Փելեշյանական կինոն սլանում է վեր, դեպի տիեզերք
2015 թվականին Արտավազդ Փելեշյանը հրավիրվել էր Ֆրանսիա՝ Լիոն, ներկա գտնվելու իր կինոյին նվիրված մի շարք միջոցառումների: Ուսանողների և ոլորտի մասնագետների հետ զրույցներից մեկում, Վարպետը պատմեց դրվագ իր ուսանողական կյանքից․ ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին Փելեշյանի առաջին աշխատանքներն է դիտում Սերգեյ Էյզենշտեյնի հետ ժամանակին աշխատած մոնտաժորը և կարծիք հայտնում, որ Փելեշյանի ֆիլմերն Էյզենշտեյնի ֆիլմերից երկար կապրեն․ ինչու՞, քանզի սխալները շատ են:
Այս դեպքից տասնյակ տարիներ անց, վստահ կարելի է ասել, որ հայազգի ռեժիսորի ֆիլմերն ավելի քան գնահատված են և ունեն իրենց կայուն տեղը համաշխարհային կինոարվեստում: Այդ մասին է վկայում, Ֆրանսիացի ռեժիսոր Վինսենթ Սորելի (fr. Vincent Sorrel) կողմից նկարահանված «Ռեժիսորը տիեզերագնաց է» վավերագրական ֆիլմը: Գրենոբլի համալսարանական դասախոս, ռեժիսոր Վինսենթ Սորելը հայտնի է Ֆրանսիայում՝ որպես մի շարք գիտական գրքերի և դոկումենտալ ֆիլմերի հեղինակ (“Le Nouveau Monde”, 2017, “Le Cinéaste est un athlète, Conversation avec Vittorio de Seta”, 2010, “Nous sommes nés pour marcher sur la tête des rois”, 2006…): «Ռեժիսորը տիեզերագնաց է» ֆիլմը շարունակում է Սորելի՝ կինոարվեստի նշանակալից ռեժիսորներին նվիրված շարքը: Այն նկարահանվել է Փելեշյանի մասնակցությամբ և նրա բացակայությամբ: Փելեշյանը ներկա է ֆիլմում տեսագրությունների միջոցով, որոնք արվել են Սորելի կողմից Լիոնում և Բրյուսելում՝ Վարպետի հանրային հանդիպումների ժամանակ: Ֆրանսիացի կինոռեժիսորն այդկերպ լուծում է գտնում՝ ապահովելու Վարպետի ներկայությունն ու խոսքը ֆիլմում: Հեշտ չէ ֆիլմ նկարահանել մի արվեստագետի մասին, ով խոսել առանձնապես չի սիրում: Ճիշտ իր ֆիլմերի նման, որոնք չունեն խոսքեր կամ երկխոսություն, բայց փոխարենն ունեն պատկեր, երաժշտություն և բազում գաղտնիքներ:
Ֆիլմի ստեղծման մեկնակետը Սորելն այսպես է բացատրում․ «Իմ աշխատանքի նպատակներից էր հայտվել Փելեշյանի տեղում, տեսնել իր դիտանկյունը և թույլ տալ կինոդիտողին դա վերապրել»:
Ապշեցուցիչ աստիճանի մանրամասնորեն է ուսումնասիրել Փելեշյանի արվեստը Վինսենթ Սորելը, կարևորել Վարպետի ֆիլմերի ամեն դետալ, անգամ՝ Փելեշյանի ձեռքերի յուրաքանչյուր շարժում: Կարծես ուսումնասիրելով ռենեսանսյան նկարչի կտավ, Սորելը նկարագրում է Փելեշյանի ձեռքի շարժումներն և «վրձնահարվածները»: Նա սևեռում է դիտողի ուշադրությունն անգամ «Մենք» ֆիլմի անմոռանալի այն աղջնակի գանգուր ծամերին, դրանց շարժմանը՝ ետ-առաջ, առաջ-ետ և այդպես անվերջ մի շրջան:
«Իմ ֆիլմի վերնագիրը հղում է կատարում դեպի Փելեշյանի «Մեր դարը» ֆիլմը, որտեղ մարդիկ ցանկանում են պոկվել հողից և հասնել տիեզերք: Մտածեցի, որ Ռեժիսորը տիեզերագնաց է»,- ասում է հեղինակը: Մտաբերում եմ մեկ այլ արվեստաբան, փարիզաբնակ հայտնի կուրատոր Գրացիա Կուարոնիին, որը Վարպետի արվեստի մասին ասել է․ «Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը չեն ծերանում, ինչպես այն ամենն, ինչ համամարդկային է, դրանց պատկերներն ու ձայնային ուժը հասնում են ոչ թե համաշխարհային, այլ տիեզերական չափանիշների»:
Վինսենթ Սորելի ֆիլմը շարունակում է հյուսել հայազգի ռեժիսորի համաշխարհային ճանաչման շղթան, որը վերջին տարիներին ավելի ու ավելի է ամրանում՝ ընդգրելով նոր գրքեր, ֆիլմեր և ցուցահանդեսներ, հատելով կինեմատոգրաֆիական սահմանները սլանում է վեր, դեպի տիեզերք :
Լիլիթ Սոխակյան
2019թ․ Փարիզ