Երբ միավորվում են երկու  «դասական»  դարձած  «ծերուկ» արդյունքը պետք է լինի ոչ այլ ինչ՝ քան կինոշեդևր։ Եվ այսպես՝ Մել Գիպսոն եւ Շոն Պեն, երկու  երկուական Օսկարի արժանացած կինոդասականներ՝ նստած նստարանին խոսում են, թե որտեղի՞ց է ծագել  «խաչմերուկ» բառը․․․իրոք որտե՞ղ է  ուրիշ հնարավոր հանդիպել նման տեսարանի։

Սյուժե

Ֆիլմի Սյուժեի հիմքում իրական պատմություն է։ Գործողությունները տեղի են ունենում նախանցյալ դարի երկրորդ կեսերին։ Ջեյմս Մյուրեյը (Մել Գիպսոն) հանձն է առնում ստեղծելու Օքսֆորդյան անգլերեն բառարանի ստեղծման դժվարին աշխատանքը։ Գիտական աստիճան ունեցող աշխատակիցները սկզբում նրան դժկամությամբ են լսում, քանի որ Մյուրեյը չունի բարձրագույն կրթություն, անգամ դպրոցը չի ավարտել, սակայն  Մյուրեյի փաստարկները անդրդվելի են եւ նա անցնում է գործի։  Ռազմական վիրաբույժ Ուիլյամ Մայնորը (Շոն Պեն) սկսում է որպես կամավոր նամակագրական կապ հաստատել Մյուրեյի հետ եւ օգնել բառարանի ստեղծման աշխատանքում։ Հենց նրա օգնությամբ է սայլը տեղից շարժվում։  Կա մի բայց․․․Մյուրեյը չգիտի, որ Մայնորը փակված է հոգեբուժարանում․․․

Բառարանի ստեղծման գործընթացին զուգահեռ զարգանում է  դրամատիկ եւ ողբերգական սիրո պատմություն։ Մայնորը հերթական նոպայի պահին, անգիտակից վիճակում սպանել է բազմազավակ ընտանիքի հորը։ Կինը լցված է վրեժի ու ատելության զգացումով, սակայն հետագայում հասկանում է որ Մայնորը ինքն է նաեւ իր հիվանդության զոհը։ Երկտողում, որը նա  տալիս է Մայնորին գրված է․ «Եթե սեր է, ապա՞»․․․

Ապա ներում եւ ապաշխարհություն չի չի լինի՝ գիտակցում է Մայնորը եւ պատրաստ է էլ ավելի մեծ տառապանքների եւ զրկանքների միջով անցնել․․․

Ստեղծագործական կազմ

Կինոռեժիսոր, ծագումով պարսիկ Ֆարհատ Սաֆինին  Մել Գիպսոնի «Ապոկալիպսիսի» սցենարիստն է եղել։  Մել Գիբսոնը դեռեւս 1999 թվականին է գնել  Սայմոն Վինչեսթրի «Վիրաբույժը՝  Քրոութորնից․ պատմություն սպանության, խելագարության եւ բառերի հանդեպ սիրո մասին»  գրքի նկարահանման իրավունքը, սակայն 17 տարի անց միայն սկսում նկարահանման աշխատանքները։ Երկու դասականների կողքին անհնար է չհիանալ Նատալի Դորմերի փայլուն խաղով։

Վերնագրի մասին

Օրիգինալ տարբերակով  «Պրոֆեսորը և խելագարը» ֆիլմը ռուսական պրակատ մտավ «Բանականության խաղեր» վերնագրով, մի փոքր անհասնանալի է, թե ինչո՞ւ։ Հնարավոր է այս վերնագիրը ավելի հնչեղ եւ կոմերցիո՞ն է թվացել,  սակայն նման վերնագրով, արդեն մեկ այլ Հոլիվուդյան կենսագրական հաջողված դրամա կա՝ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած Ջոն Նեշի (Ռասել Քրոու) մասին պատմող Ռոն Հովարդի ֆիլմը։

Շոն Պենի հերոսը

Ուլիլյամ Մայնորը երիտասարդ տարիներին խոստումնալից վիրաբույժ էր, ով սիրում էր նկարել, ընթերցել, նվագել ֆլեյտա։ Այս ամենը փոխվում է  Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Մայնորը բավական ծանր է տանում այն, որ բոլոր ամերիկացի բժիշկներին հրամայվում է իռլանդացի դասալիքների այտի վրա այրել D տառը։  Պատերազմից հետո նրան թվում է, թե իրեն հետապնդում են, որպեսզի վրեժ լուծեն, այս հերթական նոպայի ժամանակ է, որ Մայնորը սպանում է բոլորովին անմեղ մի մարդու։ Դատարանը նրան անմեղ է ճանաչում եւ ուղարկում հոգեբուժարան՝ բուժվելու։

Մյուրեյի եւ Մայնորի հանդիպումը՝ իրական կյանքում

1879 թվականին Ուիլիամ  Մայնորը, ով արդեն 7 տարի գտնվում էր  հանցագործների համար նախատեսված հոգեբուժարանում, ամսագրերից մեկում կարդում է, որ փնտրում են կամավոր՝ Օքսֆորդյան բառարան ստեղծելու համար, այսպիսով նա ներգրավվում է  մի աշխատանքի մեջ, որով զբաղվում է հետագա ամբողջ կյանքի ընթացքում։ Նա հսկայական ներդրում է ունեցել բառարանի ստեղծման գործում, 18 տարի ամեն օր նա գրքերից գրառումներ է ուղարկել Մյուրեյին։ Երկար ժամանակ ոչ ոք չգիտեր Մայնորի ինքնության մասին․«Ես գաղափար չունեի, թե ով է նա»,-պատմել է Մյուրեյը․ «Ես կարծում էի, որ նա Բրոդմուրում աշխատող պրակտիկանտ բժիշկ է եւ շատ ազատ ժամանակ ունի»։  1891 թվականին վերջապես Մյուրեյը եւ Մայնորը համաձայնվում են հանդիպել։ Առաջին հանդիպման ժամանակ երկու բառերով տարված մարդիկ երկար ժամանակ նստում են խցում ու զրուցում։ Հետագայում այս հանդիպումը վերածվում է մեծ ընկերության։ Մյուրեյի խնդրանքով Մայնորին տեղափոխում են իր ծննդավայր՝ Ամերիկա։

Օքսֆորդյան բառարանի մասին

Բառարանը կազմելու աշխատանքները սկսվել են դեռեւս 1857 թվականին, լոնդոնյան բանասերների միությունը համախմբվում եւ հայտարարում է, որ ցանկացողները՝ որպես կամավոր կարող են ներգրավված լինել այս աշխատանքում։  Սակայն հսկայական բառարան ստեղծելու առաջին փորձը ձախողվում է։ Ընթերցողները մոտ երկու տոննա նամակ են ուղարկում, սակայն նշումները պարզվում է անհաջող էին։ Կամավորական խանդավառությունը մարում է, աշխատանքը դադարեցվում մինչեւ այն պահը, երբ  Ջեյմս Մյուրեյը իր ձեռքն է վերցրնում այդ պատասխանատու և ահռելի գործը։ Մյուրեյը հանճարեղ լեզվաբան  եւ բանասեր էր եւ տարբեր աստիճաններով տիրապետում էր իտալերենին, ֆրանսերենին, կատալոներենին,  իսպաներենին, հոլանդերենին,  նիդեռլանդերենին, գերմաներենին, ֆլամանդերենին եւ դանիերենին։

Մեր օրերում Օքսֆորդյան բառարանը համարվում է «անգլերեն լեզվի ամբողջական բնութագիր»։  Այն պարունակում է շուրջ 300 000 բառ։

Պատրաստեց  Աշխեն Քեշիշյանը

 

 

 

 


Հրանտ Վարդանյան․ Ինձ համար ամենակարևոր հանդիսատեսը հենց ինքը՝ Փելեշյանն է

Աստիճաններով 2-րդ հարկ՝ «Արև» ֆիլմ-ստուդիա. շագանակագույն կաշեպատ դուռը բացվում է, ներսում՝ մոնտաժի սեղանի առջև,  նստած է կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը։  Համակարգչի...