Ֆրանսիայում, և ընդհանրապես Արևմտյան Եվրոպայում թափ առնող աջակողմյան շարժումները, օտարատյացության և ռասսայական խտրականության դրսևորումների մասին ահազանգերն ամենուր են: Ֆրանսիայի դրությունը թերևս ամենից շատ քննարկվածներից է` հաշվի առնելով Շառլի Հեբդոյի դիպվածը և այլն: Ֆրանսիայի քաղաքացիներն անվտանգ չեն զգում իրենց իսկ թաղամասում, իսկ գաղթականները շատ հաճախ չեն ցանկանում իրենց երեխաներին ուղարկել սովորելու այնպիսի դպրոցներ, որտեղ գերակշռում են հենց գաղթականները:

Փարիզում բևեռացումն ավելի ծայրահեղ է. բնակիչները պայմանականորեն բաժանում են քաղաքը երկու մասին` արևմուտք և հարավ, որտեղ համեմատաբար անվտանգ է և ապրելը նախընտրելի է, և հյուսիս ու արևելք, որտեղից խորհուրդ է տրվում խուսափել: Այս ամենն իր արտացոլումն է գտնում նաև ժամանակակից կինոյում: Վերջերս աղմուկ հանած ֆիլմերից կարող ենք հիշել «Դանիայի որդին» ֆիլմը, որը ցուցադրվեց Բեռլինի և Ռոտերդամի փառատոնների ժամանակ և ցնցեց գրեթե բոլորին:

Ունենալով այս խնդիրը ետնաբեմում` հատկապես կարևոր է Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթում ընդգրված «Թշվառները» ֆիլմը, որի գործողությունները տեղի են ունենում Մոնֆերմոյլում` Ֆրանսիայի մեծ պոետ Վիկտոր Հյուգոյի համանուն վեպի հայտնի թաղամասում: Ու թեև ֆիլմի և վեպի միջև դիպաշարային նմանություններ չկան, ֆիլմի հերոսները նույնքան դժբախտ են ու թշվառ, ինչպես Հյուգոյի կերպարները երկու հարյուր տարի առաջ: Գուցե անգամ ավելի…

«Թշվառները» ֆիլմը պատմում է Փարիզի քաղաքացիական ոստիկանության երեք աշխատակիցների մասին է, որոնք շրջում են Մոնֆերմոյլում` հետևելու բնակիչների անվտանգության պահմանմանն ու կասեցնելու հանցագործությունները: Նրանք լի են արհամարհանքով, չարաշահում են իրենց դիրքը` տարատեսակ ոտնձգությունների ենթարկելով տեղի աղջիկներին, դեռահասներին: Գործողությունների ընթացքը սկսում է սրընթաց զարգանալ, երբ տեղի կրկեսի գնչուն հայտնում է, որ գողացվել է նորածին առյուծի ձագը և դրանում մեղադրում է տեղի սևամորթ դեռահաս տղաներից մեկին: Ոստիկանությունը սկսում է որոնման աշխատանքներն առանց անգամ կարծելու, որ երեխայի հետ միասին պայքարի է դուրս գալու ողջ թաղամասը:

«Թշվառները» ֆիլմ է օտարատյացության և վրեժի մասին: Այստեղ հերոսների նախապաշարումները միմյանց նկատմամբ ավելի խորն են, քան սառը դատելու կարողությունը, այստեղ առյուծի կյանքն ավելին արժե, քան երեխայինը, այստեղ դեմ դիմաց են կանգնում վախն ու արժանապատվությունը, այստեղ ատելության շրջանակը ընդմիշտ կողպվել է ու իրականացել է Գանդիի ամենասարսափելի կանխագուշակությունը. «վրեժը կուրացրել է բոլորին»: Ֆիլմը սպանում է լավատեսության ցանկացած նշույլ և տանում է այն մտքին, որ արհամարհանքն ու անհանդուրժողականությունը անվերջ են:

Իսկ վերջին հարվածը, որն անկախ ռեժիսորի կամքից ապացուցելու է գալիս Լաջ Լիի թեզը, արդեն էկրանի այս կողմից ենք  ստանում. երբ ֆիլմի հերոսներից մեկը Ղուրանից մի հատված է ցիտում, յոթհարյուր հոգանոց դահլիճը լիաթոք հռհռում է` կարծելով, թե սցենարիստի հաջողված կատակն էր: Այսինքն այն, ինչ աշխարհի մի կեսի համար ծիծաղելի է,  մյուս կեսի կյանքի օրենքներն է նախանշում:

Հանդիսատեսից և ոչ մեկը փոխըմբռնման փորձ չի անելու:

Սոնա Կարապողոսյան

Կանն-Երևան,2019