Երաժշտությունը կինոյում հայտնվել է ավելի շուտ, քան խոսքը: Համր կինոյում երաժշտությունն օգնում էր լրացնել «լսողական բովանդակության» բացը: Շարժանկարի հետ զուգորդվող զվարճալի մեղեդիները յուրահատուկ տրամադրություն էին ստեղծում և օգնում ավելի «դյուրամարս» դարձնել արվեստի այս անհայտ տեսակը:

Հատուկ կինոյի համար նախատեսված առաջին երաժշտությունը գրել է Շարլ-Կամիլ Սեն-Սանսը` 1908 թվականին: Այն նախատեսված էր «Հերցոգ Գիզի սպանությունը» ֆիլմի համար: 1950-ականներին արդեն կինոյում հայտնվեց օրիգինալ երաժշտությունը, որի առաքելությունը բոլորովին այլ էր: Երաժշտության այս տեսակի հիմնական գործառույթը ֆիլմի համար լավ գովազդի ապահովումն էր:

Առաջին կոմպոզիտորը, ով միանգամից «Էմմի» և երկու «Գրեմի» մրցանակների է արժանացել կինոերաժշտության համար, Հենրի Մանչինին է` «Պետեր Գան» հեռուստասերիալի երաժշտության համար,

իսկ կինոյի պատմության ամենավաճառված սաունդթրեքը, իհարկե, «Աստղային պատերազմների» հիմնական  երաժշտական թեման է, որի հեղինակը Ջոն Ուիլյամսն է:

Ի վերջո, ի՞նչ է երաժշտությունը կինոյի համար այսօր, երբ թվում է` ո’չ հատուկ էֆեկտների, ո’չ հիասքանչ կադրերի, ո’չ ներկայության պատրանքի, ո’չ ինտերակտիվության պակաս այլևս չկա կինոարտադրության մեջ: Թվում է` երաժշտության դերը կինոյում պետք  է ժամանակի ընթացքում երկրորդական դառնար, սակայն ակնհայտ է, որ դա այդպես չէ:

Երաժշտությունը` այսօր և միշտ, կինոյում ստեղծում է ամենակարևորը` մթնոլորտ: Երաժշտությունը ռեժիսորի ասելիքն է` պատկերից ու տեքստից զատ:

Kinoashkharh.am-ը այսօր երկու ժամանակակից ռեժիսորների օրինակով կփորձի պատմել կինոյում երաժշտության ընտրության առանձնահատկությունների մասին:

Բալաբանով. Իր ժամանակի հերոսին և ռուսական ռոքը էկրանավորողը

Ալեքսեյ Բալաբանովը ռուսական կինոյում հայտնվեց 1980-ականների վերջին` Աֆղանստանում խորհրդային զորքերի շարքում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո: Իր չափազանց կարճ կյանքի ընթացքում Բալաբանովը հասցրեց նկարահանել 19 ֆիլմ, որոնցից շատերը դարձան մի ողջ ժամանակաշրջանի վավերագրություն:

Բալաբանովը ժամանակակից ռուսական կինոյի ամենաազնիվ ռեժիսորներից է, ում ֆիլմերը յուրահատուկ խոստովանություն են: Դրանք, հիմնականում, պատմում են 90-ականների Ռուսաստանի, ավազակային բարքերի, հետխորհրդային ապատիայի և անկանոն անկախության մասին: Նրա «Եղբայր», «Եղբայր 2», «Պատերազմ» և «Բեռ 200» ֆիլմերը, որոնք անդրադառնում են մարդ-պետություն, իրավունք-ուժ, ճիշտ-սխալ շատ սովորական, առօրեական հարաբերություններին, դատապարտված էին ի սկզբանե: Անհավատալի փոքր բյուջեով, ոչ աստղային դերասանական կազմով, քաղաքական կոռեկտությամբ աչքի չընկնող այս խիստ սովորական ֆիլմ-պատումները, սակայն, միանգամից հայտնիություն բերեցին նրան: Դանիլա Բագրովի կերպարը կինոքննադատներն անվանեցին հետխորհրդային Ռուսաստանի «ամենաիրական հերոս»:

Բալաբանովի բոլոր ֆիլմերում հնչում է ռուսական ռոք երաժշտություն: Բալաբանովի ամենասիրելի ռոք խումբը Վյաչեսլավ Բուտուսովի Nautilus Pompilius-ն էր: Բալաբանովը ռոք խմբերի նկատմամբ իր սերը բացատրում էր խիստ կենցաղային մի շարք հանգամանքներով.

«Նախ դա լավ երաժշտություն է, հետո` նրանք բոլորն իմ ընկերներն են, և երրորդ` ուրիշ էլ ո՞վ կհամաձայներ երգել ֆիլմերում` առանց գումարի,- ասում էր նա ու ավելացնում,- երաժշտությունը կինոյի այն բաղադրիչն է, որի դեպքում շատ հաճախ ռեժիսորները վրիպում են: Ինձ թվում է` ես դեռևս երաժշտության հարցում երբեք չեմ վրիպել»:

Բալաբանովի ընտրությունը, սակայն, այսքան պարզ չէր: «Եղբայրը» ֆիլմի գլխավոր հերոս Դանիլա Բագրովը ներկայացնում է այն սերունդը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո ստիպված էր ձերբազատվել «կոլեկտիվ պատասխանատվության» ներմուծված արժեհամակարգից և հույսը դնել «անհատական պատասխանատվության» գաղափարի վրա: Բալաբանովը համարում էր, որ հենց 90-ականների սկզբին առանձին մարդկանց անհատական աճի անսպառ հնարավորություն տրվեց, սակայն շատերը չկարողացան հարմարվել «բացարձակ ազատությանը»:  Աշխարհի հետ առերեսման, ապագայի նկատմամբ սպասելիքների բացակայության, սեփական ինքնության փնտրտուքի, պետության կողմից չսահմանված ճշմարտությունների ձևակերպման անհատական խիզախման այս ճանապարը Բագրովի հետ կարող էր անցնել միայն այն երաժշտությունը, որն այդ ուղին արդեն իսկ անցել էր:

Ռուսական ռոքը  խորհրդային ժամանակաշրջանում բողոքի ու ազատության երաժշտական ձևակերպումն էր: Արվեստի այն ճյուղը, որի կենտրոնում պետական կոլեկտիվ քաղաքականության հիմնական թշնամին էր՝ անհատը:

Բալաբանովը «Եղբայրը» ֆիլմում օգտագործել է միայն Nautilus Pompilius խմբի երգերը, որոնք, կարծես, փոխարինելու են գալիս քչախոս հերոսի հիմնական տեքստերին: Այն ամենը, ինչ Դանիլան ապրում է լուռ՝ մարդկանց նկատմամբ հակասական վերաբերմունքը, դեռևս չձևավորված արժեհամակարգը, ամենուր ճշմարտություն փնտրելու երիտասարդական մաքսիմալիզմը երգվում են Բուտուսովի և նրա խմբի կողմից:

Ի վերջո, ուղղակի նշենք, որ հենց Բալաբանովի «Եղբայրը 2» ֆիլմ հայտնիություն բերեց այնպիսի լեգենդար ռոք խմբերի, ինչպիսիք են «Բի-2»-ն, «Օկիան Էլզին», «Աուկցիոնը», Յուլիա Չիչերինան և այլն:

Տեո Անգելոպոլուս. Երաժշտությունը՝ որպես սիրո խոստովանություն

«Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր, հույն ռեժիսոր Տեո Անգելոպոլուսը համաշխարհային կինոյի այն մեծերից է, ովքեր երբեք չեն դավաճանում իրենց սկզբունքներին, և այդ պատճառով էլ, հիմնականում, ճանաչվում են փառատոնային կինոյի սիրահարների կողմից:

Անգելոպոլուսի ֆիլմերը հարուստ են միստիկ, առասպելական  հղումներով, սիմվոլներով և նույնքան ժլատ են խոսքի առումով: Նրա չխոսկան հերոսները, ֆիլմից ֆիլմ կրկնվող կերպարները, կարծես, պատմում են աշխարհի ու ժամանակների ամբողջականության ու փոխազդեցության մասին: Նրա ֆիլմերում ամենատարածված սիմվոլը ծովն է, ամենից հաճախ հանդիպող իրավիճակը՝ պատերազմը,  ամենափնտրվող կերպարը՝ հայրը:

Տեքստի գրեթե ամբողջական բացառումը Տեոյի ֆիլմերն ազատում է տեղայնացումից ու դարձնում դրանք համամարդկային: Բացառություն են կազմում երկխոսությունները՝ միստիկ, անձնական, հաճախ՝ անմեկնելի:

Տեոյի ֆիլմերում կա մի կին, որ հանդիպում է տարբեր կերպերով, տարբեր տարիքներում ու գրեթե միշտ: Նրա ֆիլմերում հաճախ կտեսնեք կանացի կերպար, Էլենի անունով: Էլենին նրա բոլոր ֆիլմերում առաջին հայացքից երկրորդական կերպար է, կերպար, որ կարող էր անգամ անուն չունենալ: Սակայն Էլենիի անտեսանելի ներկայությունը զգալի է միշտ:

Տեո Անգելոպոլուսի գրեթե բոլոր ֆիլմերի համար երաժշտությունը գրել է միևնույն մարդը՝ կոմպոզիտոր Էլենի Կարաինդրոուն:  Նրա ամենահայտնի գործերից է «Արտասվող մարգագետին» եռապատման հիմնական երաժշտական թեման:

Էլենի Կարաինդրոուն 8 տարեկանում առաջին անգամ Աթենքում է տեսնում կինո և դաշնամուր: Լեռնային ավանում, որտեղ ծնվել էր աղջիկը, անգամ  էլեկտրաէներգիա չկար: Հետագայում հենց այս երկուսի համադրումը Էլենիին համաշխարհային հռչակ բերեցին:

Էլենիի առաջին համագործակցությունը ռեժիսոր Քրիստոֆորիս Քրիստոֆորուսի հետ ոչ միայն մրցանակ բերեց նրան Thessaloniki կինոփառատոնում, այլև դարձավ կյանքի ամենակարևոր ծանոթության սկիզբը: Այդ տարի կինոփառատոնի ժյուրին գլխավորում էր ռեժիսոր Տեո Անգելոպոլուսը: Դրանից հետո նրա կողմից ստեղծված բոլոր ֆիլմերը մեղեդու վերածում էր հենց Էլենին:

«Ինձ թվում է՝ մենք երկվորյակներ ենք: Այն ամենը, ինչ ես փորձում եմ ասել կինոյի միջոցով, Էլենին ասում է իր մեղեդու մեջ»,- ասում էր Տեոն:

Նրանց դուետը կինոքննադատները հաճախ համեմատում էին Ֆելինիի և Ռոթի հետ: Նման էր նաև նրանց աշխատաոճը.

«Ես սովորաբար երաժշտությունը գրում էի նկարահանումներից առաջ, բայց դրան նախորդում էր քննարկումների և զրույցների մի ողջ հավերժություն: Տեոն պատմում էր իր պատկերացումները, որոնք ես մեղեդի էի դարձնում: Շատ հաճախ նա խնդրում էր, որ ես նվագեմ նկարահանման հրապարակում: Դա ոգևորում էր նրան»,- պատմում է Էլենին:

Համատեղ ստեղծագործության ընթացքում Տեոն և Էլենին ստեղծել են 8 մեծագույն ֆիլմ, որոնցից մեկը՝ «Հավերժություն և ևս մեկ օր»-ը, Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»:

Ի դեպ, այս ֆիլմի մեղեդին կոչվում է «Ծովի մոտ»: Տեո Անգելոպոլուսը մահացել է 2012 թվականին, նկարահանման հրապարակում՝ իր «Ուրիշ ծովը» անավարտ ֆիլմի նկարահանման ժամանակ:

Պատրաստեց Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 


Հրանտ Վարդանյան․ Ինձ համար ամենակարևոր հանդիսատեսը հենց ինքը՝ Փելեշյանն է

Աստիճաններով 2-րդ հարկ՝ «Արև» ֆիլմ-ստուդիա. շագանակագույն կաշեպատ դուռը բացվում է, ներսում՝ մոնտաժի սեղանի առջև,  նստած է կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը։  Համակարգչի...