Ամերիկյան կինոակադեմիայի կողմից շնորհվող «Օսկար» ամենամյա ազգային մրցանակի հանձնման հաջորդ՝ 92-րդ արարողությունը տեղի կունենա 2020-ի  փետրվարի 9-ին՝ Լոս Անջելեսում: Այս մասին գրված է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում

Նախատեսում են հաջորդ մրցանակաբաշխությունն ուղիղ միացմամբ հեռարձակել աշխարհի 225 երկրներում և տարածքներում, բացի այդ՝ կազմակերպիչները հայտարարել են մրցանակաբաշխության կանոնակարգում մի շարք փոփոխությունների մասին:

Այսպես` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգն այսուհետ կվերանվանվի «Միջազգային գեղարվեստական ֆիլմ»: Նման փոփոխությունը բացատրվում է նրանով, որ «օտար» բառը ֆիլմարտադրության միջազգային հանրության շրջանում «հնացել» է:

Մրցանակաբաշխության կազմակերպիչները նշել են, որ անվանակարգերի անվան փոփոխությունը չի ազդի հայտերի ուղարկման գործընթացի և որակավորման պահանջների վրա:

Նշվում է նաև, որ «Միջազգային գեղարվեստական ֆիլմ» և «Շպար և սանրվածքներ» անվանակարգերում մրցանակին հավակնող ֆիլմերի քանակը կավելանա: