2018թ. Yves Saint Laurent   հագուստի տունը սկսեց SELF արտ-նախագիծը, որը համագործակցություն էր տան և արվեստի տարբեր ճյուղերում գործող հայտնի արվեստագետների հետ: Կինոն ներկայացնելու էր մեր օրերի ամենաէքսցենտրիկ ռեժիսորներից մեկը` արգենտինացի Գասպար Նոեն: Նրան հանձնարարվել էր 15 րոպեանոց գովազգային հոլովակ նկարել, որը սակայն, ստացվեց 50-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ և տեղ գտավ Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում:

Այս անգամ բոլոր դերասանները հավաքված են նկարահանումների հրապարակում, որտեղ հայտնի դերասանուհի Բեատրիս Դալը ռեժիսորական առաջին փորձն է անում: Նա հսկայական արխիվային նյութ է ուսումնասիրել միջնադարում վհուկներին խարույկի վրա այրելու մասին և հենց այդ մասին էլ պատրաստվում է կինո նկարել: Գլխավոր դերում լինելու է Շառլոտը, ում հետ նորաթուխ ռեժիսորը կիսում է իր մտքերը մահլերյան հանդարտ երաժշտության ներքո` ջերմացնող խարույկի կողքին նստած: Շուտով, կամերայի կտրուկ շարժումը կադր է ներս թողնում մյուս հերոսներին` անհանգստացած պրոդյուսերին, անդադար նյարդայնացող մոդելներին, օպերատորին, որ աշխատել է Գոդարի հետ, երիտասարդ, բայց արդեն ինքնասիրահարված ռեժիսորին, ով իր ապագա ֆիլմում ցանկանում է տեսնել Շառլոտին, տեղական ամսագրերից մեկի ձանձրացնող լրագրողին և այլն: Նրանց բոլորին իրարից ինչ որ բան է  հարկավոր, բայց մասերի բաժանված էկրանը բաժանում է նաև հերոսներին` թույլ չտալով հարաբերվել: Մյուս կողմից երկու կամ երեք մասի կիսված էկրանը ներկայացնում է պատմությունը, առանձին հերոսների տեսակետից` հնարավորություն տալով հանդիսատեսին ինքնուրույն ընտրել դիտանկյունը: Շուտով գույները, հերոսները և  դիտանկյունները խառնվում են իրար և սկսում է նոեական խրախճանքը, որտեղ դերասանները Իվ Սեն Լորան են կրում:

Գասպարը մեզ ներկայացնում է աթեիստ ռեժիսորի կինոավետարան, որտեղ բերված են կինոաստվածների` Ժան-Լյուկ Գոդարի, Ռայներ Վերներ Ֆասբինդերի, Պիեռ Պաոլո Պազոլինիի մեջբերումները: Առանջնորդվելով այս խորհուրդներով` Նոեն ստեղծում է հերթական էպիլեպսիկ ու պսիխոդելիկ դրաման, կուրացնում է հանդիսատեսին թունավոր նեոնով ու գլխապտույտ առաջացնում խելագար օպերատորական աշխատանքով: Գասպարի ֆիլմերը նման են կարուսելների, որոնք զվարճանք պարգևելու փոխարեն սրտխառնոց ու գլխապտույտ են առաջացնում: Յուրաքանչյուր նոր ֆիլմից առաջ հանդիսատեսը ինքնավստահ մուտք է գործում դահլիճ` կարծելով, որ պատրաստ է դիմակայել էկրանից ժայթքող ճնշմանը, որը ֆիլմի ընթացքում հասնելու է գրեթե տիեզերական պայթյունի: Բայց պայթյունը տեղի չի ունենում, իսկ հանդիսատեսը դուրս է շտապում դահլիճից  շնչահեղձ ու բորբոքված աչքերով:

Հետաքրքիր է նաև դիտարկել Նոեի ֆիլմը կինոփառատոնային ներկայիս զարգացումների ուղեծրում: Կաննի փառատոնը պաշտոնապես միացել է 50/50 20/20 շարժմանը, որի նպատակն է մինչև 2020թ. ունենալ կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածություն կինոարտադրությունում: Իսկ արգենտինացի ռեժիսորը նախընտրում է իր տեսակետը ներկայացնել ֆիլմում կանանց ներկայացվածության մասին. ըստ Նոեի, կանանց դիտարկում են որպես խարույկ բարձրացված վհուկների, որոնց, իրականում, դուր է գալիս այդ կարգավիճակը: Թեև նրանք ճչում ու օգնության են կանչում, ի վերջո, համակերպվում են և շարունակում իրենց վհուկային առօրյան:

Սոնա Կարապողոսյան

Կանն-Երևան, 2019