, արժանացել է կինոքննադատների գլխավոր մրցանակի Կաննում: 

Այս տարի` մոտ կես դար անց, սենեգալական ֆիլմ է ընդգրկված Կաննի փառատոնի հիմնական մրցութային ծրագրում: «Ատլանտիկը» երիտասարդ ռեժիսոր Մաթի Դիոպի առաջին լիամետրաժն է, որը ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում: Նա հայտնի Դջիբրիլ Դիոպ Մամբեթիի զարմուհին է և առաջին սևամորթ կինը, որի ֆիլմը Կաննի հիմնական ծրագրում է:

Ֆիլմը սկսում է որպես սոցիալական դրամա. շինհրապարակում  աշխատող բանվորները պահանջում են իրենց աշխատավարձը՝ լցված անարդարության բարկությամբ: Մինչդեռ ֆիլմի գլխավոր  հերոսուհին` Ադան է, որը սիրահարված է բանվոր երիտասարդներից մեկին` Սուլեյմանին: Վերջինիս հանկարծակի անհետացումից հետո Ադայի ընտանիքը դրդում է նրան ամուսնանալ Օմարի հետ, որը հարուստ ընտանիքից է և ունակ է բարեկեցիկ ապագա ապահովել իր ընտանիքի համար: Բայց նշանդարության երեկոյի ժամանակ նորապսակների ննջասենյակի անկողինը սկսում է վառվել` լարելով գործողությունների ընթացքը: Առեղծվածն ավելի է ընդլայնվում, երբ Ադայի ընկերուհիներից մեկը հայտնում է, որ տեսել է Սուլեյմանին:

Մոգական ռեալիզմի տարրերով հագեցած և սիրային պատմության շղարշի տակ թաքնված ֆիլմը քննադատություն է ուղղված Սենեգալի նահապետական կարգերին: Այն մատնանշում է ծայրահեղ բևեռացվածությունը հասարակության ներսում, որն արտահայտվում է թե՛ աշխարհընկալման և թե՛ բանկային հաշվի պարունակության մեջ: Ունենալով բոլոր անհրաժեշտ նախադրյալները դառնալ սոցիալական դրամա` «Ատլանտիկը» ներկայանում է որպես սյուրռեալիստական հեքիաթ, որտեղ սիրեցյալներն անդրաշխարհյա ճանապարհորդություններ են ձեռնարկում` վերջին անգամ միմյանց հանդիպելու, իսկ ջինները միջամտում են տեղացիների առօրյային` հաստատելու արդարություն: Ռեժիսորին հաջողվում է էկրանից այս կողմ փոխանցել ոչ միայն կախարդանքի շունչը, այլ նաև ծովի հոտն ու շնչահեղձ անող շոգը:

«Ատլանտիկ» Մաթի Դիոպի կարճամետրաժ վավերագրական ֆիլմի (2009),  լիամետրաժ խաղարկային ադապտացիան է, որը պատկերում էր երկու սենեգալցի երիտասարդների, որոնք նավով կտրում են ծովը` նոր կյանք գտնելու Եվրոպայում: Ռեժիսորը պնդում է, որ լիամետրաժ ֆիլմով փորձել է ներկայացնել նախորդ պատմության հակառակ կողմը, ցույց տալ, թե ինչ է լինում «այս ճակատում»: Դիոպին անհանգստացնում է, որ համաշխարհային մեդիան գաղթականության խնդիրը ներկայացնում է միակողմանի և ցանկանում է իր ֆիլմով այլընտրանքային տեսակետ տրամադրել:

Սոնա Կարապողոսյան

Կանն-Երևան, 2019


Երկրպագում․Ֆաբրիս դու Վելզ

Լոկառնոյի փառատոնի հանդիսատեսը տեղավորվել էր հրապարակի սև ու դեղին աթոռների վրա, ու շունչը պահած սպասում էր փակման ֆիլմի սկսվելուն: Չորս...

, |18 Սեպտեմբեր 2019,18:09