Մի օր, թողնելով իր փոքրիկ բնակարանը Պաղեստինում, Մոնսենյոր Սուլեյմանը ճանապարհ է ընկնում դեպի Փարիզ և Նյու Յորք, որոնք ի տարբերություն անհանգիստ ու երբեմն անգամ վտանգավոր Պաղեստինի, պիտի որ դրախտ լինեն: Նա լուռ ուսումնասիրում է քաղաքները, բնակիչներին ու նրանց առօրյան ու գալիս եզրակացության, որ իհարկե, դրախտ չես անվանի, բայց նմանություններ Պաղեստինի հետ ինչքան ուզես, կարող ես գտնել: Բացարձակ այլ է Կաննի հանդիսատեսի մոտեցումը խնդրին. ֆիլմից հետո հիացած հանդիսատեղը տասը րոպե կանգնած ծափահարում է Սուլեյմանին և թույլ չի տալիս ամաչկոտ և հուզված ռեժիսորին դուրս գալ սրահից: Իսկ նա անգամ չգիտի, թե ո՞ւր թաքցնի արցունքներով լցվող աչքերը:

Այս ամենը Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված «Պետք է որ դրախտը լինի» ֆիլմի և դրա ռեժիսորի` հունական արմատներ ունեցող պաղեստինցի Էլիա Սուլեյմանի մասին է, ում ոճը շատ հաճախ նմանեցնում են Ժակ Տատիին ու Բաստեր Կիտոնին: Մյուս կողմից նրա գործերին յուրահատուկ հմայք է ավելացնում նրա ազգային պատկանելությունը: Ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմերը, «Պետք է որ դրախտը լինի»-ն ևս պարզ է ու կոկիկ, տեսողականորեն կատարյալ ու աչք շոյող: Օպերատորական աշխատանքը սահուն է, իսկ դերասանական խաղը հիմնված է խորեոգրաֆիկ լուծումների վրա:

Այս անգամ Սուլեյմանը նկարել է փոքրիկ ֆիլմ-ճանապարհորդություն, որի նպատակներից մեկն է ֆինանսավորում գտնել իր հերթական ֆիլմի համար. նախատեսվում է կատակերգություն Պաղեստինի ու խաղաղության մասին: Շատ արագ պարզ է դառնում, որ միտքը ֆինանսապես հետաքրքիր չէ պրոդյուսերներին, անգամ ծիծաղելի է: Ռեժիսորը շարունակում է դրախտի ուսումնասիրությունները:

Ինչպես բոլոր սատրիրիկ գործերում «Պետք է որ դրախտը լինի» ֆիլմում ևս իրականությունը ծայրահեղացված է. Սուլեյմանի Փարիզը ստերիլության չափ մաքուր է և ձանձրալիության չափ դատարկ: Դրախտային Ֆրանսիայում շտապօգնությունը ուտելիք է մատուցում, իսկ ոստիկանությունը ստուգում է սրճարանների շքամուտքի չափսերը: Նույն տրամաբանությամբ է պատկերվում Նյու Յորքը: Իրականում Սուլեյմանը Ամերիկա չի բացահայտում, նա ցույց է տալիս այն, ինչ բոլորը գիտեն, բայց ներկայացնում է դա անսպասելի պայմաններում և սրամիտ լուծումներով, ինչը շատ ավելի իրոնիկ է դարձնում բացահայտը: Ֆիլմը Եվրոպայի ու ԱՄՆ-ի ամենաակտուալ ու սուր խնդիրների մասին` լինի դա զենք կրելու իրավունքը ԱՄՆ-ում, թե Փարիզի անտունների քանակը: Իր ողջ պարզությամբ ֆիլմը արհամարհանք է արտահայտում ժամանակակից Եվրոպայի և ԱՄՆ-ի հասարակությունների նկատմամբ:

Թեև ռեժիսորը ողջ ֆիլմի ընթացքում չորս բառից ավել չի արտասանում, նրան հաջողվում է անմիջական կապ ստեղծել հանդիսատեսի հետ ու կիսվել իր հայրենիքի ներկայի ու ապագայի ցավով ու անհանգստությամբ: Անմեղ ու թախծոտ աչքերով Սուլեյմանը ֆիլմը լցնում է իրոնիայով, որն ուղղված է ոչ միայն ողջ աշխարհին, այլև իր հայրենիքին ու ինքն իրեն: Ճանապարհորդության ողջ ընթացքում ռեժիսորը զուգահեռներ է անցկացնում Պաղեստինի հետ, ներկա է գտնվում պաղեստինցիների քննարկումներին, գուշակի է այցելում` պարզելու Պաղեստինի ապագան: Ի վերջո, կարոտը հաղթում է և Սուլեյմանը վերադառնում է հայրենիք:

Նշենք, որ Էլիա Սուլեյմանի  «Պետք է որ դրախտը լինի» ֆիլմը, որն ընդգրկված էր Կանի մրցութային ծրագրում, արժանացավ փառատոնի Հատուկ հիշատակում մրցանակին։

Սոնա Կարապողոսյան

Կանն-Երևան, 2019

 


Հրանտ Վարդանյան․ Ինձ համար ամենակարևոր հանդիսատեսը հենց ինքը՝ Փելեշյանն է

Աստիճաններով 2-րդ հարկ՝ «Արև» ֆիլմ-ստուդիա. շագանակագույն կաշեպատ դուռը բացվում է, ներսում՝ մոնտաժի սեղանի առջև,  նստած է կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը։  Համակարգչի...