Երբ ասում ենք Կանն, հասկանում ենք կինո, բայց ոչ միայն կինո: Հավանաբար, յուրաքանչյուր ոք, որ երբևէ եղել է աշխարհի գլխավոր կինոփառատոնում, կարող է հիշել զվարճալի որևէ դրվագ կամ տարօրինակ մի պատահար: Մենք հավաքել ենք դրանցից մի քանիսը. արդեն վաղուց պատմություն են այն պահերը, երբ…

Երբ առանց կոշկակրունկի` կանանց թույլ չէին տալիս մասնակցել ցուցադրության

2015 թվականին Կաննում սկանդալ բռնկեց տուֆլիների պատճառով.  մի քանի տիկնայք, որ ուզում էին ներկա լինել «Քերոլ» ֆիլմի ցուցադրությանը, չկարողացան հայտնվել կարմիր ուղեգորգի վրա: Նրանց կանգնեցրին պահապանները. և ամեն ինչ այն պատճառով, որ կանայք հարթ ներբանով կոշիկ էին հագել: Ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ տիկնանցից մեկը եղել է ճտքակոշիկով, իսկ մյուսը՝ սանդալներով: Կաննի փառատոնի տնօրեն Թիերրի Ֆրեմոն այդ միջադեպը համարեց «պահապաններից մեկի ավելորդ եռանդի արդյունք», սակայն սկանդալը շատ աղմուկ բարձրացրեց. 2016 թվականին Ջուլիա Ռոբերտսը նույնիսկ ի նշան բողոքի կարմիր ուղեգորգով անցավ ոտաբոբիկ:

Երբ կարմիր ուղեգորգի վրա արգելեցին սելֆի անել

2015-ին փառատոնի տնօրեն Թիերրի Ֆրեմոն արգելեց սելֆի անել, երբ ոտք են դնում Կաննի կարմիր ուղեգորգի վրա: «Երբ դուք սելֆի եք անում, դուք ավելի նողկալի եք թվում, քան երբեք»,- հայտարարեց նա, բայց վերապահություն արեց, որ ինքն իրեն լուսանկարելն արգելված չէ, սակայն հույժ անցանկալի է:

Սելֆիի սիրահարները, ըստ նրա, կարմիր ուղեգորգի վրա «շշի բերանի» էֆեկտ են առաջացնում լուսանկարիչների առջև դուրս գալիս:

Երբ Ժան-Կլոդ Վան Դամմը կռվեց Դոլֆ Լունդգրենի հետ

Սակայն դա իսկական կռիվ չէր: 1992 թվականին մարտաֆիլմերի աստղերը ժամանեցին Կանն, որպեսզի ներկայացնեն «Ունիվերսալ զինվոր» ֆիլմը: Այդ ժամանակ մամուլում լուրեր էին տարածված, թե նկարահանումների ընթացքում Վան Դամմի և Լունդգրենի հարաբերությունները չափազանց լարված են եղել, և կարմիր ուղեգորգի վրա, հենց սանդուղքի մոտ դերասաններն իրոք տուրուդմբոց սարքեցին, որն հայտնվեց բոլոր լրատվամիջոցներում: Սակայն կռիվը պարզվեց կատակ էր: «Մենք մինչ այդ խմել էինք, և Ժան-Կլոդը, որ ավելի մեծ շոումեն է, քան ես, առաջարկեց դա անել»,- հետո հիշում էր Լունդգրենը:

Երբ Կաննում մի քանի կողոպուտներ եղան

2013 թվականը Կաննում եղավ հանցագործությունների տարի: Երկուսը միանգամայն շարքային են, թեպետև խոշոր. նախ հյուրանոցներից մեկի պատից տեղահան արեցին սեյֆը 1 մլն. դոլարի թանկարժեք իրերով, հետո հանցագործները խաբեությամբ ստիպեցին մեկ ուրիշ հյուրանոցի պահապաններին իրենց հանձնել De Grisogono մանյակը 2,6 մլն. դոլար արժողությամբ: Իսկ հետո տարօրինակ բան կատարվեց. այն պահին, երբ ժյուրիի անդամներ Քրիստոֆ Վալցը և Դանիել Օտեյը հարցազրույց էին տալիս ֆրանսիական հեռուստաալիքին, Կրուազետտի առափնյակում մի տղամարդ հայտնվեց կասկածելի առարկայով, որ նման էր զենքի: Հետո հնչեց կրակոց հիշեցնող ձայն:

Ժամանած ոստիկանությունը ցրեց ամբոխը բղավելով՝ «Փախեք, նա ատրճանակով է»: Ոստիկանությունը ձերբակալեց ենթադրյալ հանցագործին: Ոչ ոք չտուժեց, իսկ հաղորդման նկարահանումները շարունակվեցին:

Երբ փառատոնային ֆիլմը հանդիսատեսին հասցրեց ուշաթափության

2002 թվականին թողարկվեց Գասպար Նոէի «Անշրջելիություն» ֆիլմը Մոնիկա Բելուչչիի և իր այն ժամանակվա ամուսին Վենսան Կասսելի մասնակցությամբ: Կինոնկարում նկարահանվել էր Ֆրանսիայի ամենագեղեցիկ զույգը, բայց պրեմիերային եկած հանդիսատեսներին ֆիլմը ոչ թե հիացրեց, այլ սարսափի մատնեց. «Անշրջելիությունը» պարզվեց դրամա է, որը կարող է նայել միայն շատ ամուր նյարդեր ունեցող մարդը: Միմյանց հաջորդող դաժան տեսարանները, ներառյալ 10 րոպեանոց բռնաբարության դրվագը, հարուցեցին հանրության զայրույթը: Նրանցից մեկը նույնիսկ ուշագնաց եղավ: Սկանդալը ռեժիսորի օգտին աշխատեց. Թուրքիայում և Հունաստանում, օրինակ, «Անշրջելիությունը» հանրաճանաչությամբ առաջ անցավ նույնիսկ բոլորի կողմից սիրված Ժան-Պիեռ Ժենեի «Ամելիից»:

Երբ Մադոննան հանրության առջև դուրս եկավ բյուստգալտերով

Ավելացնենք, որ դա նշանավոր այն բյուստգալտերն էր կոնաձև թասիկներով, որ նրա համար հնարել էր Ժան-Պոլ Գոտիեն: Դրանով նա եկավ 1991 թվականին իր մասին նկարահանված «Ճշմարտություն կամ գործողություն. Մադոննայի հետ անկողնում» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը:

Բյուստգալտերից բացի, նրա հագին վարտիք էր և թիկնոց. ահա այսպես առանց ձևականության, սպիտակեղենով, դուրս գալ, մինչև Մադոննան ոչ ոք թույլ չէր տվել իրեն:

Երբ Բրիջիդ Բարդոն առաջինն աշխարհում ծովափ եկավ բիկինիով

Այո, անջատ լողազգեստի հանրաճանաչության համար կանայք պարտական են հենց Բրիջիդ Բարդոյին. 1953 թվականին առաջինը նա համարձակություն ունեցավ լողափ դուրս գալ բիկինիով: Նա ընդամենը 18 տարեկան էր, և նա հավանաբար չէր մտածում, որ այդ պահը կմտնի Կաննի փառատոնի, ինչպես և կանանց լողազգեստի պատմության մեջ: Սակայն փաստը մնում է փաստ. շնորհիվ ֆրանսիացի դերասանուհու բիկինի-լողազգեստ կրելը դարձավ և պատշաճ, և նորաձև:

Երբ Ժան-Լյուկ Գոդարի դեմքին խփեցին տորթով

Կինոքննադատները լինում են շատ դաժան. դա իր վրա զգաց Ժան-Լյուկ Գոդարը 1985 թվականին, երբ հանդիսականներից մեկին դուր չեկավ իր «Ողջունում եմ քեզ, Մարիա» կինոնկարը: Այդ հանդիսատեսը Նոէլ Գոդենն էր, «ակտիվիստ-հրուշակագործ», բելգիացի «հումորիստ-անարխիստ» և շոումեն, որ հայտնի էր կրեմով տորթեր շպրտելու սովորությամբ բոլոր նրանց երեսին, որոնցից նա դժգոհ էր: Նրա ձեռքից տանջվել են, ի թիվս այլոց, Նիկոլյա Սարկոզին, Բիլլ Գեյթսը և այլ հայտնի անձնավորություններ: Ժան-Լյուկ Գոդարը եղավ միակը, որ տորթով կատակը համարեց ոչ թե կոպիտ, այլ զվարճալի: Այն բանից հետո, երբ «նոր ալիքի» ռեժիսորը իմացավ, որ տորթի հետ կապված պատմության պատճառով բելգիացուն թույլ չեն տվել մուտք գործել փառատոն, Գոդարը անձամբ զանգահարեց կազմակերպիչներին և խնդրեց վերադարձնել հավատարմագիրը:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը