Հարցը՝ «Ինչի մասին է» ֆիլմը, միշտ մանկականություն ունի իր մեջ, բայցևայնպես այս հարցը տալիս են բոլորը՝ անկախ գիտակցության, կրթության մակարդակից ու տարիքից։ Ինչ վերաբերում է հարցի պատասխանին՝ ընկալման հարց է, կինոդիտողը տեսնում է այն, ինչ տեսնում են աչքերը կամ գիտակցությունը, կամ աչքերն ու գիտակցությունը միասին, իսկ երբեմն նաև` ենթագիտակցությունը, և այս երեքի համերաշխությունից ու անհամերաշխությունից է կախված լինում «ինչի մասին է ֆիլմը» հարցի պատասխանը։

 Շատ հաճախ ֆիլմի մասին պատմելիս սկսում են ըստ էության երկրորդականից, երբ երկրորդականը  մասշտաբային առումով ավելի մեծ է լինում ու իրադարձային առումով ավելի էական՝ մարդկային պատմության համայնապատկերի մեջ։

Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմի» ռեցենզիաներում հիմնականում, եթե ոչ ամեն տեղ, ֆիլմի նկարագրության առաջին տողերում կարդում ենք․հետպատերազմական Լեհաստան, բռնապետական տարիներ, Ստալին ու հետո սյուժետային նկարագրություն, ռեժիսորի կենսագրության դրվագների պրոյեկտում ֆիլմի կերպարների վրա։ Իմ գիտակցության, ենթագիտակցության ու տեսածի արդյունքում ֆիլմը կնոջ սիրո և տղամարդու սիրո մասին է՝ երկրի բովանդակության ու աշխարհի բովանդակության ֆոնի վրա։ Ձմեռային, հետպատերազմական Լեհաստանի գյուղերում գլխավոր հերոսն իր խմբի հետ, որոնցից մեկը անվտանգության աշխատակից է՝ ժողովրադական անսամբլի համար ձայներ են հավաքում։ Աղքատ, սև ու սպիտակ երկրի ֆոնի վրա, բազմաթիվ գյուղացի աղջիկների ու տղաների հետ էկրանին հայտնվում է զգացական աչքերով, շուրթերով, մարմնով, սլավոնական մազերով շենշող աղջիկը։ Հանձնաժողովի առաջ կատարած երգը իր տեսած ռուսական ֆիլմից է՝․ « Սերդցե, տեբե նե խոչետսյա պոկոյա»։ Այս երգը հանձնաժողովի երկու անդամներից մեկին՝ կնոջը, ոչինչ չի ասում, բայց ասում է գլխավոր հերոսին՝ տղամարդուն։ Նա տեսնում է աղջկան, որն իրականում հատուկ վոկալ տվյալներ չուներ, բայց ուներ վտանգների միջով կրքոտ անցնելու հանդգնություն, ինչը տեսնում է տղամարդը։ Հաջորդ կադրում  տղամարդն ու աղջիկը սիրում են իրար, կրքոտ ու անհեռանկար։ Իսկ հանձնաժողովի առաջ նրա կատարած երգը իր մասին էր՝ սիրտ, որ հանգիստ չի ուզում։

Ժողովրդական երգերի անսամբլը՝ « Մազուրեկը», հավաքված է, երկրում մեծ հաջողություն ունի։ Խմբավարը՝ գլխավոր հերոս Վիկտորը, դատապարատված ինտելեկտուալի ու միաժամանակ տղամարդու՝շուրջը մեծ շառավղով  ամեն ինչ հսկող ջիղ կրող հայացքով տարբերվում է  մոխրագույն կոստյումներով մատնություն գրող տղամարդկանց ամբողջությունից։ Ագրարային ռեֆորմի մասին նրա խմբավարությամբ երգչախմբի կատարած երգը նայվում է որպես իրականության հանդեպ զզվանքի վերջին ակորդ։ Խումբը մեկնում է Բեռլին համերգների։ Բեռլինը բացում է մատնություն գրող գորշ կոստյումավորների իրականությունից ազատվելու միակ հնարավորությունը։ Վիկտորը իր մտադրության մասին հայտնում է սիրած աղջկան՝ Զուլային։

Այն, որ ֆիլմը կնոջ սիրո և տղամարդու սիրո մասին է, կամ սիրո մասին է առհասարակ՝ առաջին սիրային դրվագից դեռ այնքան էլ միանշանակ չէ, որովհետև բռնապետական երկրի բարքերը, երկրորդ համաշխարհայինի հետքերը իրենց մասշտաբայնությամբ ստվերում են  տղամարդու ու կնոջ սիրո թեմայի առաջնայնությունը։

Կնոջ սիրո և տղամարդու սիրո թեմայի առաջնայնությունը  սկսում է ուրվագծվել, երբ Բեռլինի դեռ պատ չունեցող սահմանը հատելու մասին իր որոշումն ու Զուլային պայմանավորված ժամին սպասելու դրվագը հասունանում և ավարտվում է նրանով, որ սահման հատողի ճակատագրական վիճակում գտնվող Վիկտորը հասկանալով, որ սպասելն այլևս անիմաստ է ու Զուլան չի գալու՝ անցնում է սահմանը։

Հետո արդեն, Փարիզում Զուլան հարցնելու է՝ինչու գնացիր առանց ինձ, բայց հարցնում է այսպես՝ « առանց քեզ ես չէի փախչի»։ Այստեղ է կնոջ պահանջը, կնոջ հանգիստ չունեցող ակնկալիքը սիրած տղամարդուց, որ սովորաբար կոչվում է կապրիզ ու այդպես է ասում նաև Վիկտորը, որը բանտարկության մեջ, Լեհաստանի ճամբարում իր մոտ այցի եկած կնոջը, ի պատասխան նրա՝ Վիկտորին սպասելու զոհաբերության պատարստակամությանը, ասելու է՝ « մի նորմալ տղամարդ գտի, որ քեզ դիմանա»։

Սիրո թեման արդեն բացված է, ֆիլմը սիրո մասին է։ Առանց Վիկտորի Զուլան չէր անցնի սահմանը և նույնն ակնկալում էր Վիկտորից։ Նա սպասում էր, որ հիմա հետ կգա։ Նա իր խելահեղ սիրո դիմաց պահանջում է զոհաբերություն։ «Նա»-ն այլևս Զուլան չէ, այլ խելահեղ սիրող կինն ընդհանրապես։

Նա ոչինչ չի սպասում բացի զոհաբերումից և դա ապացուցում է Փարիզի փողոցում ցեխի մեջ շպրտելով իր նոր լույս ընծայված ձայնասկավառակը, որովհետև Վիկտորի կարծիքով  է, որ դա մեծ նվեր է սիրելի կնոջը։ Ֆրանսերեն հնչող «սեռդուշկա, չտիռե օչե)» լեհական ժողովրդական երգը, որը Dwa serduszka, cztery oczy (դվա հնչում է ամբողջ ֆիլմի ընթացքում՝ այլևս նախկին « dwa serduszka»-ն չէ,այն ֆրանսերեն է, Վիկտորի նախկին ֆրանսուհի սիրուհու թարգմանությամբ, որի մեջ Զուլան հնչյունները շատ է համարում ու չի երջանկանում նոր լույս ընծայված սկավառակից, որովհետև Վիկտորն արդեն ուրիշ է։

«Ուրիշը» Զուլան բացատրում է մի քանի անգամ։ Մի անգամ, երբ Վիկտորը մերժում է լվացարանում սիրո առաջարկը։ Սա արդեն ուրիշ Վիկտոր է, նա առաջնայանությունը տվեց կարիերայի համար նախատեսված զրոււցներին ու առաջին անգամ անպատեհ համարեց Զուլայի սեր անելու ցանկությունը։ Վիճելու ժամանակ կինը ասում է «Լեհաստանում դու տղամարդ էիր, այստեղ ինչ-որ ուրիշ ես»։ «Տղամարդը» կնոջ համար կոնկրետ հենց սեր անելը չէր, այլ անկանխատեսելիության առաջ պատրաստակամ  ու վտանգի առաջ անփույթ լինելն էր՝ միևնույն ժամանակ, ապահովելով կնոջ անվտանգությունը։

Տղամարդը սիրո մեջ փորձում է կնոջ համար անել ամեն լավ բան։ Սկզբում նկատում է, հետո սիրում է, դարձնում  է երգչախմբի մենակատար, դավաճանության նշան չկա, ապահովում է փախուստը բռնապետական երկրից։ Հետո,երբ որպես իտալացու կին և ազատ երկրի քաղաքացի, Զուլան գալիս է Փարիզ, Վիկտորը ջանք չի խնայում նրա սկավառակը ձայնագրելու համար։ Սիրում է, խանդում է, խանդի առիթ չի տալիս, սիրում է կրքոտ, չի հասկանում ինչ է ուզում Զուլան։ Իսկ Զուլան զոհաբերում է ուզում։ Վիկտորը սիրում է ու ձգտում է լավագույնը ստեղծել սիրած կնոջ համար։

Կինը սիրում է ու զոհաբերում է ուզում, որով  կապացուցվի սերը կամ կհանգստանա « սիրտը, որ հանգիստ չի ուզում»։ Զուլան դեստրուկտիվ է, Վիկտորը՝ կառուցողական։ Հաղթում է կինը՝ դեստրուկցիան։

Զուլան առաջին դրվագում չի ստանում զոհաբերում, Վիկտորը  անցնում է  սահմանը՝ թողնելով կնոջը Բեռլինում։ Երկրորդ անգամ Զուլան Վիկտորին մղում է զոհաբերության։ Շքեղ, հանդարտ, ազատ Փարիզից Զուլան խառնիխուռն ու հուսահատ վերադառնումէ Լեհաստան, որ Վիկտորն իր հետևից գա։ Տղամարդը գալիս է, զոհաբերումը կատարված է։ Վիկտորը ջարդած մատերով, հուսահատ ու ավարտված Լեհաստանի ճամաբարում է։ Զուլան գալիս է այցի, սիրում է ու խոստանում ազատել նրան։ Զուլան գնում է զոհաբերության, իր փափագած ապացույցին, «ուժեղ» քայլին, ինքնազոհողությանը՝ տրվում է իրենց երգչախմբի ադմինիստրատոր և անվտանգության աշխատակից Կոչմարեկին։ Վիկտորին ազատում է։

Ֆիլմը սիրո մասին է, որովհետև ֆիլմի ընթացքում սերը ստանում է երկրի ֆորման։

Բռնի, սառը, հետպատերազմական, մատնագիր գրող Լեհաստանում Զուլայի ու Վիկտորի սերը ուժեղ է, հանպատրաստից, հզոր, առանց նախապայմանների, վտանգված, համարձակ։ Այստեղ նույնիսկ խանդի առիթներ չկան՝ սերը կենտրոնացած է մեկ տղամարդու և մեկ կնոջ վրա, որովհետև շուրջը վտանգավոր է, շուրջը կյանք չկա ու ահեղ սիրո գործոնը հակակշռում է ահեղ երկրի վտանգները։ Ազատ, ազնիվ, խաղաղ Փարիզում, սերն ընդունում է այս երկրի ֆորման․ ցանկություն, ցանկության բավարարում, ցանկության մերժում, խանդ, կարիերայի առաջնայնություն,ի հեճուկս տղամարդու՝ ֆլիրտ ուրիշի հետ։ Եվ հենց  նորից ֆիլմի ավարտին վերադառնում են Լեհաստան՝ ողբերգական երկիր, սերը ստանում է ողբերգական երանգ, դառնում է լուռ, ծանր, տառապած ու նորից միանշանակ հավատարիմ։ Սերը ընդունում է երկրի ֆորման։ Սերը լցվում է երկրի կաղապարի մեջ ու ստանում նրա ձևը։ Բայց առաջին գծում սերն է՝ տղամարդու սերը և կնոջ սերը՝ բացարձակ տարբեր, կոնստրուկտիվ ու դեստրուկտիվ, և առանց իրար գոյություն չունեցող։ Երկիրը միայն զգացմունքները երևակելու գործիք է։

Երկիրը՝  երգչախմբի ադմինիստրատոր և անվտանգության աշխատակից Կաչմարեկի տեսքով, ֆիլմի սկզբում միզում է քանդված գմբեթով եկեղեցու մոտ, ապա ինքնաբերաբար  հանում գլխարկը՝  Տիրամոր որմնանկարին հանդիպելով։ Ֆիլմի վերջում նույն անգմբեթ եկեղեցում հոգնած տղամարդն ու կինը իրենք իրենց պսակադրությունն են անում ու ընդունում ինքնասպանության սպիտակ հաբերը նույն Տիրամոր հայացքի ներքո ու Զուլան ասում է՝ հիմա ես քոնն եմ ընդմիշտ․․․Բոլոր պահանջված զոհաբերություններն արված են։

Լուսինե Հովհաննիսյան

 

 


Բարի գալուստ Սոդոմ

Մեզանից քչերն են հին հեռախոսը դեն նետելուց մտածում, թե որտեղ է այն հայտնվելու, երբ աղբատարը հեռանա մեր բակից: Մենք շարունակում...